Գլխավոր տեղեկություն
Համար
N 593-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.01/41(315) Հոդ.373
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
05.11.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 նոյեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 593-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԳԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ԱՌԿԱ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ե) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2008 թվականի նոյեմբերի 5-ի

N 593-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԳԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ԱՌԿԱ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման պայմանները և ընթացակարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

օպերատոր` ցանկացած անձ, որը հանձնաժողովի կողմից լիազորված է տիրապետելու և շահագործելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

գերիշխող օպերատոր` օպերատոր, որը հանձնաժողովի կողմից ճանաչվել է հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող.

բաժանորդային գիծ` պղնձալարային զույգ, որը միացնում է բաժանորդի տարածքում գտնվող վերջնակետային սարքավորումը հանրային ամրակցված հեռախոսացանցի հիմնական բաշխիչ վահանակին (կրոսս).

մայրուղային կապուղի (backbone)` ֆիզիկական կապուղի, որը կազմում է հանրային ամրակցված հեռախոսացանցի հաղորդման (տրանսմիսիոն) առանցքային ենթակառուցվածքը և ապահովում է բարձր թողունակությամբ հոսք հանրային ամրակցված հեռախոսացանցի տարբեր հատվածների միջև։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԳԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ԱՌԿԱ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

2. Գերիշխող օպերատորները պարտավոր են տարվա ընթացքում երկու անգամ` յուրաքանչյուր կիսամյակի առաջին տասն աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողով ներկայացնել իրենց ունեցած հանրային ամրակցված հեռախոսացանցերի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության վերաբերյալ տեղեկություններ` ըստ սույն կարգի 3-րդ կետով սահմանված ձևաչափի։

(2-րդ կետը փոփ. 22.07.15 N 247-Ն)

3. Հանրային ամրակցված հեռախոսացանցերի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության վերաբերյալ տեղեկությունները պետք է պարունակեն`

1) յուրաքանչյուր հեռախոսակայանի գործողության գոտում առկա չօգտագործված բաժանորդային գծերի քանակը,

2) յուրաքանչյուր հեռախոսակայանի գործողության գոտում թվային ազդակների հաղորդման համար չօգտագործվող և միացման-անջատման սարքավորումներ չընդգրկող բաժանորդային գծերի քանակը,

3) ստորգետնյա ինժեներական կառույցները (դիտահորեր, խողովակներ) տեղային քարտեզի վրա կամ գծապատկերի տեսքով` ներառելով տեղեկատվությունը ներկայացնելու պահին երկու մոտակա դիտահորերի հասցեների միջև խողովակների ազատ թողունակությունը` տոկոսային արտահայտությամբ,

4) յուրաքանչյուր երկու հեռախոսակայաններ միացնող պղնձալարային և օպտիկամանրաթելային մալուխների չօգտագործված համապատասխանաբար պղնձալարերի և թելիկների քանակը, ինչպես նաև յուրաքանչյուր երկու հեռախոսակայանների միջև առկա ազատ թողունակությունը` արտահայտված կիլոբիթ/վայրկյաններով,

5) մայրուղային պղնձալարային և օպտիկամանրաթելային կապուղիների չօգտագործված համապատասխանաբար պղնձալարերի և թելիկների քանակը, ինչպես նաև հիմնական ուղղություններով մայրուղային կապուղիների ազատ թողունակությունը` արտահայտված կիլոբիթ/վայրկյաններով,

6) հեռահաղորդակցության գծերի հենասյուների չօգտագործված մասը` արտահայտված հնարավոր տեղակայվելիք մալուխների (լարերի) քանակով,

7) ռադիոհաղորդիչ սարքավորումների աշտարակների չօգտագործված մասը` արտահայտված հնարավոր տեղակայվելիք ռադիոհաղորդիչ սարքավորումների քանակով:

(3-րդ կետը խմբ. 12.10.11 N 476-Ն)

4. Գերիշխող օպերատորները պարտավոր են անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել երկու վայրերի միջև ընկած ստորգետնյա ինժեներական կառույցների (դիտահորեր, խողովակներ) ուղեգծի վերաբերյալ տեղեկատվություն:

(4-րդ կետը լրաց. 12.10.11 N 476-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 12.10.11 N 476-Ն, փոփ. 22.07.15 N 247-Ն)