Գլխավոր տեղեկություն
Համար
N 728-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2015-23.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.08/42(1131) Հոդ.586
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2015 թվականի N 728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի էներգախնայողության ծրագրի դրամաշնորհի միջազգային պայմանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի ապրիլի 20-ին կնքված Գլոբալ բնապահպանական հիմնադրամի էներգախնայողության ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի՝ միջազգային պայմանագրի ներքո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում էներգախնայողության միջոցառումների ծրագրով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող ծառայությունների համար կնքվող համաձայնագրերի օրինակելի ձևին՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում էներգախնայողության միջոցառումների ծրագրով սահմանված ծառայությունները ձեռք բերել ամբողջ ծավալով՝ պայմանով, որ 2015 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցների և պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ բացասական տարբերությունը կվճարվի այդ նպատակի համար 2016-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանման համար էներգետիկ ծառայությունների (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով) ձեռքբերման նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցներից յուրաքանչյուր եռամսյակի արդյունքում ձևավորված տնտեսումների հաշվին համապատասխան վերաբաշխում կատարելու միջոցով` տարաժամկետ վճարման կարգով, պայմանագրով սահմանված ժամանակացույցով:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 2016-2025 թվականների համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանման համար էներգետիկ ծառայությունների (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով) ձեռքբերման նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցները պլանավորելիս, հաշվի առնել այդ միջոցներից` սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին վճարվելիք գումարները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 6 
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 25-ի N 728-Ն որոշման

 

Էներգախնայողության ծառայությունների մատուցման համաձայնագիր N___

(օրինակելի ձև)

 

 քաղ. Երևան

 ----------------------2015 թ.

 

______________, ի դեմս ______________-ի, որը գործում է կանոնադրության (կամ լիազորագրի) հիման վրա, (այսուհետ՝ պատվիրատու կամ շահառու), և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ կամ կատարող), ի դեմս տնօրեն Թամարա Բաբայանի, որը գործում է հիմնադրամի կանոնադրության հիման վրա,

Հիմք ընդունելով, որ՝

ա. Հիմնադրամն իրականացնում է էներգախնայողության ծրագիր` (այսուհետ՝ ԷԽ ծրագիր) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի ապրիլի 20-ին կնքված Գլոբալ բնապահպանական հիմնադրամի էներգախնայողության ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի` միջազգային պայմանագրի ներքո,

բ. ծրագրին մասնակցելու համար հիմնադրամին դիմած շահառուն բավարարում է ծրագրի չափանիշներին,

գ. շահառուն ընդունում է էներգախնայողության միջոցառումների (այսուհետ՝ ԷԽՄ) համար անցկացված մրցույթի արդյունքները և իր տարածքում նախատեսվող ԷԽՄ-երը, դրանց արդյունքում ակնկալվող էներգասպառման տարեկան խնայողությունների տոկոսը,

 

կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ «համաձայնագիր» կամ «ԷԽՀ»), հետևյալի մասին.

 

1. Համաձայնագրի առարկան

 

1. Սույն համաձայնագրով հիմնադրամը Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության միջոցների հաշվին մատուցում է էներգախնայողության ծառայություններ շահառուի համակարգման ներքո գործող արդարադատության նախարարության «_____________________» քրեակատարողական հիմնարկում ըստ սույն համաձայնագրի դրույթների, ներառյալ՝

 

ա. իրականացնել էներգասպառման ուսումնասիրություն, բազային գծի որոշում,

բ. էներգախնայողության միջոցառումների (ԷԽՄ) նախագծում և իրականացում` ըստ N 1 հավելվածի,

գ. ԷԽՄ-ի համար անհրաժեշտ ֆինանսավորման ապահովում,

դ. շահառուի համապատասխան անձնակազմի հրահանգավորում,

ե. էներգասպառման մոնիթորինգ ԷԽՄ-ի ավարտից հետո,

զ. էներգախնայողության գնահատում և հավաստում,

է. Վճարումների կառավարում և Համաձայնագրով սահմանված այլ գործողություններ:

 

1.1 Էներգախնայողության ծառայությունների նկարագրությունը

 

Սույն համաձայնագրով, որպես «Ծառայություններ» սահմանվում են N 1 հավելվածում նշված ԷԽՄ-երի իրականացման համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ անհրաժեշտ գնումների գործընթացը, նախագծման, հավաքակցման և գործարկման գործողությունները, էներգախնայողության գնահատման և հավաստման գործընթացը, շահագործման և պահպանման գործողությունները, էներգասպառման մոնիթորինգի ապահովումը, ֆինանսական միջոցների ապահովումը, վճարումների կառավարումը և այլ ծառայություններ, որոնք կազմում են ԷԽՄ-ի բաղկացուցիչ մասը: Ծառայություններն առավել մանրամասն ներկայացված են համապատասխան հավելվածներում:

 

ԷԽՄ-ի համար անհրաժեշտ նախագծման, հավաքակցման, շինարարության, տեղակայման և գործարկման, ինչպես նաև գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում շահագործման և պահպանման ծառայությունները ձեռք են բերվում համաձայն Համաշխարհային բանկի կողմից ընդունելի ընթացակարգերի: Դրանք ձևավորում են ԷԽՄ-ի ներդրումային արժեք: Ի լրումն Հիմնադրամի կողմից իրականացվող նախնական գնահատումների, ֆինանսական կառավարման, մրցույթների կազմակերպման, մոնիթորինգի և այլ նախատեսված ծառայությունների դիմաց կատարվում է փոխհատուցում՝ ըստ համապատասխան դրույթների:

 

Սույն համաձայնագրի ներքո հիմնադրամի կողմից պատվիրված աշխատանքների իրականացման համար անցկացված մրցույթի արդյունքում ընտրվել է _________________________ -ն, որի հետ պայմանագրի պատճենը կցվում է:

 

1.2 Ծառայությունների համակարգումը

 

Հիմնադրամը շահառուի նշանակած անձնակազմի հետ պետք է համակարգի ԷԽՄ-ի իրականացումը և անհրաժեշտ հրահանգում ապահովի ԷԽՄ-ի շահագործող անձնակազմի համար: Շահառուն պետք է ապահովի իր տարածքում կատարվող այլ աշխատանքների համակարգումը, խուսափելու համար հարկադիր պարապուրդներից:

Հիմնադրամը նշանակում է ծրագրի ղեկավար, ով պատասխանատու է ծառայությունների մատուցման համակարգման համար:

Շահառուն նշանակում է լիազոր ներկայացուցիչ` սույն համաձայնագրի ներքո իր անունից հանդես գալու համար: Հիմնադրամը համաձայնում է համագործակցել շահառուի ներգրաված ցանկացած ներկայացուցչի կամ խորհրդատուի հետ:

 

1.3 Ծառայությունների ընդունումը, սեփականության իրավունքի փոխանցումը

 

1.3.1 Ծառայությունների ընդունումը

 

ԷԽՄ-ի ներդրումների ավարտից հետո կնքվում է օբյեկտի շահագործման հանձնման ակտ (այսուհետ՝ շահագործման հանձնման ակտ), որով ներդրումների արդյունքները դառնում են շահառուի սեփականությունը:

 

1.3.2 Փաստաթղթերի հրապարակումն ու տարածումը

 

Համաձայնագրի ներքո հիմնադրամի կողմից պատրաստված և ներկայացված բոլոր գծագրերը, մասնագրերը, հաշվետվությունները, մոդելները, էլեկտրոնային նյութերը և այլ նմանատիպ փաստաթղթեր կհանդիսանան շահառուի սեփականությունը: Նշված բոլոր փաստաթղթերը կարող են օգտագործվել և իրազեկման նպատակով հրապարակվել հիմնադրամի կողմից:

 

2. Վճարումների չափը և կարգը, փոխհատուցումներ

 

2.1 Վճարման ենթակա գումարը

 

Շահառուն պարտավորվում է վճարել էներգախնայողության ծառայությունների դիմաց _____________ (___________) դրամ տարաժամկետ վճարմամբ` եռամսյակային կտրվածքով էներգետիկ ծառայությունների համար նախատեսված խնայված միջոցներից՝ համաձայն Համաձայնագրի N 3 հավելվածում նշված ժամանակացույցի` ըստ հետևյալի.

 

2.1.1 Շահառուի կողմից ենթակա է վճարման էներգախնայողության ներդրումների համար __________ (_____________________) դրամ (այն ներառում է N 1 հավելվածում նշված ԷԽՄ-երի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների համար ծախսված գումարը) սույն համաձայնագրի N 3 հավելվածում նշված տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան:

2.2.2 Շահառուի կողմից ենթակա է վճարման ___________ (______________) դրամ հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի նախապատրաստման, էներգետիկ ուսումնասիրությունների, գնումների, ֆինանսական կառավարման, վճարման ժամանակահատվածում մոնիթորինգի, էներգախնայողության չափումների և հավաստումների և ֆինանսական կառավարման և այլ առնչվող ծառայությունների համար` որպես հիմնադրամին փոխհատուցում` սույն համաձայնագրի N 3 հավելվածում նշված տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան:

 

2.2 Վճարման կարգը

 

Շահառուն բացում է համապատասխան գանձապետական հաշիվ (այսուհետ` հատուկ հաշիվ) և առանձնացված հաշվառում է իրականացնում սույն համաձայնագրի ներքո վճարումների կատարման համար: Յուրաքանչյուր ամիս շահառուն հատուկ հաշվին է փոխանցում N 5 հավելվածում նշված էներգասպառման բազային գծին համարժեք էներգասպառման դիմաց հաշվարկված գումար, որից ըստ մատակարարների (գազի, էլեկտրաէներգիայի) հաշիվների կատարում է վճարում, իսկ մնացած գումարը՝ ըստ ժամանակացույցի, վճարում է հիմնադրամին: Համաձայնագրի համաձայն պարտավորությունների իրականացման համար, հատուկ հաշվում վճարման պահին մնացորդային գումարի անբավարար լինելու դեպքում շահառուն պարտավոր է համալրել գումարը և ամբողջությամբ վճարել N 3 հավելվածով սահմանված պարտավորությունները: Թույլատրվում է գումարների ավելի արագ վճարում կամ կանխավճար: Ներդրումային արժեքի նախատեսված ժամկետից շուտ ամբողջությամբ վճարելու դեպքում շահառուն ազատվում է մնացած ամիսների համար Հիմնադրամին փոխհատուցման վճարումից:

Շահառուն հիմնադրամին վճարման ենթակա գումարները, ըստ ժամանակացույցի, վճարում է հիմնադրամի կենտրոնական գանձապետարանի 900000910159 հաշվեհամարին:

 

2.3 Հաշվարկային ժամանակահատվածի սկիզբը, վճարման սկիզբը

 

2.3.1. Վճարման ենթակա գումարի հաշվարկային ժամանակահատվածի սկիզբ է համարվում Շահագործման հանձնման ակտի ստորագրման ամսվան հաջորդող ամսվա 1-ը: Յուրաքանչյուր հաշվարկված ամսվա համար վճարումն իրականացվում է մինչև հաջորդող ամսվա 15-րդ օրը:

2.3.2. Կապալառուի մեղքով աշխատանքների ուշացման հետևանքով օբյեկտը ժամկետից ուշ շահագործման հանձնելու, ինչպես նաև կապալառուի կողմից օբյեկտը ժամանակից շուտ շահագործման հանձնման դեպքերում շահառուի հետ կնքված ժամանակացույցը ենթակա է փոփոխության` ծառայությունների մատուցման հաշվարկային ժամանակահատվածի սկիզբ համարելով 2.3.1-ին կետում նշված` ծառայությունների մատուցման սկզբի ամսաթիվը:

 

3. Կողմերի այլ իրավունքներն ու պարտականությունները

 

3.1. Հիմնադրամի պարտականությունները

 

3.1.1. Հիմնադրամը պարտավոր է ապահովել սույն համաձայնագրով պահանջվող ծառայությունները: Հիմնադրամը պատասխանատու է սույն համաձայնագրի ներքո իրականացվող բոլոր ծառայությունների համար, որոնք կատարվում են հիմնադրամի, նրա կապալառուների կամ նրա կողմից լիազորված անձանց կողմից:

3.1.2. Կապալառուի մեղքով աշխատանքների ուշացման հետևանքով օբյեկտը ժամկետից ուշ շահագործման հանձնելու դեպքում հիմնադրամը պարտավոր է շահառուին վճարել պայմանագրի արժեքի 0,05 %-ի չափով տույժ` օբյեկտի շահագործման հանձնման ուշացված (կետանցի) յուրաքանչյուր օրվա համար, սակայն ոչ ավելի, քան պայմանագրի վերջնական արժեքի 10 %-ի չափը: Հաշվանցման արդյունքում N 3 հավելվածով սահմանված վճարման ժամանակացույցը ենթակա է փոփոխման` շահառուի վճարային պարտավորություններում ներառված էներգախնայողության ներդրումների ամսական վճարումների (որում չի ներառվում էներգետիկ ծառայությունների մատուցման վճարը) համապատասխան չափով նվազեցմամբ:

3.1.3. Ջեռուցման սեզոնի ընթացքում 15-օրյա չափումների հիման վրա սույն պայմանագրով սահմանված` նվազագույն էներգախնայողության չափը չապահովելու դեպքում (10 տոկոս թույլատրելի շեղումով) հիմնադրամը շահառուին վճարում է տուժանք` պայմանագրի արժեքի 10 տոկոսին համարժեք գումարի չափով, որը ենթակա է հաշվանցման շահառուի կողմից վճարման ժամանակացույցին համապատասխան վճարվելիք` էներգախնայողության ներդրումների ամսական վճարումների (որում չի ներառվում էներգետիկ ծառայությունների մատուցման վճարը) հաշվին: Հաշվանցման արդյունքում N 3 հավելվածով սահմանված վճարման ժամանակացույցը ենթակա է փոփոխման` Շահառուի վճարային պարտավորություններում ներառված էներգախնայողության ներդրումների ամսական վճարումների (որում չի ներառվում էներգետիկ ծառայությունների մատուցման վճարը) համապատասխան չափով նվազեցմամբ:

3.1.4. Թերությունների վերացման 365 օր տևողությամբ պատասխանատվության ժամկետից հետո սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տարեկան էներգախնայողության չափը չապահովելու դեպքում հիմնադրամը շահառուին վճարում է տուժանք` պայմանագրի արժեքի 10 տոկոսին համարժեք գումարի չափով, որը ենթակա է հաշվանցման շահառուի կողմից վճարման ժամանակացույցին համապատասխան վճարվելիք` էներգախնայողության ներդրումների ամսական վճարումների (որում չի ներառվում էներգետիկ ծառայությունների մատուցման վճարը) հաշվին: Հաշվանցման արդյունքում N 3 հավելվածով սահմանված վճարման ժամանակացույցը ենթակա է փոփոխման` շահառուի վճարային պարտավորություններում ներառված էներգախնայողության ներդրումների ամսական վճարումների (որում չի ներառվում էներգետիկ ծառայությունների մատուցման վճարը) համապատասխան չափով նվազեցմամբ:

3.1.5. Հիմնադրամը չի կարող պատասխանատվություն կրել, եթե էներգախնայողության մակարդակը ցածր է ակնկալվողից, իրենից անկախ պատճառներով, ինչպիսիք են սպառման ռեժիմի, հարմարավետության մակարդակի, էներգետիկ սակագների փոփոխությունը:

 

3.2 Շահառուի պարտականությունները

 

Սույն Համաձայնագրի կատարման և համակարգման նպատակով շահառուն պարտավոր է՝

(i) հիմնադրամին տրամադրել տարածքի վերաբերյալ ցանկացած գծագիր և մասնագիր, որն անհրաժեշտ է աշխատանքների կատարման համար: Շահառուն պետք է տրամադրի հիմնադրամին այնպիսի ուսումնասիրություններ, որոնք կարող են նկարագրել աշխատանքի տարածքի ֆիզիկական բնութագրերը, իրավական սահմանափակումները և կոմունալ ենթակառուցվածքները:

(ii) հիմնադրամին տրամադրել ճշմարտացի և ճշգրիտ տվյալներ և տեղեկատվություն՝ ըստ հիմնադրամի պահանջի, ներառյալ էներգասպառումը ետ վճարման ժամկետում, ներառյալ հաշիվների քաղվածքների պատճենները և վճարման փաստաթղթերը, շենքի գործունեությունը և զբաղեցվածությունը, ներսի ջերմաստիճանը և այլն:

(iii) շենքերը հասանելի դարձնել հիմնադրամի և նրա կողմից ներգրավված կապալառուների համար, նախնական զննման, էներգետիկ աուդիտի և ծրագրի նախագծման, շինարարության, գործարկման, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի այցելությունների համար և այլն, ինչպես նաև հիմնադրամի կողմից ծրագրի արդյունքների փաստաթղթավորման և տարածման համար, որը կարող է ներառել կարճատև ֆիլմի նկարահանում, լուսանկարում և այլն:

(iv) պահանջի դեպքում ժամանակին հաստատել փաստաթղթերը՝ խուսափելու համար ծրագրի իրականացման ժամանակացույցի ձգձգումներից:

(v) ապահովել շինարարական և այլ թույլտվությունների ստացումը:

(vi) պահպանել և պատշաճ շահագործել ծրագրի ներքո հատկացված բոլոր սարքերը և նյութերը` ապահովելու համար նրանց լիարժեք արդյունքները (այսինքն, չփոքրացնել էներգախնայողությունը):

(vii) հատուկ հաշվին կատարել բազային գծի էներգասպառմանը համարժեք ամսական վճարումներն ամբողջությամբ և ժամանակին: Այդ հաշվից կատարել վճարումներ սպառված էներգիայի դիմաց, ինչպես նաև հիմնադրամին` ժամանակացույցի համաձայն:

(viii) ներդրումների դիմաց վճարման պարտավորությունը նախատեսել շահառուի տարեկան բյուջեում:

(ix) շահառուն սույն համաձայնագրի ընթացքում կտրամադրի հիմնադրամին ըստ պահանջի բոլոր տվյալների և փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք վերաբերում են էներգիայի օգտագործմանը, կիրազեկի բոլոր նախատեսվող կամ ընթացող միջոցառումների մասին, որոնք կարող են ազդել էներգասպառման վրա՝ ներառյալ տեխնիկական, կազմակերպչական, կառուցվածքային փոփոխությունները:

 

4. Էներգախնայողության ծրագիր (ծրագիր)

 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակներում՝ ուղղված էներգախնայողության ծրագրի իրականացմանը: Ծրագրի փաստաթղթերը ներկայացված են հիմնադրամի կայքում՝ www.r2e2.am:

 

4.1 Տարեկան էներգախնայողություն

 

Հիմնադրամը գնահատել է էներգախնայողության մակարդակը, ինչպես նշված է N 2 հավելվածում (էներգախնայողություն), որը ԷԽՄ-ի իրականացման արդյունքում պետք է ապահովվի յուրաքանչյուր տարի: Տարածքում էներգախնայողությունը պետք է գրանցվի, համադրվի և հավաստվի: Այս գործընթացի նկարագրությունը կցված է N 4 հավելվածում նշված պայմանագրում: Շահառուն պարտավոր է ապահովել, որ շենքի շահագործումը (լուսավորությունը, ջեռուցումը) լինի նույն` բազային գծի, մակարդակի:

 

4.2 Էներգախնայողության միջոցառումներ

 

Էներգախնայողության միջոցառումներն ամփոփ նկարագրված են N 1 հավելվածում, որոնք հետագայում մանրամասն աշխատանքի նախագծով տրամադրվում են Շահառուին: Հիմնադրամը, սույն համաձայնագրի գործողության ընթացքում իրավունք ունի շահառուի թույլտվությամբ փոփոխել կամ փոխարինել ցանկացած ԷԽՄ կամ իրականացնել լրացուցիչ ԷԽՄ և փոփոխել ԷԽՄ-ի շահագործման կարգը կամ այլ գործողություն՝ պայմանով, որ՝

 (i) նման գործողությունները չեն փոխի բազային գծի, հարմարավետության և սպասարկման մակարդակը` առանց շահառուի գրավոր համաձայնության,

(ii) այդպիսի փոփոխությունները և լրացումներն անհրաժեշտ են տարածքում էներգախնայողության հասնելու համար,

 (iii) հիմնադրամն ու շահառուն պետք է որոշեն ինչ ճշգրտումներ պետք է արվեն Բազային գծի հաշվարկում, եթե անհրաժեշտ է:

ԷԽՄ-ի իրականացումից հետո շահագործման և պահպանման գործընթացը նկարագրված է N 4 հավելվածում նշված պայմանագրում: Բացառությամբ նշված գործողությունների՝ շահառուն իրավունք չունի տեղաշարժելու, փոփոխելու, հանելու, կարգավորելու և այլ էական փոփոխություններ կատարելու ԷԽՄ-ի կամ դրա մի մասում սույն համաձայնագրի ընթացքում՝ առանց հիմնադրամի նախնական գրավոր ցուցման կամ հաստատման՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների: Ի լրումն իր պարտականությունների, շահառուն պարտավորվում է տարածքը լավագույնս օգտագործելու և պահպանելու ԷԽՄ-ի լավագույն պայմաններում` համաձայն արտադրողի հրահանգների և ապահովել բոլոր էներգասարքերի օգտագործումը լավագույնս:

 

4.3 Խափանում և արտակարգ իրավիճակներ

 

Շահառուն պետք է Հիմնադրամին տեղեկացնի հետևյալ իրադարձությունների մասին՝ տեղեկանալուց հետո քառասունութ ժամվա ընթացքում՝

ա. ԷԽՄ-ի կամ նախապես գոյություն ունեցող էներգասպառմանն առնչվող սարքավորումների ցանկացած նշանակալի խափանում,

բ. ԷԽՄ-ի կամ դրանց օգտագործման ցանկացած նշանակալի փոփոխություն,

գ. տարածքի կամ դրա օգտագործման ցանկացած նշանակալի փոփոխություն:

Հիմնադրամը և շահառուն պետք է համաձայնագրի դրույթներին համաձայն որոշեն, և եթե անհրաժեշտ է, փոփոխություններ անեն բազային գծի հաշվարկում:

 

4.3.1. Գրանցված նշանակալի փոփոխություններ

 

Շահառուն պետք է գրավոր ծանուցի հիմնադրամին՝ նկարագրելով բոլոր փաստացի կամ նախատեսվող նշանակալի փոփոխությունները դրանք իրականացնելուց ոչ պակաս, քան 30 օր առաջ: Արտակարգ իրավիճակների դեպքում նախնական ծանուցումը կհամարվի բավարար, եթե արվել է դեպքից հետո 48 ժամվա ընթացքում: Էներգիայի օգտագործման ցանկացած փոփոխություն, որը տեղի է ունեցել նշանակալի փոփոխության արդյունքում պետք է ժամանակին դիտարկվի հիմնադրամի և շահառուի կողմից և որոշվի ինչ ճշգրտում պետք է արվի բազային գծի հաշվարկում, եթե կարիքը կա: Հիմնադրամը և շահառուն համաձայնում են, որ բազային գծի ցանկացած ճշգրտում պետք է լինի ընդհանուր առմամբ ընդունելի ճարտարագիտական սկզբունքների համաձայն:

 

4.3.2. Չգրանցված նշանակալի փոփոխություններ

 

Վճարման սկզբից հետո գրանցված նշանակալի փոփոխությունների բացակայության դեպքում, եթե էներգախնայողությունը շեղվում է ավելի քան տասը տոկոս (10%) ցանկացած ամսվա համար համեմատած տվյալ ամսվա համար նախատեսվածի, կլիմայական պայմանների ճշգրտումից հետո, ապա հիմնադրամը պետք է ժամանակին դիտարկի այդ փոփոխությունները գտնելու նման շեղումների պայմանները: Հիմնադրամն ու շահառուն պետք է որոշեն՝ ինչ ճշգրտումներ պետք է արվեն բազային գծի հաշվարկում, եթե անհրաժեշտ է:

 

5. Համաձայնագրի լուծումը

 

5.1 Համաձայնագրի լուծումը շահառուի նախաձեռնությամբ

 

Շահառուն իր նախաձեռնությամբ իրավասու է հրաժարվել սույն համաձայնագրից` դրա մասին առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելով Հիմնադրամին: Ծանուցումը հիմնադրամի կողմից ստանալու պահից համաձայնագիրը համարվում է լուծված:

Այս դեպքում շահառուն պարտավոր է մինչև ծանուցման պահը հիմնադրամի կողմից սույն համաձայնագրի շրջանակներում կատարված ծախսերը փոխհատուցել ամբողջությամբ: Շահառուի նախաձեռնությամբ համաձայնագրի լուծումը կազատի հիմնադրամին իր բոլոր պարտավորություններից իրականացնելու խզման ամսաթվից հետո, ինչպես նաև էներգախնայողության ծառայությունից խզման ամսաթվից հետո: Շահառուի կողմից Համաձայնագրի լուծումն իրեն ազատում է հիմնադրամին վճարումներ կատարելուց՝ խզման օրվանից հետո շահագործման, մոնիթորինգի և ուսուցման ծառայությունների դիմաց:

 

5.2 Համաձայնագրի լուծումը հիմնադրամի նախաձեռնությամբ

 

Համաձայնագիրը հիմնադրամի նախաձեռնությամբ կարող է լուծվել ցանկացած պահի` պայմանով, որ հիմնադրամը կփոխհատուցի շահառուի կրած վնասները, որոնք կառաջանան համաձայնագրի իրականացման արդյունքում: Սույն համաձայնագրի լուծման պահից համաձայնագրով կողմերի ստանձնած պարտավորությունները դադարում են՝ բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ծագել են մինչև համաձայնագրի լուծման պահը:

 

6. Կողմերի կողմից թույլ տրված խախտումներ, պատասխանատվություն

 

6.1 Շահառուի կողմից թույլ տրված խախտումներ

 

Հետևյալ միջադեպերից կամ պայմաններից յուրաքանչյուրը կդիտվի որպես խախտում շահառուի կողմից սույն Համաձայնագրի ներքո իր պարտավորությունների մասով.

(ա) հիմնադրամին վճարման ցանկացած ձախողում,

(բ) ցանկացած այլ նշանակալի ձախողում շահառուի կողմից իրագործելու կամ համապատասխանելու սույն համաձայնագրի դրույթներին, ժամկետներին ու պայմաններին՝ բացառությամբ, եթե այդպիսի ձախողումն ուղղվել է շահառուին ծանուցելուց հետո 30 օրվա ընթացքում:

 

6.2 Պատասխանատվությունը Շահառուի կողմից խախտման դեպքում

 

Շահառուի կողմից վճարումների ժամանակացույցի խախտման դեպքում վճարումների կետանցի դեպքում (չվճարում կամ ուշացված վճարումներ) շահառուն պարտավոր է հիմնադրամին վճարել չվճարված կամ ուշ վճարված գումարի 0.1% -ի չափով օրական տույժ, սակայն ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի 10 տոկոսը:

 

6.3 Հիմնադրամի կողմից թույլ տրված խախտումներ

 

Հետևյալ միջադեպերից կամ պայմաններից յուրաքանչյուրը կդիտվի որպես խախտում հիմնադրամի կողմից սույն համաձայնագրի ներքո իր պարտավորությունների մասով.

(i) հիմնադրամը ձախողել է ԷԽՄ-ի իրականացումը,

(ii) սույն համաձայնագրի ներքո իր պարտականությունների կատարումը՝ ներառյալ համապատասխան անձնակազմի, սարքավորումների, աշխատանքների ապահովումը, ծառայությունների մատուցումը` հիմնադրամի իրավասությունների շրջանակում,

(iii) հիմնադրամի կողմից ցանկացած ձախողում իրականացնել իր պարտականությունները սույն համաձայնագրի ներքո՝ բացառությամբ, եթե նման ձախողումն ուղղվել է հիմնադրամին ծանուցում ուղարկելուց հետո 30 օրվա ընթացքում կամ շահառուի համար ընդունելի ավելի երկար ժամկետում:

 

 6.4 Պատասխանատվությունը հիմնադրամի կողմից թույլ տրված խախտումների դեպքում

 

Հիմնադրամի կողմից խախտումների դեպքում շահառուն պետք է գրավոր ծանուցի` նկարագրելով խախտման հիմքերը: Եթե այդ ծանուցումից հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը նախաձեռնում է միջոցներ այդ խախտումները վերացնելու ուղղությամբ, ապա խախտում չի համարվում և պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում: Հակառակ դեպքում շահառուն կարող է դադարեցնել (լուծել) համաձայնագիրը: Այդ դեպքում հիմնադրամը պետք է դադարեցնի բոլոր աշխատանքներն ու ծառայությունները, իսկ շահառուն պետք է փոխհատուցի արդեն կատարված աշխատանքների կամ տեղակայված նյութերի ու սարքավորումների համար:

 

7. Այլ պայմաններ

 

7.1 Կողմերից յուրաքանչյուրը հավաստում է մյուսին, որ՝

 

ա. ունի պահանջվող իրավասություն, լիազորություն, լիցենզիաներ, թույլտվություններ և այլն, կնքել և իրականացնել սույն համաձայնագիրը և դրանից բխող պարտավորությունները,

 բ. սույն համաձայնագրի կնքումը, իրականացումը համապատասխանաբար հաստատված է, եթե պահանջվում է, իր համապատասխան ընթացակարգերով, և սույն համաձայնագիրը պատշաճ կարգով կնքվել և ներկայացվել է լիազորված ստորագրողների կողմից, և պարտադիր է կատարման կողմերի համար,

գ. շահառուի կողմից ներկայացված բոլոր գծագրերը, մասնագրերը, ուսումնասիրությունները և դրանց պատճենները մնում են որպես Շահառուի սեփականություն: Սույն համաձայնագրի ներքո բոլոր ավարտական նախագծերը պետք է դառնան շահառուի սեփականություն: Բացառությամբ կողմերից յուրաքանչյուրի համար նշված գծագրերի, մասնագրերի, ուսումնասիրությունների և նախագծերի մեկական օրինակի, այդպիսի գծագրերը, մասնագրերը, ուսումնասիրությունները և նախագծերը պետք է փոխանցվեն շահառուին:

 

7.2 Համաձայնագրի փոխանցումը

 

7.2.1. Շահառուն կարող է փոխանցել կամ վերագրել սույն համաձայնագիրը կամ դրա ներքո իր իրավունքներն ու պարտականություններն իր վերադասին կամ տարածքը ձեռքբերողին կամ դրանում շահագրգռվածին` հիմնադրամի համաձայնությամբ:

7.2.2. Հիմնադրամը կարող է փոխանցել պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ֆինանսական լիազոր մարմնի:

 

7.3 Համաձայնագրի ամբողջականությունը, լրացումներ

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո իր բոլոր հավելվածների հետ միասին համարվում է միասնական համաձայնագիր կողմերի միջև և այն կարող է լրացվել կամ փոփոխվել միայն կողմերի միջև գրավոր կնքված համաձայնագրով:

 

7.4 Ծանուցումներ

 

Սույն համաձայնագրով պահանջվող բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր և կհամարվեն պատշաճ կարգով արված, եթե անձամբ հանձնված է հասցեատիրոջը կամ ստացված է հասցնելու մասին հաղորդագրություն համաձայնագրում ներառված կամ գրավոր ծանուցված հասցեներով:

 

7.5 Համաձայնագրի գործողության ժամկետը, միջանկյալ ժամկետը

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրման պահից և գործում է մինչև վճարման ժամանակացույցի վերջին ամսաթիվը կամ վճարման ենթակա գումարների ամբողջական վճարման ամսաթիվը:

Համաձայնագրի ստորագրումից մինչև վճարման սկիզբը համարվում է «Միջանկյալ ժամկետ», որի ընթացքում էներգախնայողությունները պատկանում են շահառուին:

 

7.6 Կողմերի հասցեները և այլ վավերապայմանները

 ---------------------------

Թամարա Բաբայան -----------------------------

 ________________________ 

Տնօրեն

ՇԱՀԱՌՈՒՆ

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ

 ________________________ 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հասցե:

Հասցե՝ Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 32

ՀՎՀՀ

ՀՎՀՀ: 02580459

Հ/հ

Բանկ Կենտրոնական Գանձապետարան
900000910159

Հեռ:

Հեռ: 374 10 588011

Էլ.փոստ:

Էլ.փոստ: info@r2e2.am

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Ստորև նշված հավելվածները կազմում են շահառուի և հիմնադրամի միջև կնքված էներգետիկ ծառայությունների համաձայնագրի անբաժանելի մասը

 

Հավելված 1. Էներգախնայողության միջոցառումներ՝ ամփոփ (ձևը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ)

Հավելված 2. Տարեկան էներգախնայողություններ (ձևը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ)

Հավելված 3. Վճարման ժամանակացույց (ձևը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ)

Հավելված 4. ԷԽՄ-ի շինարարական աշխատանքների պայմանագիր (ձևը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ)

Հավելված 5. Բազային գծի հաշվարկ, հարմարավետության և սպասարկման ստանդարտներ (ձևը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ)

Հավելված 6. Բնապահպանական ստուգաթերթիկ (ձևը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան