Գլխավոր տեղեկություն
Համար
N 1179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2016-20.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160) Հոդ.914
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1179-Ն

 

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 23.2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` մայրության նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ չաշխատող կին) մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) դիմող՝ մայրության նպաստը նշանակելու և վճարելու մասին դիմում ներկայացրած անձ.

2) շահառու՝ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին (ում նշանակվում և վճարվում է մայրության նպաստը).

3) տարածքային կենտրոն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոն.

4) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

5) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկում բացված հաշիվ:

3. Մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

4. Նպաստը նշանակելու համար դիմողը շահառուի բնակության (հաշվառման) վայրի տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

բ. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

գ. նպաստը վճարելու եղանակը, իսկ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ շահառուի բանկային հաշվի համարը կամ այն բանկը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.

2) դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը (վավերացված այն բժշկական կազմակերպության կնիքով և տնօրենի ստորագրությամբ, որտեղ ծննդաբերել է հղին) և երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական, երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթուղթ կամ մահվան վկայական).

5) շահառուի ստորագրած հայտարարությունը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված` դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը շահառուն չէ:

6. Եթե առկա է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին մերժված դիմում, որից հետո ներկայացվում է նոր դիմում, ապա մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի փոխարեն ներկայացվում է երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական, երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթուղթ կամ մահվան վկայական): Այս դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար` հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած):

8. Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում՝ բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում ծննդօգնության պետական հավաստագրի` բժշկական կազմակերպության (որտեղ ծննդաբերել է հղին) կնիքով և տնօրենի ստորագրությամբ վավերացված պատճենի հետ միասին ներկայացվում է նաև նախածննդյան հսկողություն իրականացրած բժշկական կազմակերպության (որտեղ հաշվառված է եղել հղին) տված տեղեկանքը կնոջ` մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելու մասին: Տեղեկանքը հաստատվում է բժշկական կազմակերպության կնիքով և տնօրենի ստորագրությամբ: Տեղեկանքում նշվում են`

1) կնոջ (ծննդկանի) ազգանունը, անունը, տարիքը` ծննդյան ամսաթվի նշումով.

2) կնոջ (ծննդկանի) բնակության (հաշվառման) վայրի հասցեն.

3) կնոջ (ծննդկանի) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

4) տվյալ հղիության հետ կապված նախածննդյան հսկողության վերցնելու ժամկետը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, հղիության ժամկետը.

5) բժշկական կազմակերպության անվանումը, որի կողմից իրականացվել է հղիի նախածննդյան հսկողությունը.

6) տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

10. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային կենտրոնը՝ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում որոշում է`

1) մերժել մայրության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել շահառուին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել մայրության նպաստը:

11. Տարածքային կենտրոնը մերժում է մայրության նպաստ նշանակելը (տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ՝

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ՝

3) համաձայն առկա տեղեկատվության՝ շահառուի մայրության նպաստը պետք է նշանակվի և վճարվի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ՝

4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից:

12. Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

13. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված դեպքերում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային կենտրոնը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում (բացառությամբ 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի), եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում դիմումին կից ներկայացվում են միայն պակասող փաստաթղթերը (բացառությամբ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է՝ անկախ որևէ հանգամանքից):

14. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային կենտրոնը վճարում է նպաստը:

15. Եթե մայրության նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացրել է շահառուն, ապա մայրության նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` շահառուի ընտրությամբ:

16. Եթե մայրության նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է մայրության նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր:

17. Մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկում բացված շահառուի բանկային հաշվին գումարը փոխանցելն է:

18. Մայրության նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ շահառուին կամ նրա լիազորած անձին՝ նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա:

19. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստի չվճարման դեպքում նպաստի իրավունքը դադարում է:

20. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

 

Oրինակելի ձև
մայրության նպաստն անկանխիկ
եղանակով վճարելու ծառայությունների
մա
տուցման մասին պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

____ _____________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ___________________ -ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և __________________ ընկերությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` բանկ) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են՝

1) նպաստ` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված մայրության նպաստ.

2) շահառու՝ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին, ում նշանակվում և վճարվում է մայրության նպաստը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2. Սույն պայմանագրով բանկը պարտավորվում է`

1) լիազոր մարմնից ընդունել և շահառուի բանկային հաշվում մուտքագրել նպաստի գումարը` ըստ լիազոր մարմնի ներկայացրած` սույն պայմանագրի հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ).

2) շահառուի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա շահառուի անվամբ անվճար բացել ավանդային հաշիվ և այդ հաշվում մուտքագրել նպաստի գումարը: Ընդ որում, կողմերն անվերապահորեն ընդունում են, որ շահառուն ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հիման վրա՝ շահառուի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում՝ պահանջ ներկայացնելու ժամանակ, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են շահառուի ներկայացրած տվյալներին:

3. Սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակվում է, լիազոր մարմնի կողմից պահանջագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով:

4. Պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակվում է փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում:

5. Շահառուի բանկային հաշվում մուտքագրված նպաստի գումարները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դիմողի և բանկի միջև կնքված բանկային հաշվի մասին պայմանագրով:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

7. Բանկը պարտավոր է`

1) նպաստի գումարը, համաձայն վճարման ցուցակի, դիմողի բանկային հաշվում մուտքագրել ոչ ուշ, քան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ոչ ուշ, քան այդ դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող օրվանից հետո սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջը շահառուի կողմից բանկ ներկայացվելը.

2) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա դիմողի բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված նպաստի գումարները` լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ դիմողի բանկային հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում` նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

3) լիազոր մարմնին տրամադրել այն անձանց տվյալները, ովքեր շահառուի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում բանկ չեն ներկայացրել սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջը:

8. Լիազոր մարմինը պարտավոր է`

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կամ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.

2) օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

3) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկ ներկայացնել սահմանված ձևով պահանջագիր.

4) բանկի հետ փոխհամաձայնեցված կարգով շահառուի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել բանկ:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

9. Սույն պայմանագրում նշված ծառայությունները բանկը մատուցում է անվճար:

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

 VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 12. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:

13. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

14. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

15. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:

16. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

17. Սույն պայմանագրով սահմանված լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա շահառուի անվամբ անվճար ավանդային հաշիվ բացելուն, սպասարկելուն վերաբերող և դրանց հետ կապված` սույն պայմանագրով սահմանված մյուս կարգավորումները կիրարկվում են (ուժի մեջ են մտնում) կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելուց հետո համաձայնագրում նշված ժամկետից:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

_____________________________________
_____________________________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական N 3 շենք

 

Գտնվելու վայրը՝ ________________________
_____________________________________

Հեռ. _____________________

 

Հեռ. _____________________

Էլ. փոստ _____________________

 

Էլ. փոստ _____________________

   

ՀՎՀՀ _____________________

Նախարար ___________________

  (անունը, ազգանունը)

 

________________________________________

(համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

----------------------------------------
(ստորագրությունը

 

-----------------------------------------
(ստորագրությունը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված
մայրության նպաստն անկանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման մասին պայմանագրի

 

 Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բանկի անվանումը

2. Շահառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

3. Շահառուի բանկային հաշվի համարը (միայն այն դեպքում, երբ մայրության նպաստը վճարվում է մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա)

4. Վճարման ենթակա նպաստի գումարի չափը

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

 

Oրինակելի ձև
մայրության նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման մասին պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

____ _____________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` պատվիրատու), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ___________________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ___________________________ վճարահաշվարկային կազմակերպությունը, ի դեմս _________________________________ -ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են՝

1) նպաստ` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված մայրության նպաստ.

2) շահառու՝ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չաշխատող կին, ում նշանակվում և վճարվում է նպաստը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2. Սույն պայմանագրով կատարողը պարտավորվում է իր բանկային հաշվում մուտքագրված նպաստի գումարները, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված՝ սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ), մինչև տվյալ ամսվա 20-ը տրամադրել շահառուին կամ շահառուի կողմից նոտարական կարգով լիազորված անձին (այսուհետ` շահառուի լիազորած անձ):

3. Կատարողը սույն պայմանագրի 2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է շահառուի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

4. Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառված նյութական վնասն ամբողջությամբ ենթակա է հատուցման:

5. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում նպաստի գումարների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվությունը պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ` փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

6. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

8. Կատարողն իրավունք ունի սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

9. Պատվիրատուն իրավունք ունի՝

1) ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին.

2) կատարողից պահանջելու անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները:

10. Կատարողը պարտավոր է՝

1) տվյալ ամսվա նպաստի գումարներն իր հաշվի համարում մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2) նպաստի գումարը շահառուին տրամադրելու նպատակով շահառուի բնակության վայր այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել նպաստի գումարը տրամադրել շահառուին).

3) նպաստի գումարը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված շահառուին կամ շահառուի լիազորած անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

4) նպաստի գումարի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել նախորդ ամսվա վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ` փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն շահառուին չտրամադրված գումարը.

5) պատվիրատուի պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն նպաստի գումարը շահառուին տրամադրելու մասին:

11. Պատվիրատուն պարտավոր է`

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը` ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների.

2) փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

12. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է շահառուին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Վեճերի ու տարաձայնությունների շուրջ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:

16. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

17. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

18. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասներն ամբողջությամբ հատուցելու պայմանով:

19. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքվելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

___________________________________
___________________________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական N 3 շենք

 

Գտնվելու վայրը՝______________________
__________________________

Հեռ. _____________________

 

Հեռ. _____________________

Էլ. փոստ _____________________

 

Էլ. փոստ _____________________

   

ՀՎՀՀ _____________________

Նախարար ___________________

(անունը, ազգանունը)

 

______________________________________

 (համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

-----------------------------------------
(ստորագրությունը

 

-----------------------------------------
(ստորագրությունը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 1
մայրության նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման մասին պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը

2. Շահառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

3. Շահառուի բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի

4. Վճարման ենթակա նպաստի գումարի չափը՝ ըստ շահառուների

5. Վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը

 

Հավելված N 2
մայրության նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման մասին պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են նպաստի վճարումները

2. Նպաստ ստացած անձանց թիվը

3. Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը

4. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարի չափը

5. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները

6. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան