Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2015-17.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.15/8(391) Հոդ.394
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 304-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագրի գործող օրինակելի ձևում կատարել սույն որոշմամբ հաստատված կարգից բխող փոփոխություններ:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներն ապահովելու համար համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևը:

(2.1-ին կետը լրաց. 28.11.13 N 1326-Ն)

2.2. Սահմանել, որ 2.1-ին կետի պահանջները կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու համար դիմած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նկատմամբ:

(2.2-րդ կետը լրաց. 28.11.13 N 1326-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները:

(3-րդ կետը փոփ. 29.03.12 N 368-Ն)

4. Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման դեպքերի)` օգտագործողի հետ կնքելով նաև սպասարկման պայմանագիր:

(4-րդ կետը լրաց. 10.05.12 N 588-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 304-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Սույն կարգի իմաստով անշարժ գույք է համարվում պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունները, տարածքները, հանրակացարանային և այլ բնակելի տարածքները:

(1-ին կետը լրաց. 13.08.15 N 924-Ն)

1.1. (կետն ուժը կորցրել է 13.08.15 N 924-Ն)

1.2. (կետն ուժը կորցրել է 13.08.15 N 924-Ն)

1.3. (կետն ուժը կորցրել է 13.08.15 N 924-Ն)

2. Անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որը ներառում է՝

1) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի մակերեսը՝ քառակուսի մետրով արտահայտված.

2) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի գնահատված արժեքը՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.

3) անհատույց օգտագործողի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), անձնագրի տվյալները և (կամ) կազմակերպության վերաբերյալ այլ տվյալները.

4) անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված այլ պայմաններ:

(2-րդ կետը խմբ. 28.11.13 N 1326-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացվում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի հատակագիծը և լուսանկարները:

(2.1-ին կետը լրաց. 28.11.13 N 1326-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`

1) համայնքներին.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին.

4) միջազգային կազմակերպություններին.

5) ֆիզիկական անձանց.

6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:

4. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետական կառավարչական հիմնարկներին` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ և 6.4-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող համայնքներին, կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է համապատասխան ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված՝ սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված ծրագրի օրինակելի ձևին համապատասխանող ծրագրի առկայության դեպքում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետով:

(5-րդ կետը խմբ. 27.11.14 N 1332-Ն)

6. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է 5 տարի ժամկետով, եթե դրանց գործունեության հիմնական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից այդ կազմակերպությունների գործունեության համար սահմանված չափորոշիչներին, բացառությամբ տպագիր մամուլի կազմակերպությունների, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այլ պայմաններ:

(6-րդ կետը լրաց. 28.11.13 N 1326-Ն, փոփ. 27.11.14 N 1332-Ն)

6.1. Համայնքներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե՝

1) առկա է համայնքի ավագանու հավանությանն արժանացած և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին համապատասխանող ծրագիրը.

2) համայնքի կողմից առաջարկվող ծրագիրը նպատակաուղղված է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանը:

(6.1-ին կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

6.2. Հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքին և նպատակաուղղված է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը՝ տնտեսական կամ սոցիալական որևէ ոլորտում:

(6.2-րդ կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

6.3. Միջազգային կազմակերպություններին (եթե միջազգային պայմանագրերով այլ պայմաններ նախատեսված չեն) անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնական գործունեություն իրականացնելու համար միջազգային կազմակերպության կողմից հիմնադրված ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը գրանցված (հավատարմագրված) է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

(6.3-րդ կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

6.4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված այլ կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե՝

1) կազմակերպության կողմից ներկայացվել է անշարժ գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումների (ներառյալ՝ անշարժ գույքի վերանորոգման, շարժական գույքով և սարքավորումներով հագեցման, օգտագործման նպատակների վերաբերյալ) նկարագրությունը, ծավալը (Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված) ու ակնկալվող արդյունքները.

2) կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագիրը համապատասխանում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրին:

(6.4-րդ կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

7. Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում միայն ֆիզիկական անձանց, եթե նրանք և նրանց հետ համատեղ բնակվող անձինք համարվում են սոցիալապես անապահով և չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող` բնակության համար պիտանի տարածք:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հանրակացարանային բնակելի ազատ տարածքների մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում առաջարկություն համապատասխան տարածքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 01.08.13 N 894-Ն)

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

10. Անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` որոշմամբ սահմանված ժամկետով և պայմաններով համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ կնքում է անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

1) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման.

 2) օգտագործողը կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնի տվյալ անշարժ գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմին.

 3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.

4) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջոցների հաշվին.

5) պայմանագրի անբաժանելի մաս են համարվում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար համայնքի, կազմակերպության կամ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները:

(10-րդ կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում անշարժ գույքի օգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց և վարչության միջև կնքվող պայմանագրի դրույթների համաձայն:

11.1. Անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրականացնում է անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրի պահանջների կատարման ընթացիկ (կիսամյակային) և վերջնական մոնիթորինգ: Ընդ որում, մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կարող է համայնքից, կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից պահանջել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրին առնչվող փաստաթղթեր և նյութեր:

(11.1-ին կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

11.2. Սույն կարգի 11.1-ին կետին համապատասխան իրականացված մոնիթորինգի արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(11.2-րդ կետը լրաց. 27.11.14 N 1332-Ն)

12. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին կազմակերպության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը: Անհամապատասխանության դեպքում` կազմակերպության անհատույց օգտագործման մասին պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 28.11.13 N 1326-Ն)

(հավելվածը փոփ. 01.08.13 N 894-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.11.13 N 1326-Ն, 27.11.14 N 1332-Ն, լրաց., փոփ. 13.08.15 N 924-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան