Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.27/11(1100) Հոդ.127
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2015 թվականի N 119-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 12-ի N 119-Ն որոշման

 

2015 Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 I. ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման տեսանկյունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է արդյունաբերության ճյուղը, որի զարգացման համար մեծ նշանակություն է տրվում արտահանմանն ուղղված պետական աջակցությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում արդյունաբերության ճյուղի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ` համապատասխան գործիքների կիրառմամբ:

2. 2013 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մեկնարկել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր): Ծրագիրն իրենից ներկայացնում է տարեկան կտրվածքով նախատեսվող գործողությունների ամբողջություն, որն ուղղված է արդյունաբերական արտադրանքի արտահանելի հատվածի ընդլայնմանը և արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

3. 2014 թվականի ընթացքում ծրագրի իրականացման շրջանակներում մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով, ինչը դրական է ազդել այդ ընկերությունների` արտահանման և արտադրության ծավալների աճի վրա, ինչպես նաև կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

1) հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում ենթածրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք համաժողովներ և աշխատաժողովներ, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել «Արենի» գինու փառատոնի և «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսի կազմակերպման հարցում.

2) արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում ենթածրագրի շրջանակներում` 2014 թվականի ընթացքում տրամադրվել է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն մշակող արդյունաբերության ոլորտի 20 ընկերության.

3) շուկայական տեղեկատվության ապահովում, նպատակային շուկաներում հայկական ապրանքների առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում ենթածրագրի շրջանակներում` 2014 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները` Փարիզում կայացած «CPhI Worldwide 2014 ամենամյա դեղագործական ԷՔՍՊՈ» ցուցահանդեսի շրջանակներում իրականացվել է ոլորտային շնորհանդես, աջակցություն է ցուցաբերվել 2014 թվականի սեպտեմբերի 1-6-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ուրումչի քաղաքում կայացած «Չինաստան-Եվրասիա» չորրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հայկական թվով 7 ընկերությունների արտադրանքի ներկայացման համար.

4) միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում ենթածրագրի շրջանակներում` 2014 թվականի ընթացքում բավարարվել է թվով 6 ընկերության 11 հայտ.

5) միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում ենթածրագրի շրջանակներում` 2014 թվականին կայացած ցուցահանդեսներին մասնակցության աջակցություն է տրամադրվել 60 սուբյեկտի.

6) Արտասահմանյան դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների ներկայացուցիչների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում ենթածրագրի շրջանակներում` 2014 թվականի ընթացքում կազմակերպվել է արտահանմանն օժանդակող կառույցների (դիստրիբյուտորների) ավելի քան 20 ներկայացուցչի այցելություն Հայաստան.

7) ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում ենթածրագրի շրջանակներում կազմակերպվել են ավելի քան 70 մասնագետի վերապատրաստման դասընթացներ.

8) արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում ենթածրագրի շրջանակներում սկսվել և իրականացման փուլում են հետազոտության աշխատանքները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. Ծրագրի մշակման համար հիմք են`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.

2) «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը ու գերակա խնդիրները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 777-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն), որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես` զբաղվածության ապահովման բնագավառում.

5) արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման և համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի N 178-Ա որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած ոլորտային ռազմավարությունները և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրված հուշագրերը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Ծրագրի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումներ ապահովելը.

2) պետական աջակցության գործիքների միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացումը խթանելը.

3) արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես, արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելը.

4) տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում նպաստելը.

5) Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանը և ներդրումային ակտիվության բարձրացմանը նպաստելը:

8. Ծրագրի նպատակների ապահովման ուղղությամբ նախատեսվում է`

1) պետական աջակցության առկա գործիքների կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.

2) արտաքին շուկաներում հայկական ապրանքների առաջմղման գործիքների կիրառում.

3) հասցեական աջակցության տրամադրում` մշակող արդյունաբերության ոլորտի ռազմավարությամբ նախանշված ոլորտների արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին.

4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, կադրերի պատրաստում և վերապատրաստում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

1) սույն ծրագրի 10-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով` ծրագրով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերով նախատեսված աջակցող այլ կառույցների հետ համագործակցությամբ.

2) ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով.

3) ծրագրի շրջանակներում տրամադրվող պետական աջակցությունը տարածվում է մշակող արդյունաբերության բոլոր ճյուղերի արտահանող կազմակերպությունների վրա.

4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում համատեղ ծրագրերը կիրականացվեն համաֆինանսավորման սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) Հայաստանի զարգացման հիմնադրամը ծրագրի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով կարող է սույն ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերով նախատեսված աջակցող այլ կառույցների հետ առանձնահատուկ դեպքերում նաև դրամաշնորհային պայմանագիր կնքել` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

10. Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման ուղղությամբ նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

1) Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում և (կամ) Հայաստանում ներդրումային և գործարար համաժողովների (ֆորումների), ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և (կամ) կազմակերպում: Այդ միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա և տեղական ընկերությունների, պոտենցիալ ներդրողների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության, նրա առանձին ոլորտների, ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները ներկայացնելուն: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է մասնակցել և (կամ) կազմակերպել առնվազն 4 շնորհանդես և (կամ) համաժողով, և (կամ) այլ համանման միջոցառումներ` անհրաժեշտության դեպքում, ծրագրի շրջանակներում, ներգրավելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին: Ակնկալվում է արդյունաբերական ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն արտերկրում մասնակցության համար՝ կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում) մինչև 50 տոկոսի չափով.

2) արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում`

ա. Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում. ենթածրագիրը նախատեսում է արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի, ինչպես նաև պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն իրականացնող կազմակերպություններին` «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի երեք տոկոսային կետին համարժեք գումարը: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն տրամադրել առնվազն 10 սուբյեկտի,

բ. Արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մշակող արդյունաբերության ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատների կամ այլ համարժեք փաստաթղթ(եր)ի, արտերկրում դեղերի գրանցման, և այլ համարժեք փաստաթղթերի ստացման ու դրանց վերագրանցման, Հայաստանի Հանրապետությունում կենսահամարժեքության փորձաքննության, Հայաստանի Հանրապետությունում որակի կառավարման համակարգերի ներդրման (ISO, HACCP, եթե վերջիններս ուղղակիորեն կապված են արտահանման հետ) համար կատարված ծախսերի պետական աջակցության ցուցաբերում, մասնավորապես, ծախսերի համաֆինանսավորում մինչև 50 տոկոսի չափով: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցություն տրամադրել առնվազն 12 հայտի համար.

3) շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների` նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում`

ա. Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում. միջոցառման շրջանակում նախատեսվում է գովազդային արշավների կազմակերպման, այդ թվում` հայկական արտադրանքի վերաբերյալ բուկլետների և կատալոգների հրատարակում, էլեկտրոնային ռեսուրսների պատվիրում, արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի ձեռքբերում և տրամադրում ընկերություններին, հայկական բրենդերի ձևավորման, արտերկրում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի համտեսների, շնորհանդեսների, մրցույթների, նորաձևությունների ներկայացում, «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի Հանրապետության մասնակցության աշխատանքների կազմակերպման և (կամ) իրականացման, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների մասնակցության և (կամ) կազմակերպմանն աջակցություն: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է առնվազն 5 նպատակային շուկաներում և Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրանքի առաջմղման իրականացում ու ներկայացում` յուրաքանչյուր նպատակային երկրում մինչև 6 ներկայացուցչի մասնակցության ապահովմամբ,

բ. Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 7 թիրախային շուկաներում և Հայաստանում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսներին մասնակցության աջակցության տրամադրում: Արտերկրում կամ Հայաստանում ցուցահանդեսներին մասնակցությունը և (կամ) կազմակերպումը կարող է լինել հետևյալ ձևաչափերով`

Միասնական «Հայկական» տաղավարով մասնակցություն. այս դեպքում մասնակցության կազմակերպումն իրականացվում է միասնական տաղավարի սկզբունքով, որի վարձակալության, ձևավորման, կառուցապատման, կահույքի և սարքավորումների վարձակալության, մասնակիցների գրանցման և դրա հետ կապված տպագրական նյութերի ծախսերը իրականացվում են ծրագրի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից:

Առանց միասնական տաղավարի մասնակցություն. այս դեպքում տաղավարների ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների իրականացման և մասնակիցների ծախսերի շուրջ 50 տոկոսն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով:

Անհատական մասնակցություն. այս դեպքում ընկերությունները, կանխավ համաձայնեցնելով Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, մասնակցում են ցուցահանդեսներին, ներկայացնելով և հիմնավորելով ծախսերը, ստանում են համաֆինանսավորում շուրջ 50 տոկոսի չափով:

Ցուցահանդեսների մասնակցության և համաֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել ընկերություններին առնվազն 9 ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով,

գ. Արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների գործարար այցելության կազմակերպման աջակցություն, տեղական արտադրողների արտերկիր այցելությունների աջակցություն, ինչը հնարավորություն կտա հայկական ընկերություններին ստեղծելու գործարար կապեր: Սույն միջոցառումը կնպաստի աշխատանքային կապերի ստեղծմանը և հնարավոր արտահանման գործընկերների ձեռքբերմանը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել (կազմակերպել) արտահանմանն օժանդակող կառույցների, դիստրիբյուտորների առնվազն 60 ներկայացուցչի այցելությանը Հայաստան և(կամ) տեղական արտադրողների այցելությանը` արտերկիր: Ակնկալվում է արդյունաբերական ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն՝ կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում) մինչև 50 տոկոսի չափով.

4) Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, արդիական տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով Հայաստանում և (կամ) արտերկրում ուսուցման և վերապատրաստման կազմակերպում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետներ պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի պահանջարկի ուսումնասիրությունների հիման վրա: Սույն միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, ֆինանսական հոսքերի կառավարման, ապահովագրության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի արհեստագործական և այլ մասնագիտական դասընթացների իրականացում: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է ապահովել առնվազն 5 դասընթացի կազմակերպում.

5) Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերները` ուսումնասիրություններ իրականացնել արտահանմանը խոչընդոտող գործոնների բացահայտման, արտահանումը խթանող նոր գործիքների ձևավորման նպատակով, որի արդյունքում կմշակվեն խոչընդոտների վերանայման առաջարկներ և կներդրվեն պետական աջակցության նոր գործիքներ: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է իրականացնել մեկ հետազոտություն:

6) (ենթակետն ուժը կորցրել է 30.07.15 N 846-Ն)

(10-րդ կետը փոփ. 30.07.15 N 846-Ն)

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

11. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 475,000.0 հազ. դրամի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ)։

(11-րդ կետը փոփ. 30.07.15 N 846-Ն)

(հավելվածը փոփ. 30.07.15 N 846-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 12-ի N 119-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի   Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման ուղղությամբ նախատեսված միջոցառումներ

1.

Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում

Ակնկալվում է մասնակցել և (կամ) կազմակերպել առնվազն 4 շնորհանդես և (կամ), համաժողով և (կամ) այլ համանման միջոցառումներ` անհրաժեշտության դեպքում, ծրագրի շրջանակներում, ներգրավելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին: Ակնկալվում է արդյունաբերական ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն արտերկրում մասնակցության համար՝ կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում) մինչև 50 տոկոսի չափով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

2.

Արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 
 

1) Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն տրամադրել առնվազն 10 սուբյեկտի:

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

 

2) Արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում

Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցություն տրամադրել առնվազն 12 հայտի համար:

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

3.

Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 
 

 1) Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների մասնակցություն (կազմակերպում) և իրականացում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է առնվազն 5 նպատակային շուկաներում և Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրանքի առաջմղման իրականացում ու ներկայացում` յուրաքանչյուր նպատակային երկրում մինչև 6 ներկայացուցչի մասնակցության ապահովմամբ:

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

 

2) Ցուցահանդեսներին մասնակցության ապահովում

Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել ընկերություններին` առնվազն 9 ցուցահանդեսի մասնակցելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

 

3) Արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և (կամ) տեղական արտադրողների այցելություն արտերկիր, գործարար կապերի հաստատում

Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել (կազմակերպել) արտահանմանն օժանդակող կառույցների, դիստրիբյուտորների առնվազն 60 ներկայացուցչի այցելություն Հայաստան և (կամ) տեղական արտադրողների այցելություն` արտերկիր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

4.

 Ուսուցման դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է ապահովել առնվազն 5 դասընթացի կազմակերպում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

5.

Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է իրականացնել մեկ հետազոտություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի զարգացման հիմնադրամ»
 (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

6.

(կետն ուժը կորցրել է 30.07.15 N 846-Ն)

(հավելվածը փոփ. 30.07.15 N 846-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.07.2015, N 846-Ն 13.08.2015, N 119-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան