Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1229
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2015.07.24/2(32) Հոդ.888
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.09.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 սեպտեմբերի 2015 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր և բանավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2015թ. մարտի 16-ին:

Պայմանագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 10.000.000 եվրո (տասը միլիոն եվրո) գումարի չափով վարկ (այսուհետ` Վարկ)` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորելու համար:

Վարկի տոկոսադրույքը կարող է լինել հաստատագրված (ֆիքսված) կամ լողացող, որն ամրագրվելու է յուրաքանչյուր տրանշի համար առանձին:

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի (ԲԼՀՀ) կայանի կառուցում: Կայանի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ` մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Վարկային միջոցները տրամադրվելու են առավելագույնը տասնհինգ հերթական մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրն առնվազն հինգ հարյուր հազար եվրո գումարի չափով:

3. Պայմանագրով ստացված միջոցները Վարկառուն ենթավարկավորման համաձայնագրով, որի ձևն ու բովանդակությունը բավարարում են Բանկի պահանջները, ամբողջությամբ տրամադրելու է Օժանդակողին («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ)՝ որպես ենթավարկ (այսուհետ՝ Ենթավարկային համաձայնագիր):

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2015թ. երրորդ եռամսյակում, ավարտը` 2018թ. հուլիսին, իսկ Ծրագրի ընդհանուր արժեքը Բանկի գնահատմամբ կազմում է մոտ 106.700.000 եվրո (հարյուր վեց միլիոն յոթ հարյուր հազար եվրո):

4. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում առդիրները՝ Առդիր Ա. «Տեխնիկական նկարագիր», Առդիր Բ. «ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը», Առդիր Գ. «Վարկառուի կողմից լրացվող ձևեր», Առդիր Դ. «Վարկառուից ստացվող հավաստագրի ձև» և Հավելված I-ը:

5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում Բանկին վճարել Ծրագրին առնչվող և Բանկի իրականացրած գնահատման դիմաց գնահատման վճար` 50 000 եվրո գումարի չափով, կամ ապահովել այդ վճարի կատարումը,

յուրաքանչյուր տրանշ մարել մասնաբաժիններով` ըստ մասհանման առաջարկում սահմանված վճարման ամսաթվերի: Յուրաքանչյուր տրանշի մարման վերջին ամսաթիվը մասհանման սահմանված ամսաթվից հետո 4 (չորս) տարուց ոչ շուտ և 28 (քսանութ) տարուց ոչ ուշ ընկած վճարման ամսաթիվն է,

հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց վճարման ամսաթվերին վճարել հաստատագրված տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած տրանշի մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման վճարման ամսաթվից,

լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց վճարման ամսաթվերին վճարել լողացող տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած տրանշի մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման վճարման ամսաթվից,

վճարել յուրաքանչյուր տրանշի տոկոսը, մարումները և այլ վճարները եվրոյով,

տեղեկացնել Բանկին, եթե առաջացել է կամ կարող է առաջանալ օրենքի կամ այլ կանոնակարգի փոփոխության դեպք, որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Ծրագրին առնչվող պարտավորությունների կատարման վրա,

անհապաղ տեղեկացնել Բանկին կամ ապահովել, որպեսզի Օժանդակողն անհապաղ տեղեկացնի Բանկին Վարկառուի կողմից Օժանդակողի նկատմամբ հսկողության փոփոխության որևէ իրավիճակի մասին,

Վարկի շրջանակներում ՀՀ փոխառած բոլոր գումարներն օգտագործել Ծրագրի իրականացման նպատակով, ինչպես նաև ապահովել, որպեսզի Օժանդակողը Ենթավարկային համաձայնագրով ստացած բոլոր գումարներն օգտագործի բացառապես Ծրագրի իրականացման նպատակով,

երաշխավորել, որ Ծրագրին առնչվող սարքավորումները ձեռք բերվեն, ծառայությունների մատուցումն ապահովվի և աշխատանքները պատվիրվեն միջազգային բաց մրցույթի կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգերի միջոցով,

իրականացնել Ծրագիրը համաձայն Տեխնիկական նկարագրության, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ, ինչպես նաև երաշխավորել, որ Ծրագիրն ավարտվելու է դրանում նշված վերջնաժամկետում,

Ծրագրի ընդհանուր ծախսը Պայմանագրում նշված գումարի չափը գերազանցելու դեպքում, առանց Բանկին դիմելու, հայթայթել միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար և Ծրագիրը Տեխնիկական նկարագրությանը համապատասխան ավարտին հասցնելու նպատակով` հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլաններն անհապաղ ներկայացնելով Բանկին,

ապահովել Ծրագրի մաս կազմող ամբողջ գույքի պահպանումը, կապիտալ վերանորոգումն ու թարմացումը՝ աշխատանքային լավ վիճակում պահպանելու համար,

երաշխավորել, որ Օժանդակողը վարի հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր՝ գործող ՖՀՄՍ համաձայն,

պարտավորվել և ապահովել, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը պարտավորվի թույլատրել Բանկի, ինչպես նաև ԵՄ իրավասու մարմինների լիազորված անձանց՝

 - այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքներ, շինություններ և աշխատանքային հրապարակներ, իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման նպատակներից,

 - ուսումնասիրել Վարկի և Ծրագրի կատարմանն առնչվող հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 սեպտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1229