Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.06.2015-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.658
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2002 թվականի N 931-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 27-ի N 931-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անվտանգության կարգավորման ենթակա բնութագրեր ունեցող միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելու համար մարդկանց, սեփականության և շրջակա միջավայրի պաշտպանվածությունն իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության կարգավորման ենթակա բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջուկային և ռադիացիոն նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին» N 1263 որոշմամբ հաստատված միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոններով (այսուհետ՝ հատուկ կանոններ):

2. Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած փոխադրամիջոցով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման և դրա հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց վրա:

(2-րդ կետը փոփ. 10.06.15 N 607-Ն)

3. Ռադիոակտիվ նյութերի ներկրման ու արտահանման, միջուկային նյութերի արտահանման ու տարանցիկ փոխադրման, մաքսային ռեժիմի պահպանման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

ներքին փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային սահմանը չհատող փոխադրում.

տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկու կետի միջև՝ առանց բեռնագիր փոխելու.

հատուկ պայմաններում իրականացվող փոխադրում՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոններից և անվտանգության նորմերի պահանջներից շեղումներով փոխադրում:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումներն իրականացվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորող մարմնի (այսուհետ՝ կարգավորող մարմին) կողմից տրված անվտանգ փոխադրման թույլտվության առկայության դեպքում:

6. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման թույլտվության ձևը սահմանում է կարգավորող մարմինը:

7. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի՝ ներքին յուրաքանչյուր փոխադրման համար անվտանգ փոխադրման թույլտվություն ստանալու նպատակով միջուկային և ռադիոակտիվ նյութեր պարունակող բեռն առաքողը պետք է կարգավորող մարմին ներկայացնի հայտ, որում պետք է նշված լինեն՝

ա) բեռն առաքողի անվանումը.

բ) բեռն առաքողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը.

գ) առաքվող միջուկային կամ ռադիոակտիվ նյութի (նյութերի) տեսակը և քանակը.

դ) բեռան տրանսպորտային ինդեքսը, իսկ միջուկային նյութ պարունակող բեռան համար՝ նաև կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը.

ե) հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման համար՝ նշում դրա մասին.

զ) բեռան կարգը (կատեգորիան).

է) փաթեթի վրա նշված ՄԱԿ-ի համարը.

ը) բեռն ստացողի անվանումը.

թ) բեռն ստացողի գտնվելու վայրը.

ժ) բեռան առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն).

ժա) բեռան փոխադրման միջոցը (բազմափուլ փոխադրման դեպքում՝ բոլոր փոխադրամիջոցները).

ժբ) բեռը փոխադրողի (փոխադրողների) անվանումը (անվանումները).

ժգ) բեռը փոխադրողի (փոխադրողների) գտնվելու վայրը.

ժդ) բեռան փոխադրման ժամանակահատվածը.

ժե) բեռան փոխադրման նախատեսվող երթուղին և փոխադրման ծրագիրը:

(7-րդ կետը փոփ., լրաց. 10.06.15 N 607-Ն)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ գործունեության համար՝ բեռն ստացողի լիցենզիայի պատճենը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար՝ բեռը փոխադրողի լիցենզիայի պատճենը.

գ) բեռան փաթեթի սերտիֆիկատի պատճենը.

դ) հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման դեպքում՝ հատուկ կանոնների և անվտանգության նորմերի պահանջներից շեղումների անվտանգության ապահովման նպատակով փոխհատուցմանն ուղղված ցանկացած հատուկ տեխնիկական և վարչական միջոցառման մասին տեղեկանք.

ե) բեռան փոխադրման վթարային քարտի (վթարային քարտերի) պատճենը (պատճենները).

զ) բեռան փոխադրման ժամանակ ճառագայթային պաշտպանության ծրագիրը.

է) բեռն առաքողի հայտարարագրի պատճենը:

9. (կետն ուժը կորցրել է 10.06.15 N 607-Ն) 

9.1. Հայտի մեջ կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) առկայության կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում կարգավորող մարմինը հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղյակ է պահում դրա մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը։

(9.1-ին կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

9.2. Կարգավորող մարմինը հայտի և կից փաստաթղթերի ստացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում՝

ա) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և բնապահպանության բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքով երթուղին անցնելու դեպքում՝ նաև Երևանի քաղաքապետի հետ,

բ) օդային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

(9.2-րդ կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

9.3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, բնապահպանության օդային տրանսպորտի բնագավառներում պետական լիազորված մարմինները, ստանալով սույն կարգի 9.2-րդ կետով սահմանված երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգավորող մարմին են ներկայացնում իրենց ներկայացված երթուղու սխեմայի և (կամ) փոխադրման ծրագրի վերաբերյալ համաձայնությունը կամ առաջարկությունները: Կարգավորող մարմինը ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղյակ է պահում դրանց մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում երթուղին համապատասխանեցնել նշված առաջարկություններին:

(9.3-րդ կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

9.4. Եթե հայտատուն համաձայն չէ պետական լիազոր մարմնի` նոր երթուղու տրամադրման վերաբերյալ առաջարկությանը, ապա նա այդ որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

(9.4-րդ կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

9.5. Կարգավորող մարմինը սույն կարգի 9.3-րդ կետում նշված մարմինների համաձայնությունը, իսկ առաջարկությունների դեպքում հայտատուի կողմից փոփոխված երթուղին ներկայացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման թույլտվություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:

(9.5-րդ կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

9.6. Կարգավորող մարմինը միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, մաքսային սահմանով կամ տարանցիկ փոխադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

(9.6-րդ կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

10. Կարգավորող մարմնի կողմից միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է որոշման ընդունման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում: Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու որոշման մեջ պետք է նշվի մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Հայտատուն կարող է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու մասին կարգավորող մարմնի որոշումը բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

(10-րդ կետը խմբ. 10.06.15 N 607-Ն)

10.1. Փոխադրման թույլտվության մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության, միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին,

բ) ներկայացված փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը,

գ) սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չշտկելը կամ փաստաթղթերի ցանկը չհամալրելը,

դ) հայտատուի կողմից ներկայացված երթուղու սխեմայով և (կամ) փոխադրման ծրագրով հնարավոր չէ իրականացնել միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը:

(10.1-ին կետը լրաց. 10.06.15 N 607-Ն)

11. Միջուկային նյութի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում բեռն առաքողը, ի լրումն սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի, պետք է կարգավորող մարմին ներկայացվող հայտին կից ներկայացնի նաև միջուկային նյութի արտահանման և տարանցիկ փոխադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված թույլտվության պատճենը:

12. Եթե բեռն առաքողը նախատեսում է բազմակի անգամ նույն փոխադրամիջոցով նույն տեսակի ու քանակի միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրել նույն բեռն ստացողին, ապա կարգավորող մարմինն իրավասու է բեռն առաքողին տալու անվտանգ փոխադրման ընդհանուր թույլտվություն՝ այդ փոխադրումների համար: Անվտանգ փոխադրման ընդհանուր թույլտվություն ստանալու համար բեռն առաքողը պարտավոր է կարգավորող մարմին ներկայացվող հայտում նշել փոխադրումների բազմակի բնույթի մասին, իսկ հայտին կից՝ ներկայացնել փոխադրումների ժամանակացանկը՝ մինչև երեք տարվա ժամանակահատվածի համար:

13. Եթե միջուկային և ռադիոակտիվ նյութերը փոխադրման ընթացքում, գրավոր համաձայնությամբ, փոխանցվում են մեկ այլ անձի, ապա բեռան հետագա փոխադրումը դիտվում է որպես նոր փոխադրում, և որպես առաքող է հանդես գալիս բեռն ընդունած անձը: Այս դեպքում բեռն ընդունած անձը փոխադրման համար պետք է ունենա սույն կարգի 5-10-րդ կետերի համաձայն ստացած անվտանգ փոխադրման թույլտվություն:

 

III. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

14. Բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարգավորող մարմին ներկայացնել՝

ա) հատուկ կանոնների 4.60, 7.18 և 7.21-րդ կետերին համապատասխան տեղեկություններ պարունակող ծանուցագիր և 4.2-րդ կետին համապատասխան մինչև փոխադրումն իրականացված անվտանգության միջոցառումների ու պարտադիր փորձարկումների անցկացման մասին տեղեկանք.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.15 N 607-Ն) 

գ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.15 N 607-Ն) 

(14-րդ կետը փոփ. 10.06.15 N 607-Ն)

15.Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարգավորող մարմին հայտնել փոխադրման մասին, որն էլ իր հերթին 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

(15-րդ կետը խմբ. 10.06.15 N 607-Ն)

16. Բեռն առաքողը և բեռն ստացողը միասին պարտավոր են միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ավարտից հետո 5-օրյա ժամկետում կարգավորող մարմին ներկայացնել ծանուցագիր՝ բեռան փոխադրման ավարտի մասին:

 

IV. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Բեռն առաքողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է հատուկ կանոնների պահանջներին համապատասխան բեռան փաթեթավորման, փորձարկման, պիտակավորման և նշագրման համար:

18. Բեռը փոխադրողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է՝

ա) փոխադրամիջոցի սարքին վիճակում լինելու համար.

բ) փոխադրամիջոցում հատուկ կանոնների պահանջներին համապատասխան բեռան ամրացման, փոխադրամիջոցի վրա անհրաժեշտ պիտակների և տարբերանշանների տեղադրման համար.

գ) փոխադրումն իրականացնող անձնակազմի պատրաստվածության համար:

19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական լիազորված մարմինը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է՝

ա) փոխադրվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության ապահովման գործողությունների համակարգման համար.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման դեպքում՝ բեռը փոխադրողի հետ փոխադրման երթուղու ճշտման և այդ երթուղով բեռան անարգել փոխադրման պայմանների ապահովման համար:

(19-րդ կետը փոփ. 10.06.15 N 607-Ն)

20. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազորված մարմինը պատասխանատու է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր վթարների դեպքում ազդակիր տարածքների բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգման համար:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.06.15 N 607-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, N 698-Ն 12.05.2023, N 931-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 931-Ն
10.06.2015, N 607-Ն 27.06.2015, N 931-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան