Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.17/61(1150).1 Հոդ.841.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1032-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի (բացառությամբ մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի) (այսուհետ` գույք) օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության (եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին եզրակացություն:».

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա: Ընդ որում պետական գույքի օտարման եղանակի ընտրությունը կատարվում է «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:»,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և յուրաքանչյուր միավոր` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող՝ հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ, իսկ հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող՝ մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով գույքի օտարումից ստացված դրամական միջոցների 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ սույն կարգի 17.1-ին կետով նախատեսված գույքի պահառության նպատակով:

2.2. Հիմնարկի կամ կազմակերպության լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:»,

գ. 4-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերությունները «շարժական» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17
Երևան