ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ՇԴ/0172/01/12
Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան
Դատավորներ` |
Ե. Դարբինյան |
Գ. Ավետիսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
պաշտպան |
Լ. ՍԱՀԱԿՅԱՆԻ |
2015 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հարություն Սամվելի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18110612 քրեական գործը:
2012 թվականի ապրիլի 13-ին Հարություն Սարգսյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2012 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Հ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Հ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2012 թվականի նոյեմբերի 12-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով:
2012 թվականի նոյեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճռով Հ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել է ազատազրկման` 14 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 տարի ժամկետով` զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:
3. Պաշտպանների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 4-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Լ.Սահակյանը:
Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
2015 թվականի փետրվարի 24-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Մելքոնյանը և Վ.Էլբակյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել ստորադաս դատարանների դատական ակտերը:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է համարվել հետևյալը. «Ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանը համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, այդ նպատակով Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը, 2012 թվականի փետրվարի վերջերին հանդիպել է Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս Սամվել Սարգսյանին դուրս է արել իր աշխատասենյակից` չցանկանալով նույնիսկ քննարկել այդ թեման: Ամեն դեպքում իր նպատակին հասնելու համար Սամվել Սարգսյանը նույն հարցը քննարկելու համար հանդիպել է Վարդան Ղուկասյանի ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին, ումից էլ տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ: Չնայած դրան` Սամվել Սարգսյանը փորձել է Ղուկասյաններին հետ պահել Մանյա Ղուկասյանին այլ անձի հետ ամուսնացնելու մտադրությունից` որդուն ներկայացնելով որպես առավել գերադասելի թեկնածու, խնդրել է հնարավորություն տալ որդուն ծանոթացնելու Ղուկասյանների ընտանիքի հետ: Գևորգ Ղուկասյանը նույնպես մերժել է և հայտնել, որ ամեն ինչ արդեն որոշված է, շուտով լինելու է Մանյա Ղուկասյանի նշանադրությունը: Մերժված լինելու մասին Սամվել Սարգսյանը հայտնել է ընտանիքի անդամներին, այդ թվում նաև Հարություն Սարգսյանին, իսկ ավելի ուշ տեղեկացել են, որ 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում պետք է տեղի ունենա Մանյա Ղուկասյանի և Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը: Հարություն Սարգսյանը խանդի հողի, ինչպես նաև իր և իր ընտանիքի վիրավորված ինքնասիրությունն ու պատիվը վերականգնելու դրդումով որոշել է վրեժխնդիր լինել` Կարեն Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու, հանցագործության կատարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Հարություն Սարգսյանը 2012 թվականի մարտի վերջերից պլանավորել, ծրագրել է Կարեն Եսայանի սպանությունը, ինչի համար մի քանի օր շարունակ գաղտնի հետևել է նրան: Չբացահայտվելու նպատակով իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, մգեցված ապակիներով, 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրել է ապօրինի ճանապարհով` առանց մաքսային կետում հաշվառելու Հայաստանի Հանրապետություն ներկրած Լ BM 5255 հաշվառման համարանիշը: Նույն ժամանակահատվածում հետևել է նաև Մանյա Ղուկասյանին, գրեթե ամեն օր ավտոմեքենայով կանգնել, վերջինիս աշխատավայրից տուն և տնից աշխատավայր գնալու ճանապարհի տարբեր հատվածներում: 2012 թվականի ապրիլի 11-ին` ժամը 20:16-ին, Կարեն Եսայանն ու նրա ընկեր Ռոման Ղարաքեշիշյանն իրենց «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, արծաթագույն, 16 ՕԼ 850 համարանիշի և սև գույնի «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են Գյումրու Շիրակացի 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետ` ավտոմեքենաները լվանալու նպատակով: Այդ ժամանակ ևս Հարություն Սարգսյանը շարունակել է գաղտնի հետևել Կարեն Եսայանին: Նա, իր վերը նշված ավտոմեքենայով ավտոլվացման տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, այն կայանել է Շիրակացի փողոցի վրա, իջել է ավտոմեքենայից և դեմքով կանգնելով դեպի ավտոլվացման կետի տարածքը` հետևել նրանց: «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան լվանալու նպատակով թողնելով ավտոլվացման կետում` Ռոման Ղարաքեշիշյանը և Կարեն Եսայանը վերջինիս «Մերսեդես» մակնիշի, 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայով հեռացել են ավտոլվացման կետի տարածքից` վարսավիրանոց գնալու նպատակով: Հարություն Սարգսյանը, շարունակելով հետապնդումը, գնացել է նրանց հետևից: Ժամը 20:55-ին, երբ Ռոման Ղարաքեշիշյանը և Կարեն Եսայանը վերադարձել են ավտոլվացման կետ` Կարեն Եսայանի ավտոմեքենան լվանալու նպատակով, նրանց հետապնդող Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենան կայանել է Շիրակացի փողոցի վրա` ավտոլվացման կետի դիմացի մայթին` ավտոմեքենայի դիմային մասն ուղղելով դեպի փողոցի կողմը, ապա իջնելով ավտոմեքենայից` դանդաղ քայլելով մտել է ավտոլվացման կետի տարածք և սպասել մինչև Կարեն Եսայանն իր ավտոմեքենայով հեռանա ավտոլվացման կետից ու ինքը շարունակի հետապնդումը: Տեղացած անձրևի պատճառով Կարեն Եսայանը որոշել է գիշերն ավտոմեքենան թողնել ավտոլվացման կետում և ընկերների հետ նրանց ավտոմեքենայով հեռանալ ավտոլվացման կետից: Անակնկալի գալով` Հարություն Սարգսյանն անմիջապես մտել է ավտոլվացման կետ և տեսնելով, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան մնալու է այդտեղ, վազքով գնացել է նրանց հետևից, նստել իր ավտոմեքենան և շարժվել Կարեն Եսայանի գնացած ուղղությամբ: Մեկ անգամ ևս համոզվելու համար, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան գիշերը մնալու է ավտոլվացման կետում և պարզելու, թե առավոտյան ավտոլվացման կետը ժամը քանիսին է բացվելու, Հարություն Սարգսյանը ժամը 22:13-ին իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վերադարձել է ավտոլվացման կետի տարածք: Կետի տնօրեն Էդուարդ Խաչատրյանից տեղեկանալով, որ հաջորդ օրը լվացման կետի աշխատանքն սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին, հեռացել է: Հաստատապես իմանալով, որ ավտոլվացման կետի աշխատանքներն սկսվում են ժամը 09:00-ին, սպանությունն իրագործելու և չնախատեսված հանգամանքների պատճառով Կարեն Եսայանին տեսադաշտից չկորցնելու համար Հարություն Սարգսյանը 2012 թվականի ապրիլի 12-ին իր արծաթագույն «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, Լ BM 5255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ավտոլվացման կետի տարածք է ժամանել աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ` ժամը 07:59-ին: Ավտոլվացման կետի պատուհանից ներս նայելով և համոզվելով, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան տեղում է, Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենան կայանել է ավտոլվացման կետի դարպասի դիմացի հատվածում` ավտոմեքենայի առջևի մասով դեպի լվացման կետը` դրանով իսկ տեսադաշտում պահելով լվացման կետի մուտքն ու ելքը` ապահովելով հետապնդումն անմիջապես սկսելու հնարավորությունը: Շուրջ երկու ժամ` մինչև Կարեն Եսայանի գալը, մնացել է նույն դիրքում` առանց տեղաշարժվելու և ավտոմեքենայից իջնելու: Ընդ որում` անշարժ և աննկատ դիրքում է մնացել նաև այն ժամանակ, երբ ժամը 09:00-ից սկսվել է ավտոլվացման կետի աշխատանքը:
Ժամը 10:04-ին Կարեն Եսայանը միայնակ գալով ավտոլվացման կետ, իր ավտոմեքենայով դուրս է եկել կետից և ուղևորվել դեպի Շիրակացու փողոց: Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենայով անմիջապես շարժվել և հետապնդել է նրան: Ալեք Մանուկյան փողոցի 21 հասցեում գործող բենզալցակայանի հանդիպակաց հատվածում ազդանշանով կանգնեցրել է իր առջևից ընթացող Կարեն Եսայանին, ապա, իջնելով ավտոմեքենայից, նստել է նրա ավտոմեքենան` վարորդի կողքի նստատեղին: Շուրջ մեկ րոպե զրուցելուց հետո Հարություն Սարգսյանը և Կարեն Եսայանը վերջինիս ավտոմեքենայով հեռացել են այդտեղից և ժամը 10:30-ի սահմաններում հասել Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ամայի տարածք, որտեղ էլ Հարություն Սարգսյանը, իջնելով ավտոմեքենայից, իր մոտ գտնվող 16 [մմ] տրամաչափի ողորկափող հրազենից գլխի շրջանում արձակած մեկ կրակոցով ապօրինաբար, դիտավորությամբ, կյանքից զրկել` սպանել է Կարեն Եսայանին, ինչից հետո վերադարձել է Ալ. Մանուկյան փողոց, նստել նույն վայրում թողած իր ավտոմեքենան և ուղևորվել տուն:
Կատարված հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հարություն Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի վրա տեղադրված արտասահմանյան համարանիշները և դրանք դրել վարորդի նստատեղի ոտնատակի գորգի տակ, ավտոմեքենայի վրա տեղադրել իրական հաշվառման համարանիշը` 32 ՍՍ 542: Բացի այդ` միաժամանակ փոխել է սպանության պահին հագին եղած հագուստները, որոնցից «Պոլո» գրառմամբ սվիտրը գցել է տան լոգասենյակում` լվացման ենթակա հագուստների մեջ, «STESSO» պիտակով անդրավարտիքը դրել է տան բակում կայանված «Մերսեդես» մակնիշի, 13 ՏՏ 464 համարանիշի, սև գույնի, «Կատաֆալկա» տեսակի թափքով ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղի տակ, ապա իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Բավրա մաքսակետ և ժամը 11:20-ին հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ երեք ժամ անց կրկին վերադարձել է Գյումրի:
Հատկանշական է, որ ի հակառակ իր գործերի մասին ծնողներին հաշվետու չլինելու սովորությանը` սպանությունից հետո Վրաստան մեկնելու փաստն ի ցույց դնելու նպատակով գնալու և վերադառնալու ճանապարհին Հարություն Սարգսյանը պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել հարազատների հետ` շեշտելով, որ գործով մեկնում է Վրաստան:
Բացի այդ, Հարություն Սարգսյանը 2011 թվականի ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստան Պապոյանի անվամբ Հայաստանի Հարապետություն է ներմուծել «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի, 1993 թվականի արտադրության ավտոմեքենա` 1.191.218 ՀՀ դրամ մաքսային արժեքով, որը 2011 թվականի մայիս ամսին 3.075.000 ՀՀ դրամին համարժեք 8.200 ԱՄՆ դոլարով իրացրել է Ալեքսան Մկրտչյանին, 2011թ. մայիսի 24-ին կրկին Հայաստան Պապոյանի անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի, 1997 թվականի արտադրության ավտոմեքենա` 1.873.812 ՀՀ դրամ մաքսային արժեքով, որը 2011 թվականի հունիս ամսին 4.995.000 ՀՀ դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլարով իրացրել է Արմեն Խաչատրյանին, 2011 թվականի հունիսի 21-ին Արփինե Նիկոլյանի անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի, 1997 թվականի արտադրության ավտոմեքենա` 1.832.558 ՀՀ դրամ մաքսային արժեքով, որը 2011 թվականի օգոստոս ամսին 2.555.000 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարով իրացրել է Ավետիք Գինեցյանին:
Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի՝ 768.194 ՀՀ դրամի վնաս, որից եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար՝ 296.290 ՀՀ դրամ:
(…) [Ն]ախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները համադրելով և գնահատելով` դատարանը հանգեց հետևյալ եզրակացության.
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանը վրեժխնդիր լինելու նպատակով հետևել է տուժող Կարեն Եսայանին, հիմնավորվել է Գյումրի Շիրակացի 109 հասցեի ավտոլվացման և ավտովերանորոգման կետերի աշխատակիցների ցուցմունքներով և 2012թ. ապրիլի 11-ի և 12-ի նույն կետից առգրավված DVR տեսաերիզներով:
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանի քայլվածքը տարբերվում է ուրիշների քայլվածքից, որը նաև արտացոլված է եղել տեսաերիզում, հիմնավորվել է վկա Օհաննա Մախսոյանի ցուցմունքով և ՀՀ ՊՆ թիվ 378-06 հրամանի 42բ կետով, ըստ որի քայլքի զգալի խանգարում ունենալու պատճառով Հարություն Սարգսյանը ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը:
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանն իր արծաթագույն ավտոմեքենայով հետևել է Կարեն Եսայանին, հիմնավորվել է DVR տեսաերիզներով և ականատես վկաներով:
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանն Ալ.Մանուկյան փողոցում ազդանշանի միջոցով կանգնեցրել է Կարեն Եսայանի ավտոմեքենան և իջել է իր ավտոմեքենայից ու նստել Կարեն Եսայանի ավտոմեքենան և մեկ րոպեից շարժվել են, հիմնավորվել է տեսաերիզներով:
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ավտոմեքենան մնացել է կանգնած Ալ.Մանուկյան փողոցում, իսկ իրենք հեռացել են Կարեն Եսայանի ավտոմեքենայով և 24 րոպե անց տաքսի ավտոմեքենայով եկել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, նստել է իր ավտոմեքենան, շրջանցել է իր ավտոմեքենայի առջևի մասում կանգնած տաքսի ավտոմեքենան և թեքվել աջ, մտել է իրենց տան կողմը` Ջիվանու փողոց, հիմնավորվել է տեսաերիզով, ինչպես նաև ականատես վկաներով:
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը եղել է Կարեն Եսայանի ավտոմեքենայի մեջ և եղել է դեպքի վայրում, հիմնավորվել է նաև դատահողագիտական փորձաքննության թիվ 121308 եզրակացությամբ:
Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, լինելով դեպքի վայրում, ողորկափող հրազենի մեկ գնդակով սպանել է Կարեն Եսայանին, հիմնավորվել է դատաձգաբանական փորձաքննության թիվ 739 եզրակացությամբ, ինչպես նաև խուզարկությամբ հայտնաբերված Հարություն Սարգսյանի շորերի` սվիտրի և անդրավարտիքի վրա հայտնաբերված կրակոցի արգասիքներով, որը հիմնավորվել է համապատասխան փորձագիտական եզրակացություններով: Այդ հագուստները, որ դեպքի օրը եղել է Հարություն Սարգսյանի հագին և պատկանում է նրան, հիմնավորվել է դատագենետիկական փորձաքննության թիվ 49 եզրակացությունով: Դեպքից հետո նա փոխել է իր ավտոմեքենայի վրա տեղադրված արտասահմանյան համարանիշները և շտապ նույն ավտոմեքենայով շարժվել է դեպի Աշոցք: Նշված հանգամանքը հիմնավորվել է վկաների ցուցմունքներով, ինչպես նաև հեռախոսազանգերը սպասարկող բջջային օպերատորի ալեհավաքներով, որ նա տեղեկություն ստանալու համար պարբերաբար զանգել է հարազատներին` ասելով, որ ինքը գնում է Վրաստան:
Այն, որ նա ցանկացել է ամուսնանալ Մանյա Ղուկասյանի հետ և մի քանի անգամ նրա հայրը` Սամվել Սարգսյանը, Վարդան և Գևորգ Ղուկասյանների կողմից մերժում ստանալուց հետո դարձյալ դիմել է նույն հարցով և Հարությունը չի հասել իր նպատակին, իր մեջ վիրավորանք զգալով և նշանադրությունը խափանելու նպատակով, պլանավորել և իրականացրել է Կարեն Եսայանի սպանությունը: Նշված հանգամանքը հիմնավորվել է հարցաքննված վկաներով:
(…) Դատարանը, համադրելով և գնահատելով առկա ապացույցների վերաբերելիությունը ու թույլատրելիությունը, գտնում է, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 188 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, այն, որ նա խանդի հողի վրա, վրեժխնդիր լինելու նպատակով պլանավորել է սպանել Կարեն Եսայանին: Իր մոտ պահվող 16 [մմ] տրամաչափի ողորկափող հրազենից` գլխի աջ քունքի հատվածին արձակած մեկ կրակոցով դիտավորյալ կյանքից զրկել` սպանել է Կարեն Եսայանին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 86-100):
6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդվածների դրույթները, դատավճռում շարադրված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` հանգել է ճիշտ հետևության, որ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գնահատելու և այն հիմնավորված համարելու համար:
(…)
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին այն մասին, որ վկա Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը որպես ապացույց անթույլատրելի է, քանի որ պաշտպանության կողմն էլ հնարավորություն չի ունեցել վկային հարցաքննել, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հրապարակելով Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը, չի խախտել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, քանի որ քրեական գործի նյութերում առկա ՀՀ «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 19.06.2013թ. գրության համաձայն` Մանյա Ղուկասյանը, առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատական նիստին, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի 23.07.2013թ. տեղեկանքի համաձայն` Մանյա Ղուկասյանը բացակայում է քաղաքից, ուստի նրան դատական նիստին ապահովելու հնարավորություն չի ունեցել:
(...)
Ինչ վերաբերում է վկա Վարդան Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին վերաքննիչ բողոքի պատճառաբանությանը, ապա վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված ապացույցը թույլատրելի է` քրեադատավարական օրենքի նորմերի պահպանմամբ ձեռք բերված:
(...)
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեադատավարական օրենսդրության խնդիրների, ապացույցների ուժի, ապացույցների ստուգումը, գնահատումը կանոնակարգող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների համատեքստում քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգում է համոզման, որ ապացուցված է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը և կատարած հանցավոր արարքների համար ամբաստանյալը ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:
Այս առումով պաշտպանության կողմի պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ սույն գործի շրջանակներում դատական ակտը բեկանելու և քրեական գործի վարույթը կարճելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 272-292):
7. «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 2013 թվականի հունիսի 19-ի N 91, N 92 գրության համաձայն. «(…) Մանյա Վարդանի Ղուկասյանը ներկա պահին ելնելով առողջական վիճակից դատական նիստի [չի] կարող ներկայանալ, իսկ որքան ժամանակ է պահանջվում ապաքինման համար, ցույց կտա բուժման ընթացքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 18):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Պաշտպան Լ.Սահակյանը փաստարկել է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք կայացված դատական ակտերը բեկանելու և իր պաշտպանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք են: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր` չպահպանելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, 104-րդ հոդվածի 3-րդ մասի, 115-րդ հոդվածի 3-րդ մասի, 117-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի պահանջները և չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթները:
Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն անտեսել են Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0225/01/11, թիվ ԵԱՔԴ/0189/01/12, թիվ ԵԿԴ/0058/11/09 և թիվ ՍԴ3/0045/01/13, թիվ ԵՔՐԴ/0297/01/08 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` համապատասխանաբար պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններն անհիմն մերժելու, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման, դատական ակտի պատճառաբանված լինելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վերաբերյալ:
9. Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոք բերած անձը նշել է, որ վկաներ Մ.Ղուկասյանի, Վ.Ղուկասյանի, Ս.Սարգսյանի, Մ.Սարգսյանի, Ա.Նիկոլյանի, Ս.Նիկոլյանի, Գ.Պապոյանի, Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ռ.Կարապետյանի ցուցմունքները համապատասխան կոնվենցիոն և քրեադատավարական դրույթների ուժով չէին կարող օգտագործվել որպես թույլատրելի ապացույցներ: Մասնավորապես, վկաներ Ս.Սարգսյանի, Մ.Սարգսյանի, Ա.Նիկոլյանի, Ս.Նիկոլյանի և Գ.Պապոյանի ցուցմունքները ձեռք են բերվել նրանց՝ Գյումրու բաժնում ապօրինի պահելու և իրավունքները սահմանափակելու արդյունքում, իսկ Մ.Ղուկասյանի, Վ.Ղուկասյանի ցուցմունքների կապակցությամբ չի ապահովվել ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցում իրականացնելու (կոնֆրոնտացիայի) իրավունքը:
Բացի այդ, պաշտպան Լ.Սահակյանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 և թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, կարծիք է հայտնել, որ վկայի կարգավիճակում Հ.Սարգսյանի հարցաքննության արձանագրությունը ևս անթույլատրելի ապացույց է:
Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմին իր վկաներին հրավիրելու և հարցաքննելու, ինչպես նաև ամբաստանյալ Հ.Սարգսյանին արդարացնող ապացույցներ ներկայացնելու հնարավորություն չի տրվել, որպիսի խախտումներին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել: Միևնույն ժամանակ բողոքաբերը վկայակոչել է Հ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված մի շարք ապացույցներ և եկել այն եզրահանգման, որ դրանք հիմնականում ոչ թե հաստատում, այլ հերքում են ամբաստանյալի մասնակցությունը կատարված հանցագործությանը:
10. Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը չի բավարարել պաշտպանության կողմի միջնորդությունն ինքնաբացարկ հայտնելու մասին, որով ամբաստանյալ Հ.Սարգսյանին զրկել է անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունքից:
Բողոք բերած անձի կարծիքով` ստորադաս դատարաններն առանց պատշաճ հիմնավորումների մերժել են պաշտպանության կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, ամբաստանյալի նկատմամբ նշանակել են խիստ պատիժ` այդպիսով և որոշ այլ գործողություններով ողջամիտ կասկած հարուցելով իրենց անկողմնակալության վերաբերյալ:
11. Վերոգրյալի հետ մեկտեղ պաշտպան Լ.Սահակյանը վերլուծել է անձին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու քրեաիրավական դրույթները, համադրել դրանք գործի փաստերի հետ և գտել, որ անցել են ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանին մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
12. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և կարճել քրեական գործի վարույթը կամ բեկանել հիշյալ դատական ակտը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավաչափությունը.
13. Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախևառաջ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն) ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը սույն գործով ենթակա՞ է արդյոք դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…):
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
(…)»:
Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար որպես հիմնական պատժատեսակներ նախատեսված են մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև տուգանք կամ կալանք, ուստի այն ոչ մեծ ծանրության հանցագործություն է: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի:
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված, երբ առաջանում են հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևանքները: Մասնավորապես, ապօրինի ձեռնարկատիրությունը համարվում է ավարտված, երբ զգալի վնաս է պատճառվում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը:
Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործությունն ավարտված համարելու պահից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ օրենքով նախատեսված են վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման դեպքերը: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ «(…) նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում`
1. նախկին հանցագործությունն ավարտվել է և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել,
2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է:
Վաղեմության ժամկետի ընդհատվելու դեպքում նախորդ հանցանքի համար ընթացող ժամկետը չեղյալ է համարվում, և հաշվարկը վերսկսվում է նոր հանցագործության ավարտման պահից: Այլ կերպ ասած` նոր հանցանքի կատարմամբ նախկին հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետը չի վերանում, իսկ ինչպես նոր հանցանքի, այնպես էլ նախկին հանցանքի համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետները սկսվում են հաշվարկվել նոր հանցանքի ավարտման պահից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն:
(…) Եթե անձը միաժամանակ կատարում է երկու կամ ավելի հանցագործություն, դրանցից յուրաքանչյուրի համար վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի առանձին: Հետևաբար, հանցագործություններից մեկի համար վաղեմության ժամկետի ավարտի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից այդ հանցագործության համար, սակայն մյուսների համար, որոնց վաղեմության ժամկետները չեն անցել, անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ընդհանուր կարգով» (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը):
14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը):
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանը 2010-2011 թվականների ընթացքում (մինչև 2011 թվականի օգոստոս ամիսը) տարբեր անձանց անուններով ավտոմեքենաներ է ներմուծել ՀՀ տարածք, դրանք իրացրել տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, այսինքն` առանց պետական գրանցման իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, որի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստերի համաձայն՝ Հ.Սարգսյանն իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումից հետո` 2012 թվականի ապրիլի 12-ին, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), որն առանձնապես ծանր հանցագործություն է (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մաս):
Առաջին ատյանի դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի մարտի 12-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2014 թվականի օգոստոսի 4-ին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 14-14.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝
ա) ամբաստանյալ Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2011 թվականի օգոստոսին: Այնուհետև` 2012 թվականի ապրիլի 12-ին՝ նախորդ հանցագործությունն ավարտվելու պահից երկու տարի չանցած, Հ.Սարգսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձնապես ծանր նոր հանցանք: Այսինքն` նախկին հանցագործության (ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված) վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է նոր հանցագործության կատարմամբ: Հետևաբար նախորդ հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքի հաշվարկը սկսվել է նոր հանցագործության ավարտման պահից՝ 2012 թվականի ապրիլի 12-ից,
բ) ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործություն կատարելու մեջ Հ.Սարգսյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2014 թվականի մարտի 12-ին, որը սակայն օրինական ուժի մեջ չի մտել վերաքննիչ բողոքարկման արդյունքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է 2014 թվականի օգոստոսի 4-ին:
Վերոգրյալից հետևում է, որ Հ.Սարգսյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 12-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ գործը գտնվել է Վերաքննիչ դատարանում, և դրա կապակցությամբ որոշում կայացված չի եղել: Այս առումով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետներն անցած լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները հիմնավորված են:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի պահանջները և չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պայմաններում ընդհանուր կարգով շարունակել է սույն գործի դատական քննությունը և 2014 թվականի օգոստոսի 4-ին դատական ակտ է կայացրել՝ առանց վերը նշված հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելու:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
II. Բողոքաբերի բարձրացրած մյուս հարցերը.
17. Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկներին, որ վկաներ Ս.Սարգսյանի, Մ.Սարգսյանի, Ա.Նիկոլյանի, Ս.Նիկոլյանի, Գ.Պապոյանի, Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ռ.Կարապետյանի ցուցմունքները չէին կարող օգտագործվել որպես թույլատրելի ապացույցներ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված պնդումները հիմնազուրկ են և չեն բխում սույն գործի նյութերից:
Մասնավորապես, վկաներ Ս.Սարգսյանին, Մ.Սարգսյանին, Ա.Նիկոլյանին, Ս.Նիկոլյանին և Գ.Պապոյանին ոստիկանության Գյումրիի բաժնում ապօրինի պահելու և նրանց իրավունքները սահմանափակելու վերաբերյալ բողոքաբերի եզրահանգումները հերքվում են ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ռ.Գևորգյանի՝ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» և «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» համապատասխանաբար 2014 թվականի մարտի 25-ի և մարտի 27-ի որոշումներով:
Իսկ ինչ վերաբերում է Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ռ.Կարապետյանի ցուցմունքներին, ապա գործի նյութերի համակողմանի ուսումնասիրությունից հետևում է, որ նշված ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման ընթացքում թույլ չեն տրվել կոնվենցիոն և քրեադատավարական նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա:
18. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն մերժել է պաշտպանության կողմի՝ դատարան մի շարք վկաներ հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները, որոնց ցուցմունքներն էական նշանակություն կունենային առաջադրված մեղադրանքը հերքելու և Հ.Սարգսյանի անմեղությունը հաստատելու համար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի իմաստով, որպես ընդհանուր կանոն, ներպետական դատարանների հայեցողությանն է թողնվում այն հարցի գնահատումը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել վկաներ, թե` ոչ, և չի պահանջվում ամբաստանյալի կողմից հանդես եկող յուրաքանչյուր վկայի հրավիրումը և հարցաքննությունը (տե՛ս Բրիկմոնտն ընդդեմ Բելգիայի (Bricmount v Belgium) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, կետ 89):
Ուստի Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պաշտպանության կողմի` իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքի խախտման մասին բողոքի հեղինակի փաստարկներն անհիմն են:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Հ.Սարգսյանին արդարացնող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումները, մասնավորապես այն, որ Առաջին ատյանի դատարանը, առանց հիմնավորումների մերժելով պաշտպանների գրեթե բոլոր միջնորդությունները, դրսևորել է կամայականություն: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննարկել և օրենքով սահմանված կարգով դրական կամ բացասական լուծում է տվել այդ միջնորդություններին: Հետևաբար առկա չէ հակասություն նաև համապատասխան դատական ակտի և Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0225/01/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների միջև:
19. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Մ.Ղուկասյանի և Վ.Ղուկասյանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու արդյունքում խախտվել է Հ.Սարգսյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված` դատապարտման հիմքում դրված ապացույցների կապակցությամբ պաշտպանության կողմի հակընդդեմ հարցում իրականացնելու (կոնֆրոնտացիայի) իրավունքը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
ա) արդար դատաքննության իրավունքը ոտնահարվում է այն դեպքերում, երբ դատավարության որևէ փուլում անձին հնարավորություն չի տրվում հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված վկային: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան (տե՛ս, օրինակ, AL-Khawaja and Tahery v. the United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 26766/05, 22228/06, կետեր 118-119), ընդգծում է, որ հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված ապացույցը չի կարող դրվել անձի մեղադրական դատավճռի հիմքում: Միևնույն ժամանակ այս արգելքը բացարձակ բնույթ չի կրում, մասնավորապես` հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված վկայի ցուցմունքը մեղադրական դատավճռի հիմքում դնելն արդար դատաքննության իրավունքի խախտման չի հանգեցնի, եթե վկայի բացակայությունը եղել է արդարացված, և եթե այդ ապացույցը վճռական կշիռ չի ունեցել անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում (տե՛ս mutatis mutandis Արտակ Գաբրիելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-04/13 որոշումը):
Վերաքննիչ դատարանը, իր որոշման մեջ անդրադառնալով Մ.Ղուկասյանի նախաքննական ցուցմունքն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին, պատճառաբանել է, որ Առաջին ատյանի դատարանը, հրապարակելով Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը, չի խախտել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, քանի որ քրեական գործի նյութերում առկա ՀՀ «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 19.06.2013թ. գրության համաձայն` Մանյա Ղուկասյանը, առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատական նիստին, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի 23.07.2013թ. տեղեկանքի համաձայն` Մանյա Ղուկասյանը բացակայում է քաղաքից, ուստի նրան դատական նիստին ապահովելու հնարավորություն չի ունեցել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Ղուկասյանի վատառողջ լինելու վերաբերյալ բժշկական հաստատության գրությունը թվագրված է «19.06.2013թ.», մինչդեռ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռը կայացվել է 2014 թվականի մարտի 12-ին, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ 2014 թվականի օգոստոսի 4-ին: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դրանում առկա չէ առողջական վիճակի պատճառով շուրջ մեկ տարի (ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարաններում վարույթի ընթացքում) դատարան ներկայանալու անհնարինության մասին վկայող համապատասխան տվյալ: Ինչ վերաբերում է «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 19.06.2013թ. գրությանը, ապա դրանում բացակայում է Մ.Ղուկասյանի ապաքինման համար անհրաժեշտ հստակ ժամանակահատվածը, սակայն դա չի կարող արդարացված հիմք համարվել շուրջ մեկ տարի ժամանակահատվածի համար Մ.Ղուկասյանի առողջական վիճակի մասին եզրահանգումներ անելու և համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, ավելին՝ գործի նյութերում առկա է և Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչվել է «23.07.2013թ.» թվագրված (բժշկական հաստատության գրության թվագրումից շուրջ մեկ ամիս հետո) տեղեկանք Մ.Ղուկասյանի՝ քաղաքից բացակայելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է քաղաքից բացակայելու հիմքով Մ.Ղուկասյանի ներկայությունը դատական նիստին ապահովելու անհնարինության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքը վկայի՝ դատական նիստին չներկայանալու հարգելի պատճառ չի կարող գնահատվել այն պայմաններում, երբ դատարանների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել նրա գտնվելու վայրը պարզելու և ներկայությունն ապահովելու ուղղությամբ (որպես համեմատություն՝ տե՛ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետեր 83-84-րդ և 87-րդ, որով Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուի՝ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու իրավունքը, այն պայմաններում, երբ վկաները բացակայել են երկրից, իսկ պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել (այդ թվում՝ միջազգային օգնությանը դիմելու միջոցը) նրանց գտնվելու վայրը պարզելու և նրանց բացակայության արդարացվածությունը ճշտելու համար):
Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով, որ գործի նյութերում առկա չէ Մ.Ղուկասյանի կողմից դատարան չներկայանալու պատճառների վերաբերյալ այլ տեղեկություններ՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ վկա Մ.Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը որպես ապացույց օգտագործելու արդյունքում չի ապահովվել ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքը, հետևաբար այն չի կարող դրվել Հ.Սարգսյանի մեղադրական դատավճռի հիմքում:
բ) Վ.Ղուկասյանի ցուցմունքի անթույլատրելիության վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած փաստարկի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով դրան, պատճառաբանել է, որ այն թույլատրելի է և ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի նորմերի պահպանմամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մինչդեռ գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմը գործի քննության ողջ ընթացքում զրկված է եղել Վ.Ղուկասյանին հարցաքննելու իրավունքից: Հետևաբար նշված ապացույցը նույնպես չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքաբերի քննարկվող փաստարկները հիմնավորված է համարում և գտնում, որ ստորադաս դատարանները, Մ.Ղուկասյանի և Վ.Ղուկասյանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելով, թույլ են տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում: Ուստի, Վճռաբեկ դատարանը նշված ցուցմունքները հանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շարքից:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալը գործի ելքի վրա չի ազդել, քանի որ գործի նյութերում առկա են Մ.Ղուկասյանի և Վ.Ղուկասյանի ցուցմունքներում պարունակվող տվյալները հաստատող այլ ապացույցներ (մասնավորապես՝ վկաներ Գուրգեն Վարդիկյանի, Գևորգ Ղուկասյանի, Սամվել Սարգսյանի, Անահիտ Նիկոլյանի և քրոջ` Մելանյա Սարգսյանի ցուցմունքները):
19.1. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև պաշտպանի այն փաստարկներին, որ Հ.Սարգսյանի` վկայի կարգավիճակում տրված ցուցմունքները չէին կարող դրվել մեղադրանքի հիմքում և որպես ապացույց օգտագործվել, քանի որ հարցաքննության ժամանակ վերջինս փաստացի գտնվել է կասկածյալի կարգավիճակում: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ ստորադաս դատարանները այդ ցուցմունքը գնահատման առարկա են դարձրել արժանահավատության տեսանկյունից՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը և անտեսելով Վճռաբեկ դատարանի` Գագիկ Միքայելյանի գործով թիվ ԵԱԴԴ/0085/06/09 և Նորիկ Պողոսյանի գործով թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշումներում ձևավորած իրավական դիրքորոշումները:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Հ.Սարգսյանի` վկայի կարգավիճակում տրված ցուցմունքները թե՛ մեղադրական եզրակացության, թե՛ Առաջին ատյանի դատարանի դատավճռի և թե՛ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ գնահատվել են որպես մտացածին, ապա հերքվել գործով ձեռք բերված մյուս ապացույցներով: Հետևաբար քննարկվող ապացույցն անթույլատրելի չճանաչելու արդյունքում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալը չի ազդել գործի ելքի վրա:
20. Վճռաբեկ դատարանը, պատճառաբանվածության տեսանկյունից վերլուծելով Վերաքննիչ դատարանի որոշումը, գալիս է այն եզրահանգման, որ նշված դատական ակտը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 393-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև չի հակասում Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով թիվ ԵԿԴ/0058/11/09 և Էրիկ Մարգարյանի գործով թիվ ՍԴ3/0045/01/13 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին: Ուստի Վերաքննիչ դատարանի կողմից չպատճառաբանված դատական ակտ կայացնելու վերաբերյալ բողոքի հեղինակի փաստարկները հիմնավորված չեն:
Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները Կ.Եսայանի սպանության մեջ ամբաստանյալ Հ.Սարգսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սարգսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են վկաներ Ս.Սարգսյանի, Ա.Նիկոլյանի, Մ.Սարգսյանի, Գ.Վարդիկյանի, Գ.Ղուկասյանի, Ռ.Կարապետյանի, Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ա.Սահակյանի, Ա.Մուրադյանի, Վ.Ղազարյանի, Ա.Զաքյանի, Ա.Մուղդուսյանի, Ռ.Քոչարյանի, Գ.Վարդանյանի, Ա.Չարխիֆալակյանի, Ա.Գինոսյանի, Մ.Թորոսյանի, Է.Խաչատրյանի, Գ.Խաչատրյանի, Ռ.Եսայանի, Ռ.Ղարաքեշիշյանի, Ա.Գրիգորյանի, Կ.Գևորգյանի, Ա.Եղիկյանի, Վ.Ղարիբյանի, Գ.Պապոյանի, Ժ.Աղասյանի, Ս.Գալստյանի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Ա.Իսկանդարյանի և փորձագետ Ս.Գրիգորյանի ցուցմունքներով, Գյումրի քաղաքի Շիրակացի 125 հասցեում գտնվող «Ցածր գներ» խանութում, Խրիմյան Հայրիկ 46-2 հասցեում գտնվող «ԶԱԿ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, Ալեք Մանուկյան 21 հասցեում գտնվող «Ջեմմա Գալստյան» ԱՁ-ի բենզալցակայանում, Շիրակացի 109 հասցեում գտնվող «Գաբոյան Մարատ» ԱՁ-ում, 26 Կոմիսարների 76ա հասցեում գտնվող «Արա Իգիթյան» ԱՁ-ի դեղատանը տեղադրված տեսանկարահանող սարքերի ձայնագրություններով, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննության թիվ 12-1315 եզրակացությամբ, ՀՀ Աշոցքի զինվորական կոմիսարի կողմից 2012 թվականի ապրիլի 27-ին տրված թիվ 4/130 գրությամբ, քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությամբ, իրեղեն ապացույց ճանաչված` Կ.Եսայանին պատկանող ավտոմեքենայի ոտնատակերի 4 գորգերի և Հ.Սարգսյանի կոշիկների դատահողագիտական փորձաքննության թիվ 12-1308 եզրակացությամբ, իրեղեն ապացույց ճանաչված` Հ.Սարգսյանին պատկանող «Պոլո» գրառմամբ սվիտրի և «STESSO» պիտակով անդրավարտիքի դատաքիմիական փորձաքննությունների թիվ 152 Ք և 154 Ք եզրակացություններով, դատաձգաբանական փորձագետի թիվ 739 եզրակացությամբ, դատակենսաբանական փորձաքննության թիվ 219 եզրակացությամբ, դատագենետիկական փորձաքննության թիվ 49 եզրակացությամբ, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաբժշկական փորձագետի թիվ 93 եզրակացությամբ, Հ.Սարգսյանի և Կ.Եսայանի հեռախոսազանգերի վերծանումներով, տրանսպորտային միջոցի զննության արձանագրությամբ, չհաշվառված արտասահմանյան պետհամարանիշի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատնից ստացված 2012 թվականի հուլիսի 25-ի թիվ 615 գրությամբ և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Գյումրիի հաշվառման քննական բաժանմունքից ստացված 2012թ. հուլիսի 26-ի թիվ 17/27-1984 գրությամբ:
21. Անդրադառնալով ստորադաս դատարանների անկողմնակալության, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական և չպատճառաբանված լինելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8-րդ և 10-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ըստ էության, վերաբերում են դատարանների կողմից քրեական դատավարության շրջանակներում կայացված մի շարք որոշումներին, ինչպես նաև նշանակված պատժին: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատարանի կողմից կայացված որոշումների, ինչպես նաև նշանակված պատժի հետ բողոք բերած անձի անհամաձայնությունը սույն որոշման 17-20-րդ կետերում շարադրված դիրքորոշումների պայմաններում չի կարող բավարար հիմք հանդիսանալ դատարանի անկողմնակալության հարցում ողջամիտ կասկած առաջանալու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքաբերի քննարկվող փաստարկները նույնպես հիմնավորված չի համարում:
22. Հիմք ընդունելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը և եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի պահանջները և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու և պատիժ նշանակելու մասով պետք է բեկանել և փոփոխել. ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Սույն որոշման 17-21-րդ կետերում շարադրված վերլուծության և եզրահանգումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Սարգսյանի մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն ազդել գործի ելքի վրա (տե՛ս սույն որոշման 19-19.1-րդ կետերը), ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և փոփոխել:
2. Հարություն Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
3. Հարություն Սարգսյանին թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 14 (տասնչորս) տարի ժամկետով ազատազրկումը:
4. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|