Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.08.2015-02.01.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076) Հոդ.1030
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1228-Ն

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 31-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.15 N 820-Ն)

2) Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.07.15 N 820-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 12
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 23.07.15 N 820-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ

ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

I. ԵՏՄ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

 1. ԵՏՄ-ի տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառումը կարող է իրականացվել այդ ապրանքն արտադրողի պահանջով կամ պետական լիազոր մարմնի որոշմամբ՝

1) Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառվող ենթահսկման ապրանքների անվտանգության պետական անասնաբուժական վերահսկողության շրջանակներում իրականացվող պետական ծրագրային մշտադիտարկման ընթացքում.

2) ենթահսկման ապրանքների արտահանումը թույլատրելու նպատակով իրականացվող անասնաբուժական պետական վերահսկողության ընթացքում.

3) ԵՏՄ-ի (ԵՏՄ-ի տարածքում շրջանառության համար նախատեսված ենթահսկման ապրանքների համար) կամ երրորդ երկրի (արտահանման համար նախատեսված ենթահսկման ապրանքների համար) պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում՝ կազմակերպությունում արտադրված ենթահսկման ապրանքների անվտանգության ուժեղացված լաբորատոր վերահսկման իրականացման շրջանակներում: Նման դեպքերում ուժեղացված լաբորատոր վերահսկողությունը միջոց է, որը կիրառվում է որպես տվյալ կազմակերպության արտադրած ապրանքների` դեպի այլ կողմեր փոխադրման կամ արտահանման ժամանակավոր արգելքի այլընտրանք.

4) կազմակերպության նկատմամբ պետական անասնաբուժական վերահսկողության ընթացքում:

2. Նմուշառման նպատակը հաջորդող լաբորատոր հետազոտության համար նմուշների ստացումն է:

3. Նմուշառումն իրականացվում է համապատասխան փորձ և գիտելիքներ ունեցող տեսուչի կողմից՝ պահպանելով նմուշների փաթեթավորմանն ու փոխադրմանը վերաբերող ԵՏՄ-ի պահանջների ճիշտ կիրառումը:

4. Նմուշառումը, դրա ձևակերպումը (փաստաթղթավորումը) և փոխադրումն իրականացվում են այնպես, որպեսզի բացառվեն դրանց վնասվելը, փչանալը, կեղծումը և այլ խաբեություններ:

5. Բացառությամբ սույն կարգի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված դեպքերի՝ նմուշառումը, նմուշների փոխադրումը լաբորատորիա և լաբորատոր հետազոտությունը չեն իրականացվում ստուգման ենթակա արտադրանք արտադրող կազմակերպության միջոցների հաշվին, եթե ազգային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:

6. Երբ նմուշառումն իրականացվում է արտադրողի դիմումի հիման վրա, վերջինս իրավունք ունի ընտրելու փորձաքննության լաբորատորիան՝ անկախ այն բանից, թե այն որ կողմի տարածքում է գտնվում: Մյուս դեպքերում տեսուչը նմուշառման ակտում նշում է լաբորատորիայի անվանումը, եթե այն նմուշառման մասին կարգադրության մեջ նախօրոք որոշված չի եղել:

7. Նմուշառումը ձևակերպվում է նմուշառման ակտին համապատասխան՝ համաձայն ձևի: Տեսուչը նմուշառման ակտի առաջին օրինակը ներկայացնում է ենթահսկման ապրանք արտադրողին: Երկրորդ օրինակը ներկայացվում է լիազոր մարմնի տարածքային կենտրոնի ղեկավարին, որտեղ իրականացվել է նմուշառումը: Երրորդ օրինակն ուղարկվում է փորձաքննություն իրականացնող լաբորատորիա: Տեսուչը չորրորդ օրինակը պահում է առնվազն մեկ տարի:

8. Փորձաքննության լաբորատորիայում ստուգվում է փորձանմուշների հետազոտման համար պիտանիությունը, ճիշտ փաթեթավորումը և ուղեկցող փաստաթղթերի ձևակերպումը: Խախտումների հայտնաբերման դեպքում փորձանմուշը չի ենթարկվում հետազոտության, իսկ խախտման մասին նմուշառումն իրականացնող տեսուչը տեղեկացվում է:

9. Փորձաքննության լաբորատորիան հավատարմագրվում է ազգային հավատարմագրման մարմնի կողմից և ունի համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ճիշտ կատարել լաբորատոր հետազոտությունները՝ ներառյալ զգայորոշման ապահովումը, որը թույլատրում է օրգանիզմների կամ միացությունների առավելագույն թույլատրելի խտությունը, որի վերաբերյալ իրականացվել է հետազոտությունը:

10. Այն դեպքում, երբ հաստատվում է, որ փորձանմուշը չի համապատասխանում ԵՏՄ-ի պահանջներին, լաբորատորիան պահում է ստուգվող փորձանմուշները՝ մինչև ենթահսկման ապրանքների այդ քանակի պիտանիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում:

11. Կողմի լիազոր մարմինն անմիջականորեն կամ լաբորատորիայի օգնությամբ կամ ինտերնետ կայքում դրանց հրապարակման միջոցով հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ տվյալ ստուգման ենթակա ապրանքի սեփականատիրոջը, արտադրողին, վարչական տարածքի տեսուչներին և մյուս կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում է այն խախտումների մասին, որոնք հայտնաբերվել են մոնիթորինգի կամ ուժեղացված լաբորատոր հսկողության ընթացքում, որի մեջ նշվում են նմուշառման մեթոդը, նրա տեղի և նպատակի մասին տվյալներ, անալիտիկ մեթոդի կիրառման (եթե կիրառվել է անալիտիկ մեթոդը) այն լաբորատորիայի մասին տվյալներ, որտեղ իրականացվել են լաբորատոր հետազոտությունները, և հետազոտության արդյունքների մասին տվյալներ:

12. Հետազոտության արդյունքների փաստաթղթային ձևակերպումը և դրանց արդյունքների մասին տեղեկացումը իրականացվում են ԵՏՄ-ի օրենսդրությանը համապատասխան:

 

II. ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՏՄ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

13. Երրորդ երկրում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառումը ԵՏՄ-ի տարածքում իրականացվում է արտադրողի կամ էլ այդ ապրանքի սեփականատիրոջ դիմումի հիման վրա, ինչպես նաև կողմի լիազոր մարմնի որոշմամբ՝ հետևյալ դեպքերում՝

1) պետական ծրագրային մոնիթորինգի իրականացում, որի նպատակն է վերահսկել ԵՏՄ-ի տարածքում շրջանառվող ենթահսկման ապրանքների անվտանգությունը.

2) պետական սահմանային անասնաբուժական ստուգումների իրականացման ժամանակ՝ ենթահսկման ապրանքների պետական սահմանային անցակետերում, մաքսային ձևակերպումների տարածքում կամ էլ այլ վայրերում, որտեղ իրականացվում է ներկրվող կենդանիների կարանտին.

3) ԵՏՄ-ի պահանջներին անհամապատասխանության դեպքում երրորդ երկրի կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների անվտանգության ուժեղացված լաբորատոր ստուգման իրականացման ընթացքում:

14. Նմուշառման նպատակը հետագա լաբորատոր հետազոտությունն է:

15. Նմուշառումն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխան նմուշառում իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ունեցող տեսուչը:

16. Նմուշառումն իրականացվում է, նմուշառման փաստաթղթերը կազմվում և հավաքված նմուշները տեղափոխվում են այնպես, որպեսզի կանխվեն դրանց վնասումը, փոխարինումը, աղտոտումը և այլ զեղծարարություններ:

17. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում լաբորատոր հետազոտությունն իրականացվում է անվճար, իսկ մնացած դեպքերում այս ծախսերը հոգում է ստուգման ենթակա ապրանքների սեփականատերը:

18. Անհրաժեշտ է, որ լաբորատորիան հավատարմագրված լինի ազգային հավատարմագրման մարմնի կողմից և ունենա սարքավորումներ, որոնք թույլ կտան ճիշտ կատարել լաբորատոր ստուգումները՝ ներառյալ զգայորոշման ապահովումը, որի միջոցով որոշվում է օրգանիզմների կամ միացությունների առավելագույն թույլատրելի խտությունը:

19. Այն դեպքում, երբ հաստատվում է, որ փորձանմուշը չի համապատասխանում ԵՏՄ-ի պահանջներին, լաբորատորիան պահում է ստուգվող փորձանմուշները՝ մինչև ենթահսկման ապրանքների տվյալ խմբաքանակի պիտանիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում:

20. Արտադրողի կամ սեփականատիրոջ խնդրանքով նմուշառման դեպքում նրանք իրավունք ունեն ընտրելու լաբորատորիան՝ անկախ այն բանից, թե այն որ կողմի տարածքում է գտնվում: Մյուս դեպքերում տեսուչը նմուշառման մասին որոշման մեջ նշում է լաբորատորիան, եթե այն որոշված չի եղել կարգադրությամբ, որի համաձայն իրականացնում է նմուշառում:

21. Սույն կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում մեկից ավելի անգամ որևէ խախտում հայտնաբերելու դեպքում նմուշառումն իրականացվում է ներմուծվող ապրանքի տասը խմբաքանակից և երեք ամսվանից ոչ ավելի ժամանակահատվածում: Նմուշառումն իրականացվում է միայն այն տեսակի ապրանքներից, որոնցում հայտնաբերվել է խախտումը: Լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է միայն նախկինում հայտնաբերված օրգանիզմը կամ միացությունը հայտնաբերելու նպատակով:

22. Կողմի լիազոր մարմինը տեղեկացնում է երրորդ երկրի իրավասու մարմնին, որտեղ արտադրված է եղել ենթահսկման ապրանքը, և երրորդ երկրի իրավասու մարմնին, որտեղից ենթահսկման ապրանքն արտահանվել է ԵՏՄ, ապրանքի սեփականատիրոջը, արտադրողին, վարչական տարածքի տեսուչներին, մյուս կողմերի լիազոր մարմիններին՝ այն խախտումների մասին, որոնք հայտնաբերվել են ենթահսկման ապրանքների մոնիթորինգի և (կամ) ուժեղացված լաբորատոր վերահսկողության արդյունքում: Այդ տեղեկատվության մեջ ներկայացվում են տվյալներ նմուշառման մեթոդի, դրա տեղի և նպատակի, կիրառված մեթոդի մասին, եթե կիրառվել են լաբորատոր մեթոդներ, լաբորատորիայի մասին, որտեղ իրականացվել են լաբորատոր հետազոտությունները, և հետազոտության արդյունքների մասին:

23. Հետազոտության արդյունքների փաստաթղթային ձևակերպումը և դրանց արդյունքների մասին տեղեկացումն իրականացվում են ԵՏՄ-ի օրենսդրությանը համապատասխան:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՄ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

24. Օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի անցկացման կամ համատեղ ստուգման սահմաններում լաբորատոր հետազոտության համար երրորդ երկրի տարածքում ենթահսկման ապրանքների նմուշառումն իրականացվում է երրորդ երկրի իրավասու մարմնին հարցում կատարելուց հետո:

25. Նմուշառումն իրականացվում է կողմի տեսուչի կողմից կամ երրորդ երկրի պետական տեսուչի (անասնաբույժի) կամ էլ ստուգման ենթակա ապրանքն արտադրողի կամ սեփականատիրոջ ներկայացուցչի կողմից՝ երրորդ երկրի իրավասու մարմնի և կողմի լիազոր մարմնի համաձայնությամբ՝ ԵՏՄ-ի կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Նմուշառումն իրականացվում է համապատասխան փորձ և գիտելիքներ ունեցող անձի կողմից, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնելու սույն կարգի 25-րդ կետում նշված ԵՏՄ-ի կամ երրորդ երկրի օրենսդրությամբ սահմանված նմուշառման պահանջներին համապատասխան նմուշառման, փաթեթավորման ու փոխադրման հետ կապված գործընթացները, որը հնարավորություն է տալիս խուսափելու դրանց վնասվելուց և փոխելուց, ինչը կարող է ազդել լաբորատոր հետազոտության արդյունքների վրա:

27. Նմուշառումն իրականացվում է, նմուշառման փաստաթղթերը կազմվում և փոխադրվում են այնպես, որպեսզի կանխվի դրանց վնասվելը, փչանալը, կեղծումը և զեղծարարության այլ տեսակներ:

28. Լաբորատորիան որակավորվում է Որակավորման ազգային մարմնի կողմից, կամ էլ նմուշները հետազոտվում են երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից առաջարկվող երրորդ երկրի լաբորատորիայում և համաձայնեցվում են կողմի լիազոր մարմնի հետ:

29. Այն դեպքում, երբ հաստատվում է, որ փորձանմուշը չի համապատասխանում սույն կարգի 26-րդ կետում նշված պահանջներին, լաբորատորիան պարտավոր է պահպանել նմուշները մինչև ենթահսկման ապրանքների տվյալ խմբաքանակի պիտանիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում:

30. Կախված լաբորատորիայի գտնվելու վայրից՝ երրորդ երկրի իրավասու մարմինը կամ կողմի լիազոր մարմինը ենթահսկման ապրանքների լաբորատոր ստուգման արդյունքների մասին հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնում է կողմի լիազոր մարմնին կամ երրորդ երկրի իրավասու մարմնին՝ փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Այն պարունակում է տեղեկություններ նմուշառման մեթոդի, նմուշառման տեղի և նպատակի, օգտագործված անալիտիկ մեթոդի մասին, եթե այն օգտագործվել է, այն լաբորատորիայի մասին, որտեղ իրականացվել է լաբորատոր հետազոտությունը, և հետազոտության արդյունքների մասին:

31. Լաբորատոր ստուգման արդյունքների մասին փաստաթղթերի ձևակերպման կանոնները համաձայնեցվում են երրորդ երկրի իրավասու մարմնի և կողմի լիազոր մարմնի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

Ա Կ Տ

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

N _________________                            ____ ___________ 20__ թ.

 

Մարզային (քաղաքային) լիազոր մարմնի տարածքային մասնաճյուղ

_______________________________________________ մարզի (քաղաքի)

Կազմակերպության անվանումը____________________________________________________

Շարժական (տեղափոխվող) օբյեկտի անվանումը ___________________________________

Նմուշառման վայրը_______________________________________________________________

  (օբյեկտի անվանումը և հասցեն)

 

Իմ (մեր) ___________________________________________________________________կողմից

(նմուշառում իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը)

 

Ներկայությամբ___________________________________________________________________

  (անունը, հայրանունը, ազգանունը, նշել տեղափոխվող օբյեկտի սեփականատիրոջ ներկայացուցչի (ներկայացուցիչների) պաշտոնը,

_________________________________________________________________________________

  իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կատարվեց զննում_______________________________________________________________

  (տեղափոխվող օբյեկտի անվանումը)

_________________________________________________________________________________

Խմբաքանակի չափը_________________________, ընդունման ամսաթիվը_______________

  (քաշը, քանակը)
  _________________________________________________________________________________

  (նշել անվանումը, քանակի միավորը և տրանսպորտային միջոցների համարները)

 

Առկա փաստաթղթերը_____________________________________________________________

  (թվարկել փաստաթղթերի տեսակները, համարները և տալու ամսաթվերը)

Փաստաթղթերի բացակայում______________________________________________________

  (նշել՝ ինչպիսի)

Ապրանքն արտադրված է _________________________________________________________

  (արտադրող երկիրը)

__________________________________________________________________________________

Պահպանման ժամկետը, արտադրողը, արտադրման ամսաթիվը______________________

__________________________________________________________________________________

 

Ապրանքի զննման արդյունքները___________________________________________________

  (արտաքին տեսքը, հոտը, փաթեթի ամբողջականությունը,

__________________________________________________________________________________

  մակնշման համապատասխանությունը, ապրանքի ներքին ջերմաստիճանը և այլն)

 

Մթերքների և կերերի լաբորատոր հետազոտում անցկացնելու հիմքերը

__________________________________________________________________________________

(պլանային և վերահսկողական կարգով, անասնաբուժական-սանիտարական վտանգի կասկածանք, որակի անհամապատասխանության մասին տեղեկատվություն, տեղափոխվող օբյեկտի տիրոջ կողմից պահպանման պայմանների խախտում)

 

Նմուշները վերցվել են _____________________________________________________ ժամին

 

Համաձայն _______________________________________________________________________

  (նշել փաստաթղթի անվանումը)

 

________________ քանակությամբ, համարակալված և կնքված_________________________

__________________________________________________________________________________

 

Ուղարկվում են____________________________________________________________________

 (նշել անասնաբուժական լաբորատորիայի անվանումը)

__________________________________________________________________________համար:

  (նշել լաբորատոր հետազոտման տեսակները)

 

Նմուշի ուղարկման ամսաթիվը __________________________________________________

 

Նմուշառում իրականացնող պետական

 

պաշտոնատար անձ ______________________ _____________________________________

 (ստորագրությունը)   (անունը, հայրանունը, ազգանունը)

Ապրանքի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը __________ _____________________

  (ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
Նշումներ նմուշների ստացման մասին______________________________________________

_________________________________________________________________________________

 

Նմուշներն ստացավ ______________________________________________________________

 (ստորագրությունը, անասնաբուժական լաբորատորիայի մասնագետի պաշտոնը,

անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման

 

Մ Ի Ա Ս Ն Ա Կ Ա Ն  Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ

ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. Երրորդ երկրների կազմակերպությունների տվյալները հրապարակվում են ԵՏՄՀ-ի ինտերնետային կայքում:

2. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրի ինտերնետային հասանելիությունն իրականացվում է անվճար:

3. ԵՏՄ-ի տարածք ապրանքի արտահանման իրավունք ունեցող Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրը ռուսերենով (եթե այլ բան նախատեսված չէ) պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) կազմակերպության անվանումը՝ անգլերենով կամ այլ ազգային լեզվով.

2) կողմի լիազոր մարմնի կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված կազմակերպության համարը.

3) ստուգման ենթակա այն ապրանքների ցանկը, որոնք տվյալ կազմակերպությունն իրավունք ունի արտահանելու ԵՏՄ.

4) Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության անասնաբուժասանիտարական կարգավիճակը (այսուհետ` կարգավիճակ) և դրա փոփոխման ամսաթիվը:

4. Անասնաբուժական ենթահսկման ապրանքներ արտադրող այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված չեն Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում, իրավունք չունեն ապրանք արտահանելու ԵՏՄ:

5. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում երրորդ երկրների կազմակերպություններն ստանում են հետևյալ կարգավիճակներից մեկը՝

1) «Անսահմանափակ»՝ ներկա պահին կազմակերպությունը կարող է ԵՏՄ տարածք արտահանել ենթահսկման ապրանքներ՝ առանց արգելքների և լրացուցիչ սահմանափակումների.

2) «Ժամանակավոր սահմանափակ»՝ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների արտահանումը ժամանակավորապես դադարեցված է.

3) «Խստացված լաբորատոր վերահսկողություն»՝ կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ արտահանվում է նմուշառում իրականացվելուց հետո՝ լաբորատոր հետազոտության համար.

4) «Զգուշացում»՝ երրորդ երկրի իրավասու մարմինը կողմի լիազոր մարմնի կողմից զգուշացվում է կազմակերպության արտադրած ենթահսկման ապրանքների խախտումների համար՝ այն պարագայում, երբ այդ խախտումները դեռ չեն հանգեցրել ժամանակավոր սահմանափակումների կամ էլ ուժեղացված լաբորատոր վերահսկողության կիրառման ռեժիմի.

5) «Հատուկ պահանջներ»՝ լրացուցիչ միջոցներ օգտագործելու անհրաժեշտություն, որպեսզի կազմակերպությունների կողմից արտադրված ենթահսկման ապրանքների արտահանումը ԵՏՄ շարունակվի, հակառակ դեպքում այն կդադարեցվի: Նման դեպքերում Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրը հղում է կատարում այն փաստաթղթին, որը կպարզաբանի, թե կոնկրետ ինչպիսի հատուկ պահանջներ են:

6. Կազմակերպությունը Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկվում է հետևյալ դեպքերում՝

1) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ենթահսկման ապրանքներ ԵՏՄ ներմուծելու թույլտվության մասին տեղեկատվության մեջ տվյալ կազմակերպության մասին տվյալների տրամադրման դեպքում, եթե այդ պետությունը հաջողությամբ անցել է ստուգման օտարերկրյա պետական համակարգի աուդիտի գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխով սահմանված կարգով.

2) կազմակերպության արտադրած ենթահսկման ապրանքների և արտադրման գործընթացների ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից երաշխիքների տրամադրման դեպքերում, երբ երրորդ երկրի իրավասու մարմինն իրավունք ունի երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխով սահմանված կարգով.

3) կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում կողմի լիազոր մարմնի որոշման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կազմակերպությունը կարող է հեռացվել Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրից՝ տվյալ կազմակերպության հարցման կամ երրորդ երկրի իրավասու մարմնի հարցման արդյունքում:

8. Բացառությամբ արտակարգ իրավիճակների՝ կազմակերպության կողմից արտադրվող արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակում իրականացվում է հետևյալ դեպքերից որևէ մեկի դեպքում՝

1) երրորդ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության պահանջի դեպքում.

2) ԵՏՄ-ի պահանջներին կրկնակի անհամապատասխանության դեպքում, ինչը հայտնաբերվել է կա՛մ արտագնա ստուգման ժամանակ և (կամ) կազմակերպության կրկնակի ստուգման ժամանակ, կա՛մ ենթահսկման ապրանքների մոնիթորինգի և ուժեղացված լաբորատոր ստուգման ժամանակ, որի մասին տեղեկացվել էր երրորդ երկրի իրավասու մարմինը, և եթե հայտնաբերված թերություններն զգալի վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների կյանքի ու առողջության համար:

9. ԵՏՄՀ-ն կարող է ընդունել որոշում երրորդ երկրի մի խումբ կազմակերպությունների կամ բոլոր կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին՝ երրորդ երկրի ստուգման պետական համակարգում լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե իրավիճակը կարգավորելու համար միջոցներ չեն ձեռնարկվել, և այդ ժամանակավոր սահմանափակումները համապատասխանում են այդ խախտումների արդյունքում մարդկանց և կենդանիների առողջությանն սպառնացող ռիսկին:

10. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության կարգավիճակը փոփոխվում է հետևյալ դեպքերում՝

1) կազմակերպության հարցում.

2) երրորդ երկրի իրավասու մարմնի հարցում.

3) ներմուծողի հարցում, ով ցանկանում է ներմուծել իր կազմակերպությունում արտադրված ենթահսկման ապրանքներ.

4) կողմի լիազոր մարմնի կողմից կազմակերպության արտագնա տեսչական ստուգում.

5) ԵՏՄ-ի տարածքում կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանության խախտման հայտնաբերում.

6) կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների նկատմամբ ուժեղացված լաբորատոր ստուգման ժամանակի ավարտ.

7) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնից հետագա երաշխիքների ընդունման մերժում.

8) երրորդ երկրի իրավասու մարմնի` երաշխիքներ տրամադրելու իրավունքի վերականգնում.

9) երրորդ երկրի ստուգման պետական համակարգի կրկնակի աուդիտի արդյունքների հիման վրա համարժեքության վերաբերյալ բացասական որոշում.

10) երրորդ երկրի ստուգման պետական համակարգի կրկնակի աուդիտի արդյունքների հիման վրա համարժեքության վերաբերյալ դրական որոշում:

11. Երրորդ երկրի իրավասու մարմինը և մյուս կողմերի լիազոր մարմինները կողմի լիազոր մարմնի կողմից տեղեկացվում են կարգավիճակի ցանկացած փոփոխության, նման փոփոխության պատճառի մասին՝ ներառյալ այն տեղեկատվությունը, ինչը վերաբերում է ԵՏՄ-ի պահանջներին անհամապատասխանությունը հաստատած հետազոտություններին, եթե նման լաբորատոր հետազոտություններն են պատճառ հանդիսացել կարգավիճակի փոփոխության համար:

12. Խախտումների մասին հաշվետվություն ստանալով՝ երրորդ երկրի իրավասու մարմինն ուսումնասիրում է իրավիճակը և որոշում դրանց ուղղման միջոցառումները, եթե դրանք անհրաժեշտ են, և հաստատում նման միջոցառումների անցկացումը: Իրադրության նշված ուսումնասիրության արդյունքում երրորդ երկրի իրավասու մարմինը կարող է հարցում կատարել Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության կարգավիճակը փոխելու մասին:

13. Ցանկացած փոփոխություն նշվում է Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում՝ առանց անհիմն հետաձգումների, համապատասխան որոշումն ընդունելուց կամ համապատասխան հարցումն ստանալուց հետո՝ այն դեպքում, երբ չի պահանջվում ԵՏՄՀ-ի կամ կողմի լիազոր մարմնի կողմից որոշման ընդունում:

 

II. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

14. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը տվյալների բազա է, որը ղեկավարվում է ԵՏՄ-ի հանձնաժողովի կողմից: ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը հասանելի է ԵՏՄ-ի հանձնաժողովի և կողմի լիազոր մարմինների ինտերնետային կայքում:

15. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրից ինտերնետի միջոցով հասանելիությունն իրականացվում է անվճար:

16. Մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք ենթահսկման ապրանքներ տեղափոխելու իրավունք ունեցող կողմերի կազմակերպությունների ռեեստրը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) կողմը.

2) կազմակերպության անվանումը.

3) կողմի լիազոր մարմնի կողմից տրված պետական գրանցման համարը.

4) մարզը.

5) կազմակերպության հասցեն.

6) գործունեության տեսակը.

7) անասնաբուժասանիտարական կարգավիճակը.

8) ռեեստրում կազմակերպության գրանցվելու հիմքը:

17. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը կարող է պարունակել նաև այլ տեղեկություններ գրանցված կազմակերպությունների մասին:

18. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունները կարող են ունենալ հետևյալ կարգավիճակները՝

1) «Անսահմանափակ»՝ կազմակերպությունը կարող է ենթահսկման ապրանքներ արտահանել մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք՝ առանց որևէ արգելքների և լրացուցիչ սահմանափակումների.

2) «Ժամանակավոր սահմանափակ»՝ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքները ժամանակավորապես չեն կարող տեղափոխվել մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք.

3) «Ուժեղացված լաբորատոր վերահսկողություն»՝ կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքները մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք տեղափոխելիս՝ ցանկացած խմբաքանակից վերցվում են նմուշներ և ուղարկվում լաբորատոր ստուգման.

4) «Զգուշացում»՝ կազմակերպության գտնվելու կողմի լիազոր մարմինն զգուշացված է մյուս կողմի լիազոր մարմնի կողմից կամ կազմակերպությունն է զգուշացված գտնվելու վայրի կողմի լիազոր մարմնի կողմից, սակայն այդ խախտումները դեռևս պատճառ չեն հանդիսացել սահմանափակումների կամ հավելյալ արգելքների համար.

5) «Հատուկ պահանջներ»՝ կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքները կարող են փոխադրվել մյուս կողմերի տարածք՝ տեղափոխման համար հատուկ միջոցառումների պահանջի կիրառմամբ, առանց դրանց իրականացման՝ փոխադրումն արգելվում է: Նման դեպքում ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրը հատուկ հղում է կատարում հատուկ միջոցառումների տեսակին:

19. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել՝

1) կողմի լիազոր մարմնի ներկայացմամբ.

2) կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում:

20. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրից կազմակերպությունը կարող է հանվել իր պահանջով:

21. ԵՏՄ-ի կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության կարգավիճակի փոփոխման պատճառ կարող է լինել՝

1) կազմակերպության դիմումը.

2) կողմի լիազոր մարմնի որոշումը.

3) կազմակերպության արտագնա տեսչական ստուգումը (կրկնակի ստուգումը).

4) կողմերից մեկի տարածքում կազմակերպության կողմից արտադրված ենթահսկման ապրանքների հետ կապված խախտումների հայտնաբերումը.

5) կազմակերպության կողմից արտադրվող ենթահսկման ապրանքների ուժեղացված լաբորատոր ստուգման ժամկետի ավարտը:

22. Ցանկացած փոփոխություն, որը չի պահանջում կողմի լիազոր մարմնի կամ ԵՏՄ-ի հանձնաժողովի որոշման ընդունում, առանց որևէ անհիմն ձգձգումների, մուտքագրվում է ԵՏՄ-ի կազմակերպությունների տվյալների բազայում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան