Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/32(1121) Հոդ.426
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 մայիսի 2015 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված`«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 2015 թվականի ապրիլի 8-ին։

 

2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երեսուն միլիոն (30,000,000) դոլար գումարի չափով վարկ (Վարկ)` Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու համար:

Ծրագրի նպատակը համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման և հասանելիության բարելավումն է:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

- տեղական մակարդակով սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակություն, այդ թվում` համայնքային միկրոծրագրերի իրականացում, ներառյալ, ի թիվս այլնի` կրթական, առողջապահական և սոցիալական ծառայություններ (օրինակ` դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական կլինիկաներ, համայնքային կենտրոններ, մարզադահլիճներ, խաղահրապարակներ) ապահովող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում և/կամ ընդլայնում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում, հիմնանորոգում և ոռոգման ու գյուղերում էլեկտրիֆիկացման փոքր աշխատանքների իրականացում.

- միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին օժանդակություն, այդ թվում տարածքային բարեփոխումների սատարում` զարգացման նորարարական նախաձեռնությունների իրականացման միջոցով, որոնցում ներգրավված են երկու կամ ավելի համայնքներ.

- ինստիտուցիոնալ հզորացում և Ծրագրի կառավարում, այդ թվում` ինստիտուցիոնալ օժանդակության ապահովում, կարողությունների ստեղծում, տեխնիկական աջակցություն:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել սկզբնավճար, որը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25 տոկոս).

բ) վճարել պարտավճար, որը հավասար է Վարկի չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25 տոկոս).

գ) Վարկի մայր գումարի վճարումը կատարել յուրաքանչյուր ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին, սկսած` 2029 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2039 թվականի ապրիլի 1-ը` 4.76 տոկոս և 2039 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 4.80 տոկոս.

դ) Վարկային համաձայնագրով նախատեսված Իրականացման համաձայնագրի շրջանակում կատարել իր իրավունքները և պարտականությունները` այնպես, որ պաշտպանվեն իր և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի շահերը և իրագործվեն Վարկի նպատակները.

ե) վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ` Վարկային համաձայնագրով սահմանված կարգով:

Վարկային համաձայնագրի հավելվածի Բաժին I-ի 3-րդ կետի համաձայն` ««ՀՍՆՀ» կամ «Ծրագրի իրականացման մարմին» նշանակում է «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» կամ դրա իրավահաջորդը, որն ընդունելի է Բանկի համար՝ ստեղծված որպես ՀՍՆՀ օրենսդրությանը համապատասխանող իրավաբանական անձ»: Հարկ է նշել, որ սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրի կնքման պահին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշմամբ արդեն իսկ վերանվանվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ: Նույն որոշմամբ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման իրավասությունը վերապահվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի ապրիլի 16-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրին:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրով նախատեսված Ծրագիրը չունի հստակ հասցեական բնույթ, ինչը մեծացնում է վարկային միջոցների օգտագործման ռիսկայնության աստիճանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի, մասնավորապես, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 22/5, 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 30/3 և 2014 թվականի մարտի 25-ի թիվ 10/2 որոշումներով հաստատված ընթացիկ հաշվետվություններով արձանագրվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման տարաբնույթ խախտումներ:

Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ դրանց կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագիրը ևս պահանջում է հասցեական վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի իրականացման և կառավարման առումով` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված`«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

26 մայիսի 2015 թ.

ՍԴՈ-1211

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան