Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2015-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.648
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2015 թվականի N 762-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ (ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ` ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻՆ ՀԱՐՈՂ) ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման հավելվածով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 99-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 8-ի N 762-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ (ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ` ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻՆ ՀԱՐՈՂ)

ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման արդյունավետ գործող մեխանիզմների հետ կապված հարաբերությունները:

2. Մշտադիտարկումը (մոնիթորինգ) իրականացվում է հողերի, ջրային ռեսուրսների ջրի, մթնոլորտային օդի բաղադրության և որակական ցուցանիշների նկատմամբ՝ պետական, համայնքային և մասնավոր հողատարածքներում: Համայնքային և մասնավոր հողատարածքներում մշտադիտարկումն իրականացվում է համապատասխան տարածքի սեփականատիրոջ համաձայնությամբ:

3. Մշտադիտարկման արդյունավետ գործող մեխանիզմ է հանդիսանում շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման արդյունավետ կազմակերպումը (մշտադիտարկման կետերի և հետազոտման տեսակների նպատակային ընտրությունը), դրա վերաբերյալ պարբերաբար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղեկատվության փոխանակումը:

4. Շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում աղտոտվածության մշտադիտարկումն ընդգրկում է`

1) օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների մշտադիտարկումները՝ 7-րդ կետում սահմանված հարցերի շրջանակներում.

2) մթնոլորտի աղտոտվածության, օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մակարդակների դիտարկումները.

3) հողերի քիմիական և ֆոնային աղտոտվածության (պեստիցիդներով, ագրոքիմիկատներով, ծանր մետաղներով և այլն) մշտադիտարկումները.

4) ջրային ռեսուրսների ջրի քիմիական աղտոտվածության մշտադիտարկումները.

5) շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկումը:

5. Շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածքներ (մասնավորապես` հանքավայրերին հարող) են համարվում այն տարածքները, որոնցում մշտապես կամ ժամանակավոր առկա է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված` օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման տեսանկյունից վտանգավոր իրավիճակ` կապված պոչամբարների տեխնիկական անբավարար վիճակի, պոչանքային տնտեսության օբյեկտներից արտահոսքերի և հողերի աղտոտվածություն, մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական կազմի վրա բացասական ազդեցության հետ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման հավելվածով հաստատված մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ իրավիճակ.

3) ըստ հողերի քիմիական աղտոտվածության աստիճանի վտանգավորության կատեգորիաների և հողում պարունակվող օրգանական և անօրգանական միացությունների վտանգավորության դասերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշման հավելվածով սահմանված` հողերի վտանգավոր, խիստ վտանգավոր աղտոտվածություն.

4) տնտեսական գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների աղտոտում, որն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի՝ ջրօգտագործման նպատակային նշանակության կամ որակի կարգերի փոխադարձ կապերի առաջարկվող համակարգի գնահատվում է IV կարգ (անբավարար) կամ V կարգ (վատ).

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 866-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված գործառույթների շրջանակում իրականացված շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ճառագայթային անվտանգության նորմերի խախտումներ` բնական ճառագայթման աղբյուրներից ճառագայթման ազդեցության, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտվածության հետևանքով:

6. Շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակի հետ կապված բնակչության անվտանգության ապահովման և բնակչության առողջության վրա ազդեցության ռիսկերի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման նպատակով սույն կարգի 4-րդ կետով սահմանված մշտադիտարկումներ իրականացնող լիազոր մարմինները մշտադիտարկումների (հանքերի փակումից հետո նաև՝ օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի) իրականացման արդյունքները տարեկան կտրվածքով ամփոփում են և եռամսյա ժամկետում, իսկ վտանգի հայտնաբերման (շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակների արձանագրման) դեպքում՝ 24 ժամվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվում է նաև համապատասխան մարզպետարանին, իսկ վտանգի հայտնաբերման դեպքում` նաև համայնքի ղեկավարին:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշմամբ սահմանված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաղորդվող մշտադիտարկումների տեղեկատվությունը պետք է պարտադիր ընդգրկի հետևյալը՝

1) մշտադիտարկումների իրականացման լեռնային աշխատանքների ազդեցության երկու գոտիների (լեռնահատկացման և զգալի ազդեցության գոտիներ) սահմանները.

2) արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքում՝

ա. պոչամբարների տեխնիկական վիճակը,

բ. պոչանքային տնտեսության օբյեկտներից արտահոսքերի և հողերի աղտոտվածություն՝ արտահոսքի վայրից ռելիեֆի ավելի բարձր և ավելի ցածր հիպսոմետրիկ բարձրություններում.

3) մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական կազմի վրա ազդեցությունը:

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության վիճակի կանխատեսման, ազդարարման և արձագանքման նպատակով կատարված դիտարկումներն ու դրանց մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման հավելվածով հաստատված կարգով: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տեղեկացնում է նաև աղտոտման անշարժ աղբյուրներից վթարային կամ զարկային արտանետումների հետևանքով առաջացած մթնոլորտային օդի գերնորմատիվային աղտոտվածության մասին:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգի համաձայն` մթնոլորտի աղտոտվածության վիճակի դիտարկումների յուրաքանչյուր անշարժ և երթուղային դիտակետի տեղակայման և վերահսկման ենթակա նյութերի ցանկը (բացառությամբ երթուղային դիտակետերում վերահսկման ենթակա նյութերի ցանկի) պետք է համաձայնեցնի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն առաջարկներ է ներկայացնում օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնին՝ ելնելով բնակչության առողջության վրա հանքավայրերին հարող տարածքներում շրջակա միջավայրի գործոնների հնարավոր և փաստացի բացասական ազդեցության տվյալներից:

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման համաձայն` տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ժամանակավոր նորմատիվների ընդունման վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, վերջինիս կողմից ազդեցության գոտում ընդգրկված տարածքի բնակչության առողջության ռիսկերի գնահատում իրականացնելու համար:

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ն որոշման հավելվածի համաձայն ջրօգտագործողի գործունեության արդյունքում ավելի մեղմ ժամանակավոր համաձայնեցված արտահոսքեր (ԺՀԱ) և դրանցից սահմանային թույլատրելի արտահոսքերին (ՍԹԱ) անցնելու ժամանակացույցեր սահմանելու վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, վերջինիս կողմից ազդեցության գոտում ընդգրկված տարածքի բնակչության առողջության ռիսկերի գնահատում իրականացնելու համար:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական սուր ազդեցության մասին արձանագրած փաստերի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում իրազեկում է շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմիններին` համատեղ միջոցառումների իրականացման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 762-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան