Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2015-25.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.09.07/3(11) Հոդ.336
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 54-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ստեղծել վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

2. Սահմանել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական
ընտրական
հանձնաժողովի
2011թ. օգոստոսի 11-ի

N 54-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) վերահսկողություն է իրականացնում ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի և կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ:

Ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նաև հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների նկատմամբ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի դրույթներին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 20.07.15 N 45-Ն)

2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կարգով:

3. Ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:

4. Ծառայությունը գործում է մշտական հիմունքներով:

5. Ծառայությունը կարող է ունենալ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

6. Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը, որը ներկայացնում է ծառայությունը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորագրի դեպքում` նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Ծառայության ղեկավարը պաշտոնի է նշանակվում և ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ծառայությունը.

1) վերահսկողություն է իրականացնում ընտրական հանձնաժողովներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման նկատմամբ,

2) վերահսկողություն է իրականացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ,

3) վերահսկողություն է իրականացնում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ,

4) ստուգում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը,

5) ուսումնասիրում և եզրակացություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրական հանձնաժողովներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերաբերյալ ստացված դիմում-բողոքների մասին:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Ծառայությունն իրավունք ունի.

1) ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում առկա ֆինանսական փաստաթղթերը,

2) անհրաժեշտության դեպքում նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ,

3) անհրաժեշտության դեպքում համապատասխան բանկերից և կուսակցություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի և ծախսերի վերաբերյալ,

4) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը,

5) մասնակցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների անցկացման ֆինանսական ապահովման նպատակով ընդունվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

10. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի պահպանման համար պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

(հավելվածը լրաց. 20.07.15 N 45-Ն)