ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1617-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «Հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, օգտագործելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի N 289 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1617-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անվանման մեջ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներն օգտագործվում են՝ մարզի անվանման համար` համապատասխան մարզպետի, համայնքի անվանման համար` համապատասխան համանքի ղեկավարի կողմից տրված թույլտվության հիման վրա: Հայտը ներկայացվում է համապատասխան մարզպետին կամ համայնքի ղեկավարին, ընդ որում, համայնքի անվանման օգտագործման թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում հայտում նշվում է նաև մարզի անվանումը: Հայտին կցվում է ընթացիկ տարվա համար տեղական կամ պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը): Տուրքը վճարված լինելու դեպքում մարզպետը կամ համայնքի ղեկավարը թույլտվությունը տրամադրում է ընթացիկ տարվա համար՝ հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անվանման մեջ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանման օգտագործման համար թույլտվություն չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները համընկնում են իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի, բաժնետիրոջ կամ վերջիններիս զավակների կամ ծնողների անվան հետ, որի վերաբերյալ դիմողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող փաստաթղթեր: Ընդ որում, հետագայում իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի կամ բաժնետիրոջ փոփոխության դեպքում թույլտվություն չի պահանջվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 10
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|