Գլխավոր տեղեկություն
Համար
N 341-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2015-01.10.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161).1 Հոդ.287
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.09.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 սեպտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 341-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի

2015 թվականի սեպտեմբերի 30-ի

N 341-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի տարանցիկ փոխադրման գործընթացում կողմերի հարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության տարածք՝ ժամանման վայրի (մուտքի) մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի (ելքի) մաքսային մարմին.

3) Տարանցիկ փոխադրման պատվիրատու՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող էլեկտրական էներգիայի սեփականատեր կամ նրա լիազոր ներկայացուցիչը, որն ունի նաև սույն կարգին համապատասխան կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագիր.

4) Հաղորդող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, ում տրված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքով Տարանցիկ փոխադրում իրականացնելու իրավունք.

5) Համակարգի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

6) Հաշվարկային կենտրոն՝ էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

7) Պայմանագիր՝ Տարանցիկ փոխադրման պատվիրատուի և Հաղորդողի միջև կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագիր, որը ենթակա է համաձայնեցման էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ և հաշվառման՝ Հանձնաժողովի կողմից.

8) Պայմանագրային քանակներ՝ Պայմանագրում ամրագրված տարանցվող էլեկտրական էներգիայի (հզորության) քանակներ.

9) Հաշվարկային ժամանակահատված՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

4. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին և չի նվազեցնում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

5. Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել Տարանցիկ փոխադրումը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նվազման կամ նվազման վտանգի դեպքում:

6. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներով կամ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում պլանավորված ռեժիմների խախտմամբ պայմանավորված Պայմանագրային քանակների հնարավոր չկատարման մասին Համակարգի օպերատորը անմիջապես իրազեկում է Հաղորդողին, իսկ Հաղորդողը՝ Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:

7. Համակարգի օպերատորը Տարանցիկ փոխադրման սկսման, ընդհատման, վերսկսման և դադարեցման մասին գրավոր տեղեկացնում է Հաղորդողին և Հաշվարկային կենտրոնին:

 

 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հաղորդողը:

9. Հաղորդողը Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիայի, ինչպես նաև Տարանցիկ փոխադրման պատվիրատուի, Համակարգի օպերատորի և Հաշվարկային կենտրոնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

10. Հաղորդողը ներկրման (ներմուծման) կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուից ընդունում է տարանցվող էլեկտրական էներգիան և արտահանման կետում հանձնում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:

11. Հաղորդողի կողմից արտահանման կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին հանձնվող՝ տարանցվող էլեկտրական էներգիայի քանակը (Vելք) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Vելք = VՄուտք * (1-k/100),

 

որտեղ՝

VՄուտք-ը Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման նպատակով ներկրման կետում հաշվառված էլեկտրական էներգիայի ծավալն է,

k-ն Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացող էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորստի տոկոսային մեծությունն է, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:

12. Տարանցիկ փոխադրման ընթացքում էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը՝ Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգին համապատասխան:

13. Տարանցիկ փոխադրումն ապահովելու համար Հաղորդողը Համակարգի օպերատորի և Հաշվարկային կենտրոնի հետ կնքում է Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևի համաձայն պայմանագրեր:

14. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողի կողմից Տարանցիկ փոխադրման պատվիրատուին մատուցվող ծառայության գինը պետք է լինի ոչ պակաս Հանձնաժողովի կողմից սահմանված՝ էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման սակագների հանրագումարից:

15. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողը Համակարգի օպերատորին և Հաշվարկային կենտրոնին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված՝ էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման սակագներով: