Գլխավոր տեղեկություն
Համար
N 1105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153).1 Հոդ.877.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1105-Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից անվճար կամ ցածր գներով մանկական սննդի և հարակից ապրանքների հատկացման ընթացակարգի, դեպքերի ու պայմանների, ինչպես նաև տևողության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով պետության կողմից անվճար կամ ցածր գներով տրամադրվող մանկական սնունդը ներառում է մանկական կաթնախառնուրդը, վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդը (այսուհետ` մանկական սնունդ):

3. Սույն կարգում կիրառված հասկացություններն են՝

1) մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական հասակը.

2) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի մանուկների և վաղ տարիքի երեխաների կերակրման համար.

3) չհարմարեցված (ոչ ադապտացված) կաթնախառնուրդ` կովի, այլ կենդանիների թարմ կամ փոշի կաթի հիմքով պատրաստված ոչ գործարանային արտադրության և հատուկ մշակում չանցած կաթնային խառնուրդ, որոնց շարքն են դասվում «Նարինեն», կեֆիրը, մածունը, ամբողջական կամ նոսրացված կովի կամ այլ կենդանիների կաթը.

4) երեխայի օրինական ներկայացուցիչ` երեխայի օրինական ներկայացուցիչներ են համարվում ծնողները (հայրը, մայրը), որդեգրողը, խնամակալը, խնամատար ծնողները, հոգաբարձուն: Ընտանիքի մյուս անդամները երեխայի օրինական ներկայացուցիչներ չեն համարվում:

4. Մանկական սնունդն անվճար տրամադրվում է`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին.

2) բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաներին.

3) մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում:

5. Մանկական սնունդը, բացի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերից, անվճար տրամադրվում է նաև`

1) բազմապտուղ (երկու և ավելի) հղիությունից ծնված՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող երեխաներին.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող չհարմարեցված (ոչ ադապտացված) կաթնախառնուրդ ստացող և սնուցման ծանր խանգարում ունեցող երեխաներին.

3) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված երեխաներին:

6. Մանկական սնունդը ցածր գներով (արժեքի 50 տոկոս զեղչ) տրամադրվում է`

1) բազմապտուղ (երկու և ավելի) հղիությունից ծնված ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ 10.01-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավոր ունեցող երեխաներին.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ 10.01-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավոր ունեցող ոչ ադապտացված կաթնախառնուրդ ստացող և սնուցման ծանր խանգարում ունեցող երեխաներին:

7. Հարակից ապրանքներն անվճար տրամադրվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին:

8. Հատուկ սնուցողական պահանջներով պայմանավորված բժշկական ցուցումների, ինչպես նաև մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

9. Անվճար մանկական սնունդ տրամադրվում է հետևյալ տևողությամբ.

1) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` մինչև երեխայի ինը ամսական հասակը.

2) սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` հիվանդության ախտորոշման պահից մինչև երեխայի 18 տարին լրանալը.

3) սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում` երեխայի մոր մոտ կրծքով կերակրման հակացուցում հանդիսացող հիվանդության ախտորոշման պահից մինչև երեխայի ինը ամսական հասակը` հիմք ընդունելով կերակրող մոր առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթից քաղվածքը կամ բժշկական եզրակացությունը:

10. Հարակից ապրանքները տրամադրվում են մինչև երեխայի ինը ամսական դառնալը:

11. Մանկական սնունդը և հարակից ապրանքները ձեռք են բերվում բժշկական կազմակերպությունների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակում, յուրաքանչյուր բյուջետային տարվա համար նախատեսված ծավալներին համապատասխան՝ բացառությամբ բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաների համար գնվող մանկական սննդի, որի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, կենտրոնացված կարգով և բաշխվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

12. Սույն կարգով նախատեսված դեպքերում առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից մանկական սնունդը և հարակից ապրանքները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Բնակչության առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում, բնակչության անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

II. ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Անվճար կամ ցածր գներով մանկական սնունդ կամ հարակից ապրանքներ տրամադրելու հիմք է մանկական սննդի կամ հարակից ապրանքների՝ բժշկի կողմից նշանակումը` համաձայն N 1 ձևի (այսուհետ` ձևաթուղթ):

14. Նշանակումը կատարում է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով երեխային սպասարկող համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)՝ երեխայի բժշկական հսկողություն իրականացնող բժիշկը.

2) ծնվելուց հետո առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դեպքում նորածին երեխայի՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում գտնվելու ժամանակահատվածում` նրան վարող բժիշկը` մինչև երեխայի դուրսգրումը.

3) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված, բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաների դեպքում` համապատասխան մասնագիտացված կենտրոնում երեխայի դիսպանսեր (շարունակական) հսկողություն իրականացնող բժիշկը:

15. Մանկական սննդի կամ հարակից ապրանքի տրամադրումը երեխայի օրինական ներկայացուցչին իրականացվում է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեղատնից կամ դեղատնային կրպակից, որի հետ սույն կարգի 14-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքել են համապատասխան պայմանագիր:

16. Ձևաթուղթը ստանալու նպատակով երեխայի օրինական ներկայացուցիչը բժշկական կազմակերպություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` բժշկական կազմակերպության տնօրենի անվամբ.

2) երեխայի օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) երեխայի ծննդյան վկայականի կամ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (պատճենները).

4) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով նախատեսված դեպքերում ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը.

5) սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքում՝ համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված երեխայի հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը.

6) սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 5-րդ կետի 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ մոր հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը.

7) սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում, 6-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում նշված դեպքերում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու և համապատասխան միավորներ ունենալու վերաբերյալ սոցիալական աջակցության համապատասխան տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված տեղեկանքը և երեխայի սնուցման կարգավիճակի վերաբերյալ համապատասխան բժշկական եզրակացությունը:

17. Առանց ծնողական խնամքի մնացած նորածին երեխայի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում գտնվելու ժամանակահատվածում մանկական սննդի նշանակման հիմք է`

1) երեխայից հրաժարվելու վերաբերյալ ծնողի (ծնողների) դիմումը (պատճենը).

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և բժշկական կազմակերպության կողմից համատեղ կազմված ընկեցիկության ակտը.

3) բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը մոր փաստացի բացակայության վերաբերյալ.

4) մոր մահվան բժշկական վկայականը (պատճենը):

18. Ձևաթղթի բնօրինակը տրվում է երեխայի օրինական ներկայացուցչին` մանկական սնունդը կամ հարակից ապրանքները սույն կարգին համաձայն ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է բժշկական կազմակերպությունում երեք տարի ժամկետով:

19. Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող այն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեղատան կամ դեղատնային կրպակի կողմից մանկական սննդի կամ հարակից ապրանքների անվճար կամ ցածր գներով հատկացումը երեխաներին իրականացվում է սույն կարգով հաստատված` մանկական սննդի կամ հարակից ապրանքի նշանակման ձևաթուղթը ներկայացնելու դեպքում: Ձևաթղթի վրա նշվում է մանկական սննդի կամ հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գնով տրամադրելու վերաբերյալ համապատասխան տեղեկություն, եթե տրամադրվում է ցածր գնով` նաև վճարման ենթակա գումարը, իսկ ձևաթղթի դարձերեսի մասում ստացողը կատարում է նշում ստացած մանկական սննդի կամ հարակից ապրանքի (ապրանքների) թվի և վճարված գումարի մասին:

20. Մանկական սննդի կամ հարակից ապրանքների տրամադրման ձևաթղթերը պահվում են դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ երեք տարի ժամկետով:

21. Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեղատան կամ դեղատնային կրպակի կողմից ամփոփվում է նախորդ ամսվա անվճար կամ ցածր գներով տրված մանկական սննդի կամ հարակից ապրանքների փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են համապատասխան բժշկական կազմակերպություն, որի հիման վրա համատեղ կազմվում է անվճար կամ ցածր գնով տրամադրվող մանկական սննդի կամ հարակից ապրանքների նշանակման ձևաթղթերի ամփոփ ռեեստր` համաձայն N 2 ձևի:

22. Ռեեստրը կազմվում է երկու օրինակից, օրինակներից մեկը պահվում է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ, իսկ երկրորդ օրինակը` բժշկական կազմակերպությունում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Ձ ԵՎ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԿԱՄ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

_______ ______________ 20 ___ թ.

(նշանակման օրը, ամիսը, տարեթիվը)

□ ԱՆՎՃԱՐ

□ ՑԱԾՐ ԳԻՆ (հիսուն տոկոս զեղչ)

Երեխայի անունը, հայրանունը, ազգանունը__________________________________________________

Օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը_____________________________________

Ծննդյան օրը_____ ամիսը_____տարեթիվը_______, բնակության վայրը___________________________

Հեռախոսահամարը ___________________________________________________________________

Մանկական սննդի կամ հարակից ապրանքի նշանակման հիմքը__________________________________

Մանկական սննդի կամ հարակից ապրանքի անվանումը և քանակը` մեկ ամսվա համար___________

___________________________________________________________________________________

Հարակից ապրանքի անվանումը, քանակը___________________________________________________

 

Բժիշկ _________________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) 
   

Բժշկական հաստատության

տնօրեն _________________________________

(ստորագրությունը)

 

 ___________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Ձև N 2

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՑԱԾՐ ԳՆՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԿԱՄ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԱՄՓՈՓ ՌԵԵՍՏՐ

 

N __________

 

20_____ թ. ______________-ի համար

_________________________________________
Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը

___________________________________
Բժշկական հաստատության անվանումը

1. Ձևաթղթերի թիվը (հատ) _______________________________________________________

2. Վճարման ենթակա գումարը`

_____________________________________

(թվերով)

_____________________________________

(բառերով)

Դեղատան կամ դեղատնային կրպակի
տնօրեն____________________________ (ստորագրությունը) __________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Հաշվապահ____________________________________
          
(ստորագրությունը)

_________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Կ.Տ

Բժշկական հաստատության տնօրեն___________________________ (ստորագրությունը)

___________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Հաշվապահ________________________________
              (ստորագրությունը)

____________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան