ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1346-Ն
ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1346-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա, երկաթուղային կայարաններում, ուղևորների համար նախատեսված կառամատույցներում, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների հետ կապված երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտներում (այսուհետ` առավել վտանգավոր գոտիներ) համապատասխան օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները, որոնց չկատարման դեպքում նախատեսվում է վարչական տույժի կիրառում:
2. Սույն կանոնների դրույթները տարածվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ կառավարչի (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ) և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի, ինչպես նաև առավել վտանգավոր գոտիներում գտնվող ֆիզիկական անձանց (այսուհետ` քաղաքացիներ) վրա:
2.1. Սույն կանոններում օգտագործված հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունը:
(2.1-ին կետը լրաց. 10.09.15 N 1081-Ն)
II. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու անվտանգությունն ապահովելու նպատակով ենթակառուցվածքի կառավարիչը և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերը մշակում, կազմակերպում և իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս պահպանելու հետևյալ կանոնները`
1) առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման դեպքում` հաշվի առնել այդ գոտիներում գտնվող քաղաքացիների անվտանգության ապահովման կանոնները.
2) առավել վտանգավոր գոտիներում աշխատանքների իրականացման դեպքում սահմանված կարգով սարքավորել այդ աշխատանքների կատարման մասին տեղեկացնող համապատասխան ազդանշաններով և նշաններով.
3) երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման ժամանակ տեղամասերը կահավորել համապատասխան տեղեկատվական ազդանշաններով և նշաններով:
4. Առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու նպատակով ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի) կողմից իրականացվում են հետևյալ աշխատանքները, որոնք ապահովում են`
1) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցների, հետիոտնային անցումների, թունելների, կամուրջների և այլ օբյեկտների պահպանումը` տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում.
2) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային և ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների ու տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության տեղակայումը.
3) առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) սույն կանոնների փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացումը.
4) առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում այդպիսի տեղերի նշումը և ցանկապատումը:
III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
5. Քաղաքացիների երթևեկելը և անցումը երկաթուղային գծերի վրայով իրականացվում են բացառությամբ միայն դրա համար սահմանված և սարքավորված տեղերում:
6. Երկաթուղային գծերի վրայով երթևեկելիս և անցնելիս` քաղաքացիներն օգտվում են դրա համար հատուկ նախատեսված հետիոտնային անցումներից, կամուրջներից, երկաթուղային անցատեղերից, ուղեկամուրջներից, ինչպես նաև համապատասխան նշաններով նշված այլ տեղերից` այդ ընթացքում ուշադիր հետևելով տեխնիկական միջոցներով և (կամ) երկաթուղային տրանսպորտի համապատասխան աշխատողների կողմից տրվող ազդանշաններին:
7. Երկաթուղային գծերով սակավաշարժ քաղաքացիների անցումը թույլատրվում է միայն հետիոտնային անցումներով և միայն ուղեկցողի հետ:
IV. ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Երկաթուղային գծերում և ուղևորային կառամատույցներում գտնվելու, երկաթուղային շարժակազմից օգտվելու, վագոններ նստելու և (կամ) վագոններից իջնելու ժամանակ քաղաքացիների կողմից պահպանվող կանոններն ու գործողություններն են`
1) չմտնել ուղևորային կառամատույցների և երկաթուղային շարժակազմի տակ.
2) չանցնել վագոնների միջև գտնվող ինքնակցիչ սարքերի վրայով.
3) չանցնել ուղևորային կառամատույցի եզրին գտնվող սահմանափակող գիծը.
4) չվազել ուղևորային կառամատույցով ժամանող կամ մեկնող գնացքների կողքով.
5) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում և վագոններում չկազմակերպել զանազան շարժական խաղեր.
6) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում և վագոններում երեխաներին չթողնել առանց հսկողության, վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել երեխաների ձեռքից բռնած կամ երեխաներին ձեռքերի վրա պահած.
7) չցատկել ուղևորային կառամատույցից երկաթուղային գծերի վրա.
8) չանցնել երկաթուղային գծանցով անցումային ազդանշանային լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում՝ անկախ ուղեփակոցի առկայությունից ու դրա դիրքից.
9) չբարձրանալ հպակային ցանցի, օդային գծերի և արհեստական կառույցների հենասյուների ու հատուկ կոնստրուկցիաների վրա.
10) չհպվել հպակային ցանցի և էլեկտրահաղորդման օդային գծերի հենասյուներով ու հատուկ կոնստրուկցիաներով անցնող լարերին.
11) չմոտենալ պոկված, կտրված լարերին.
12) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում և վագոններում չգտնվել ալկոհոլային, թունավոր կամ թմրադեղային հարբածության վիճակում.
13) չվնասել երկաթուղային տրանսպորտի օբյեկտները.
14) չվնասել, չկեղտոտել, չփակել (չծածկել, չարգելափակել), չհանել, ինքնակամ չտեղակայել նշաններ, ցուցանակներ կամ տեղեկատվության այլ կրիչներ.
15) երկաթուղային գծերի վրա իրեր չթողնել.
16) չփոխադրել սուր, կտրող, ծակող առարկաներ, որոնք առանց համապատասխան փաթեթավորման կամ ծածկոցի կարող են վնասվածք հասցնել քաղաքացիներին.
17) չփոխադրել հեշտ բռնկվող, պայթուցիկ և թունավոր նյութեր.
18) չստեղծել խանգարումներ՝ երկաթուղային շարժակազմի երթևեկության համար.
19) ապահովել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի աշխատողների տեղեկացումը խանգարումների մասին.
20) գտնվել այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում բացառվում է երկաթուղային շարժակազմի մոտեցման ժամանակ առաջացող օդային հոսանքի ազդեցությունը.
21) երկաթուղային շարժակազմի արտակարգ կանգառ պահանջող իրավիճակ առաջանալու դեպքում հնարավոր եղանակներով ու միջոցներով տալ ազդանշան.
22) հնարավորության դեպքում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի աշխատողներին տեղեկացնել անծանոթ և (կամ) մոռացված իրերի մասին.
23) չմոտենալ վագոններին՝ մինչև գնացքի լրիվ կանգնելը.
24) չհենվել կանգնած վագոններին.
25) շարժման ընթացքում վագոն չնստել և (կամ) վագոնից չիջնել.
26) չկանգնել վագոնների ոտնատեղերին և անցումային հարթակներին.
27) չխոչընդոտել վագոնների դռների ավտոմատ բացմանը և փակմանը.
28) դուրս չկախվել վագոնների լուսամուտներից և վագոնահարթակների դռներից.
29) անցնել միայն ուղևորների համար նախատեսված և հարմարեցված տեղերով.
30) չվնասել երկաթուղային շարժակազմը.
31) չբարձրանալ երկաթուղային շարժակազմի տանիքների վրա.
32) չծխել մերձքաղաքային գնացքների վագոններում.
33) չծխել ուղևորային գնացքներում ծխելու համար չնախատեսված տեղերում.
34) չերթևեկել վագոնների ոտնակների և տանիքների վրա.
35) բեռնատար գնացքներով ինքնակամ չերթևեկել.
36) առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացք չկանգնեցնել.
37) վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել՝ չստեղծելով խոչընդոտներ այլ քաղաքացիների համար.
38) վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել միայն վագոնների լիակատար կանգնելու դեպքում.
39) վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել միայն ուղևորային կառամատույցի կողմից՝ երկաթուղային կայարանի հատուկ հատկացված և հարմարեցված տեղերում:
(8-րդ կետը խմբ. 10.09.15 N 1081-Ն)
V. ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9. Երկաթուղային տրանսպորտի առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնների խախտում թույլ տված կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը լրաց., խմբ. 10.09.15 N 1081-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան