Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1214
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.24/37(1126) Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

11 հունիսի 2015 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2015թ. հունիսի 9-ի` ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը /Համաձայնագիր/ ստորագրվել է 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների տարածքներում արտակարգ մարդասիրական արձագանքման խնդիրների իրականացմանն աջակցելու համար ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն հիմնադրելու նպատակով:

Կենտրոնն ստեղծվում և գրանցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Կենտրոնը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել բնակավայրում:

Ըստ Համաձայնագրի` Կենտրոնը միջկառավարական մարդասիրական ոչ առևտրային կազմակերպություն է` ստեղծված Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների տարածքներում արտակարգ մարդասիրական արձագանքման խնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով և օժտված է իրավաբանական անձի իրավունքներով Կողմերի պետությունների տարածքներում` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

Կենտրոնի հիմնադիրներն են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Կենտրոնն իրավունք ունի ստեղծելու մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում:

Համաձայնագրի հավելվածն է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կանոնադրությունը, որը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը և որում սահմանված են Կենտրոնի կարգավիճակը, կառուցվածքը, կառավարման մարմինները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:

Ըստ Համաձայնագրի` Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է սույն Համաձայնագրին, Կողմերի պետությունների մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերին, գտնվելու վայրի օրենսդրությանը և Կենտրոնի կանոնադրությանը համապատասխան:

Իր գործունեությունն իրականացնելիս Կենտրոնը փոխգործակցում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնագիտացված և այլ միջազգային կառույցների հետ:

Համաձայնագրով նախատեսված է, որ Կենտրոնը չի կարող իրականացնել այնպիսի գործունեություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Կողմերի պետությունների շահերի դեմ:

Համաձայնագրի իրագործման պատասխանատվությունը դրվում է Կողմերի հետևյալ լիազոր մարմինների վրա` ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, իսկ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:

Համաձայնագրի իրագործման համար և փոխգործակցության խորացման նպատակով Կողմերի լիազոր մարմիններից յուրաքանչյուրն անհրաժեշտության դեպքում կարող է մյուս Կողմի լիազոր մարմնում նշանակել իր ներկայացուցիչներին:

Ըստ Համաձայնագրի` հայկական կողմից նշանակված Կենտրոնի աշխատակիցների իրավական կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ ռուսական կողմից նշանակված Կենտրոնի աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելիս ունեն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի` 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիային համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի կարգավիճակին համարժեք իրավական կարգավիճակ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Կենտրոնի կողմից իրականացվող նախագծերում և ծրագրերում կարող են մասնակցել միջազգային կազմակերպությունները, երրորդ պետությունները, ինչպես նաև այդ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձինք` Կողմերի լիազորված մարմինների փոխադարձ համաձայնությամբ և Կողմերի լիազոր մարմինների ու հնարավոր մասնակցի միջև պայմանավորվածություններով սահմանված պայմաններով:

Ըստ Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները`

- Կենտրոնի ստեղծման նպատակով իրականացնել մասնային սկզբնական վճարում, որը ներառում է Կենտրոնին օգտագործման իրավունքով փոխանցվող` Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցները, ինչպես նաև շարժական և անշարժ գույքը,

- Կենտրոնի գործունեությանն առնչվող անհաղթահարելի ուժի հանգամանքների ծագման դեպքում ապահովել, որպեսզի իր լիազոր մարմինը սեղմ ժամկետում ձեռնարկի Կենտրոնի աշխատակիցների կյանքի համար անվտանգ պայմանների ապահովման, ինչպես նաև Կենտրոնի գույքի պահպանմանը և Կենտրոնի գործունեության շուտափույթ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ,

- Կենտրոնին տրամադրել Կենտրոնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ առավելություններ, արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սահմանվում են Կողմերի միջև` առանձին համաձայնագրով,

- Կենտրոնի գործունեության դադարեցման դեպքում ձևավորել լուծարման հանձնաժողով և սահմանել դրա աշխատանքի պայմաններն ու կարգը,

- Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված` Կողմերի միջև ծագող վեճերն ու տարաձայնությունները լուծել մյուս Կողմի հետ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

11 հունիսի 2015 թ.

ՍԴՈ-1214