Գլխավոր տեղեկություն
Համար
N 859-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի N 859-Ա

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1003-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել բնակարանային ոլորտի ծրագրերի համակարգման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել բնակարանային ոլորտի ծրագրերի համակարգման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N 1003-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 28-ի N 859-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ  (խորհրդի նախագահ)

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Է. Գևորգյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ե. Աթայան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Հ. Բադալյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Թ. Թորոսյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ

Ս. Մնացականյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Խաչատրյան

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ

Մ. Սապոնջյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական քաղաքականության և ծրագրերի բաժնի պետ

Ա. Շլեպչյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ

Կ. Խաչատրյան

- «Հազարամյակի համայնքներ» զարգացման հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան

- «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Սրապյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ 

(խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 28-ի N 859-Ա

որոշման

 

 Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են բնակարանային ոլորտի ծրագրերի համակարգման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարցերը:

2. Խորհուրդը խորհրդատվական մարմին է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 4. Խորհրդի հիմնական նպատակը բնակարանային ոլորտում ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում միասնական մոտեցումների ձևավորմանը, այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է՝ ծրագրերի իրականացման ընթացքի քննարկման և ոլորտում ծագած խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացման միջոցով:

5. Խորհրդի գործունեության ուղղություններն են՝

1) բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործմանն աջակցելը.

2) բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, ինչպես նաև կոմունալ ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը նպաստելը.

3) բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելը:

6. Խորհրդի խնդիրներն են՝

1) բնակարանային ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև պետական և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող զարգացման ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում միասնական մոտեցումների ձևավորմանն ուղղված քննարկումների կազմակերպումը և առաջարկությունների ներկայացումը.

2) բնակարանային ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների քննարկումների կազմակերպումը.

3) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված ծրագրային առաջարկների քննարկումը և դրանցից՝ պետական աջակցության կարիք ունեցողների վերաբերյալ եզրակացությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) բնակարանային ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև ոլորտին վերաբերող միջազգային փորձի վերլուծության արդյունքներով դրա առաջավոր մեթոդների կիրառմանը նպաստելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

5) բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, շենքերի պահպանման, սպասարկման և շահագործման բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

6) բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության և շենքերում ծառայությունների մատուցման որակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

7) բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև գոյություն ունեցող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ).

8) բնակարանային ոլորտում գործող սուբյեկտների համագործակցությանը նպաստելը.

9) բնակարանային ոլորտի տեղեկատվական համակարգի ներդրմանն աջակցելը:

7. Խորհուրդն իր գործունեության շրջանակներում կարող է նաև քննարկել պետական և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում հրատարակման նախապատրաստվող ձեռնարկների, բուկլետների, գովազդների և հանրային իրազեկման այլ նյութերի բովանդակության, ինչպես նաև ուսուցողական դասընթացների ծրագրերին վերաբերող հարցեր և դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները լուծելու համար՝ արտահերթ նիստերի միջոցով:

9. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը, իսկ արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ:

10. Խորհրդի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

11. Խորհրդի նիստը վարում է նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից որևէ մեկը:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, և խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստի օրվա մասին խորհրդի անդամներին տեղեկացվում է նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ նիստի օրվա մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է խորհրդի քարտուղարին ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն: Օրակարգը կազմվում և համապատասխան նյութերով խորհրդի անդամներին է տրամադրվում նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:

14. Խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը:

15. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի քարտուղարը, ինչպես նաև կարող են մասնակցել նիստին հրավիրված անձինք` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առաջարկությամբ:

16. Հարցի քննարկման արդյունքում լրացուցիչ նյութերի կամ տեղեկատվության անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը կարող է հետաձգվել՝ մինչև դրանց ներկայացումը:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը և կազմակերպում է նրա աշխատանքները.

2) ներկայացնում է խորհուրդը պետական կամ այլ մարմիններում.

3) հրավիրում է խորհրդի նիստերը.

4) իր բացակայության դեպքում հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին՝ վարել խորհրդի նիստերը, ով էլ ստորագրում է իր վարած նիստի որոշումները.

5) ստորագրում է խորհրդի որոշումները:

 

 V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

18. Խորհրդի անդամը՝

1) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ, հատուկ կարծիք խորհրդի որոշումների վերաբերյալ, ծանոթանալ խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) մասնակցում է խորհրդի աշխատանքներին և կատարում է խորհրդի նախագահի հանձնարարականները.

3) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում՝ խորհրդի նիստի արձանագրությունն ստանալուց հետո 2 աշխատանքյաին օրվա ընթացքում, խորհրդի նախագահին է ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

19. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը։

20. Խորհրդի նիստին՝ խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում, կարող է մասնակցել խորհրդի տվյալ անդամի կողմից լիազորված՝ նրա ներկայացրած գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

21. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) խորհրդի նիստերում զեկուցում խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին.

4) կատարում է խորհրդի նախագահի հանձնարարականները:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Խորհրդի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան