Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0020/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0020/02/14

2015թ.

Նախագահող դատավոր`   Լ. Գրիգորյան

Դատավորներ`

Գ. Մատինյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ընդդեմ Ռուբերտ Մուսիկյանի` համատեղ սեփականության ներքո գտնվող հողամասից փաստացի զբաղեցրած հողամասն առանձնացնելու պահանջի մասին, և ըստ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանի պահանջի` սեփականության իրավունքը ճանաչելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյանները պահանջել են իրենց և Ռուբերտ Մուսիկյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից առանձնացնել իրենց փաստացի զբաղեցրած հողատարածքը:

19.05.2014 թվականին դիմելով դատարան` Լյուդմիլա Մսրյանը պահանջել է իրեն ներգրավել որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 հասցեում գտնվող 29քմ մակերեսով տան նկատմամբ 1/2 բաժնի չափով, ինչպես նաև նույն նրբանցքի թիվ 24/1 և 24/2 տների 132,6քմ մակերեսով ընդհանուր համատեղ հողամասի նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 18.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Լյուդմիլա Մսրյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 և 24/2 հասցեներում գտնվող, Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյաններին ու Ռուբերտ Մուսիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից առանձնացնել Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյանների փաստացի զբաղեցրած հողամասը, ճանաչել Լյուդմիլա Մսրյանի սեփականության իրավունքը Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 հասցեում գտնվող, Ռուբերտ Մուսիկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող և Ռուբերտ Մուսիկյանի կողմից փաստացի զբաղեցրած հողամասի 1/2 մասի նկատմամբ: Ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանի պահանջը` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տան 68,85քմ մակերեսով ցանկապատված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2014 թվականի որոշմամբ Լյուդմիլա Մսրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Դատարանի 18.06.2014 թվականի վճիռը մասնակիորեն՝ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների հայցը բավարարելու և Լյուդմիլա Մսրյանի` հողամասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժելու մասով, բեկանել և այդ մասերով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճիռը՝ մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյանների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի (ընդունվել է 29.01.1991 թվականին, ուժի մեջ է մտել 15.03.1991 թվականին, ուժը կորցրել է 15.06.2001 թվականին) (այսուհետ` 1991 թվականի ՀՀ հողային օրենսգիրք) 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով կողմերի միջև մեկ այլ` թիվ ԵԱՆԴ/0628/02/10 քաղաքացիական գործով դատարանն ապացուցված է համարել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 հասցեում գտնվող 169,9քմ մակերեսով տունը, դրանով զբաղեցված և հարակից հողամասը դեռևս 29.01.1991 թվականից փաստացի առանձնացված և առանձին մուտքով օգտագործվում է Ժամկոչյանների կողմից, իսկ Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 հասցեում գտնվող 63,0քմ շինություններով ծանրաբեռնված և հարակից հողամասն առանձին մուտքով օգտագործվում է Ռուբերտ Մուսիկյանի կողմից: Այսինքն` այն հանգամանքը, որ Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյաններն իրենց տարածքն առանձնացրել են 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը գործելուց առաջ, արդեն իսկ քննվել և որպես հաստատված հանգամանք ապացուցվել է թիվ ԵԱՆԴ/0628/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:

Բացի այդ, գործում առկա «ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.01.2013 թվականի թիվ 12-2592 շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ նույնպես հաստատվում է, որ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ու Ռուբերտ Մուսիկյանի կողմից օգտագործվող հողամասերը սահմանազատված են շինությունների պատերով և ցանկապատով, իսկ ներկայիս տարբերակով հողամասերի օգտագործման վաղեմությունը կազմում է շուրջ 20 տարի:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով թե′ պատասխանողը, և թե′ երրորդ անձը Դատարանում գործի քննության ընթացքում փաստել և ընդունել են այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորները վիճարկվող տարածքը տիրապետում և օգտագործում են դեռևս 1987 թվականից, որպիսի փաստն արդեն իսկ օրենքի ուժով վիճարկման ենթակա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.06.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբերտ Մուսիկյանի ընդդեմ Անդրանիկ Ժամկոչյանի և Արևհատ Ժամկոչյանի, Գարեգին Ստեփանյանի` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի 612,04քմ մակերեսով հողի համատեղ օգտագործման խոչընդոտ հանդիսացող պատնեշն իրենց միջոցներով վերացնելուն պարտավորեցնելու և ազատված տարածքը կողմերի համատեղ օգտագործմանը թողնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ընդդեմ Ռուբերտ Մուսիկյանի` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տան (165,9քմ) շինություններով ծանրաբեռնված և սպասարկման համար անհրաժեշտ 286,3քմ մակերեսով առանձնացված հողամասը տիրազուրկ գույք ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջերի մասին, 25.07.2013 թվականի թիվ ԵԱՆԴ/0628/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը մերժել է, իսկ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների հակընդդեմ հայցապահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը՝ կարճել (հատոր 1-ին, գ.թ. 11-25):

2. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.01.2013 թվականի թիվ 12-2592 շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 հասցեի՝ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյաններին պատկանող անշարժ գույքով ծանրաբեռնված և հարակից հողամասը, ինչպես նաև հարևանությամբ Ռուբերտ Մուսիկյանին պատկանող անշարժ գույքով ծանրաբեռնված և հարակից հողամասը փաստացի առանձնացված են, իսկ սահմանները՝ սահմանազատված: Առանձնացված են հողամասերի մուտքերը, որոնք իրականացվում են փողոցի կողմից:

Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ու Ռուբերտ Մուսիկյանի կողմից օգտագործվող հողամասերը սահմանազատված են շինությունների խուլ պատերով և ցանկապատով: Հողամասերի սահմանազատման վաղեմությունը բնորոշվում է միմյանց նկատմամբ նրանց դիրքով և շինություններով, որոնց հիման վրա և ձևավորվել է սահմանազատման ուրվագիծը: Արդյունքում, ըստ առկա իրավիճակի և փաստաթղթերում արտացոլված տվյալների՝ պարզ է դառնում, որ ներկայիս տարբերակով հողամասերի օգտագործման վաղեմությունը կազմում է շուրջ 20 տարի (հատոր 1-ին, գ.թ. 27-40):

3. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 19.01.2009 թվականի թիվ 2586363 վկայականի համաձայն` Երևանի Ավան համայնքի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Ռուբերտ Մուսիկյանին: Միաժամանակ վկայականում հողամասի մակերեսի չափը նշվել է 0,1448հա մակերես, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը` ընդհանուր համատեղ, իսկ շենքի մակերեսը` 28,8քմ (հատոր 1-ին, գ.թ. 43-46):

4. Անշարժ գույի սեփականության իրավունքի գրանցման 08.10.2008 թվականի թիվ 2562240 վկայականի համաձայն` Երևանի Ավան համայնքի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Արևհատ Ժամկոչյանին (3/4) և Անդրանիկ Ժամկոչյանին (1/4): Միաժամանակ վկայականում հողամասի մակերեսի չափը նշվել է 0,1448հա մակերես, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը` ընդհանուր համատեղ, իսկ շենքի մակերեսը՝ 169,9քմ (հատոր 1-ին, գ.թ. 47-50):

5. 23.11.1979 թվականին տրված ամուսնության վկայականի համաձայն` Ռուբերտ Մուսիկյանը և Լյուդմիլա Մսրյանն ամուսիններ են (հատոր 1-ին, գ.թ. 95):

6. 04.06.2014 թվականին նշանակված դատաքննության ընթացքում պատասխանող Ռուբերտ Մուսիկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ երբ ինքը 1986 թվականին Ռուսաստանից վերադարձել է, վիճելի հողամասն արդեն իսկ հայցվորների կողմից ցանկապատված է եղել: Նույն օրը դատական նիստին երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանը նույնպես ցուցմունք է տվել, որ վիճելի հողամասը ցանկապատվել է 1985-1986 թվականներին (հիմք՝ դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ.թ. 105, 109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք սույն գործում առկա ապացույցները համակցության մեջ գնահատվելու պայմաններում բավարար են հաստատված համարելու այն հանգամանքը, որ վիճելի հողամասը մինչև 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը փաստացի առանձնացված է եղել:

1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1) այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և

2) դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (տե'ս, Ռիմա Համբարձումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/1471/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Այսինքն` տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար հատկացված այն հողամասերը, որոնք մինչև 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն` անհատույց կարգով:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելիս, իսկ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանի պահանջը մասնակի բավարարելիս, հիմք ընդունելով 29.01.1991 թվականին ընդունված և 15.03.1991 թվականին ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, հանգել է այն հետևության, որ կողմերը սկսած 1990 թվականներից մինչ օրս փաստացի առանձնացված և առանձին մուտքերով օգտագործում ու տիրապետում են ընդհանուր սեփականություն հանդիսացող վիճելի հողամասը: Այսինքն` 20 և ավելի տարիներ Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 հասցեում գտնվող 169,9քմ մակերեսով տունը, դրանով զբաղեցված և հարակից հողամասը փաստացի առանձնացված և առանձին մուտքով օգտագործվում է հայցվորների կողմից, իսկ Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 հասցեում գտնվող 63,0քմ մակերեսով շինություններով ծանրաբեռնված և հարակից հողամասը՝ առանձին մուտքով, օգտագործվում է պատասխանող Ռուբերտ Մուսիկյանի կողմից: Դատարանը, միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, գտել է, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2013 թվականի թիվ ԵԱՆԴ/0628/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները սույն գործով նախադատելի են և ապացուցման կարիք չունեն:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելով և գործը բեկանված մասով նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ գործում բացակայում են բավարար ապացույցներ, որոնցով կհաստատվեր այն հանգամանքը, որ հայցվորները կամ նրանց իրավանախորդները 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը գործելուց առաջ արդեն իսկ առանձնացրել են իրենց կողմից պահանջվող հողամասն ընդհանուր հողամասից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Սույն գործով կողմերը չեն վիճարկել փաստն առ այն, որ հայցվորների իրավանախորդ Երջանիկ Ժամկոչյանը 14.04.1982 թվականին ներքին առուվաճառքի պայմանագրով Ռուբերտ Մուսիկյանին վաճառել է Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24 տան 29,0քմ բնակմակերեսով սենյակը: Համաձայն գործում առկա` սեփականության իրավունքի գրանցման 19.01.2009 թվականի թիվ 2586363 վկայականի՝ Երևանի Ավան համայնքի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 բնակելի տունը Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանի 28.01.1991 թվականի թիվ 2-372 վճռի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է Ռուբերտ Մուսիկյանին, ընդ որում` վկայականում հողամասի մակերեսի չափը նշվել է 0,1448հա, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը` ընդհանուր համատեղ: Համաձայն գործում առկա` սեփականության իրավունքի գրանցման 08.10.2008 թվականի թիվ 2586363 վկայականի` Երևանի Ավան համայնքի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Արևհատ Ժամկոչյանին և Անդրանիկ Ժամկոչյանին, ընդ որում՝ վկայականում հողամասի մակերեսի չափը նշվել է 0,1448հա, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը` ընդհանուր համատեղ:

Գործում առկա` ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.01.2013 թվականի թիվ 12-2592 շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 հասցեի՝ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյաններին պատկանող անշարժ գույքով ծանրաբեռնված և հարակից հողամասը, ինչպես նաև հարևանությամբ Ռուբերտ Մուսիկյանին պատկանող անշարժ գույքով ծանրաբեռնված և հարակից հողամասը փաստացի առանձնացված են, իսկ սահմանները՝ սահմանազատված: Առանձնացված են հողամասերի մուտքերը, որոնք իրականացվում են փողոցի կողմից: Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ու Ռուբերտ Մուսիկյանի կողմից օգտագործվող հողամասերը սահմանազատված են շինությունների խուլ պատերով և ցանկապատով: Հողամասերի սահմանազատման վաղեմությունը բնորոշվում է միմյանց նկատմամբ նրանց դիրքով և շինություններով, որոնց հիման վրա և ձևավորվել է սահմանազատման ուրվագիծը: Արդյունքում, ըստ առկա իրավիճակի և փաստաթղթերում արտացոլված տվյալների՝ պարզ է դառնում, որ ներկայիս տարբերակով հողամասերի օգտագործման վաղեմությունը կազմում է շուրջ 20 տարի:

Սույն գործի քննության ընթացքում, այն է` 04.06.2014 թվականին նշանակված դատաքննության ժամանակ, Ռուբերտ Մուսիկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ երբ ինքը 1986 թվականին Ռուսաստանից վերադարձել է, վիճելի հողամասն արդեն իսկ հայցվորների կողմից ցանկապատված է եղել: Նույն օրը դատական նիստին երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանը նույնպես ցուցմունք է տվել, որ վիճելի հողամասը ցանկապատվել է 1985-1986 թվականներին:

Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո համակցության մեջ գնահատելով սույն գործում առկա ապացույցները` գրավոր փաստաթղթերը, փորձագետի եզրակացությունը, գործին մասնակցող անձանց ցուցմունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցները բավարար էին հանգելու այն հետևության, որ 1991 թվականի դրությամբ վիճելի հողամասն արդեն իսկ փաստացի առանձնացված էր հայցվորների և Ռուբերտ Մուսիկյանի, երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանի միջև, և կողմերն իրենց տիրապետումն իրականացրել են այդ բաժանմանը համապատասխան: Այսինքն` ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասը փաստացի սահմանզատված է եղել կողմերի միջև (ունենալով տարբեր մուտքեր և տարբեր հասցեներ` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տուն և Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/2 տուն), հետևաբար 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության հիմքով կողմերից յուրաքանչյուրը դարձել է իր կողմից փաստացի զբաղեցված հողամասի բաժնեմասի սեփականատերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնք հաստատում են վիճելի հողամասը կողմերի միջև մինչև 1991 թվականն առանձնացված լինելու փաստը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյանների պահանջը` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից իրենց կողմից փաստացի զբաղեցրած հողամասն առանձնացնելու վերաբերյալ, հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանի պահանջը` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տան 68,85քմ մակերեսով ցանկապատված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, ենթակա է մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ հանգել է Դատարանը վեճն ըստ էության լուծելիս:

Անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձանց այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել գործում առկա և սույն գործով նախադատելի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2013 թվականի թիվ ԵԱՆԴ/0628/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության սուբյեկտիվ սահմանները որոշվում են գործին մասնակցող անձանց շրջանակով, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նոր կայացվող դատական ակտ կարող են ներմուծվել միայն, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և նոր կայացվող դատական ակտով գործին մասնակցող անձինք նույնն են: Նախադատելիության ինստիտուտի կիրառումն անթույլատրելի է այն դեպքերում, երբ սկզբնական և հաջորդող գործերում գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն (տե'ս, Վահագն Ղազարյանն ընդդեմ Լուսինե և Սոնա Մխիթարյանների և մյուսների թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

 Սույն գործում առկա` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2013 թվականի թիվ ԵԱՆԴ/0628/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբերտ Մուսիկյանի ընդդեմ Անդրանիկ Ժամկոչյանի և Արևհատ Ժամկոչյանի, Գարեգին Ստեփանյանի` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի 612,04քմ մակերեսով հողի համատեղ օգտագործման խոչընդոտ հանդիսացող պատնեշն իրենց միջոցներով վերացնելուն պարտավորեցնելու և ազատված տարածքը կողմերի համատեղ օգտագործմանը թողնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների ընդդեմ Ռուբերտ Մուսիկյանի` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տան (165,9քմ) շինություններով ծանրաբեռնված և սպասարկման համար անհրաժեշտ 286,3քմ մակերեսով առանձնացված հողամասը տիրազուրկ գույք ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Նշված գործով դատարանը վճռել է հայցը մերժել, իսկ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների հակընդդեմ հայցապահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է:

Վերը նշված վճռից հետևում է, որ թիվ ԵԱՆԴ/0628/02/10 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձինք են Ռուբերտ Մուսիկյանը, Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանները, Գարեգին Ստեփանյանը, մինչդեռ սույն քաղաքացիական գործով գործին մասնակցող անձինք են Ռուբերտ Մուսիկյանը, Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանները, ինչպես նաև ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0628/02/10 քաղաքացիական գործով և սույն քաղաքացիական գործով գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն, մասնավորապես` սույն գործի քննությանը մասնակցող երրորդ անձ Լյուդմիլա Մսրյանը թիվ ԵԱՆԴ/0628/02/10 քաղաքացիական գործի քննության չի մասնակցել, հետևաբար, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2013 թվականի թիվ ԵԱՆԴ/0628/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով սույն գործի համար նախադատելի լինել չեն կարող:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ թեև վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները վերաբերում են միայն հայցապահանջի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տան 68,85քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասերին, ապա Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ևս վերաբերում են միայն վճռաբեկ բողոքում նշված հիմքերին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանները վճռաբեկ բողոքի համար վճարել են 40.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ընդ որում, մասամբ հայցապահանջի մասով, մասամբ էլ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիմումի կապակցությամբ, որպիսի հանգամանքներում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ և Արևհատ Ժամկոչյանների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը համամասնությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ռուբերտ Մուսիկյանի և Լյուդմիլա Մսրյանի կողմից` յուրաքանչյուրից 20.000-ական ՀՀ դրամ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման` հայցի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի` Երևանի Ավան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 24/1 տան 68,85քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասերով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասերով օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Ռուբերտ Մուսիկյանից հօգուտ Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյանների բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Լյուդմիլա Մսրյանից հօգուտ Արևհատ և Անդրանիկ Ժամկոչյանների բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան