Գլխավոր տեղեկություն
Համար
N 1010-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2015-21.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.16/59(1148) Հոդ.828.19
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 1010-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը և 48-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված ավիափոխադրողի մասնագրերը գործում են դրանցում նշված ժամկետներով.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված ավիափոխադրողի մասնագրերի գործողության ժամկետների երկարաձգման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 6-ի N 1010-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր) ստանալու համար հայտի և հավաստագրին ներկայացվող պահանջների, հավաստագիր տալու կամ դրա տրամադրումը մերժելու, հավաստագրի գործողության կասեցման, դադարեցման, հավաստագրի վերահաստատման, ինչպես նաև կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագիր կրողը կարող է իրականացնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս:

3. Հավաստագիր կրողը չի կարող որևէ կերպ իր հավաստագրի վկայականը փոխանցել մեկ այլ անձի: Հավաստագրի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ դրա պատճենը` օդանավում:

4. Հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազորված մարմին) կողմից:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Հավաստագիր ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձը (այսուհետ՝ հայտատու), որը`

1) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրված օդանավ շահագործողի վկայական կրող է.

2) բավարարում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածով և այլ իրավական ակտերով սահմանված ապահովագրության պահանջները.

3) բավարարում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջները.

4) ունի կազմակերպական կառուցվածք, համապատասխան որակավորում (գիտելիք, փորձառություն, հմտություններ) ունեցող անձնակազմ, որը հնարավորություն է տալիս անխափան և շարունակականորեն մատուցելու չվերթների իրականացման սեփական ծրագրով նախատեսվող ծառայությունները և բավարարելու սույն կարգով սահմանված պահանջները:

6. Հավաստագիր առաջին անգամ ստանալու, հավաստագրում փոփոխություններ կատարելու համար հայտատուն շահագործումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան 20 և ոչ շուտ, քան 30 աշխատանքային օր առաջ լիազորված մարմին է ներկայացնում հայտ (N 1 ձև) և հայտին կից տեղեկություններ ու շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջները հիմնավորող հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` հայտ)՝

1) օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի և երրորդ անձանց նկատմամբ ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականների պատճենները.

2) ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները.

3) ֆինանսական փաստաթուղթ այն մասին, որ`

ա. հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում կարող է կատարել իր կողմից իրական կանխատեսումներով գնահատված ընթացիկ ու ապագա պարտավորությունները,

բ. հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում կարող է բավարարել իր բիզնես ծրագրի համաձայն և իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական և ամրագրված ծախսերը` առանց հաշվի առնելու հայտատուի գործունեությունից առաջացած ցանկացած եկամուտ.

4) բիզնես ծրագիր՝ առնվազն առաջիկա երեք տարվա գործունեության համար, որը պետք է պարունակի`

ա. հայտատուի` ցանկացած այլ առևտրային գործունեության մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին տեղեկատվությունը,

բ. հայտատուի՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և, հնարավորության դեպքում, նախորդ ֆինանսական տարվա աուդիտորական եզրակացությամբ ֆինանսական հաշվետվությունը,

գ. հայտատուի՝ հաջորդ երեք տարվա համար պլանավորված հաշվեկշիռը՝ ներառյալ շահույթների և վնասների հաշիվները,

դ. վառելիքի, սակագների և դրույքների, աշխատավարձերի, վերանորոգման, արժեզրկման, փոխարժեքի տատանման, օդանավակայանային վճարների, աերոնավիգացիոն վճարների, վերգետնյա սպասարկման սակագների, ապահովագրության ու կազմակերպության կողմից կատարման ենթակա այլ պլանավորված ծախսերի և եկամուտների նախահաշիվը, փոխադրում և (կամ) եկամուտ կանխատեսումները,

ե. հայտը ներկայացնելու պահից մինչև օդային փոխադրումների մեկնարկն ընկած ժամանակահատվածում առաջացող անհրաժեշտ ծախսերի մասին տվյալներ, ինչպես նաև այդ ծախսերի մարմանն ուղղված միջոցների մասին տեղեկատվություն,

զ. առկա և նախատեսվող ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններ,

է. հայտատուի մասնակիցների մասին տեղեկություններ՝ ներառյալ քաղաքացիությունը և մասնակցության տեսակը,

ը. գործունեության իրականացման առաջին երեք տարվա համար պլանավորված դրամական հոսքերի մասին հաշվետվությունը և իրացվելիության պլանը,

թ. օդանավի ձեռքբերման (ներառյալ՝ լիզինգի) ֆինանսավորման մասին տեղեկատվություն, լիզինգի պարագայում` պայմանագրի պատճենը:

7. Հայտատուի հիմնական գործունեությունը պետք է լինի կամ միայն օդային հաղորդակցությունների իրականացումը, կամ օդային հաղորդակցությունների իրականացումը՝ օդանավի ցանկացած այլ առևտրային շահագործման կամ օդանավի վերանորոգման և տեխնիկական սպասարկման հետ միասին:

 

III. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Հայտն ընդունված է համարվում սույն կարգի II գլխով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրը:

9. Հայտերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 1003-Ն որոշմամբ ստեղծված կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կողմից, որը տալիս է հավաստագիր տալու վերաբերյալ խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություն:

10. Եթե ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ դրանք թերի են, ապա խորհրդի քարտուղարությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտը մուտքագրվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի փաստաթղթերը: Թերությունները չվերացվելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է:

11. Ներկայացված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազորված մարմինը, հաշվի առնելով խորհրդի եզրակացությունը, հայտը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում հավաստագիր տալու կամ հավաստագիր տալը մերժելու (դրանում փոփոխություններ կատարելու) մասին:

12. Սույն կարգի N 2 ձևին համապատասխան հավաստագիրը և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիազորված մարմնի կողմից այն ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է հայտատուին:

13. Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները:

14. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում հայտատուին ներկայացվում են մերժման պատճառները:

15. Հավաստագրի կորստի կամ վնասման դեպքում լիազորված մարմնի կողմից հավաստագիր կրողին տրամադրվում է դրա կրկնօրինակը` դրա մասին լիազորված մարմնի կողմից գրավոր դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հավաստագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

16. Լիազորված մարմինը հավաստագիր կրող անձին համապատասխան հայտի հիման վրա (N 3 ձև) հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան: Նշանակման հայտը ներկայացվում է հայտի հետ միաժամանակ:

17. Նշանակումը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, գործընկեր պետության ավիացիոն իշխանության կողմից մյուս գործընկեր պետության ավիացիոն իշխանություններին ծանուցում է այն մասին, որ տվյալ ավիաընկերությունն առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու թույլտվություն ունեցող փոխադրող է:

18. Հավաստագիր կրողն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմին պետք է՝

1) ներկայացնի տարեկան հաշվետվություն և արտաքին աուդիտորական եզրակացություն ֆինանսական վիճակի մասին.

2) ծանուցի առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին.

3) ներկայացնի տեղեկատվություն՝ ըստ լիազորված մարմնի պահանջի:

19. Հավաստագիր ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

20. Հավաստագրով նախատեսված գործունեությունն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, հավաստագրում նշված հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ դրանց շրջանակներից դուրս իրականացնելու, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել լիազորված մարմնի կողմից՝ մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:

21. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցումը կամ կասեցումը հիմք է հանդիսանում հավաստագրի գործողության դադարեցման կամ կասեցման համար:

22. Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել լիազորված մարմնի կողմից՝ մինչև 6 ամիս ժամկետով:

23. Հավաստագրի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիազոր մարմնի որոշումը հավաստագիր կրող անձին պատշաճ հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

24. Հավաստագիրը ենթակա է վերահաստատման լիազորված մարմնի կողմից, եթե՝

1) հավաստագիր կրողն այն տալու օրվանից վեց ամսվա ընթացքում չի մեկնարկել առևտրային օդային փոխադրումների իրականացումը.

2) կասեցրել է իր կողմից առևտրային օդային փոխադրումների իրականացումը՝ առնվազն վեց ամիս ժամանակով.

3) չի համապատասխանում սույն կարգի 6-րդ կետով սահմանված` շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին:

25. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը վերահաստատում է հավաստագիրը, եթե հավաստագիր կրողը վերացրել է վերահաստատման համար հիմք հանդիսացած պատճառները, որի մասին գրավոր տեղեկացրել է լիազորված մարմնին, որին կից ներկայացնում է նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հավաստագիր տալու համար հիմք հանդիսացած այն տեղեկություններն ու շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջերը հիմնավորող այն փաստաթղթերը, որոնք ենթարկվել են փոփոխության:

26. Հավաստագիր կրողի կողմից կասեցման կամ վերահաստատման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին գրությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի ղեկավարն ընդունում է հավաստագրի վերահաստատման մասին համապատասխան որոշում:

27. Հավաստագրի վերահաստատման մասին լիազորված մարմնի ղեկավարի որոշումը դրա ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տրամադրվում է հավաստագիր կրողին:

28. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա լիազորված մարմնի կողմից հավաստագրի գործողությունը դադարեցվում է: Անվտանգության պահանջներից ելնելով՝ լիազորված մարմինը մինչև խախտումների վերացումը հավաստագրի նկատմամբ կարող է կիրառել սահմանափակումներ:

29. Հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման մասին լիազորված մարմնի ղեկավարի որոշումը դրա ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տրամադրվում է հավաստագիր կրողին:

30. Հավաստագրի գործողության դադարեցման դեպքում հավաստագիր կրողը լիազորված մարմնին է հանձնում հավաստագրի բնօրինակը:

31. Հավաստագրում լրացումները և (կամ) փոփոխությունները կատարվում են սույն կարգով սահմանված հավաստագիր տալու ընթացակարգին համապատասխան:

32. Հավաստագիր կրողների և հավաստագիր տալու ընթացակարգերի մասին տեղեկությունները լիազորված մարմնի կողմից պարբերաբար հրապարակվում են լիազորված մարմնի www.mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ նախատեսված շահագործման օրվանից առնվազն քսան (20) աշխատանքային օր առաջ՝ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 0010, հեռ.` 01159-72-07, ֆաքս` 52-65-77, էլ. փոստ` secretariat@mineconomy.am, ինտերնետային կայք` www.mineconomy.am:

2. Հայտատուի մասին տեղեկությունները՝

1) իրավաբանական անձի անվանումը.

2) պետական գրանցման համարը.

3) գտնվելու վայրը.

4) ՀՎՀՀ-ն.

5) կապի բոլոր միջոցների համարները և էլեկտրոնային հասցեն.

6) հայտատուի ֆիրմային անվանումը (առկայության դեպքում).

7) հայտատուի գործունեության իրականացման վայրը.

8) հայտատուի փոստային հասցեն, ինտերնետային կայքէջը (առկայության դեպքում).

9) շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապ հաստատելու նպատակով կապի մասին տեղեկություններն օդանավում գտնվող որ փաստաթղթում (փաստաթղթերում) և որ մասում (մասերում) են ներկայացված.

10) օդանավ շահագործողի վկայականի համարը.

11) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից տրված եռանիշ կոդը.

12) Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) երկնիշ կոդը (առկայության դեպքում)։

3. Հավաստագրում փոփոխություններ կատարելու դեպքում լրացվում են միայն սույն կետի 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերում նշված տեղեկությունները:

 

ԲԱԺԻՆ 2. Ավիացիոն գործունեության նկարագրությունը

 

4. Սույն բաժնում պետք է արտացոլված լինեն հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես, շահագործման ուղղությունները (գրանցման երկրի ներսում (Ա-ից Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-ից Բ), գրանցման երկրից դուրս (Բ-ից Բ), փոխադրումների տեսակները (ուղևորային և (կամ) բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավի (օդանավերի) տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Սույն բաժնում նշված «Նկարագրություն» դաշտերը լրացվում են հակիրճ և բովանդակալից:

5. Ավիացիոն գործունեության նկարագրությունը (ավիացիոն գործունեության տեսակները, շահագործման տիպերը, տեսակները)՝

1) փոխադրման երթուղիները`

ա. Ա-ից Ա փոխադրումներ

բ. Ա-ից Բ փոխադրումներ

գ. Բ-ից Բ փոխադրումներ

2) փոխադրումների տեսակները`

ա. ուղևորային

բ. բեռնային

գ. փոստային

դ. համակցված (ուղևոր, բեռ, փոստ)

3) գործունեության տեսակները` առևտրային

4) շահագործման տեսակները` կանոնավոր օդային հաղորդակցություն։

6. Այլ նշումներ։

7. Շահագործման նախատեսված տարածաշրջանները՝

1) նկարագրել յուրաքանչյուր օդանավի համար շահագործման և (կամ) երթուղիների տարածաշրջանները.

2) օդանավի տիպը.

3) նախատեսված շահագործման տարածաշրջանը և (կամ) երթուղին։

8. Օդանավերի և շահագործման բազավորման մասին տեղեկատվությունը (սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուր օդանավի և նրա բազավորման մասին):

9. Շահագործման բազան՝ նախատեսված շահագործման բազա։

 

ԲԱԺԻՆ 3. Ստորագրությունը

 

10. Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության մասին կտեղեկացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

11. Խնդրում եմ`

1) տրամադրել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր.

2) կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն ներկայացված տեղեկատվության:

 

____________________________
(ստորագրությունը)

____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)  

 

____ ________________ 20 թ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ
REPUBLIC OF ARMENIA
MINISTRY OF ECONOMY

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

СЕРТИФИКАТ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ КОММЕРЧЕСКИХ АВИАПЕРЕВОЗОК

REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE

 

Սույնով հաստատվում է, որ

Настоящим удостоверяется что

This certifies, that

 

Ավիաընկերություն (անվանումը)

 

Авиакомпания (Название)

 

Airline(Name)

Գտնվելու վայրը
Հեռախոսահամարը
Ֆաքսը
E-mail
 

Адрес
Телефон
Факс
E-mail

Adress
Telephone
Fax
E-mail

Համապատասխանում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և դրանում նշված սույն հավաստագիրը տալու հետ կապված համապատասխան շահագործողական նորմատի-վային կանոններին:
Ավիաընկերությունը հանդի-սանում է առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիաընկերություն, որին թույլատրվում է իրականացնել ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ՝ սույն հավաս-տագրին կից N 1 հավելվածով սահմանված երթուղիներով:
Սույն հավաստագիրն ուժի մեջ է օդանավ շահագործողի վկայականի հետ միասին ներկայացվելու դեպքում:
 

Отвечает требованиям "Закона об Авиации" Республики Армения и соответствующим эксплуатационным нормативным правилам, предписанным в нем в отношении выдачи настоящего сертификата.
Авиакомпания является авиакомпанией выполняющей коммерческие воздушные перевозки, которой разрешается выполнять пассажирские, грузовые и почтовые воздушные перевозки по маршрутам указанным в Приложении 1 к настоящему Сертификату.
Настоящий Сертификат действителен при представлении совместно с Сертификатом эксплуатанта.

Complies with the requirements under the "Aviation Law" of the Republic of Armenia and related operating regulations and rules prescribed thereunder for the issuance of this Certificate.
This airline is a commercial air transportation operating airline, permitted to operate passenger, cargo and mail air transportation services on the routes specified in Annex 1 to this Certificate.
This Certificate is valid when submitted with the Air Operator Certificate.

Օդանավի տիպը

Тип воздушного судна

Type of Aircraft

Հավաստագրի համարը
Номер Сертификата
Certificate number
Տալու ամսաթիվը
Дата выдачи
Date of issue

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Министр Экономики Республики Армения

Minister of Economy of the Republic of Armenia

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ նախատեսված շահագործման օրվանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 0010, հեռ.` 01159-72-07, ֆաքս` 52-65-77, էլ. փոստ` secretariat@mineconomy.am, ինտերնետային կայք` www.mineconomy.am:

2. Հայտատուի մասին տեղեկությունները՝

1) հավաստագիր կրողի անվանումը

2) հավաստագրի համարը

3) հավաստագիր կրողի գտնվելու վայրը

4) հավաստագիր կրողի գործունեության իրականացման վայրը

5) կապի բոլոր միջոցների համարները և էլեկտրոնային հասցեն

6) հավաստագիր կրողի փոստային հասցեն, ինտերնետային կայքէջը (առկայության դեպքում)՝

ա. փոխադրման երթուղիները` Ա-ից Ա փոխադրումներ, Ա-ից Բ փոխադրումներ, Բ-ից Բ փոխադրումներ,

բ. փոխադրումների տեսակները` ուղևորային, բեռնային, փոստային, համակցված (ուղևոր, բեռ, փոստ)։

3. Շահագործման բազան՝ նախատեսված շահագործման բազա։

 

ԲԱԺԻՆ 3. Ստորագրությունը

4. Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության մասին կտեղեկացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

5. Խնդրում եմ նշանակել նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող:

 

____________________________
(ստորագրությունը)

____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.