ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 648-Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 19 |
Հավելված |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
1. Արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը կիրառվում է արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում, եթե առաջանում է հատուկ կարգ կիրառելու անհրաժեշտություն:
3. Սույն կարգը կիրառելու անհրաժեշտությունը կառաջանա, որպես արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով սահմանված լինելու դեպքում:
4. Արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը, ձեռքբերումը և շրջանառությունն ապահովում է շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
5. Հանձնաժողովը էներգոհամակարգի, սննդաարդյունաբերության և բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս բոլոր կազմակերպությունների գործունեությունը կազմակերպում է արտակարգ դրությանը համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և վերահսկողություն:
6. Արտակարգ դրության ժամանակ հանձնաժողովն ապահովում է տեղական արտադրության կենսապես կարևորագույն սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որակի պահպանության վերահսկումը և բնակչության կողմից ձեռքբերման հնարավորությանը համապատասխանող առաջարկի առկայությունը:
7. Հանձնաժողովը որոշում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի գինը բնակչության գնողունակությանը համապատասխան:
8. Հանձնաժողովի որոշմամբ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի ծավալները կարող են սահմանափակվել՝ կախված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից և անձի համար դրա անհրաժեշտությունից:
9. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, պահպանության հատուկ ռեժիմ իրականացնելու նպատակով արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով կենսաապահովման օբյեկտներում սահմանում է շուրջօրյա հերթապահություն:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|