Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.08/57(1146).1 Հոդ.816.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ/0002/01/14

ԳԴ/0002/01/14

Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան

Դատավորներ`

 Ա. Խաչատրյան

 Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

պաշտպան

Ռ. Հակոբյանի

   

 

2015 թվականի փետրվարի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Վարուժանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Գրիգորյանի պաշտպան Ռ. Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 40106611 քրեական գործը` Գրիգոր Գրիգորյանի կողմից ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գ. Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Գ. Գրիգորյանը հայտնաբերվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմնի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Գ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի փետրվարի 5-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Գ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու, լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին:

2014 թվականի փետրվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ Գ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը` դադարեցվել` ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ:

Նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Գ. Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 24-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճիռը ու «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը` բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ. Հակոբյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել ու կրել է 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող ակոսափող հրազենի փամփուշտներ և դրանք կրակող «Մակարով» տեսակի ատրճանակին նման հրազեն, որոնցով 2011 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի Գ.Լուսավորչի փողոցի 6-րդ բնակարանին հարակից` Հովհաննես Վարանցովի Հովհաննիսյանին պատկանող ավտոտնակի ներսում արձակել է կրակոց, որի հետևանքով նույն համայնքի բնակիչ Մհեր Դադիկոյի Կարապետյանի առողջությանը պատճառվել է միջին վնաս` առողջության տևական քայքայումով:

Բացի այդ, նա, առանց սահմանված փաստաթղթերի` 2000 թվականի հոկտեմբերի 10-ին 040-ի կողմից տրված AE0581936 համարի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ու առանց պատշաճ թույլտվության` անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի տվյալների, 2011 թվականի դեկտեմբերի 11-ին կատարված դեպքից հետո, գործով չպարզված օրը և ժամին, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը, ապա 2013 թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 14:58-ին, Երևանի «Զվարթնոց» օդակայանի թիվ ՍT 729 չվերթով, ՀՀ վերադարձի թիվ 269725 վկայականով, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 366-370):

6. Դատաբժշկական փորձաքննության թիվ 194 եզրակացության համաձայն` «(…) Մհեր Դադիկոյի Կարապետյանի մոտ վնասվածքները ձախ ոտնաթաթի միջանցիկ վերքերի ձևով հասցվել է հրազենից արձակված գնդակով, հնարավոր է գործի հանգամանքներում նշված պայմաններում և ժամկետում (…): Վերը նշված վնասվածքները հրազենային գնդակային են (…): Վերքը միջանցիկ է (…): Կրակոցը ունի վերևից ներքև ուղղություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 104-105):

7. Դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության (կատարվել է փորձագետներ Ս.Ալեքսանյանի (դատաքիմիական մաս) և Ա.Պողոսյանի (դատաձգաբանական մաս) կողմից) թիվ 593 եզրակացության համաձայն` «(…) Փորձաքննությանը տրամադրվել [են] (…) սև գույնի, տղամարդու կիսաճիտք կոշիկներ (…): Մհեր Դադիկոյի Կարապետյանի` փորձաքննության ներկայացված ձախ ոտքի կոշիկի վրա առկա (…) վնասվածքները հանդիսանում են իրար շարունակությունը կազմող հրազենային գնդակային մուտքի ու ելքի միջանցիկ վնասվածքներ, կարող էին պատճառվել 5.5-9 մմ տրամաչափի գնդակով (…) կատարված մեկ կրակոցի արդյունքում (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 248-255):

8. 2014 թվականի հունվարի 31-ի՝ փորձագետի հարցաքննության արձանագրության համաձայն` փորձագետ Ա. Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 5.5 մմ - 9 մմ չափային միջանցքի մեջ են մտնում 5.45, 5.6, 6.35, 7.62, 7.65 և 9 մմ տրամաչափի փամփուշտներ` նախատեսված ակոսափող հրազենի` ինքնաձիգների, ատրճանակների և հրացանների համար (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 351):

9. Փորձագետ Ա. Պողոսյանը 2014 թվականի մարտի 20-ի դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) 5.5-ից 9 մմ տրամաչափի փամփուշտները կարող են կրակվել նաև ինքնաշեն հարթափող կամ նույնիսկ ոչ ինքնաշեն գործարանային հարթափող զենքերից, թեև նրանք արտադրված են գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար: Որպես փորձագետ չի կարող պատկերացնել Մակարովին նմանվող ուրիշ ատրճանակ: Փամփուշտի (…) ռազմամթերք հանդիսանալու փաստը որոշվում է համապատասխան փորձաքննությամբ ու իրեղեն ապացույց օբյեկտի առկայության ժամանակ: Եթե փորձագետը չունենա փամփուշտ, չի կարող ասել` այն ռազմամթերք հանդիսանում է, թե` ոչ (…): Քրեական գործում առկա տվյալներով որոշել Գ. Գրիգորյանի մոտ առկա հրազենը ակոսափող է եղել, թե` ոչ, հնարավոր չէ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 60-62):

10. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճռի համաձայն. «Դատարանը, գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները [դատաբժշկական փորձաքննության թիվ 194 եզրակացությունը, դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունը, փորձագետ Ա. Պողոսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, ինչպես նաև ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանի նախաքննական, վկաներ Մհեր Կարապետյանի նախաքննական, Հովհաննես Հովհաննիսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները], գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ ապացույցների անբավարարության հիմքով հետևյալ պատճառաբանությամբ.

(…) դատական քննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չհիմնավորվեց, գործով չպարզվեց թե ինչ տեսակի զենքից է կրակոցն արձակվել, այն եղել է ողորկափող, թե ակոսափող, որպիսի հանգամանքը չկարողացավ հստակեցնել նաև փորձագետը` հայտնելով, որ կրակոցը կարող էր արձակված լինել ինչպես ողորկափող հրազենից, այնպես էլ ակոսափող հրազենից:

[ՀՀ քրեական] օրենսգրքի 235-րդ հոդվածով ողորկափող հրազեն ապօրինի կերպով պահելու կամ կրելու համար քրեական պատասխանատվություն չի սահմանում:

Ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանի կողմից ակոսափող հրազեն կրելը և պահելը չի հիմնավորվել, չի հայտնաբերվել նաև ռազմամթերք հանդիսացող գնդակը կամ պարկուճը, հետևաբար առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել և սպառվել են ապացույցներ ձեռք բերելու դատավարական բոլոր հնարավորությունները, իսկ չփարատված կասկածը մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 60-62):

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը (…) [հիմք է ընդունել] բացառապես քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունը կազմած փորձագետներից միայն մեկի` փորձագետ Արայիկ Պողոսյանի դատաքննական ցուցմունքը` միաժամանակ անտեսելով վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև ծագած որոշակի հակասությունները: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածով ամրագրված` ապացույցների գնահատմանը ներկայացվող օրենսդրական պահանջը, փորձագետի դատաքննական ցուցմունքին` քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների համեմատ տվել է ակնհայտ առավել նշանակություն և ըստ էության պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները:

(…) [Դ]ատաքննության ընթացքում փորձագետ Ա. Պողոսյանին առաջադրված և գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրված չեն եղել, իսկ փորձագետ Ա. Պողոսյանը դատաքննության ընթացքում հարցաքննվել է ոչ թե իր կողմից տրված եզրակացությունը պարզաբանելու (ընդ որում, փորձագետի թիվ 593ք եզրակացությունը կազմվել է փորձագետ Ա. Պողոսյանի և փորձագետ Ս.Ալեքսանյանի կողմից համատեղ), այլ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող և գործի վերջնական ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների ու փորձաքննությամբ չառաջադրված հարցերի կապակցությամբ հետևություններ ներկայացնելու համար, որը հնարավոր էր բացառապես դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբժշկական բնագավառի հատուկ գիտելիքների համալիր օգտագործմամբ կատարված փորձաքննության շրջանակներում, ինչը կոնկրետ դեպքում չի արվել` խոչընդոտելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման գործընթացին:

(…) [Կ]ոնկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանն անտեսել է քրեադատավարական օրենքով ամրագրված իմպերատիվ պահանջն առ այն, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մաս):

(…) Վերաքննիչ դատարանը (…) գտնում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն (…) և սույն գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է քրեական գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ վերստին պատշաճ իրավական վերլուծության ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու սկզբունքով վերջնական գնահատման ենթարկել այդպիսիք, այնուհետև, դրանցում տեղ գտած հետևությունները պարզաբանելու նկատառումներից ելնելով` հարցաքննել նշված փորձաքննությունները կատարած փորձագետներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նշանակել համապատասխան փորձաքննություն (փորձաքննություններ), որից հետո միայն հնարավոր կլինի կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող վերջնական դատական ակտ:

(…) վերը շարադրված բացահայտման ենթակա անհրաժեշտ հանգամանքները պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման ենթարկելու և առկա հակասությունները վերացնելու արդյունքում նոր միայն հնարավոր կլինի հիմնավոր հետևության հանգել ինչպես ամբաստանյալ Գրիգոր Վարուժանի Գրիգորյանին մեղսագրված և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորության կամ անմեղության մասին, այնպես էլ նրա նկատմամբ Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության վերաբերյալ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 62-83):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Պաշտպան Ռ. Հակոբյանը, իր համաձայնությունը հայտնելով Առաջին ատյանի դատարանի դատավճռում տեղ գտած հիմնավորումներին, գտել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի նկարագրությունը թերի է, քանի որ դրանով չի հստակեցվում հրազենի` ակոսափող կամ ողորկափող լինելը: Բողոք բերած անձի համոզմամբ, Գ. Գրիգորյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որակելու համար տվյալ հանցակազմի պարտադիր հատկանիշը` հրազենի ակոսափող լինելը, պետք է հաստատվեր գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջությամբ, ինչը սույն գործով տեղի չի ունեցել: Նման իրավիճակում Առաջին ատյանի դատարանը, ըստ բողոքաբերի, իրավացիորեն կայացրել է արդարացման դատավճիռ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բեկանել է այն:

13. Բողոքի հեղինակը գտել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ

ա) Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել դատաքիմիական և դատաձգաբանական թիվ 593 համալիր փորձաքննության եզրակացությունը կազմած փորձագետներից միայն մեկի` Ա. Պողոսյանի դատաքննական ցուցմունքը` անտեսելով վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև ծագած որոշակի հակասությունները:

Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի կողմից միայն փորձագետ Ա. Պողոսյանին հարցաքննելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց վկայակոչվել է միայն այդ անձի ցուցմունքը, ինչպես նաև նրանով, որ Ա. Պողոսյանը սպառիչ պատասխանել է կողմերին հետաքրքրող հարցերին, և մյուս փորձագետին հարցաքննելու անհրաժեշտություն չի առաջացել:

Ինչ վերաբերում է փորձագետ Ա. Պողոսյանի` նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասություններին, ապա բողոքի հեղինակը գտել է, որ այդպիսիք առկա չեն, ավելին` Ա. Պողոսյանը պնդել է իր նախաքննական ցուցմունքները:

բ) փորձագետ Ա. Պողոսյանը դատաքննության ընթացքում հարցաքննվել է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնց պարզաբանման համար անհրաժեշտ է կատարել դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբժշկական բնագավառի համալիր փորձաքննություններ:

Բողոքաբերի համոզմամբ` սույն գործով բացակայում են թե՛ զենքը, թե՛ փամփուշները և թե՛ կրակոցի արգասիքները, որպիսի պայմաններում զենքի` գործարանային կամ ինքնաշեն, ակոսափող կամ ողորկափող լինելու հարցերի վերաբերյալ համալիր փորձաքննություններ նշանակելու մասին խոսք լինել չի կարող:

Ամփոփելով վերը նշվածը` բողոքի հեղինակը եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի համար կարող էին ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք հանդիսանալ:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Ռ. Հակոբյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճռին ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված հանցագործությանը անձի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մաս) արդարացման դատական ակտ կայացնելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Գ. Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով կայացված արդարացման դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

«(…) 2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (…) կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ անմեղության կանխավարկածի պահանջով անձի մեղավորությունը հանցանք կատարելու մեջ պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Ս.Սաքանյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ «(…) ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը (…):

() [Ա]պացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է «ապացույցների համակցություն» հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`

1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,

2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,

3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ և 17-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նաև իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (մանրամասն տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործում առկա ապացույցների համակցությամբ հնարավոր չէ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատել անձի մեղավորությունը նրան մեղսագրվող արարքում, անձի նկատմամբ տվյալ մեղադրանքի շրջանակներում չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ:

17.1. Ի ապահովումն վերոնշյալի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի բաղադրատարր հանդիսացող` չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու պահանջի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Այլ խոսքով՝ քննարկվող հիմքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե.

ա) կատարված հանցագործությանն անձի մասնակցությունը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված չէ,

բ) սպառված են (ա) կետում նշված փաստը հաստատելուն ուղղված նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

18. Վերոնշյալին համապատասխան՝ Վերաքննիչ դատարանը, ստուգելով կատարված հանցագործությանը անձի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մաս) առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի օրինականությունը, պետք է ղեկավարվի սույն որոշման 17-17.1-րդ կետերում վերլուծված սկզբունքով (անմեղության կանխավարկած), չափանիշով («հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ) և հիմքերով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության հիմքերը):

19. Սույն որոշմամբ առաջադրված իրավական հարցի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներին:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է (…)»:

Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հոդվածում նշված առարկաներն ապօրինի կերպով ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու ձևով: Օբյեկտի պարտադիր հատկանիշ է հանցագործության առարկան, որպիսին հանդիսանում են հրազենը, ռազմամթերքը, ակոսափող հրազենի փամփուշտները, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերը: Դրա հետ մեկտեղ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան բացառություն է նախատեսում ողորկափող հրազեն և դրա փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Հետևաբար ողորկափող հրազենը և դրա փամփուշտները քննարկվող հանցակազմի առարկա չեն (տե՛ս mutatis mutandis Երվանդ Մելքոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշումը):

20. Սույն որոշման 17-րդ և 19-րդ կետերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով ապացուցման առարկայի շրջանակում՝ որպես հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ կետ), ի թիվս այլնի, ընդգրկվում է հանցագործության առարկան: Այսինքն` քննարկվող հոդվածով անձին մեղավոր ճանաչելիս գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ պետք է ապացուցվի նաև հանցագործության առարկայի (հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր) առկայությունը:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող ակոսափող հրազենի փամփուշտներ և դրանք կրակող «Մակարով» տեսակի ատրճանակին նման հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, այդ թվում նաև դատաբժշկական փորձաքննության թիվ 194, դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները, փորձագետ Ա. Պողոսյանի ցուցմունքները, եզրահանգել է, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանի կողմից ակոսափող հրազեն կրելը և պահելը չի հիմնավորվել, չի հայտնաբերվել նաև զենքը, ռազմամթերք հանդիսացող գնդակը կամ պարկուճը, հետևաբար առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու դատավարական բոլոր հնարավորությունները, իսկ չփարատված կասկածը մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 10-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել բացառապես քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունը կազմած փորձագետներից միայն մեկի` փորձագետ Արայիկ Պողոսյանի դատաքննական ցուցմունքը` միաժամանակ անտեսելով վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև ծագած որոշակի հակասությունները: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն ըստ էության պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները: Դատաքննության ընթացքում փորձագետ Ա. Պողոսյանին առաջադրված և գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրված չեն եղել, իսկ փորձագետ Ա. Պողոսյանը դատաքննության ընթացքում հարցաքննվել է ոչ թե իր կողմից տրված եզրակացությունը պարզաբանելու (ընդ որում, փորձագետի թիվ 593ք եզրակացությունը կազմվել է փորձագետ Ա. Պողոսյանի և փորձագետ Ս.Ալեքսանյանի կողմից համատեղ), այլ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող և գործի վերջնական ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների ու փորձաքննությամբ չառաջադրված հարցերի կապակցությամբ հետևություններ ներկայացնելու համար: Կոնկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանն անտեսել է քրեադատավարական օրենքով ամրագրված իմպերատիվ պահանջն առ այն, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանել ամբաստանյալ Գ. Գրիգորյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճիռը, ինչպես նաև նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի` Գ. Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նոր դատաքննությամբ անհրաժեշտ է քրեական գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ վերստին պատշաճ իրավական վերլուծության ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու սկզբունքով վերջնական գնահատման ենթարկել այդպիսիք, այնուհետև դրանցում տեղ գտած հետևությունները պարզաբանելու նկատառումներից ելնելով հարցաքննել նշված փորձաքննությունները կատարած փորձագետներին, իսկ անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան փորձաքննություն (փորձաքննություններ), որից հետո միայն հնարավոր կլինի կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող վերջնական դատական ակտ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ որոշակի ապացույց Գ. Գրիգորյանին մեղսագրվող հանցագործության առարկայի տեսակի ու հատկանիշների վերաբերյալ: Այսինքն` չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից ապօրինի պահվող հրազենի` ակոսափող կամ ողորկափող, ինչպես նաև փամփուշտների՝ ակոսափող հրազենի փամփուշտներ կամ ռազմամթերք լինելու հանգամանքները, ավելին` չեն հայտնաբերվել հանցագործության առարկաները` 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտները և «Մակարով» ատրճանակին նման հրազենը: Տուժողին պատճառված վնասի և նրա կոշիկի հիման վրա արդեն իսկ փորձաքննություններ կատարված լինելու, վկաներին, ամբաստանյալին, տուժողին հարցաքննելու և հանցագործության առարկան հայտնաբերված չլինելու պայմաններում առկա չէ դատավարական որևէ միջոց հանցագործության առարկայի նույնացման համար:

Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, այդ թվում` փորձագիտական եզրակացությունները և փորձագետ Ա. Պողոսյանի ցուցմունքները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ամբաստանյալ Գ. Գրիգորյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ: Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն եկել է այն եզրահանգման, որ Գ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

22.1. Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռն այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել բացառապես փորձագետներից մեկի հակասական դատաքննական ցուցմունքը, արդյունքում լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տեղ գտած այն դատողությանը, որ դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննությունն իրականացվել է երկու փորձագետի (Ս.Ալեքսանյանի և Ա. Պողոսյանի) կողմից, սակայն սույն գործի քննության շրջանակներում հարցաքննվել է միայն փորձագետ Ա. Պողոսյանը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող եզրակացությունը, ըստ էության, իրենից ներկայացնում է երկու տարբեր բնագավառների վերաբերյալ հատուկ գիտելիքների ամբողջություն, որի դատաքիմիական մասն իրականացվել է փորձագետ Ս.Ալեքսանյանի, իսկ դատաձգաբանական մասը` փորձագետ Ա. Պողոսյանի կողմից: Հետևաբար միանգամայն իրավաչափ է փորձագետ Ա. Պողոսյանի հարցաքննությունն այն պայմաններում, երբ դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը պարզաբանելու կամ լրացնելու անհրաժեշտություն է առաջացել միայն դրա դատաձգաբանական մասի հետ կապված:

23. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Առաջին ատյանի դատարանը փորձագետ Ա. Պողոսյանի ցուցմունքները գնահատելիս անտեսել է նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունը, ինչպես նաև խախտել է քրեադատավարական օրենքով ամրագրված իմպերատիվ պահանջն առ այն, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն`

«(…)

2. Փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ:

3. Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը»:

Նույն օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին (…)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների համադրված վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգումներ անել այն մասին, որ փորձագետի ցուցմունքները կոչված են լրացնելու, պարզաբանելու փորձագետի եզրակացությունը: Միևնույն ժամանակ փորձագետի հարցաքննությունը չի կարող փոխարինել եզրակացությանը: Ի ապահովումն այդ պահանջի` քրեադատավարական օրենսդրությունը հստակ նախատեսում է փորձագետի հարցաքննության հիմքերը, այն է՝

1) երբ փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, այն ունի բացեր, եթե դրանք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ,

2) երբ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները:

23.1. Սույն գործի փաստերից հետևում է, որ.

- վարույթն իրականացնող մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի՝ քրեական գործով դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրվել է հարց այն մասին, թե «գ) Ըստ վնասվածքի կառուցվածքային և չափային առանձնահատկությունների՝ ինչ տրամաչափի է եղել վնասվածք առաջացրած հրազենի տեսակը և փամփուշտի գնդակի տրամաչափը» (տե՛ս հատոր 1-ին, գ.թ. 143-144),

- դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մ. Կարապետյանի կոշիկի վրա առկա վնասվածքների պատճառումը հնարավոր էր 5,5-9 մմ տրամաչափի գնդակով: Միևնույն ժամանակ եզրակացությունը չի պարունակում տվյալներ հանցագործության առարկա հանդիսացող հրազենի և դրա փամփուշտների տեսակի վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը),

- դատաձգաբանական մասն իրականացրած փորձագետ Ա. Պողոսյանն իր նախաքննական ցուցմունքներով պարզաբանել է 5,5-9 մմ չափային միջանցքում գտնվող փամփուշտների և դրանք կրակող հրազենի տիպերը` նշելով միայն ակոսափող տեսակի զենքերը, իսկ դատաքննական ցուցմունքներով լրացրել է նախորդ ցուցմունքերը և հայտնել, որ 5,5-9 մմ տրամաչափի փամփուշտները կարող են կրակվել նաև ինքնաշեն հարթափող կամ ոչ ինքնաշեն գործարանային հարթափող զենքերից (տե՛ս սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերը):

Վերոգրյալից հետևում է, որ փորձագետ Ա. Պողոսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հակասություններ առկա չեն, ինչպես նաև փորձագետի ցուցմունքները չեն փոխարինել փորձագիտական եզրակացությանը, քանի որ նրա հարցաքննությունը կատարվել է փորձագիտական եզրակացության այնպիսի բացի վերաբերյալ, որի կապակցությամբ չի պահանջվել լրացուցիչ հետազոտություն:

24. Հիմք ընդունելով սույն որոշման 17-23.1-րդ կետերում արված վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե գործում առկա կոնկրետ որ ապացույցներն են տեղեկություններ պարունակում Գ. Գրիգորյանին մեղսագրվող հանցագործության առարկայի առկայության մասին, որոնք Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել: Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փորձաքննությունների եզրակացություններին (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետեր), ապա դրանք կրում են հավանական բնույթ և ինչպես առանձին, այնպես էլ այլ ապացույցների հետ համակցության մեջ չեն պարունակում այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտան «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան եզրահանգումներ կատարել հանցագործության առարկայի, դրա տեսակի կամ հատկանիշների վերաբերյալ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով գործում առկա ապացույցները կրկին գնահատելը և փորձագետներին հարցաքննելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համապատասխան փորձաքննություն նշանակելը, չի պատճառաբանել՝

- դատաբժշկական կամ դատաքիմիական փորձաքննություն իրականացրած փորձագետները զենքի կամ փամփուշտների տեսակի հետ կապված ինչպիսի հարցեր կարող են պարզաբանել,

- ինչ տվյալ ձեռք բերելուն կարող է ուղղված լինել համապատասխան փորձաքննություն նշանակելն այն պայմաններում, երբ հանցագործության առարկան` հրազենը և դրա փամփուշտները (անգամ պարկուճը կամ գնդակը) չեն հայտաբերվել, իսկ տուժողի կոշիկի հիման վրա փորձաքննություն արդեն իսկ իրականացվել է: Ավելին՝ փորձաքննության դատաձգաբանական մասն իրականացրած փորձագետի դատաքննական ցուցմունքի համաձայն քրեական գործում առկա տվյալներով Գ. Գրիգորյանի մոտ առկա հրազենը ակոսափող է եղել, թե` ոչ, հնարավոր չէ որոշել, իսկ եթե փորձագետը չունենա փամփուշտ, չի կարող ասել այն ռազմամթերք է, թե` ոչ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Նման պայմաններում ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը տուժողի կոշիկի հետազոտման համար նոր փորձաքննություն նշանակելու դեպքում առանց հիմնավորման հնարավոր է համարել հանցագործության առարկայի՝ հրազենի և փամփուշտների նույնացումն անգամ այն դեպքում, երբ փորձագետի պնդմամբ սույն գործում առկա տվյալներով դա անհնարին է:

Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ. Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով կայացված արդարացման դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Ուստի Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 35-րդ, 127-րդ, 252-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն և ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ապացույցների ազատ գնահատման սկզբունքի պահանջները, սույն գործով բոլոր ապացույցները հետազոտել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում և գնահատել ոչ բավարար Գ. Գրիգորյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ հաստատված համարելու համար: Հաշվի առնելով, որ սույն գործով արդարացման դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բեկանումն ըստ էության պայմանավորել է արդարացման դատավճռի բեկանմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գ. Գրիգորյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով արդարացնելու, ինչպես նաև` Համաներման ակտի կիրառմամբ`ՀՀ քրեական օրեսնգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններն օրինական են և հիմնավորված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գրիգոր Վարուժանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի որոշմանը և նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան