Գլխավոր տեղեկություն
Համար
N 805-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.681
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 81-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 13-րդ կետի՝

ա. երրորդ պարբերությունից հանել «և նախավճարի» բառերը,

բ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթին մասնակցության վճարի չափը, մուծման ժամկետները և կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը: Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է՝ ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից: Մրցույթում չհաղթելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթին մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթը չկայացած է հայտարարվել պայմանագրի ստորագրումից հաղթողի հրաժարվելու պատճառով:»,

գ. հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Մրցույթին մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողով է ներկայացնում փակ ծրարով գրավոր հայտ, որը պետք է բովանդակի հետևյալ տվյալները՝

եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝

ա) կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը՝ մասնակցության մասնաբաժնի նշումով, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև պետք է կցվի օտարերկրյա իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և (կամ) կանոնադրությունը, վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունը, որը պետք է պարունակի նաև նշված ժամանակաշրջանի ֆինանսական տվյալները՝ աուդիտի եզրակացությամբ.

բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.

գ) հավատարմագրային կառավարման ծրագիրը.

եթե հայտատուն ֆիզիկական անձ է՝

ա) անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաև ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.

գ) հավատարմագրային կառավարման ծրագիրը.

դ) կառավարման բնագավառում նրա փորձի մասին վկայող փաստաթղթերը:

Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 27

Երևան