Գլխավոր տեղեկություն
Համար
N 851-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2015-04.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.720
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 851-Ն

 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և 11-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 851-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գործընկեր հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների ընտրության գործընթացն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

3. Կազմակերպությունների ընտրության գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծված՝ առնվազն երեք անձից բաղկացած հայտերի գնահատման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որն ստեղծվում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտարարության հրապարակումը:

4. Կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում):

5. Ստորաբաժանումը կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելուց տասն աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

7. Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն:

8. Ընտրությանը մասնակցելու համար կազմակերպությունը նախարարության աշխատակազմ ներկայացնում է հայտ:

9. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպության ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ նախարարությանը հասցեագրած կազմակերպության գրությունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ՝

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ).

4) կազմակերպության գործունեության բնույթը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը:

10. Հայտին կից ներկայացվում են՝

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը (գրանցման համարը).

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) կազմակերպության կողմից իրականացվող մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն (իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ):

11. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

12. Հայտարարությունը տեղադրելուց հետո՝ մինչև սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը` սոսնձված, ստորագրված և (կամ) կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով, ներկայացնում են ստորաբաժանում առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

13. Կազմակերպությունների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում ներկայացված հայտերը: Հանձնաժողովը գնահատում է յուրաքանչյուր կազմակերպության գործունեության համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում՝ հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Ընտրության չափանիշներն են՝

1) կազմակերպության վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում իրականացված գործունեության փորձը.

2) համապատասխան մասնագետների (սոցիոլոգ, հոգեբան, բուժաշխատող, իրավաբան և այլն) առկայությունը.

3) կազմակերպության նյութական բազայի առկայությունը, եթե կազմակերպությունն իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթներ:

18. Ընտրված կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհամագործակցությունն ամրագրվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

19. Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր կազմակերպություն և ստանում է իրավասու մարմնի կարգավիճակ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 851-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում (այսուհետ՝ նույնացման հանձնաժողով) հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) ներկայացուցիչների ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

3. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծված՝ առնվազն երեք անձից բաղկացած հայտերի գնահատման և ընտրության կատարման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որն ստեղծվում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտարարության հրապարակումը:

4. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ ստորաբաժանում):

5. Ստորաբաժանումը կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն սկսելուց տասն աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) հայտերին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

7. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունները:

8. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը նախարարության աշխատակազմ ներկայացնում է հայտ:

9. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպությունների ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ նախարարությանը հասցեագրած կազմակերպության գրությունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ՝

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ).

4) հանձնաժողովում կազմակերպությունը ներկայացնող լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, կապի միջոցները):

10. Հայտին կից ներկայացվում են՝

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) կազմակերպության ներկայացուցչի՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվությունը, այդ թվում` ոլորտում աշխատելու ժամանակահատվածը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման գործում փորձառությունը:

11. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

12. Հայտարարությունը տեղադրելուց հետո՝ մինչև սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը՝ սոսնձված, ստորագրված և (կամ) կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով, ներկայացնում են ստորաբաժանում` առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

13. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում թեկնածությունները: Հանձնաժողովը գնահատում է կազմակերպության գործունեության և նրա ներկայացուցչի փորձառության համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում՝ հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կազմակերպությունների այն ներկայացուցիչները, որոնք ունեն՝

1) կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր.

2) փորձառություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման գործում.

3) վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում գործունեության փորձ:

18. Ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվում են նույնացման հանձնաժողովի կազմում և օգտվում են նույնացման հանձնաժողովի մյուս անդամների հետ հավասար իրավունքներից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ