ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2015 թվականի N 764-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 16 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր տնտեսական վնասների գնահատման և հատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Հնարավոր տնտեսական վնասի և հատուցման հաշվարկներն իրականացվում է ձեռնարկողի կողմից կամ նրա պատվերով:
3. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկման և հատուցման հիմքում դրված է բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դեգրադացիայի տնտեսական արժեքի գնահատման հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են՝
1) տնտեսական գործունեություն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նախագծային փաստաթղթերով նախատեսված, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեություն.
2) հնարավոր տնտեսական վնաս՝ տնտեսական գործունեության հետևանքով (արդյունքում) շրջակա միջավայրին պատճառվելիք վնասների հանրագումարը` դրամական արտահայտությամբ.
3) հատուցում` շրջակա միջավայրին հասցվելիք վնասների հատուցման վճարների հանրագումարը` դրամական արտահայտությամբ:
II. ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատումն իրականացվում է ըստ շրջակա միջավայրի բաղադրիչների:
6. Հնարավոր տնտեսական վնասը հաշվարկվում է`
ՎՏ= ՀԱԳ + ՋԱԳ +ՕԱԳ,
որտեղ՝
ՎՏ-ն հնարավոր տնտեսական վնասն է դրամային արտահայտությամբ.
ՀԱԳ-ն հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով (բնական միջավայրի աղտոտում, բնական ռեսուրսների աղքատացում, էկոհամակարգերի քայքայմանը կամ վնասմանը հանգեցնող շրջակա միջավայրի բացասական փոփոխություններ) պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշման համաձայն.
ՋԱԳ-ը ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման համաձայն.
ՕԱԳ-ն մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշման համաձայն:
7. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկներն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում:
8. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկները կիրառվում են նախատեսվող գործունեության բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքում ընտրված տարբերակի հիմնավորման մեջ:
9. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկները ներառվում են օրենքով սահմանված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվությունում:
III. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասի հատուցումը ներառում է նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում ազդեցություն կրող շրջակա միջավայրի բաղադրիչների հատուցման վճարների հանրագումարը՝ գումարային արտահայտությամբ:
11. Հատուցման վճարների հաշվարկներն իրականացվում են շրջակա միջավայրի այն բաղադրիչների համար, որոնք կարող են կրել որևէ ազդեցություն՝ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում:
12. Հատուցման վճարների հաշվարկման համար կիրառվում են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված դրույքաչափերը: Հատուցման վճարները ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
13. Հատուցման վճարների հաշվարկները ներառվում են ՇՄԱԳ-ի հաշվետվությունում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|