Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.08/15(527).1 Հոդ.421.27
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0033/04/13

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0033/04/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Տ. Նազարյան

Դատավորներ`

Կ. Հակոբյան

Ն. Տավարացյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Գասպարյանի ներկայացուցիչ Գոռ Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Սարգիս Գասպարյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սարգիս Գասպարյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 10.06.2014 թվականի որոշմամբ հաստատվել է Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2014 թվականի որոշմամբ Սարգիս Գասպարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.06.2014 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Գասպարյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատել է առանց Սարգիս Գասպարյանի ներկայացրած առարկությունները քննարկելու: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի (այսուհետ` Կառավարիչ) կողմից ներկայացված նախնական ցուցակը Սարգիս Գասպարյանը ստացել է 04.06.2014 թվականին և 10.06.2014 թվականի փոստային առաքմամբ Դատարան է ուղարկել իր կողմից կազմված առարկությունը: Այսինքն` Կառավարչի կողմից պարտատերերի պահանջների նախնական ցուցակը ստանալուց հետո առաջնորդվելով օրենսդրության պահանջներով` Սարգիս Գասպարյանը 7-օրյա ժամկետում Դատարան է ներկայացրել իր առարկությունը: Մինչդեռ Դատարանը Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը հաստատել է առանց վերջինիս կողմից ներկայացված առարկությունները քննարկելու և Բանկի կողմից ներկայացված պահանջի օրինականությունը պարզելու, ինչը, տվյալ դեպքում, Սարգիս Գասպարյանին զրկել է իր իրավունքների պատշաճ իրականացման հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկը, որ Դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատել է առանց իր կողմից ներկայացված առարկությունները քննարկելու, դատական նիստ հրավիրելու և Բանկի կողմից ներկայացված անօրինական պահանջի օրինականությունը պարզելու, իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են իրավական և փաստական հիմնավորումներից:

Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ գործող օրենսդրությունը հստակ սահմանել է պահանջների նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ ներկայացնելու ժամկետը, այն է` իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում:

 Ակնհայտ է, որ պարտապան Սարգիս Գասպարյանը, չնայած իր առարկությունները դատարան ներկայացնելու հնարավորության հանգամանքին, պարտատերերի պահանջների նախնական ցուցակի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում դատարան չի ներկայացրել պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ, իր դիրքորոշումը չի հայտնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ:

 Միաժամանակ վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ յոթնօրյա ժամկետի ընթացքը պետք է հոսի իր կողմից ծրարը ստանալու պահից, նույնպես զուրկ է փաստական և իրավական հիմնավորումներից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014 թվականի վճռով Սարգիս Գասպարյանը ճանաչվել է սնանկ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 166-175)։

2) Դատարանի 14.04.2014 թվականի որոշմամբ Սարգիս Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Հարությունյանը (այսուհետ` Կառավարիչ) (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 4-5)։

3) Կառավարիչը պարտապան Սարգիս Գասպարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը 30.05.2014 թվականին հրապարակել է «www.azdarar.am» ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և 31.05.2014 թվականին «Նովոյե Վրեմյա» թերթի 31.05.2014 թվականի համարում (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 165-166, 172):

4) Կառավարիչը պարտապան Սարգիս Գասպարյանին սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոստային առաքման եղանակով ուղարկել է 30.05.2014 թվականին (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 162):

5) Կառավարիչը պարտապան Սարգիս Գասպարյանի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը 04.06.2014 թվականին ներկայացրել է Դատարան` միջնորդելով հաստատել այն (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 153):

6) Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Կառավարչի կողմից պարտապան Սարգիս Գասպարյանին ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը Սարգիս Գասպարյանը փոստային առաքման եղանակով ստացել է 04.06.2014 թվականին:

7) Կառավարչի կողմից ներկայացված պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ իր առարկությունը Սարգիս Գասպարյանը փոստային առաքմամբ Դատարան է ներկայացրել 10.06.2014 թվականին (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 195):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտապանի համար սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու յոթնօրյա ժամկետի ընթացքը սահմանվում է սնանկության կառավարչի կողմից սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը մամուլում հրապարակելուց, թե՞ պարտապանի կողմից այն ստանալուց հետո:

 ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն`եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները, առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատավարությունում կողմերի մրցակցության սկզբունքի ապահովմանը՝ որպես ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման կարևոր նախապայման: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության իմաստով» սահմանադրորեն երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է, որն ուղղված է կողմերի դատավարական իրավունքների լիարժեք իրականացման ապահովմանը: Այսինքն` այն պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին (գործին մասնակցող անձանց) տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, օրինակ, «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ն ընդդեմ «Դվին կոնցեռն» թիվ 3-59(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե′ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավական մեկնաբանմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը, առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կառավարիչը պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Առանձնացնելով պարտապանին և 5 խոշոր պարտատերերին՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել սնանկության վարույթի ընթացքում այս սուբյեկտների համար սահմանելու առանձին կարգավիճակ` հաշվի առնելով սնանկության վարույթի հետագա ընթացքի վրա վերոհիշյալ սուբյեկտների հնարավոր ազդեցությունը, մասնավորապես` պահանջների դեմ պարտապանի կողմից հնարավորինս հիմնավորված առարկություններ ներկայացնելու հնարավորության ապահովումը: Հետևաբար կառավարչի պարտականությունն է ոչ միայն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում պահանջների նախնական ցուցակի հրապարակումը, այլև դրա պատշաճ ներկայացումը վերը նշված կողմերին, որպեսզի սնանկության վարույթի ընթացքում լիարժեք ապահովվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթում կառավարչի կողմից պահանջների նախնական ցուցակը պարտապանին ուղարկելը չպետք է կրի ձևական բնույթ: Մասնավորապես` կառավարիչը պահանջների նախնական ցուցակը պարտապանին ուղարկելու և այն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակելու իր իրավունքը պետք է իրականացնի այնպես, որպեսզի ապահովվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի հիմքով հրապարակումից հետո` 7 օրվա ընթացքում, նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու պարտապանի իրավունքը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները յուրաքանչյուր դեպքում պարտատերի նախնական ցուցակը հաստատելու հարցը քննելիս և այդ ցուցակի դեմ պարտապանի կողմից առարկությունները սահմանված ժամկետում ներկայացված լինելու կամ չլինելու հարցը պարզելիս պետք է հաշվի առնեն հետևյալ հանգամանքները`

ա) ե՞րբ է պարտապանը ստացել կառավարչի կողմից ուղարկված նախնական ցուցակը և ե՞րբ է նախնական ցուցակը կառավարչի կողմից հրապարակվել մամուլում,

բ) արդյո՞ք այդ պայմաններում հնարավոր է եղել պարտապանի՝ սահմանված ժակետում առարկություններ ներկայացնելու իրավունքի իրացումը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014 թվականի վճռով Սարգիս Գասպարյանը ճանաչվել է սնանկ: Դատարանի 14.04.2014 թվականի որոշմամբ Սարգիս Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Հարությունյանը: Սարգիս Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը պարտապան Սարգիս Գասպարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը 30.05.2014 թվականին հրապարակել է «www.azdarar.am» ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ 31.05.2014 թվականին՝ «Նովոյե Վրեմյա» թերթի 31.05.2014 թվականի համարում: Սարգիս Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը պարտապան Սարգիս Գասպարյանին սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոստային առաքման եղանակով ուղարկել է 30.05.2014 թվականին: Սարգիս Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը պարտապան Սարգիս Գասպարյանի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը 04.06.2014 թվականին ներկայացրել է Դատարան` միջնորդելով հաստատել այն: Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից պարտապան Սարգիս Գասպարյանին ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը վերջինս ստացել է 04.06.2014 թվականին: Սարգիս Գասպարյանը սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից ներկայացված պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ Դատարանին փոստային առաքմամբ առարկություն է ներկայացրել 10.06.2014 թվականին:

Դատարանը սույն գործով որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում կառավարիչը, պարտապանը և պարտատերը առարկություններ չեն ներկայացրել, ուստի պահանջների նախնական ցուցակը ենթակա է հաստատման»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «անհիմն է համարում բողոք բերած անձի փաստարկները` առարկություններն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու և համապատասխանաբար Դատարանի կողմից այն քննարկման առարկա դարձված չլինելու վերաբերյալ, քանի որ գործով հաստատվում է, որ բողոք բերած անձը առարկությունները Դատարանին ուղարկել է փոստային առաքմամբ 10.06.2014 թվականին, այսինքն` հաշվված Կառավարչի նախնական ցուցակը ստանալու օրվանից` 04.06.2014 թվականից հետո` յոթնօրյա ժամկետում, մինչդեռ օրենսդիրն առարկություն ներկայացնելու ժամկետ տվյալ դեպքում սահմանում է հաշվված հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պահանջների նախնական ցուցակը Կառավարչի կողմից Սարգիս Գասպարյանին փոստային առաքման եղանակով ուղարկվել է 30.05.2014 թվականին, որը վերջինս ստացել է 04.06.2014 թվականին: Կառավարիչը նախնական ցուցակը մամուլում հրապարակել է 31.05.2014 թվականին, իսկ արդեն 04.06.2014 թվականին դիմել է Դատարան՝ միջնորդելով հաստատել նշված ցուցակը: Սարգիս Գասպարյանը նշված ցուցակի դեմ առարկություն ներկայացրել է այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում` 10.06.2014 թվականին: Վճռաբեկ դատարանը, համադրելով վերը նշված փաստական հանգամանքները, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել պարտապանի՝ առարկություն ներկայացնելու իր իրավունքն իրացնելու իրական հնարավորությունը՝ վերջինիս զրկելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2014 թվականի որոշումը և գործը՝ Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասով, ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ