«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 1180-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 105-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝
ա) թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկի ձևը,
բ) ռեեստրի վարման գրքի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) վայրերի ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) վարման հետ կապված հարաբերությունները:
2. Ռեեստրի վարման հիմնական նպատակը թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառումը և նկարագրումն է:
3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն կարգի համաձայն:
4. Ռեեստրում գրանցման ենթակա են՝
ա) թափոնների վնասազերծման և ոչնչացման շահագործվող օբյեկտները,
բ) 25 քառ. մ ավելի տեղադրման մակերեսով և (կամ) 50 խոր. մ ավելի տեղադրվող թափոնների ծավալով թափոնների տեղադրման շահագործվող օբյեկտները,
գ) թափոնների թաղման օբյեկտները, որոնց շահագործումն ավարտվել է, սակայն խախտված տարածքի վերականգնում չի իրականացվել և հողամասն այլ անձի չի փոխանցվել:
5. Ռեեստրի վարման նպատակով սույն կարգի 4-րդ կետով սահմանված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտների համար՝ շահագործումն սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում գրանցման թերթիկ՝ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևին համապատասխան:
Ռեեստրում գրանցված օբյեկտները (այսուհետ՝ օբյեկտներ) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման թերթիկ, եթե հաշվետու տարում կատարվել են փոփոխություններ:
(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1043-Ն)
II. ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Գրանցման թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները`
ա) իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գտնվելու վայրերը,
բ) օբյեկտի մասին ընդհանուր տեղեկությունները (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, հողամասի մակերեսը, տեղանքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը),
գ) օբյեկտը շահագործման հանձնելու տարեթիվը,
դ) օբյեկտի հզորությունը (տ/տարի), թափոնների պահեստավորման սխեման՝ թափոնների տեղադրման օբյեկտների համար,
ե) թափոնների վնասազերծման կամ ոչնչացման դեպքում` տեխնոլոգիայի համառոտ նկարագիրը, հզորությունը (տ/տարի, տ/օր), տեխնոլոգիական սարքավորման տեսակը, շահագործման գործելակարգը (ռեժիմը),
զ) տեղադրվող կամ վնասազերծվող թափոնների բնութագիրը (անվանումը, ծածկագիրը, ագրեգատային վիճակը, վտանգավորության դասը, ծավալը՝ տ/տարի),
է) թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի տվյալները (աղբավայրերից արտանետումների, արտահոսքերի և հողերի աղտոտվածության մասին),
ը) սանիտարական պահպանության գոտու բնութագիրը (սանիտարապահպանական գոտու լայնությունը` արտահայտված մետրով),
թ) մոտակա բնակավայրերից, ջրամատակարարման, ջրահոսքերի և ջրավազանների աղբյուրներից օբյեկտի ունեցած հեռավորության, սանիտարական պահպանության գոտու չափերի և դիտարկման հորատանցքերի դիրքի մասին:
7. Գրանցման թերթիկին կից ներկայացվում է բնապահպանական փորձաքննական եզրակացությունը:
III. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գրանցման թերթիկը ներկայացնելու ամսաթիվը, ռեեստրային գրանցման թերթիկին կից ներկայացված փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված գրանցման թերթիկի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պահման գործի համարը:
9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է օբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա ներկայացված տեղեկատվության ամբողջականությունն ու հավաստիությունը և, թերություններ չհայտնաբերելու դեպքում, գրանցում է պետական ռեեստրի վարման գրքում՝ ռեեստրային համարի ամրագրմամբ:
Օբյեկտները ռեեստրում գրանցված են համարվում դրանց ռեեստրային համար տալու օրվանից:
Ռեեստրում գրանցման մասին լիազոր մարմինը պատշաճ ձևով տեղյակ է պահում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին` նշելով օբյեկտի անվանումը, ռեեստրի գրանցման համարը և ամսաթիվը:
10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են գրանցման թերթիկի ու դրան կից փաստաթղթերը ներկայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ անճշտությունների առկայության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով վերադարձվում են լրամշակման:
Կրկնակի ներկայացված գրանցման թերթիկի ու փաստաթղթերի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:
(հավելվածը խմբ. 10.09.15 N 1043-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1180-Ն | |
29.01.2016, N 66-Ն | 11.02.2016, N 1180-Ն | |
10.09.2015, N 1043-Ն | 24.09.2015, N 1180-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|