Գլխավոր տեղեկություն
Համար
N 1066-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1096
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1066-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ, 9-րդ և 35-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կազմը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման դեպքում դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելու մասին» N 279-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք կամ ցածրարժեք հողատեսքերի փոփոխման գործընթացները:

2. Բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող գյուղատնտեսական հողատեսքերը (այսուհետ` բարձրարժեք), ավելի ցածր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող (այսուհետ` ցածրարժեք) հողատեսքերի փոխադրումը համայնքի ղեկավարի կողմից կարող է իրականացվել յուրաքանչյուր մարզում` մարզպետի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) դրական եզրակացության հիման վրա:

Հողամասի սեփականատերը գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու համար դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին` համաձայն N 3 հավելվածով հաստատված N 1 ձևի: Գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը դիմումն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու դիմումը: Հանձնաժողովի նախագահը դիմումն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի օրակարգը և դիմումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գումարում է հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար:

 Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նյութերի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղազննության հիման վրա հանձնաժողովը՝ հանձնաժողովի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն:

Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից՝ որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հողամասի սեփականատիրոջը, համապատասխան համայնքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում համայնքի ղեկավարն ընդունում է փոխադրման մերժման մասին որոշում:

Համայնքի ղեկավարը համապատասխան որոշումը (փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին) ընդունում է եզրակացությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(2-րդ կետը լրաց. 23.07.15 N 806-Ն)

3. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի կարող են փոխադրվել, եթե գտնվում են մեծ թեքությունների վրա, օգտագործման ընթացքում խիստ էռոզացվել են և կուլտուրտեխնիկական, ագրոտեխնիկական և այլ գյուղատնտեսական միջոցառումներով հնարավոր չէ վերականգնել հողատեսքերի որակական հատկանիշները, կամ հողամասերում ընթանում են ճահճացման, աղակալման, աղտոտման և այլ երևույթներ, որոնք հնարավոր չէ վերականգնել կանխարգելման միջոցառումներով:

4. Բարձրարժեք ջրովի հողատեսքերն ավելի ցածրարժեք անջրդի հողատեսքերի փոխադրման համար հանձնաժողովը մինչև եզրակացություն տրամադրելն ստանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան գրավոր տեղեկանք ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին: Ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկանքը տրամադրում է հանձնաժողովի նիստի օրակարգը հանձնաժողովի անդամներին տրամադրելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 23.07.15 N 806-Ն)

5. Համայնքի ղեկավարը հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում ընդունում է համապատասխան որոշում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

6. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու դեպքերում համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները), իսկ դրանց կադաստրային գները հաշվարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը մնում են նույնը: Այն համայնքներում, որտեղ նշված որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման խմբերում փոխադրված հողատեսքերի համար գնահատման համապատասխան խմբերը բացակայում են, դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում նույն հողակադաստրային գնահատման շրջանի նույն հողատեսքի համապատասխան խմբի կադաստրային գինը (զուտ եկամուտը), իսկ դրա բացակայության դեպքում՝ այդ համայնքի նույն հողատեսքի կադաստրային գնի (զուտ եկամտի) միջին չափը:

(6-րդ կետը խմբ. 23.07.15 N 806-Ն)

7. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, եթե գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերը դարձել են ավելի բարձրարժեք պետական կամ համայնքային բյուջեի հաշվին իրականացված միջոցառումների արդյունքում: Հողամասի սեփականատիրոջ միջոցների հաշվին իրականացված միջոցառումների արդյունքում գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք դառնալու դեպքում հողամասի սեփականատերը դիմում է ներկայացնում` համաձայն N 4 հավելվածով հաստատված N 2 ձևի: Համայնքի ղեկավարը գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է դրա մասին դիմում ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը խմբ. 23.07.15 N 806-Ն)

8. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում (բացառությամբ ցածրարժեք անջրդի հողատեսքերը բարձրարժեք ջրովի հողատեսքերի փոխադրելու դեպքերի) համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները), և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը նույնպես կարող են փոխվել: Դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված` տվյալ հողակադաստրային գնահատման շրջանի, տվյալ հողատեսքի, նույն ոռոգելիության, ամենամոտ բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող հողակադաստրային գնահատման խումբը:

(8-րդ կետը խմբ. 23.07.15 N 806-Ն)

9. Գյուղատնտեսական նշանակության հողերի, հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, իսկ մեկ օրինակը հողամասի սեփականատիրոջը:

(9-րդ կետը փոփ., լրաց. 23.07.15 N 806-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները հողատեսքերի փոփոխություններ կրած գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով, հիմք ընդունելով գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները, որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են կադաստրային գնահատություն, որոնց արդյունքները հիմք են ընդունվում մինչև «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին` ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

(10-րդ կետը փոփ. 23.07.15 N 806-Ն)

11. Գյուղատնտեսական նշանակության հողերի, հողատեսքերի` սահմանված կարգով փոփոխություններն արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 23.07.15 N 806-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրման համար անհրաժեշտ եզրակացություն տրամադրող հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու նպատակով յուրաքանչյուր մարզում մարզպետի կողմից ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են`

1) մարզպետը կամ մարզպետի համապատասխան տեղակալը (հանձնաժողովի նախագահ).

2) մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետը (հանձնաժողովի քարտուղար).

3) մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը (հանձնաժողովի անդամ).

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

6) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

8) համապատասխան համայնքի ղեկավարը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ).

9) համապատասխան համայնքի գյուղատնտեսության գծով մասնագետը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ):

(2-րդ կետը փոփ. 23.07.15 N 806-Ն)

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, հողային և ջրային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով և սույն որոշմամբ հաստատված կարգերով:

4. Հանձնաժողովի հիմնական գործառույթը եզրակացություններ տալն է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: (նախադասությունները հանվել են 23.07.15 N 806-Ն) Հանձնաժողովի քարտուղարը նիստի գումարման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ նիստի օրակարգը տրամադրում է հանձնաժողովի անդամներին:

(5-րդ կետը փոփ. 23.07.15 N 806-Ն)

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: (նախադասությունը հանվել է 23.07.15 N 806-Ն)

(6-րդ կետը փոփ. 23.07.15 N 806-Ն)

7. Հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է, որտեղ նշվում են`

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և անցկացման վայրը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը հրավիրված անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցներ.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

8. Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են արձանագրությանը:

9. Հանձնաժողովի նիստերը բաց են, որոնց կարող է մասնակցել նաև հողամասի սեփականատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

10. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից՝ որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հողամասի սեփականատիրոջը, համապատասխան համայնքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

(10-րդ կետը փոփ. 23.07.15 N 806-Ն)

11. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 23.07.15 N 806-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման

 

Ձև N 1

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը/անվանումը)

___________________________________

(բնակության վայրը/գտնվելու վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ _________________________ հասցեում գտնվող գյուղատնտեսական -------------բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք՝----------------- հողատեսքի:

 

Տեղեկացնում եմ՝

ա. հողամասի ծածկագիրը՝ ___________________,

բ. ամբողջ հողամասի և փոխադրման ենթակա հողամասի մակերեսը՝

______________________,

գ. հողամասի առկա նպատակային նշանակությունը, հողատեսքը՝ _____________,

դ. փոփոխվող հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, __________________,

ե. հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար------------ առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)


-----------------------------------:

 

Դիմող՝ ________________  ______________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

--- -----------------թ.

(հավելվածը լրաց. 23.07.15 N 806-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման

 

 Ձև N 2

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը/անվանումը)

___________________________________

(բնակության վայրը/գտնվելու վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ _________________________ հասցեում գտնվող գյուղատնտեսական ---------------ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք՝----------------- հողատեսքի:

 

Տեղեկացնում եմ՝

ա. հողամասի ծածկագիրը՝ ___________________,

բ. ամբողջ հողամասի և փոխադրման ենթակա հողամասի մակերեսը՝

 ______________________,

գ. հողամասի առկա նպատակային նշանակությունը, հողատեսքը՝ _____________,

դ. փոփոխվող հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, __________________,

ե. հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի համար------------ առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)
------------------------------------:

 

Դիմող՝ ________________  ______________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

--- -----------------թ.

(հավելվածը լրաց. 23.07.15 N 806-Ն)