Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.08/57(1146).1 Հոդ.816.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0030/01/12

ԵԷԴ/0030/01/12

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

Դատավորներ`

 Գ. Մելիք-Սարգսյան

 Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի փետրվարի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ Տիգրան Ռուբենի Կոստանդյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Հարություն Կառլենի Պետրոսյանը, Վահե Վարուժանի Պարանյանը, Նարեկ Արկադիի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով Տիգրան Ռուբենի Կոստանդյանը, Գևորգ Սերոբի Խնուսյանը և Սերգո Արմենի Մելիքբեկյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Տ. Կոստանդյանը, Գ. Խնուսյանը, Հ. Պետրոսյանը, Վ. Պարանյանը, Ն. Սահակյանը և Ս. Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Ն. Սահակյանի, Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանը, Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանը և Վ. Բաբայանը:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Պարանյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն.Սահակյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:

4. Տ.Կոստանդյանի պաշտպան Գ.Մադոյանի, Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի մասով կարճել, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցրել:

Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանի, Ս.Մելիքբեկյանի պաշտպան Ա.Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը:

Դատավարության մասնակիցները Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, իսկ նույն դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ` մեղադրող Տ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարվել են, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասով, նույն դատարանի Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի վերաբերյալ` 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանվել են, գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպաններ Ա.Քալաշյանի, Ղ.Պապոյանի, Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել է ամբողջությամբ, իսկ պաշտպաններ Կ.Գրիգորյանի, Վ.Բաբայանի բողոքները՝ մասնակիորեն, այն է` Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել է և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել:

7. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը: Տ.Կոստանդյանի կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել և նրա մասով դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Գ.Խնուսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոք է բերել Տ.Կոստանդյանի պաշտպան Կ.Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Տ.Կոստանդյանի պաշտպան Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Տ.Կոստանդյանին, Գ.Խնուսյանին, Հ.Պետրոսյանին, Վ.Պարանյանին և Ս.Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի շուրջ 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը և բռնություն են գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանի նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 14):

10. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն՝ «(…) գործի նյութերով հաստատված է, որ սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:

Նույն օրը Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում գտնվել են 15.10.2011թ-ից մինչև 25.10.2011թ., երբ 15.10.2011թ. հարուցված սույն քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և մեղադրյալները տեղափոխվել են կալանավորվածներին պահելու վայր:

(…) Այսինքն` ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10 (տասը) օր (…): Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 (տասը) օր (…) կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:

(…)

Վերոգրյալի հիման վրա՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի (…) և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանքը կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը (…) և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 141-142):

11. Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման համաձայն` «(…) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:

Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ.Խնուսյանի, Տ.Կոստանդյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:

(...)

[Վերոհիշյալ] դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներում առկա հակասությունը և իր որոշման մեջ հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 133-135):

12. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «(...) գործի քննության արդյունքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար Դատարանի 23.08.2012թ. դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի` Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ. «Պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Պաշտպաններ Ա.Քալաշյանի, Ղ.Պապոյանի և Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2012թ. դատավճիռը՝ քրեական գործով ըստ մեղադրանքի Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել ու նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 137-138):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

13. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների խախտում:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը շարադրել է վկայակոչված իրավանորմերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք դատական ակտեր, որից հետո եզրահանգել, որ թեև Տ.Կոստանդյանին կարգապահական մեկուսարանում պահելը հանդիսացել է կարգապահական տույժ, սակայն հաշվի առնելով արարքի ու դրա համար կիրառված պատժի բնույթը, Եվրոպական կոնվենցիայի իմաստով այն հավասարազոր է անձին քրեական մեղադրանքի համար դատապարտելուն: Հետևաբար սույն գործով Տ.Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:

Բողոք բերած անձը գտել է, որ այս պայմաններում Տ.Կոստանդյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապնդումը դադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում:

14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը և Տ.Կոստանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցին. Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման առկայության պայմաններում օրինական և հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու և Տ.Կոստանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով:

16. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

(…)

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

16.1. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները կանխորոշվում են վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսափելու անհրաժեշտությունից: Բացի այդ, նման կարգավորումն անհրաժեշտ նախապայման է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման համար: Միասնական դատական պրակտիկայի ձևավորումը հնարավոր է միայն ստորադաս դատարանի համար պարտադիր և ուղղորդող նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումների մշակմամբ:

(…)

[Ը]նդհանուր կանոնի համաձայն` ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը:

[Օ]րենսդիրը նախատեսել է Վճռաբեկ դատարանի որոշման պարտադիրության ընդհանուր կանոնից բացառություն: Դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմնավորի այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: (...)» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):

16.2. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Գ.Խնուսյանի մասով գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն: Վերաքննիչ դատարանը, չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը ոչ միայն խախտել է (…) մեջբերված իրավանորմերի պահանջները, այլև սահմանափակել է Գ.Խնուսյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 20-րդ կետը):

16.3. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ անդրադարձել է Գ.Խնուսյանի մասով Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք՝ դրանով իսկ չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:

17. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ օրենքով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք է բերվել միայն Գ.Խնուսյանի մասով, իսկ Տ.Կոստանդյանի մասով վճռաբեկ բողոք չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության միայն Գ.Խնուսյանի մասով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), իսկ Տ.Կոստանդյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

18. Հիմք ընդունելով Գ.Խնուսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու և Տ.Կոստանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, օրինական և հիմնավորված չէ:

19. Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը Տ.Կոստանդյանի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված համապատասխան հիմքը գործադրելու կապակցությամբ Գ.Խնուսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 22-29-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները:

20. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան