ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ԵԿԴ/0064/11/14 |
ԵԿԴ/0064/11/14 |
Նախագահող դատավոր՝ Գ.Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. ԴԱնիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դիմող |
Ա. Հակոբյանի | |
դիմողի ներկայացուցիչ |
Գ. մելիքյանի |
2015 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ դիմող Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի նոյեմբերի 14-ին դիմող Աշոտ Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ «ԷլՖարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախկին տնօրեն Ֆ.Սարգսյանը, նրա եղբայր` ՀՀ ոստիկանության աշխատակից Ս.Սարգսյանը, և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության նախկին պաշտոնյա Ս.Ղուշչյանը խարդախությամբ իրենից հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումար, տվել սուտ ցուցմունքներ, որոնք զուգորդվել են այլ արհեստական ապացույցներ ստեղծելով, ինչպես նաև Ֆ.Սարգսյանը և Ս.Սարգսյանը, ապրանքների ձեռքբերման փաստաթղթերում ապրանքների գներն իրականից ցածր նշելով, ՀՀ տարածքում մաքսազերծումը կատարել են նվազեցված արժեքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Է.Հակոբյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Ֆ.Սարգսյանի, Ս.Սարգսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 338-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով, իսկ Ս.Սարգսյանի և Ս.Ղուշչյանի մասով` 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի բացակայության պատճառաբանությամբ:
2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Հակոբյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ դիմող Ա.Հակոբյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ.Բադալյանը 2014 թվականի հունվարի 23-ին որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Հակոբյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
3. 2014 թվականի փետրվարի 7-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին` խնդրելով թիվ 61200414 քրեական գործով հարուցել նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և թիվ 61200414 քրեական գործով դիմող Ա.Հակոբյանին ճանաչել որպես տուժող, իսկ իրեն` տուժողի ներկայացուցիչ:
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի միջնորդությունը թիվ 61200414 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու մասով մերժվել է, իսկ թիվ 61200414 քրեական գործով դիմող Ա.Հակոբյանին որպես տուժող, իսկ Գ.Մելիքյանին տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասով` հետաձգվել:
2014 թվականի մարտի 28-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը կրկին միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին` խնդրելով թիվ 61200414 քրեական գործով դիմող Ա.Հակոբյանին ճանաչել որպես տուժող, իսկ իրեն` տուժողի ներկայացուցիչ:
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ կայացվել է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշում:
4. 2014 թվականի ապրիլի 10-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 16-ի որոշմամբ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի բողոքը մերժվել է:
5. Դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունիսի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է:
6. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
7. Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման համաձայն՝ «Նկատի ունենալով, որ Աշոտ Հակոբյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և թիվ 61200414 քրեական գործը հարուցելու մասին կայացված որոշմամբ քրեական գործը հարուցվել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և այս ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում չեն հաստատվել նոր` այդ թվում և Աշոտ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության դեպքերի տեղի ունենալը, ուստի նման պայմաններում Աշոտ Հակոբյանի հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու և դրա արդյունքում անմիջականորեն գույքային վնաս պատճառելու հարցը դեռևս չի հաստատվել, որպիսզիք էական հանգամանքներ են և հետևաբար մինչև դրանց պարզումը միջնորդության լուծումը ենթակա է հետաձգման» (տե՛ս նյութեր, թերթ 10):
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 16-ի որոշման համաձայն` «(…) Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի կողմից ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ բաժնի պետի տեղակալ Կ.Սահակյանի վարույթում գտնվող թիվ 61200414 քրեական գործով 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը նախ պետք է վերադասության կարգով բողոքարկվեր համապատասխան դատախազի[ն], հետո նոր միայն դատարան: Այսինքն` բողոք բերած անձի կողմից խախտվել [են] ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահանված դատավարական ընթացակարգերը:
Միևնույն ժամանակ դատարանը չի անդրադառնում բողոքի հիմքերին, քանի որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը» (տե՛ս նյութեր, թերթ 39):
9. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 30-ի որոշման համաձայն` «(…) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը եկավ հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, այն բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 87-88):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ և 290-րդ հոդվածների պահանջները, կայացրել ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմանը հակասող դատական ակտեր:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը, բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ այն նախ պետք է բողոքարկվեր դատախազին և նոր միայն դատարան: Իսկ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, քրեադատավարական խախտումը վերացնելու փոխարեն կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պահանջը, որը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական:
Ավելին, ըստ բողոքաբերի՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը բողոքարկելու կարգի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը կիրառելի չէ, քանի որ այն սահմանված է նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով:
11. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանները, անհիմն կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, գտել են, որ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել բողոքարկման կարգը: Արդյունքում ստորադաս դատարանները չեն անդրադարձել բողոքի հիմքերին: Մինչդեռ քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր Ա.Հակոբյանին ներգրավել որպես տուժող, քանի որ նա, հանդիսանալով հանցագործության հետևանքով վնաս կրած անձ, վկայի կարգավիճակում չի կարող արդյունավետ իրականացնել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
12. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 30-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ` վերացնելով միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշումը և պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին Ա.Հակոբյանին ներգրավել որպես տուժող, իսկ նրա ներկայացուցիչ Գ.Մելիքյանին` տուժողի ներկայացուցիչ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված իրավական կառուցակարգերի հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի որոշումը նախապես դատախազին չբողոքարկելով՝ դիմող Ա.Հակոբյանը խախտել է վերոնշյալ որոշումը դատարան բողոքարկելու դատավարական կարգը:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է. «Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով»:
Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային պրակտիկայում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը նպատակ է հետապնդում` սահմանել քրեական դատավարության համակարգում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկը` մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավական կառուցակարգը: Ընդ որում, այդ իրավանորմն ընդհանրական է. այն չի սահմանում վերահսկողության կոնկրետ օբյեկտները (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 18-րդ կետը):
Վերահսկողության կոնկրետ օբյեկտներ սահմանելու առումով ընդհանրական բնույթ ունի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը, որը նախատեսում է մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշումների դեմ դատարան բողոք ներկայացնելու դատավարական կարգը: Մասնավորապես, համաձայն վերջինիս՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշումների դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել, եթե մինչ այդ դրանք բողոքարկվել են դատախազական կարգով:
Ի տարբերություն վերջինիս՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը բովանդակում է հատուկ իրավանորմ՝ հստակ կարգավորելով դատական վերահսկողության օբյեկտներից՝ դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման բողոքարկման կարգը: Մասնավորապես, ըստ նշյալ նորմի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը բողոքարկելու անմիջականորեն դատարան:
Այլ խոսքով՝ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ նույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված չէ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումը դատարան բողոքարկելու իրավունքի իրացման համար նախապես դատախազական կարգով բողոքարկելու պայման:
15.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից, առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը՝ արդյունքում հստակեցնելով դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման բողոքարկման կարգը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ընդհանուր նորմից բացառություն է, իսկ այդպիսի բացառության սահմանումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով չի համարվում հակասություն:
16. Վերահաստատելով իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 21-րդ կետը): Հետևաբար դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը դատարան բողոքարկելու դատավարական կարգի հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը, այլ ոչ թե նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2014 թվականի մարտի 28-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին` խնդրելով դիմող Ա.Հակոբյանին ճանաչել որպես տուժող, իսկ իրեն` տուժողի ներկայացուցիչ, որի արդյունքում նախաքննության մարմինը 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրել է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, ինչը վերջինիս՝ 2014 թվականի մայիսի 16-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը, քանի որ վիճարկվող որոշումը նախ պետք է բողոքարկվեր համապատասխան դատախազին և նոր միայն դատարան (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վերաքննիչ բողոքը, այն մերժել է` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 5-րդ և 9-րդ կետերը):
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի որոշումը նախապես դատախազին չբողոքարկելով՝ դիմող Ա.Հակոբյանը չի խախտել վերոնշյալ որոշումը դատարան բողոքարկելու դատավարական կարգը:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ոչ թե 100-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը, այլ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը: Իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, քրեադատավարական օրենքի խախտումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ և 290-րդ հոդվածների պահանջները:
19. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չէ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները կամ որոշումները դատարան բողոքարկելու համար նախապես դատախազին բողոքարկելու պահանջ, քանի որ այդ մասում նշված նորմը ճանաչվել է հակասահմանադրական, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշման եզրափակիչ մասից հետևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումները կամ գործողությունները դատարան բողոքարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազին բողոքարկված լինելու պարտադիր պայմանը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ինքնին հակասահմանադրական չի ճանաչվել: Հետևաբար բողոք բերած անձի վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ իրավասու չէ անդրադառնալ բողոքի հիմքերի վերաբերյալ բողոքաբերի մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), քանի որ ստորադաս դատարանների կողմից դրանց կապակցությամբ քննություն չի իրականացվել: Հետևաբար նշված փաստարկները պետք է քննարկման առարկա դարձվեն գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 16-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունիսի 30-ի որոշումները բեկանել ու գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|