ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 հունիսի 2015 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (4-ՐԴ ՀԵՐԹ) ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 13.05.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և լսելով բանավոր պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի ապրիլի 14-ին:
2. Համաձայնագիրն ունի ութ հավելված` Հավելված 1. «Ստանդարտ պայմաններ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի», Հավելված 2. «Ներդրումային վարկի պայմանները», Հավելված 3. «Հիմնական պարտքի մարման ժամանակացույց», Հավելված 4. «Նախագծի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերի տեսակները», Հավելված 5. «Նախագծի նկարագրությունը և իրականացման կարգը», Հավելված 6. «Նախագծի մոնիթորինգ և գնահատում», Հավելված 7. «Գնումների ընթացակարգեր» և Հավելված 8. «Միջոցների ծախսման ընթացակարգերը»:
3. Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 150. 000. 000 (հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար` Հայաստանի Հանրապետությունում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ ձգվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում անցանելիությունը բարձրացնելու և վթարները նվազեցնելու նպատակով: Վարկի հասանելիության վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 31-ն է: Վարկի օգտագործման ժամկետը ոչ ավելի, քան 20 տարի է` սկսած Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից, ներառյալ այն ժամանակահատվածը, որի ընթացքում հիմնական պարտքի մարում չի կատարվում` ոչ ավելի, քան 5 տարի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
●
Ներդրումային վարկի սպասարկման և մարման համար Կառավարչի հաշվին վճարել գումարներ` Համաձայնագրի համաձայն, այդ թվում` սկզբնական միանվագ միջնորդավճար, որը հավասար է Ներդրումային վարկի գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսին, որը վճարվում է ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 60 օր անց, տոկոսներ` տարեկան 1.65 (մեկ ամբողջ վաթսունհինգ հարյուրերորդական) տոկոս դրույքաչափով, որոնք հաշվարկվում և վճարվում են յուրաքանչյուր կիսամյակ` յուրաքանչյուր կիսամյակի վերջին ամսվա 30-ին, սկսած այն կիսամյակից, երբ կատարվել է Ներդրումային վարկի միջոցների առաջին հատկացումը, և ավարտված Ներդրումային վարկի հիմնական պարտքի եզրափակիչ վճարման ժամկետով, հիմնական պարտք` համաձայն Հավելված 3-ով սահմանված` Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի, Համաձայնագրով և Հավելված 1-ով նախատեսված այլ վճարումներ (Համաձայնագրի հոդված 3, կետ 3.1., Հավելված 3, Բաժին 3.01. և Հավելված 2),● ապահովել Նախագծի իրականացումը՝ Համաձայնագրով և Հավելված 1-ի 4.01. բաժնի պահանջներով սահմանված կարգով և պայմաններով՝ Համաձայնագրի Հավելված 5-ում նկարագրված` Նախագծի իրականացման ծրագրին համապատասխան (Համաձայնագրի հոդված 4, կետ 4. 1., ենթակետ «ա»),
● Նախագծի իրականացման ընթացքում ապահովել Համաձայնագրի Հավելված 2-ում նշված քաղաքականության և ընթացակարգերի կիրառելի պահանջների կատարումը, հաշվետվությունների և փաստաթղթերի կազմումը և տրամադրումը Կառավարչին՝ նշված քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «բ»),
● ապահովել տեխնիկական միջոցների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք պահանջվում են Նախագծի արդյունավետ ապահովման համար՝ Հավելված 1-ի 4.01. բաժնի (բ) կետին համապատասխան, ամեն տարի ՀՀ բյուջեից առանձնացնել բավականաչափ ծավալով հատկացումներ` Նախագծի իրականացման ծախսերի ֆինանսավորման, այդ թվում` Հավելված 1-ի 2.03. բաժնում նշված հարկերի վճարման և ԱԶԲ-ի` վերաբնակեցման մասով պաշտպանական միջոցների քաղաքականության պահանջների կատարման նպատակով (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «գ»),
● ապահովել Նախագծի մոնիթորինգը և գնահատումը, ինչպես նաև Նախագծի իրականացման ընթացքի մասին Համաձայնագրով նախատեսված հաշվետվության տրամադրումը` Հավելված 1-ի 4.03. բաժնի և Հավելված 6-ի համաձայն (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «ե»),
● ապահովել Նախագծի ֆինանսական մոնիթորինգի մասին հաշվետվության պատրաստումը և Կառավարչին ներկայացումը` Կառավարչին բավարարող ձևով և բովանդակությամբ (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «զ»),
● ապահովել Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարումը, ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացումը և Կառավարչին տեղեկատվության տրամադրումը` Հավելված 1-ի 4.04. բաժնի պահանջներին համապատասխան (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «է»),
● ապահովել Նախագծի ֆինանսավորման համար հատկացված միջոցների օգտագործումը՝ Հավելված 8-ում նկարագրված միջոցների օգտագործման ընթացակարգերին համապատասխան (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «ը»),
● Ներդրումային վարկի միջոցներից ապահովել Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացումը Հավելված 7-ում նկարագրված գնումների ընթացակարգերին համապատասխան (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «թ»),
● ապահովել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում (կամ դրա իրավահաջորդում) «Նախագծի իրականացման խումբ» կառուցվածքային ստորաբաժանման ձևավորումը` կազմված մասնագետներից, որոնց մրցունակությունը թույլ է տալիս արդյունավետ իրականացնել Նախագիծը՝ Հավելված 2-ում նշված քաղաքականության և ընթացակարգերի համաձայն, ներառյալ` «Նախագծի իրականացման խմբի» գործունեության ապահովումը Նախագծի իրականացման և վերջնական հաշվետվության տրամադրման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև «Նախագծի իրականացման խմբին» ռեսուրսների տրամադրումը, որոնք անհրաժեշտ են հանձնարարված գործողությունների կատարման համար (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.1., ենթակետ «ժ»),
● Կառավարչին ներկայացնել տեղեկատվություն ՀՀ ֆինանսական և տնտեսական պայմանների մասին` համաձայն Հավելված 1-ի 5.01. բաժնի (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.3.),
● ապահովել, որպեսզի ՀՀ որևէ արտաքին պարտք չունենա առավելություն Ներդրումային վարկի պարտքի նկատմամբ՝ Հավելված 1-ի 6.01. բաժնի դրույթներին համապատասխան (Համաձայնագրի հոդված 4, կետ 4.4.):
5. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նախագծերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կնքել է մի շարք այլ միջազգային պայմանագրեր, մասնավորապես.
● 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր (ՀՀ կողմից վավերացվել է 2010թ. փետրվարի 2-ին` Ազգային ժողովի 186-Ն որոշմամբ (ՍԴՈ-860),
● 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիր (ՀՀ կողմից վավերացվել է 2010թ. փետրվարի 2-ին` Ազգային ժողովի 187-Ն որոշմամբ (ՍԴՈ-861), որով ԱԶԲ-ն իր Հատուկ ֆոնդի ռեսուրսներից ՀՀ-ին տրամադրել է 38.443.000 փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ) համարժեք գումարի չափով վարկ,
● 2011թ. մայիսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիր (ՀՀ կողմից վավերացվել է 2011թ. հունիսի 23-ին` Ազգային ժողովի 280-Ն որոշմամբ (ՍԴՈ-979),
● Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիր (ՀՀ կողմից վավերացվել է 2014թ. հունիսի 10-ին` Ազգային ժողովի 119-Ն որոշմամբ (ՍԴՈ-1151),
● 2014թ. մարտի 11-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3 (ընդհանուր գործողություններ)» վարկային համաձայնագիր (ՀՀ կողմից վավերացվել է 2014թ. հունիսի 10-ին` Ազգային ժողովի 118-Ն որոշմամբ (ՍԴՈ-1152),
● Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին նամակ-համաձայնագիր (վավերացման մասին տեղեկատվությունը բացակայում է (ՍԴՈ-1158), որով Վարկային համաձայնագրով նախատեսված Ծրագիր 2-ի շրջանակներում վարկի փակման ժամկետը երկարաձգվում է 24 ամսով և ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն` վճարել լրացուցիչ պարտավճար` շուրջ 240.000 ԱՄՆ դոլարի չափով:
6. Քննության առարկա Համաձայնագրի շրջանակներում կիրառվում են մի շարք կանոններ և ընթացակարգեր, մասնավորապես`
● Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումների քաղաքականությունը (հաստատված է Հիմնադրամի Խորհրդի` 2013թ. հուլիսի 10-ի որոշմամբ, արձանագրություն թիվ 11),
● Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) 2011 թվականի հունվարի` «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառություններով և ԶՄԱ վարկերով ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցը (Guidelines: Procurment of Goods, Works and Non-consulting Services under IBRD Loans and IDA Credits & Grants by World Bank Borrowers, January 2011),
● Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) 2011 թվականի հունվարի` «ՎԶՄԲ փոխառություններով և ԶՄԱ վարկերով խորհրդատուների ընտրություն և վարձում» ուղեցույցը (Guidelines: Selection and employment of Consultants under IBRD Loans and IDA Credits & Grants by Word Bank Borrowers, January 2011),
● Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 2009թ. հունիսի` «Կանոնակարգ պաշտպանական միջոցների քաղաքականության մասին» գործառութային քաղաքականությունը (Asian Development Bank Policy Paper: Safeguard Policy Statement, June 2009),
● Ասիական զարգացման բանկի 1998 հուլիսի` հակակոռուպցիոն քաղաքականությունը (Asian Development Bank: Anticorruption Policy, July 1998),
● Ասիական զարգացման բանկի 2012 թվականի դեկտեմբերի` թափանցիկության սկզբունքները և ուղեցույցները (Asian Development Bank Integrity Principles and Guidelines, December 2012),
● Ասիական զարգացման բանկի 2011 թվականի հոկտեմբերի` «Տեղեկատվության բացահայտում և փոխանակում» հասարակության հետ կապերի քաղաքականությունը (Asian Development Bank Public Communications Policy: Disclosure and Exchange of Information, Օctober 2011):
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն ծրագրի իրականացմանն առնչվող վարկային համաձայնագրի վերաբերյալ, մասնավորապես` 2014թ. մայիսի 27-ի ՍԴՈ-1151 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ. «ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված թերությունների և բացթողումների բացառումը, ինչպես նաև արված եզրակացությունների և առաջարկությունների կենսագործումը վերոհիշյալ Պայմանագրով ստանձնած ՀՀ պարտավորությունների արդյունավետ կատարման, հետևաբար` նաև ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրների իրագործման երաշխիք են»:
Սույն համաձայնագրի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը նույնպես գտնում է, որ անհրաժեշտ է վարկային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողական կառուցակարգերի արմատավորում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
11 հունիսի 2015 թ. ՍԴՈ-1219 |