Գլխավոր տեղեկություն
Համար
N 677-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2015-26.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.15/19(531) Հոդ.531
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 677-Ն

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տեսչական մարմինների կառավարման խորհուրդների անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և անդամների առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարներին՝ համապատասխան տեսչական մարմին ստեղծելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 25
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 677-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ

 

1. Հայաստանի Հանրապետության ______________________ նախարարության _______________տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին է:

2. Խորհուրդը կազմված է ------ անդամից:

3. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ----- նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության --------- նախարարության ներկայացուցիչը (համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ------ բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, ------- բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և ---------- բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան:

5. Խորհրդի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

6. Խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության ----- նախարարը (նախարարի տեղակալը) կամ Հայաստանի Հանրապետության ----- նախարարը (նախարարի տեղակալը)՝ հաջորդաբար յուրաքանչյուր տարին մեկ պարբերականությամբ:

7. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

4) հանձնարարականներ է տալիս խորհրդի քարտուղարությանը.

5) կատարում է աշխատանքի բաժանում խորհրդի անդամների միջև:

8. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ.

3) մասնակցելու քվեարկությանը:

9. Խորհրդի անդամը խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:

10. Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալը, որը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նիստերի հրավիրման և անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է տեսչական մարմինը:

13. Տեսչական մարմնի փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ՝ խորհրդի քարտուղարություն) ղեկավարը հանդիսանում է խորհրդի քարտուղարը (այսուհետ` քարտուղար):

14. Խորհրդի քարտուղարությունը՝

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու ապահովում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

2) արձանագրում է խորհրդի նիստերը.

3) ապահովում է խորհրդի նիստերի արդյունքում ընդունված որոշումների և դրանց հանձնարարականների տրամադրումը եռօրյա ժամկետում տեսչական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց.

4) խորհրդի նիստից հետո եռօրյա ժամկետում տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակում է խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները.

5) խորհրդի անունից նախապատրաստում է հարցումներ՝ ուղղված պետական մարմիններին և հասարակական միավորումներին՝ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

6) իրականացնում է խորհրդի որոշումների (դրանցում նշված ժամկետներում) կատարման ընթացքի մշտադիտարկումը և արդյունքների մասին զեկուցում խորհրդի նախագահին.

7) համակարգում է տեսչական մարմնի և գործարար միավորումների ներկայացուցիչների միջև համագործակցությունը.

8) իրականացնում է խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովումը:

15. Քարտուղարը`

1) կազմակերպում է քարտուղարության աշխատանքները.

2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին.

3) ապահովում է խորհրդի աշխատանքներին նրա անդամների և հրավիրված անձանց մասնակցությունը.

4) խորհրդի` մասնավոր հատվածը ներկայացնող անդամների վերաբերյալ շահերի բախում առաջացնող հանգամանքների մասին տեղեկություն ստանալու դեպքում հայտնում է խորհրդի նախագահին, որը խորհրդի քննարկմանն է ներկայացնում այդ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունը.

5) իր բացակայության դեպքում լիազորում է քարտուղարության համապատասխան մասնագետին ապահովել քարտուղարության բնականոն աշխատանքների կազմակերպումը:

16. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

17. Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

18. Քարտուղարը նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը՝ համաձայնեցնելով այն խորհրդի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի հետ:

19. Խորհրդի նիստի օրակարգը և դրա հետ կապված նյութերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ, իսկ արտահերթ նիստերի հրավիրման դեպքում՝ առնվազն երկու օր առաջ, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև այլ պատշաճ միջոցներով, ուղարկվում են խորհրդի անդամներին և հրավիրված անձանց:

20. Խորհրդի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:

21. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ից ավելին:

22. Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:

23. Որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

24. Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

25. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարական՝ հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու համար:

26. Յուրաքանչյուր հերթական նիստին խորհուրդը լսում և հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված տեսչական մարմնի գործունեության գնահատումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ հաջորդ նիստին՝ տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունը, որը խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ և ներկայացնում է առաջարկություններ:

27. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նախորդող նիստին քննարկում և հաստատում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով նախատեսված տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը:

28. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի ղեկավարը:

29. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահը, անդամները և քարտուղարը: Խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 677-Ն որոշման

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա որոշմամբ՝ համապատասխան տեղակալը, համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա որոշմամբ՝ համապատասխան տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

2. Խորհրդի կազմում պետական մարմինների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարը համապատասխան թեկնածու ներկայացնելու առաջարկությամբ դիմում է սույն կարգի 1-ին կետով և տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին:

3. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանութուն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործարար շահերը ներկայացնող միավորումների և գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով տեսչական մարմինն իր կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն: Դիմումները ներկայացնելու համար սահմանվում է մեկամսյա ժամկետ:

4. Խորհրդի կազմում` որպես համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպության, ինչպես նաև գործարար միավորումների ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն են ծավալում տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացվող ոլորտում առնվազն 1 տարի, ինչպես նաև այն հասարակական կազմակերպությունները, որոնք առնվազն երեք տարի ներկայացնում են համապատասխան ոլորտի սպառողների շահերը:

5. Խորհրդի կազմում` որպես համապատասխան ոլորտի գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գիտական կազմակերպությունները՝

1) որոնք համապատասխան գործունեությամբ են զբաղվում ոչ պակաս, քան 5 տարի.

2) չեն հանդիսանում լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի վերահսկողության բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատող:

6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կազմակերպությունները, խորհրդի անդամության հայտի հետ միաժամանակ, ներկայացնում են իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

7. Տեսչական մարմինը սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող կազմակերպությունների թվից ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներին:

8. Խորհրդի անդամության թեկնածուներն ընտրվում են ներքին գնահատման համակարգի միջոցով: Ներքին գնահատման համակարգը բաղկացած է 10 սանդղակից՝ 1-ից մինչև 10 համարակալմամբ, որտեղ 1-ին սանդղակը համակարգի վերին շեմն է, իսկ 10-րդ սանդղակը՝ ստորին:

9. Հասարակական և գիտական կազմակերպությունների գնահատումը և դասակարգումն ըստ սանդղակների իրականացնում է տեսչական մարմինը՝ կազմակերպությունների կողմից ներկայացված՝ նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության արդյունքում:

10. Սահմանված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ է հրավիրում անդամների՝ սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված չափանիշների հիման վրա:

11. Խորհրդի` հասարակական կազմակերպությունները և գիտական կազմակերպությունները ներկայացնող անդամների թեկնածուներին ընտրելուց հետո տեսչական մարմինը եռօրյա ժամկետում դրանք ներկայացնում է լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ներկայացնելու և նրա կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով:

12. Համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունները և գիտական կազմակերպության ներկայացուցիչները խորհրդի կազմում ներգրավվում են մինչև երկու տարի ժամկետով` ռոտացիոն կարգով:

13. Խորհրդի` հասարակական կազմակերպությունները և գիտական կազմակերպությունները ներկայացնող անդամի խորհրդի կազմում ընդգրկվելու ժամանակաշրջանի ավարտին նախորդող եռամսյակում, տեսչական մարմինն իր կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում նոր անդամների թեկնածությունների ընտրության նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան