Գլխավոր տեղեկություն
Համար
N 1061-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2015-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.10.15/25(537) Հոդ.866
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1061-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի և 25-րդ ու 26-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարածքային մարմիններն են՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության`

ա. աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները (զբաղվածության տարածքային կենտրոնները),

բ. աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները),

 գ. կառավարման ոլորտում գործող պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները (սոցիալական ապահովության տարածքային կենտրոնները).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումները` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները և սոցիալական աջակցության տարածքային բաժինները:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները սոցիալական ծառայությունները տրամադրում են (իրենց լիազորություններն իրականացնում են) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները սոցիալական ծառայությունները տրամադրում են (իրենց լիազորություններն իրականացնում են) բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրման պայմաններն ու կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները սոցիալական ծառայությունները տրամադրում են (իրենց լիազորություններն իրականացնում են) «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» ու «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

5. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի լիազորությունների իրականացման, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում սահմանել՝

1) սոցիալական դեպքի վարման, այդ թվում` սոցիալական կարիքի գնահատման, անհատական սոցիալական ծրագրի կազմման (ներառյալ անձի (ընտանիքի) կարիքները բավարարելու ուղղությամբ իրականացվող քայլերն անհետաձգելի համարելու, դեպքը անհետաձգելի լուծում պահանջող համարելու չափորոշիչները) մեթոդական ցուցումները.

2) տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը.

3) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում դիմումների ընդունման (հաշվառման) և սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան տարածքային մարմնին փոխանցման կարգը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ համաձայնեցնելով` տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (քաղաքապետարանի) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի, այսուհետ` տարածքային մարմին) լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Տարածքային մարմինն իրականացնում է՝

1) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ և 14-16-րդ կետերով սահմանված լիազորությունները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ տարածքային մարմնին վերապահված լիազորությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Տարածքային մարմինն իր լիազորություններն իրականացնելիս`

1) կատարում է անձանց ընդունելություն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստանում է ֆիզիկական անձանց գրավոր դիմումները և ընթացք է տալիս դրանց, այդ թվում`

ա. դիմումին կից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, դիմումը ներկայացնելու օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի մասին` զգուշացնելով, որ դրանք հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմումի սկզբնական ներկայացման օրը, իսկ ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը,

բ. դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում առցանց հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության կենտրոնական ռեգիստրը վարող մարմին` դիմողի անունով` նրա բնակության վայրում իր և (կամ) հաշվառված այլ անձանց մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին,

գ. դիմումում լրացված (դիմումին կից ներկայացված փաստաթղթերում առկա) տվյալները (անձը հաստատող փաստաթղթի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված) տվյալները, բնակության վայրը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը) եռօրյա ժամկետում համեմատում է առցանց հարցման արդյունքում ստացված տվյալների հետ և դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է համապատասխան պետական մարմին (կազմակերպություն)` նրան տրամադրելով խորհրդատվություն բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի մասին: Փաստաթուղթը (ճշտված տվյալներով) համարվում է տրված դիմումի սկզբնական ներկայացման օրը, եթե այն ներկայացվում է առցանց՝ հարցման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված հասցեների ռեեստրում չներառված վայրում բնակվող անձին (ընտանիքին) բնակչության պետական ռեգիստրում հաշվառումն ապահովելու նպատակով անհապաղ` դրա մասին հեռախոսակապով (էլեկտրոնային փոստով) տեղեկացնում է համապատասխան համայնքի ղեկավարին և համայնքային ոստիկանության բաժանմունք, ընդ որում, մինչև տվյալ անձի (ընտանիքի)՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը, այդ անձին (ընտանիքին) տրամադրում է դիմումով հայցվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայությունները, եթե դրանց տրամադրման համար, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, որպես պարտադիր պայման, մատնանշված չէ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելը և այդ սոցիալական ծառայությունները, իրենց բնույթով և (կամ) տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներով պայմանավորված, հնարավոր է տրամադրել առանց անձի (ընտանիքի)՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման.

3) քննարկում է տարածքային մարմին դիմած՝ սոցիալական աջակցություն հայցող անձի կամ նրա ներկայացուցչի (այսուհետ` դիմող) բանավոր դիմումը, պարզում դիմողի հիմնական խնդիրները, դրանց լուծման հնարավոր ռեսուրսները (անձնական, ընտանիքի, ֆինանսական և այլն).

4) անցկացնում է հարցազրույց միասնական ընդունարանում կամ դիմողի պահանջով` առանձնազրույցի ձևով` այդ նպատակով առանձնացված սենյակում (վայրում).

5) անձին տրամադրում է խորհրդատվական օգնություն (խորհուրդներ, առաջարկություններ և տեղեկատվություն)՝

ա. սոցիալ-իրավական հարցերի (քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային օրենսդրություն) վերաբերյալ,

բ. անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքների բավարարման (դիմողի բարձրացված հիմնախնդիրներին ամբողջական լուծումներ) ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ,

գ. սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման, սոցիալական աջակցության շրջանակներում տրամադրվող ծառայությունների վերաբերյալ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդունում է իրավաբանական անձանց, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գրությունները և ընթացք տալիս դրանց.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտով սահմանված կարգով կազմում է անձի (ընտանիքի) սոցիալական գործը (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)՝ դրանում ներառելով նաև ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագիրը և անհատական սոցիալական ծրագիրը, ինչպես նաև սոցիալական դեպքի վարման ընթացքում կազմված փաստաթղթերը.

8) բանավոր դիմումների, ահազանգերի հիման վրա, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում նշված անձի (ընտանիքի) անձնական տվյալների և (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկության առկայության դեպքում` դրանք ստանալու (հայտնի դառնալու) օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այցելություն դիմումում, ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի (ընտանիքի) բնակության (գտնվելու) վայր, տեղում տրամադրում է խորհրդատվական օգնություն.

9) ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի կողմից դիմում ներկայացվելուց կամ առաջարկվող սոցիալական ծառայություններ ստանալուց հրաժարվելու դեպքում եռօրյա ժամկետում կազմակերպում է կրկնակի այցելություն` աջակցող ցանցի երեք ներկայացուցիչներից կազմված խմբով` ևս մեկ անգամ համապատասխան սոցիալական աջակցություն (ծառայություն) առաջարկելու կամ հրաժարումը գրավոր ձևակերպելու նպատակով` տվյալ անձի կողմից ստորագրված, իսկ նրա ստորագրելուց հրաժարվելու դեպքում` համապատասխան արձանագրությամբ` վավերացված այցելությանը մասնակից երեք ներկայացուցիչների ստորագրություններով.

10) ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում` անձի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը) տարածքային մարմին ներկայացվող դիմումում լրացվում է նրա հայտարարության հիման վրա` դրա մասին կատարելով նշում, իսկ այդ անձի կողմից, առողջական խնդիրներով կամ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, անձնական տվյալները հայտարարելու անկարողության պարագայում, կազմվում է արձանագրություն և նշված երկու դեպքում անհապաղ դրա մասին հեռախոսակապով (էլեկտրոնային փոստով) տեղեկացվում է համայնքային ոստիկանության բաժնին.

11) արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում` անհապաղ կազմակերպում է անհրաժեշտ և հնարավոր սոցիալական աջակցության տրամադրումը` տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու վերաբերյալ ձևակերպումները կատարելով տվյալ օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

12) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում փաստաթղթերը ներկայացնողի ուշադրությունը հրավիրում է դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղում է ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալներն ու վրիպակները.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում և կարգով ընդունում է որոշում՝

ա. տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու կամ մերժելու մասին,

բ. սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին,

գ. բնաիրային օգնության տրամադրման մասին,

դ. պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման համար նշված միջոցները տրամադրող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպություն ուղղորդելու մասին,

ե. անձին տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած` սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություն ուղղորդելու մասին.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում և կարգով տրամադրում է եզրակացություն`

ա. երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության, երեխաներին սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն կամ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու հնարավորության մասին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած՝ երեխայի լավագույն շահ ճանաչելու, գնահատելու վերաբերյալ ուղեցույցը,

բ. անձին խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին.

15) կազմակերպում է բազմամասնագիտական քննարկումներ.

16) վարում է սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ որոշումների կամ այլ մարմին (կազմակերպություն) ուղղորդումների հաշվառման մատյան (թղթային կամ էլեկտրոնային)` ըստ սոցիալական ծառայության տեսակների, նշելով դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, դիմելու օրը, ամիսը, տարեթիվը, որոշում ընդունելու (ուղղորդելու) օրը, ամիսը, տարեթիվը, տվյալ պահին գործում առկա փաստաթղթերի թիվը.

17) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառմամբ «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի հայտնաբերման դեպքում տալիս է եզրակացություն նախնական նույնացման մասին և ընտանեկան բռնության ենթարկված անձին ուղղորդում է որպես ժամանակավոր օթևան` կացարան տրամադրող կազմակերպություն:

4. Տարածքային մարմինը ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու համար՝

1) վարում է սոցիալական դեպք` անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման հիման վրա.

2) կազմում է անձի (ընտանիքի) անհատական սոցիալական ծրագիր.

3) ապահովում է անհատական սոցիալական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը:

5. Տարածքային մարմինն անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատում է`

1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

2) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու մասին դիմում ստանալու դեպքում.

3) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու մասին դիմում ստանալու դեպքում.

4) սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի տրամադրման մասին դիմում ներկայացնելու դեպքում.

5) բնաիրային օգնություն տրամադրելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

6) նախնական նույնացում իրականացնելու` ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձ հայտնաբերելու դեպքում.

7) բանավոր դիմումների, ահազանգերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:

6. Անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելու նպատակով տարածքային մարմնի` դիմողի բնակության վայրն սպասարկող աշխատողը (այսուհետ` դեպք վարող) սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում՝

1) 15 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է տվյալ ընտանիք առաջին այցելությունը` նրա (ընտանիքի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման համար անհրաժեշտ հմտությունների և կարողությունների բացակայությունը կամ ապագայում դրա առաջացման հավանականությունը կանխատեսելու համար հիմքերի առկայությունը գնահատելու նպատակով.

2) բանավոր, գրավոր դիմումներում, ահազանգերում, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում, ինչպես նաև որևէ այլ ձևով բարձրացված՝ անհետաձգելի լուծում պահանջող խնդրի պարագայում (կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում) տնային այցելությունը կազմակերպում է անհապաղ.

3) ըստ անհրաժեշտության՝ ներկայացված խնդիրների համակողմանի ուսումնասիրության, դրանց լուծմանն ուղղված միջոցների ամբողջական գնահատման համար, իրականացնում է կրկնակի տնային այցելություններ, կամ հանդիպումներ դիմողի, ընտանիքի անդամների և այլ անձանց հետ.

4) դիմողից, այլ անձանցից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջում և ստանում է անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելու համար անհրաժեշտ տվյալներ (տեղեկություններ).

5) տնային այցելությունների հիման վրա անձի (ընտանիքի) մասին ձեռք բերված՝ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելու համար անհրաժեշտ տվյալները եռօրյա ժամկետում ներառում է սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգ:

7. Եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ապա սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը կամ համապատասխան հանգամանքի մասին տեղեկությունն ստացվելուց հետո 30 օրվա ընթացքում, անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելուց հետո, դեպք վարողը տարածքային մարմնի ղեկավարին է ներկայացնում առաջարկություն՝

1) սոցիալական դեպք բացելու վերաբերյալ.

2) անձին (ընտանիքին) սոցիալական ծառայություն (սոցիալական աջակցություն) տրամադրելու վերաբերյալ.

3) անձին (ընտանիքին) սոցիալական ծառայություն (սոցիալական աջակցություն) տրամադրելը մերժելու վերաբերյալ:

8. Լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում, դեպք վարողը տարածքային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը յոթ օրով երկարաձգելու վերաբերյալ:

9. Սույն կարգի 7-րդ կետում նշված՝ սոցիալական դեպք բացելու վերաբերյալ առաջարկությունը ներառում է նաև անձի (ընտանիքի) կարիքների բավարարման ուղղությամբ իրականացվելիք առաջնահերթ քայլերը, այդ թվում՝ նախընտրելի սոցիալական ծառայությունների փաթեթը: Անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում սոցիալական աջակցությունը (սոցիալական ծառայությունները) տրամադրվում են անհապաղ` դրա մասին տեղեկատվությունն ստանալուց հետո` տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու վերաբերյալ ձևակերպումները կատարելով տվյալ օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Տարածքային մարմնի ղեկավարը, առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում որոշում է կայացնում` սոցիալական դեպք բացելու և (կամ) օրենքով սահմանված սոցիալական ծառայություն տրամադրելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին:

11. Սոցիալական դեպք բացելու մասին որոշում կայացվելու դեպքում, դեպք վարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է դիմողի անհատական սոցիալական ծրագիրը, այդ թվում՝ հավաքագրում տվյալներ այն անձանց, ընտանիքների, կազմակերպությունների մասին, որոնք դիմողին տրամադրում են կամ կարող են տրամադրել նրա սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված որոշակի աջակցություն` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին, ինչպես նաև աջակցող ցանցի մասնակից չհանդիսացող այն անձանց (ընտանիքներին, կազմակերպություններին), որոնք կոնկրետ սոցիալական դեպքի շրջանակներում կարող են նպաստել դիմողի սոցիալական կարիքների լրիվ կամ մասնակի բավարարմանը:

12. Անձի (ընտանիքի) անհատական սոցիալական ծրագիրը ներառում է՝

1) անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները (սոցիալական կարիքների նկարագիրը).

2) անձի (ընտանիքի) սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակները, առաջարկված միջոցառումները, դրանց տրամադրման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները.

3) այլ կազմակերպությունների համապատասխան աշխատողների` մասնագետների (բազմամասնագիտական խումբ) տվյալները.

4) սոցիալական դեպքի խմբային (բազմամասնագիտական) քննարկումների պլանավորումը.

5) սոցիալական դեպքի շարունակական հսկողության ժամանակացույցը.

6) ըստ անհրաժեշտության՝ այլ տվյալներ:

13. Դեպք վարողը սոցիալական դեպքի վարման ընթացքում շարունակաբար իրականացնում է սոցիալական կարիքների ընթացիկ գնահատում, որի արդյունքների (սոցիալական կարիքների նվազում, փոփոխություններ, խորացում) հիման վրա, դիմողի (ընտանիքի) սոցիալական կարիքների փոփոխություններին համապատասխան, ըստ անհրաժեշտության, կարող է փոփոխության ենթարկել անհատական սոցիալական ծրագիրը:

14. Դեպք վարողը սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգ է մուտքագրում անձի (ընտանիքի) անհատական սոցիալական ծրագրի (ծրագրում կատարված փոփոխությունների) և ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն, այդ թվում՝

1) անձի (ընտանիքի) գնահատված սոցիալական կարիքները, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման մասին որոշումները (եզրակացությունները), դրանք տրամադրող մարմինների (կազմակերպությունների) և համապատասխան աշխատողների (մասնագետների) տվյալները.

2) սոցիալական դեպքի վարման ընթացքում սոցիալական կարիքների գնահատման արդյունքները (նվազում, փոփոխություններ, խորացում).

3) բազմամասնագիտական քննարկումներ անցկացնելու, ինչպես նաև շարունակական հսկողության իրականացման միջոցառումների ժամանակացույցը.

4) անցկացված բազմամասնագիտական քննարկումների օրը, ամիսը, տարեթիվը, արդյունքները, շարունակական հսկողության շրջանակներում կատարված տնային այցելությունների օրը, ամիսը, տարեթիվը և արդյունքները.

5) ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, անհատական սոցիալական ծրագրի փակման կամ այլ կազմակերպությանը փոխանցման նկարագրությունը, դրանց հիմքը և արդյունքները:

15. Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) ընդունման նպատակով տարածքային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրելու նպատակով՝ համաձայնագրի ընդունման մասին հայտարարությունը և համաձայնագրի տեքստը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին՝ հայտարարության մեջ նշելով համաձայնագրի ընդունման նպատակները և կողմերի հիմնական պարտավորությունները.

2) ընդունում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների՝ համաձայնագրին միանալու կամ համաձայնագրից մասնակցությունը հետ կանչելու մասին պաշտոնական գրությունները.

3) համաձայնագրին միանալու կամ համաձայնագրից մասնակցությունը հետ կանչելու պաշտոնական գրություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին՝ համաձայնագրին միացած կամ համաձայնագրից մասնակցությունը հետ կանչած կողմի անվանումն ու տվյալները սույն կետի 1-ին ենթակետում նշված համացանցային կայքերում տեղադրելու նպատակով:

16. Տարածքային մարմինն աջակցող ցանցի հետ համագործակցում է օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի համաձայն, ինչպես նաև համաձայնագրի շրջանակներում:

17. Տարածքային մարմինը կազմակերպում է օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համակարգող խորհրդի աշխատանքները:

18. Դեպք վարողը օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքների շրջանակներում կազմակերպում է իր սպասարկման տարածքի համայնքի (համայնքների) ղեկավարի կողմից ձևավորված համայնքների սոցիալական կարիքները գնահատող խմբի աշխատանքները՝

1) հավաքագրվում է համայնքի վիճակագրական տվյալները համայնքի ղեկավարի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, համապատասխան պետական մարմինների վարչական ռեգիստրներից, համակարգում, վերլուծում, վերհանում է առավել կարիքավոր (խոցելի) խմբերը, նրանց աշխարհագրական տեղաբաշխումը, իրավունքների այն խումբը, որոնց իրացումը սահմանափակված է կամ ոտնահարվում է, ինչպես նաև գնահատվում է համայնքի ռեսուրսները.

2) կազմվում է գնահատման մասին հաշվետվությունը և ներկայացվում տվյալ համայնքի ղեկավարին:

19. Տարածքային մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացվում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` համալիր կենտրոն) միասնական ընդունարանում (այսուհետ` միասնական ընդունարան):

2. Միասնական ընդունարանում՝

1) ընդունվում են (հաշվառվում են)` օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) սպասարկման տարածքի բնակչության կողմից սոցիալական ծառայություններ ստանալու համար ներկայացված դիմումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը (այսուհետ՝ դիմում)՝ համալիր կենտրոնում տեղակայված համապատասխան տարածքային մարմիններին փոխանցելու նպատակով.

2) համապատասխան տարածքային մարմնի կողմից անձին տրամադրվում է խորհրդատվական օգնություն՝ անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ, սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման մասին տեղեկատվություն:

3. Դիմումներն ընդունվում (հաշվառվում) են դիմումների հաշվառման էլեկտրոնային ենթահամակարգի միջոցով:

4. Միասնական ընդունարանում անձին խորհրդատվական օգնություն տրամադրում է համապատասխան տարածքային մարմնի մասնագետը:

5. Միասնական ընդունարանում անձին սոցիալական ծառայությունների տրամադրման աշխատանքները կազմակերպում է միասնական ընդունարանի ղեկավարը՝ սույն կարգով սահմանված գործառույթներն իրականացնելու միջոցով:

6. Միասնական ընդունարանի ղեկավարը՝

1) միասնական ընդունարան այցելած քաղաքացուն տալիս է նախնական տեղեկատվություն իր իրավունքների մասին.

2) քաղաքացուն տեղեկացնում է միասնական ընդունարանում խորհրդատվական օգնություն ստանալու իրավունքի մասին.

3) քաղաքացուն ուղղորդելու միջոցով ապահովում է սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմում ներկայացնելու գործընթացը.

4) քաղաքացուն ուղղորդելու միջոցով աջակցում է անձի սոցիալական ծառայություններ ստանալու իրավունքի իրականացմանը (այդ թվում՝ միասնական ընդունարանում).

5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան