ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԳԴ1/0006/01/13
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
Դատավորներ` |
Գ. Մելիք-Սարգսյան |
Հ. Տեր-Ադամյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. ԴԱնիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Ե. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ |
2015 թվականի մարտի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վահագն Վարդանի Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպան Ե.Մարգարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 40106712 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Վահագն Վարդանի Պարոնիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի փետրվարի 1-ին Վ.Պարոնիկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով Վ.Պարոնիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպաններ Աննա Մարտիրոսյանի և Շեյն Հիթ Բրեյդիի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպաններ Աննա Մարտիրոսյանի և Շեյն Հիթ Բրեյդիի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վերադարձվել է, և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետ է սահմանվել:
Ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպան Ե.Մարգարյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ.Պարոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) ՀՀ ՊՆ ԿԲՀ-ի որոշմամբ ՀՀ ՊՆ թիվ 175-10թ. հրամանի 7 հոդվածի «Գ» կետով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության և անձնական ստարագրությամբ Գավառի ՏԶԿ-ից ստացել է ծանուցագիր` 17.12.2012թ. ՀՀ ԶՈՒ զորակոչվելու համար, սակայն 14.12.2012թ. ներկայացել է Գավառի զորակոչային բաժանմունք և ներկայացրել է գրավոր դիմում` զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին` պատճառաբանելով, որ ունի լուրջ առողջական խնդիրներ և միաժամանակ հանդիսանում է «Եհովայի վկա», ելնելով իր անձնական համոզմունքներից` հրաժարվել է ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայություններից` դրանով իսկ խուսափելով ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչից` այդ ծառայություններից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 60):
6. 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել համապատասխանաբար «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում:
7. 2013 թվականի հուլիսի 23-ին Վ.Պարոնիկյանն այլընտրանքային ծառայության անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատ (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 28):
8. Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի` «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ Վ.Պարոնիկյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում որպես բանվոր (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 55):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով ամբաստանյալ Վ.Պարոնիկյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ է մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված օրենքը: Վերջինիս հիման վրա ստեղծվել է այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի նկատմամբ, նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
Բողոքի հեղինակը նշել է, որ Վ.Պարոնիկյանը 2013 թվականի հուլիսի 23-ին այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որն այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ բավարարվել է:
Բողոքի հեղինակը, վկայակոչելով «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ մասը, գտել է, որ Վ.Պարոնիկյանի վերաբերյալ դատավճիռը ենթակա է վերանայման, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճման:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել և Վ.Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացումների պայմաններում Վ.Պարոնիկյանի նկատմամբ կիրառելի է արդյո՞ք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելու համար` այդ ծառայությունից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝
«1. (…) այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են՝
(…)
բ) այլընտրանքային աշխատանքային՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:
(…)»:
2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 2-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«(…)
Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
(…)»:
Օրենքի 3-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: (…)»:
Օրենքի 13-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«(…) 2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:
(…)»:
12.1. Մեջբերված նորմերի համադրված վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սամվել Աբրահամյանի գործով որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(…) ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով կատարված փոփոխությունների (…) և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված բլանկետային դիսպոզիցիայի առանձնահատկությունների (…) համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ՀՕ-31-Ն օրենքով «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվել են բովանդակային բնույթի այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցրել են քրեաիրավական նորմի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի ու շրջանակի փոփոխության: Արդյունքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում այն անձանց մասով, ովքեր մինչ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը մեղադրվել կամ դատապարտվել են կրոնական համոզմունքների հիմքով զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար» (տե՛ս Սամվել Սամվելի Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 15-րդ կետը):
13. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն ՀՀ օրենքում: Նշված փոփոխությունների արդյունքում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին»:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի («Անցումային դրույթներ») համաձայն՝ «1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են»:
13.1. Նախորդ կետում մեջբերված իրավադրույթների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը Սամվել Աբրահամյանի գործով որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն օրենսդիրը կապել է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության հետ, այն է՝
ա) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքները կատարվել են մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը.
բ) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ.
գ) լիազոր մարմինը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին» (տե՛ս Սամվել Սամվելի Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 16-րդ կետը):
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով Վ.Պարոնիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով համապատասխանաբար «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարվելուց հետո՝ 2013 թվականի հուլիսի 23-ին, Վ.Պարոնիկյանն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի` 2014 թվականի դեկտեմբերի 2-ի` «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ Վ.Պարոնիկյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում որպես բանվոր (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
15. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Պարոնիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել է կրոնական համոզմունքների պատճառով և՛ զինվորական, և՛ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Նշված արարքը կատարվել է մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Վ.Պարոնիկյանն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային ծառայության անցնելու վերաբերյալ, որը բավարարվել է, և լիազոր մարմինը որոշում է կայացրել նրան այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Այսինքն՝ սույն գործով պահպանված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պայմանները (տե՛ս սույն որոշման 13.1-րդ կետը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացումների պայմաններում Վ.Պարոնիկյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը կիրառելի է:
16. Հիմք ընդունելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը պետք է բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Վ.Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վահագն Վարդանի Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Վահագն Վարդանի Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Օհանյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|