ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2007 թվականի N 908-Ն
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 11 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 15.10.15 N 1186-Ն)
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 10.12.09 N 1442-Ն, 15.10.15 N 1186-Ն)
1. Սահմանել`
1) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` 15-օրյա ժամկետում հաստատել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի անհատական կազմը:
(2-րդ կետը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 11 որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
պեստիցիդների եվ ագրոքիմիկատների ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 15.10.15 N 1186-Ն)
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
7. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գիտահետազոտական կենտրոնի երկու գիտաշխատող (համաձայնությամբ)
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բուսասանիտարիայի բաժնի պետ
10. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող
11. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող
12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ:
(հավելվածը խմբ. 04.12.08 N 1417-Ն, փոփ., լրաց. 29.12.11 N 1922-Ն, խմբ. 15.10.15 N 1186-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ա Ր Գ Ը
պեստիցիդների եվ ագրոքիմիկատների ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
(1-ին կետը փոփ. 10.12.09 N 1442-Ն, 15.10.15 N 1186-Ն)
2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու համար լիազոր մարմնին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալն է:
(2-րդ կետը խմբ. 29.12.11 N 1922-Ն, փոփ. 15.10.15 N 1186-Ն)
3. Հանձնաժողովի լիազորություններն են՝
1) փորձաքննության տվյալների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման նպատակով եզրակացություն տալը և եզրակացությունը լիազորված մարմին ներկայացնելը.
2) պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման ընթացքում մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն գործած պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված մարմին առաջարկություն ներկայացնելը:
(3-րդ կետը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
4. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստի մասնակիցների ձայների 2/3-ով:
6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք ուսումնասիրում են փորձերի ընթացքն ու արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովին:
7. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման եզրակացություն տալու մասին հանձնաժողովը որոշումն ընդունում է լիազորված մարմնի կողմից հաստատված ձևով ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:
9. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի նիստի գումարումից առնվազն 15 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին, նրանցից ստանում փորձաքննության արդյունքները, որն ամփոփ ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը, կազմում արձանագրություններ: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն: Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում դրա մասին առանձին նշվում է արձանագրության մեջ:
(9-րդ կետը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
10. Քննարկման արդյունքների հիման վրա կազմվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացությունը, որը, հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ, ներկայացվում է հանձնաժողովի նախագահին` ստորագրման:
(10-րդ կետը փոփ. 15.10.15 N 1186-Ն)
11. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 10.12.09 N 1442-Ն, խմբ. 29.12.11 N 1922-Ն, փոփ. 15.10.15 N 1186-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.07.2022, N 1104-Ն | 22.07.2022, N 908-Ն | |
14.01.2021, N 47-Ն | 20.01.2021, N 908-Ն | |
15.10.2015, N 1186-Ն | 31.10.2015, N 908-Ն | |
29.12.2011, N 1922-Ն | 26.01.2012, N 908-Ն | |
10.12.2009, N 1442-Ն | 26.12.2009, N 908-Ն | |
04.12.2008, N 1417-Ն | 18.12.2008, N 908-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|