Գլխավոր տեղեկություն
Համար
N 324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161).1 Հոդ.286
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 324-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 1.1 կետի 26-րդ պարբերությունը («ֆորս մաժոր» հասկացությունը) շարադրել նոր խմբագրությամբ.

«ֆորս մաժոր՝ արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողությունները: Արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հանրապետություն գազի ներկրման ընդհատումները:

Սույն պարբերությունը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդների իրավունքը նկարագրվածից բացի՝ այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:».

2) Կանոնների 4.5 կետի 2-րդ նախադասությունը «ապահավաքակցմանը կամ ստուգաչափմանը» բառերից հետո լրացնել «պատշաճ ձևով տեղեկացված» բառերով.

3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.16, 4.17 և 4.18 կետերով.

«4.16 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում բաժանորդի իրավունքը` իր գազասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված բաժանորդի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը բաժանորդի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով բաժանորդին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ՝ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է բաժանորդի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում,

2) բաժանորդը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և Չափագիտական մարմնի կողմից վկայագրված, փաթեթավորված և կնքված առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 4-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին:

4.17 Սույն կանոնների 4.16 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, բաժանորդը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:

4.18 Այն դեպքում, երբ բաժանորդը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարը իրավունք ունի բաժանորդից պահանջելու տույժ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:».

4) Կանոնների 10.3.3., 12.2.2 և 12.2.3 կետերում «սպառողի» բառը փոխարինել «բաժանորդի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան