Գլխավոր տեղեկություն
Համար
N 548-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2015 թվականի N 548-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշման 3.1-ին և 3.2-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 15-րդ կետի 7-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 21-ի N 548-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
( պետական մարմնի անվանումը)

ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թվականի ծրագիրը, որպես գոյություն ունեցող ծախսային պարտավորություն, ամրագրված է Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական ՄԺԾԾ-ով 2015 թվականի համար հաստատված ծախսային պարտավորությունների համատեքստում: Որակի ենթակառուցվածքի համակարգն էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա, քանի որ ոլորտի քաղաքական սկզբունքներից է առևտրում խոչընդոտների բացառումը:

2. Ծրագիրը բաղկացած է որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտային ծրագրերից, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգման ոլորտի «Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացման պետական աջակցության» (այսուհետ` տեխնիկական կանոնակարգման ծրագիր), հավատարմագրման ոլորտի «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում» (այսուհետ` հավատարմագրման ծրագիր), ստանդարտացման ոլորտի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից 2015 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» (այսուհետ` ստանդարտացման ծրագիր), չափագիտության ոլորտի «Պետական աջակցություն Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին (այսուհետ` չափագիտության ծրագիր) և շուկայի վերահսկողության ոլորտի «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրերից (այսուհետ` շուկայի վերահսկողության ծրագիր), որոնք ներառում են իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

3. 2014 թվականի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի շրջանակներում՝

1) տեխնիկական կանոնակարգման ոլորտում համապատասխանության գնահատման ընթացակարգերի մոտարկման տեսանկյունից վերանայվել են Հայաստանի Հանրապետությունում գործող 17 տեխնիկական կանոնակարգեր, ինչպես նաև 2 տեխնիկական կանոնակարգերի մոտարկում միջազգային պահանջներին, կազմակերպվել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի օրենսդրական մոտարկմանն ուղղված քննարկումներ և թեմատիկ հանդիպումներ Մոսկվա, Վարշավա քաղաքներում:

Տեխնիկական կանոնակարգման 2014 թվականի ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված 30000 հազ. դրամից փաստացի ծախսվել է 14088.2 հազ. դրամ.

2) ստանդարտացման ոլորտում իրականացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ներդաշնակեցման աշխատանքներ, հիմնվել է ստանդարտացման փաստաթղթերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ և առցանց էլեկտրոնային խանութ, մշակվել և հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկ, ինչպես նաև` լաբորատոր կարողությունների զարգացման նպատակով ձեռք է բերվել ծծմբի վերլուծիչ լաբորատոր սարք: Ստանդարտացման 2014 թվականի ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված 47000 հազ. դրամից փաստացի ծախսվել է 47000 հազ. դրամ.

3) չափագիտության ոլորտում իրականացվել են էտալոնային համակարգերի տեխնիկական սպասարկման, ելակետային չափման միջոցների տրամաչափարկման աշխատանքներ, KOOMET-ի (համագործակցություն չափագիտության մեջ) անդամ երկրների չափագիտական ինստիտուտներում 20 տրամաչափարկման աշխատանքների վճարում, Մոսկվայում և Մինսկում եղել են մասնագիտական խորհրդակցությունների մասնակցություններ, ձեռք են բերվել 10 սարքեր և համակարգեր` ֆիզիկաքիմիական չափումների և բժշկական նշանակության սարքերի ստուգաչափման և տրամաչափարկման համար, ինչպես նաև` կենցաղային ջրաչափերի ստուգաչափման կայանք: Չափագիտության 2014 թվականի ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված 56897.6 հազ. դրամից փաստացի ծախսվել է 55976.7 հազ. դրամ.

4) «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և Շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագրի իրականացման համար 2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվել է խաղալիքների փորձարկման լաբորատորիայի՝ արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների փորձարկման համար համապատասխան սարքավորումների, չափման միջոցների և այլնի ձեռքբերումը: Շուկայի վերահսկողության 2014 թվականի ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված 41214.8. հազ. դրամից փաստացի ծախսվել է 33500 հազ. դրամ.

5) հավատարմագրման ոլորտում իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք ուղղված են եղել Հավատարմագրման ազգային մարմնի կայացմանը և Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի բարեփոխմանը, գործարկվել է պաշտոնական կայքը, ինչպես նաև ստեղծվել է տվյալների շտեմարան` հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների (փորձագետների), համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի գրանցման և վարման համար: Մասնավորապես, հավատարմագրման գործընթացում ընդգրկված մասնակիցների ուսուցում` միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրի շրջանակում, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար իրականացվել է դասընթաց կառավարման համակարգերի աուդիտի վերաբերյալ, մասնագետները գործուղվել են Մոլդովայի հավատարմագրման մարմին (MOLDAC) վերապատրաստման դասընթացների և ուսուցողական այցերի՝ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտների թեմաներով, մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում կայացած «Եվրասիական տարածաշրջանային երկրների հավատարմագրման ազգային համակարգերի ներդաշնակեցում» թեմայով միջազգային սեմինարին և ԱՊՀ անդամ երկրների հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարների խորհրդակցությանը, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած հավատարմագրման մարմինների տարածաշրջանային համագործակցության ստեղծման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային խմբի երկրորդ նիստի աշխատանքներին, «Ռուսաստանի Դաշնության հավատարմագրման համակարգի բարեփոխումներ» համաժողովին, Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) և Հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) գագաթնաժողովների աշխատանքներին, ներկայացուցիչները մասնակցել են Հաագայում (Նիդերլանդներ) կայացած Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) 34-րդ գագաթնաժողովին: Հավատարմագրման 2014 թվականի ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված 24887.6 հազ. դրամից փաստացի ծախսվել է 21002.0 հազ. դրամ: Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014 թվականի ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված 200000 հազ. դրամից փաստացի ծախսվել է 171566.9 հազ. դրամ` ժամկետների սեղմ լինելու պատճառով չեն իրականացվել որոշակի միջոցառումներ:

4. Ծրագրի շրջանակներում 2015 թվականին անհրաժեշտ է իրականացնել`

1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի ծրագրի շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտի առկա համակարգը բարեփոխել «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, ԱՀԿ ԱՏԽ համաձայնագրի և ԵՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների ներքո (չխոչընդոտելով ԵԱՏՄ միացման պայմանագրով նախատեսված դրույթները): Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո և տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքի բնութագրերին և (կամ) դրա հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին՝ ներառյալ կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ՝ բացառությամբ արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջների.

2) հավատարմագրման ոլորտի ծրագրի շրջանակներում` համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացում՝ նախադրյալներ ստեղծելով շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար.

3) ստանդարտացման ոլորտը, որպես որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, ինստիտուցիոնալ հզորացման կարիք ունի՝ ստանդարտների արդյունավետ ներդրման միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ նորարական գիտելիքի և միջազգային լավագույն փորձի կիրառումն ապահովելու համար: Միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունն աջակցում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, սպառողական շուկայում արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրական գործընթացներում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը.

4) շուկայի վերահսկողության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Շուկայի վերահսկողությունը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, շուկայի վերահսկողության նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի, վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման համար.

5) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է Հայաստանում չափումների միասնականության ապահովման ոլորտը լինի լիարժեք կայացած, ճանաչված և ներդաշնակ միջազգային չափումների միասնականության ապահովման համակարգին: Չափումների միասնականության ապահովման բարձր մակարդակը ոչ միայն խթանում է միջազգային առևտուրը, այլև նպաստում է միջազգային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:

5. Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներն են՝

1) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, որը մշակում և շահագրգիռ կանոնակարգող կողմերի հետ քննարկման է դնում տեխնիկական կանոնակարգման ոլորտի քաղաքականության հարցերը.

2) հավատարմագրման ոլորտի ծրագրի նպատակը միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային գործընթացի խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման և կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը.

3) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ստանդարտների ազգային ինստիտուտ) հանդիսանում է ստանդարտացման ոլորտի ազգային մարմին։ Օրենքով սահմանված կարգով, տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի հանձնարարությամբ Ստանդարտների ազգային ինստիտուտն ուսումնասիրում, նախապատրաստում և կազմակերպում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրարկումն ապահովող, ինչպես նաև տնտեսության գերակա ոլորտների կարիքների համար անհրաժեշտ ստանդարտների մշակումը, ընդունումը և գործարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային շրջանակներում հայտնի է իր «SARM» հապավումով, այն է` «Հայաստանի ստանդարտներե, ներառում է գործունեության հետևյալ հիմնական ծառայությունները՝

ա. ստանդարտացում, այդ թվում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի վարման ծառայությունները,

բ. համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման), այդ թվում` կառավարման համակարգերի սերտիֆիկացման ծառայությունները,

գ. պարենային և ոչ պարենային ապրանքների, այդ թվում` նավթամթերքի և էլեկտրատեխնիկական լաբորատոր փորձարկումները,

դ. ուսուցում.

4) «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» 2015 թվականի ծրագիրը նախատեսում է թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի 2 անալիզատորների ձեռքբերում և տեսչության 2 համապատասխան մասնագետների ուսուցման գործընթացի հետ կապված գործուղում ՌԴ-ի մայրաքաղաք, որոնք կնպաստեն թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ու խաղալիքներում ծանր մետաղների պարունակության ստուգմանը, տեսչության մասնագետների որակավորման բարձրացմանը, շուկայի վերահսկողության նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի, վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը.

5) չափումների միասնականության ոլորտի ծրագրի շրջանակներում չափագիտության ազգային մարմինը`

ա. ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները,

բ. ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտի չափանմուշների հետ,

գ. իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին:

 

 II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 15-րդ կետի 7-րդ ենթակետը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բնագավառի գերակայող ուղղությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ծրագրերում ամրագրված ընդհանուր տնտեսական խնդիրները և նպատակները.

4) 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի նպատակներն են`

1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի ծրագրի նպատակն արտադրանքի և գործընթացի նկատմամբ միջազգային ստանդարտների վրա հիմնված տեխնիկական նորմերը սահմանելն է, որոնք մի կողմից ապահովում են ներքին շուկայի զարգացման մեխանիզմները և ուղղված են հանրային շահերի պաշտպանությանը, մյուս կողմից կապահովեն ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն և գոյություն ունեցող համակարգը կբարեփոխեն այնպես, որ այն համապատասխանի միջազգային և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) պահանջներին: Իհարկե պետք է առաջնային նշանակությանն արժանացնել այն հանգամանքը, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրում կոչ է արվում կիրառել այնպիսի տեխնիկական նորմեր և գնահատման ընթացակարգեր, որոնք առևտուրն ավելի չսահմանափակեն, քան անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար.

2) հավատարմագրման ոլորտի ծրագրի նպատակը միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային գործընթացի խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման և կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

3) ստանդարտացման ոլորտի ծրագրի նպատակն է՝

ա. հզորացնել Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման կարողությունները, ապահովել տեխնիկական կանոնակարգման նպատակներով և տնտեսության գերակա ոլորտների համար պահանջվող միջազգային ու տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդյունավետ գործարկումը,

բ. ապահովել ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային և միջպետական պարտավորությունների կատարումը` մասնակցելով ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման աշխատանքներին,

գ. հզորացնել Ստանդարտների ազգային ինստիտուտի համապատասխանության գնահատման մարմինների կարողությունները և ապահովել դրանց ճանաչելիությունը ԵԱՏՄ շրջանակներում.

4) շուկայի վերահսկողության ծրագրի նպատակը միջազգային, եվրոպական և տարածաշրջանային համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` շուկայի վերահսկողության արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում շուկայի վերահսկողության մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային գործընթացի խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի վտանգավոր արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և կնպաստի տնտեսության զարգացմանը.

5) չափագիտության ծրագրի հիմնական նպատակը չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը և տնտեսության զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացն է: Նպատակներն են նաև` ազգային էտալոնների արդիականացումը և պահպանությունը, պարամետրերի բարելավումն ու աշխատունակ վիճակի ապահովումը, որոնք սերտորեն առնչվում են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի իրականացման հետ, մասնավորապես`

ա. միջազգային միավորներին հետևելիությունն ապահովելով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և ճշգրիտ չափումների ներդրմանը,

բ. նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը,

գ. նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը,

դ. խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը,

ե. վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները,

զ. բարելավել չափագիտության ազգային ինստիտուտի չափագիտական կարողությունները` հանրապետության տնտեսության մի շարք ոլորտներում չափագիտական սպասարկման որակի էական բարձրացման նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 8. Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թվականի ծրագրի միջոցառումներն ուղղված են ինչպես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական քաղաքականության արդյունավետ և հետևողական իրականացմանը, որակի ենթակառուցվածքի ոլորտի ինստիտուտների զարգացմանը, այնպես էլ որակի ենթակառուցվածքի ոլորտի պետական քաղաքականության իրականացմանը: Ծրագրի իրականացման գործընթացը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ ռազմավարական ծրագրերով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ որակի ենթակառուցվածքի զարգացման ռազմավարության գոծողությունների ծրագրով նախատեսված գործառույթների իրականացմանը.

1) տեխնիկական կանոնակարգման ծրագրի շրջանակներում`

ա. ոլորտի աստիճանական համապատասխանեցում տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործող Եվրասիական տնտեսական միության և միջազգային պահանջներին` գլոբալ համակարգին լիակատար ինտեգրմամբ,

բ. միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես շուկայահանման համար բարենպաստ երկրի ամրապնդում,

գ. համապատասխանության գնահատման համակարգի հզորացում և զարգացում,

դ. համապատասխանության գնահատման արդյունավետ համակարգի հզորացում, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում,

ե. Էտալոնային լաբորատորիա ինստիտուտի կայացում` օրենսդրական դաշտի հիմնում.

2) հավատարմագրման ծրագրի շրջանակներում`

ա. միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորում,

բ. հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչում,

գ. արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացում, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,

դ. համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման հետ կապված առկա դժվարությունները.

3) ստանդարտացման ծրագրի շրջանակներում`

ա. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ուսումնասիրում և փորձաքննության կազմակերպում՝ ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով՝ ապահովելով այդ տեխնիկական կանոնակարգերի արդյունավետ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում,

բ. նոր ոլորտներում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցություն՝ դրանցում ընդգրկելով համապատասխան ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին,

գ. Ստանդարտների ազգային ինստիտուտի համապատասխանության գնահատման մարմինների գործունեության հետևելիության ապահովում և ԵԱՏՄ ՀԳՄ-ների միասնական ռեեստրում գրանցման պահանջների կատարման ապահովում,

դ. լաբորատոր կարողությունների հզորացում՝ սարքավորումների լրակազմության և փորձարկումների բարձր որակի ապահովում.

4) շուկայի վերահսկողության ծրագրի շրջանակներում`

ա. օրինականություն,

բ. կամավորություն (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում),

գ. շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքներ,

դ. անկախություն և անկողմնակալություն,

ե. թափանցիկություն և արհեստավարժություն,

զ. շուկայի վերահսկողության գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիություն,

է. միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված շուկայի վերահսկողության պահանջների կիրառում.

5) չափագիտության ծրագրի շրջանակներում`

Օրեցօր զարգացող տեխնիկական համակարգերը թելադրում են նոր խնդիրներ չափագիտական սպասարկման թե Բ որակի, թե Բ տեխնիկական մակարդակի առումով: Եվ հենց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն չափագիտական սպասարկում է ապահովում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, և այդ համակարգն անմիջականորեն շոշափում է տնտեսության բնականոն զարգացումը` միջազգային համագործակցության խորացումը, ձեռք բերել միջազգային ճանաչում` ունենալով չափումների միջազգային հետևելիություն և մաս կազմել չափումների միասնականության ապահովման միջազգային համակարգին:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ)

 

 9. Որակի ենթակառուցվածքի ծրագրային միջոցառումների համակարգը ներառում է հետևյալ ոլորտային միջոցառումները՝

1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտի առկա օրենսդրական դաշտի մոտարկում ԵԱՏՄ և ԵՄ պահանջներին և վերլուծություն, մասնավորապես`

ա. Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի գործող 4 տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիրություն,

բ. Եվրասիական տնտեսական միության 4 ոչ պարենային արտադրանքի գործող տեխնիկական կանոնակարգերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ` բացահայտելով այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք պետք է մնան ուժի մեջ, սակայն նրանցում ներառված դրույթները գործեն այլ իրավական ակտում (անհրաժեշտության դեպքում),

գ. մասնագիտական փորձառություն ունեցող՝ որակավորված (միջազգային) փորձագետների ներգրավում,

դ. կլոր սեղանների կազմակերպում` պետական կառավարման, բիզնես միջավայրի և համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ,

ե. Էտալոնային լաբորատորիա ինստիտուտի կայացում, ճանաչման կարգի և չափանիշների սահմանում,

զ. տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասնագետների ուսուցում ԵԱՏՄ և ԵՄ (միջազգային) չափանիշներին համապատասխան` վերապատրաստման դասընթացների, ուսուցողական այցերի և սեմինարների կազմակերպմամբ և ԵԱՏՄ և ԵՄ երկրներում: Տեխնիկական կանոնակարգման ծրագրի միջոցառումների իրականացման համար նախատեսված է 35555,2 հազ. դրամ.

2) հավատարմագրման ոլորտի բարեփոխման շրջանակներում՝

2.1) համակարգչային և թարգմանչական ծառայություններ (բացառությամբ իրավական ակտերի)՝

ա. ՊՈԱԿ-ի պաշտոնական կայք-էջի սպասարկում և արդիականացում, որը ներառում է հավատարմագրման ազգային մարմնի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, կառուցվածքը, իրավական դաշտը, հավատարմագրման պահանջները, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ցանկերը և այլն, որոնք պարբերաբար արդիականացվում են,

բ. ռեեստրի (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի) սպասարկում և արդիականացում, որը ներառում է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրները, վերջիններս ներառում են հավատարմագրված անձանց անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության ղեկավարի տվյալները, հավատարմագրման տեսակը, հավատարմագրման ոլորտը, հավատարմագրման ժամկետը, հավատարմագրման վկայագրի գրանցահամարը, նայնականացման նշագիրը և այլն, որոնք պարբերաբար արդիականացվում են,

գ. հավատարմագրման ազգային մարմնի կայք-էջում տեղադրված փաստաթղթերի թարգմանություն` հավատարմագրման ազգային մարմնի կայք-էջի ռուսերեն և անգլերեն բաժիններում համապատասխան փաստաթղթերով լրացում, որոնք անհրաժեշտ է թարգմանել ռուսերենով և անգլերենով: 2014 թվականի հունվարի 24-ի «ԱՊՀ անդամ երկրների հավատարմագրման ազգային մարմինների համագործակցության մասին» հուշագրի իրականացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին վերաբերող բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև հավատարմագրմանն առնչվող փաստաթղթերի (կառավարման ձեռնարկ, ընթացակարգեր, կանոնադրություն և այլն) թարգմանություն՝ ռուսերենով: Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (EA) և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին (ԼՀՄՀ-Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն, ՀՄՖ-Հավատարմագրման միջազգային ֆորում) անդամակցելու նպատակով անհրաժեշտ է անգլերենով թարգմանել «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին վերաբերող բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև հավատարմագրմանն առնչվող փաստաթղթերը (կառավարման ձեռնարկ, ընթացակարգեր, կանոնադրություն և այլն),

2.2) հավատարմագրման ազգային մարմնի անձնակազմի ուսուցում միջազգային չափանիշներին համապատասխան՝

ա. վերապատրաստման դասընթացներ. անհրաժեշտ է իրականացնել հավատարմագրման բնագավառի մասնագետների վերապատրաստումներ` հավատարմագրմանը վերաբերող եվրոպական պահանջների և լավագույն փորձի ուսումնասիրություն, գիտելիքներ ԻՍՕ/ԻԷԿ 22000, ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի ստանդարտների, կիրառման ուղղությամբ, համապատասխան տեղեկատվություն հավատարմագրմանը վերաբերող միջազգային և տարածաշրջանային իրավական ակտերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման համագործակցությունների կողմից ընդունված լրացուցիչ պահանջների վերաբերյալ,

բ. ուսուցողական այցեր` հավատարմագրման ազգային համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հավատարմագրման ազգային մարմնի աշխատողներն ուսուցողական այցով գործուղվեն արտերկիր՝ ուսումնասիրելու համար արտերկրի հավատարմագրման համակարգի առանձնահատկությունները, Հավատարմագրման միջազգային փորձը, հավատարմագրման եվրոպական համագործակցությանն (EA) և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին (ԼՀՄՀ-Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն, ՀՄՖ-Հավատարմագրման միջազգային ֆորում) անդամակցելու հնարավոր ուղիները և այլն,

2.3) մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն՝

ա. 2014 թվականի հունվարի 24-ի «ԱՊՀ անդամ երկրների հավատարմագրման ազգային մարմինների համագործակցության մասին» հուշագրի կիրարկումն ապահովելու նպատակով «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին,

բ. մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ենթակոմիտեների աշխատանքներին և Միջպետական խորհրդի (ՄՊԽ) գիտատեխնիկական հանձնաժողովների, ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի աշխատանքներին: Հավատարմագրման ծրագրի միջոցառումների իրականացման համար նախատեսված է 21748 հազ. դրամ.

3) ստանդարտացման ծրագրի շրջանակներում՝

ա. Տեխնիկական կանոնակարգման ոլորտներում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների փորձաքննության, ներդաշնակեցման և Հայաստանի Հանրապետությունում գործարկման աշխատանքների իրականացում։ Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկել ԵԱՏՄ 35 տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները, ներդաշնակեցնել և գործողության մեջ դնել սահմանված միջազգային և միջպետական ստանդարտները, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները։ Բացի դրանից, փորձաքննության հետևանքով առաջարկություններ կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ցանկերի լրամշակման և դրանցում Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտների ընդգրկման վերաբերյալ,

գ. միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն Ստանդարտների ազգային ինստիտուտի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն պետք է ունենան ստանդարտացման և տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵԱՏՄ համապատասխան կոմիտեների և ենթակոմիտեների աշխատանքներին՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի արտացոլումը մշակվող ակտերում,

դ. Ստանդարտների ազգային ինստիտուտի սերտիֆիկացման մարմինների գործունեության հաշվառման էլեկտրոնային բազայի ծրագրի մշակում և ներդրում, ինչը կնպաստի իրականացվող սերտիֆիկացման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Բացի դրանից, ըստ հավատարմագրման պահանջների, ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրում ընդգրկված մարմինները պետք է համապատասխան համակարգչային ծրագրային ապահովման միջոցով երաշխավորեն կատարված սերտիֆիկացման աշխատանքների հետևելիությունը և ունենան հաճախորդների համապատասխան էլեկտրոնային շտեմարան։ Ծրագիրը թույլ կտա նաև անցնել սերտիֆիկացման հայտերի էլեկտրոնային ձևակերպմանը,

ե. Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր կարողությունների հզորացում՝ սարքավորումների լրակազմության ապահովման և փորձարկման ստանդարտ նմուշների ձեռքբերման միջոցով: Ներկայումս առկա են մի շարք թանկարժեք լաբորատոր սարքավորումներ, որոնք անհրաժեշտ է համալրել լրացուցիչ սարքերով՝ փորձարկման նոր մեթոդների կիրառման համար։ Բացի դրանից, կպահանջվեն նաև նոր ստանդարտ նմուշներ։ Կարողությունների հզորացումը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված լրացուցիչ պահանջների կատարումն ապահովելու համար (օրինակ՝ սննդային հավելումների գծով փորձարկումների իրականացման համար)։

Ստանդարտացման ծրագրի միջոցառումների իրականացման համար նախատեսված է 43038.4 հազ. դրամ.

4) շուկայի վերահսկողության ծրագրի շրջանակներում`

ա. համակարգչային, պատճենահանման սարքավորումների, փորձարկման համակարգերի և օժանդակ նյութերի ձեռքբերում, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորների ձեռքբերում,

բ. տեսչության մասնագետների ուսուցման գործընթացի կազմակերպում` տեսչության համար անհրաժեշտ թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորների ձեռք բերմամբ և ՌԴ-ում կազմակերպվող տեսչության համապատասխան մասնագետների ուսուցման կազմակերպմամբ, որոնք կնպաստեն թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ու խաղալիքներում ծանր մետաղների պարունակության ստուգմանը, տեսչության մասնագետների որակավորման բարձրացմանը,

գ. ԵԱՏՄ-ի օրենսդրության մոտարկման նպատակով վերահսկողությանն ուղղված ստուգաթերթերի նախապատրաստում և հրատարակում: Շուկայի վերահսկողության ծրագրի միջոցառումների իրականացման համար նախատեսված է 24444.8 հազ. դրամ.

5) չափագիտության ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում`

ա. կապահովվի Չափագիտության ազգային ինստիտուտի ելակետային չափման միջոցների տեխնիկապես սարքին և կայուն վիճակ (էտալոնային համակարգերի տեխնիկական անձնակազմին տրամադրվող աշխատավարձ),

բ. չափագիտության ազգային մարմնի ելակետային և ձեռք բերված, գործարկված չափման միջոցների տրամաչափարկում,

գ. կխորացվի միջազգային համագործակցությունը, կապահովվի մասնակցությունը տեխնիկական կոմիտեների աշխատանքներին` չափագիտական աշխատանքների կատարելագործման և միջազգային պահանջներին ներդաշնակեցման ներքո,

դ. ձեռք կբերվի նոր սարքեր և կլուծվեն չափագիտության ոլորտի արդիական խնդիրները, այդ թվում՝

ե. ավտոգազալցավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ) ստուգաչափման համար շարժական լաբորատորիայի ձեռքբերում, որն էականորեն կբարձրացնի չափումների ճշտությունը տվյալ ոլորտում,

զ. ձեռք կբերվեն ավտոտրանսպորտային տարաների (կաթի, գինու, վառելիքի և այլն տարողություններ) տրամաչափարկման համար ճշգրիտ ավտոկշեռք,

է. ձեռք կբերվի նմուշային չափանոթների հավաքածու՝ բոլոր տեսակի ստացիոնար տարողությունների տրամաչափարկման համար, տվյալ չափումների ճշգրտության բարձրացման համար,

ը. կիրականացվի ԵԱՏՄ (Մաքսային միության) 3 տեխնիկական կանոնակարգերի չափագիտական փորձաքննություն: Չափագիտության ծրագրի միջոցառումների իրականացման համար նախատեսված է 75213.64 հազ. դրամ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

10. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի սկզբունքներն են՝

1) տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում մշակվող իրավական ակտերում հիմնական սկզբունքը միջազգային լավագույն փորձի կիրառումն ու ներդրումն է, ինչպես նաև անկողմնակալ վերաբերմունքը, որի արդյունքում կլինեն կիրառման լայն սպեկտր ունեցող իրավական ակտեր.

2) հավատարմագրման ոլորտի բարեփոխման շրջանակներում`

ա. շահագրգիռ կողմերի ներգրավումը,

բ. որակի ենթակառուցվածքի շրջանակներում քաղաքական ազդեցության և պոտենցիալ շահերի բախման բացառումը,

գ. բարեփոխված հավատարմագրման ազգային մարմնի անկախությունը և կայունությունը,

դ. համապատասխան գիտելիքների, հմտությունների ուսուցման և վերապատրաստման ներքին համակարգի կարողությունների առկայությունը, հավատարմագրման ծառայություններից սպառողների օգտվելու պատրաստակամությունը.

3) ստանդարտացման ծրագրի իրականացման սկզբունքներն են՝

ա. ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում,

բ. շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում,

գ. ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում,

դ. ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում,

ե. ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

զ. գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը,

է. միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը,

ը. բոլոր շահագրգիռ կողմերին գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում,

թ. ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.

4) շուկայի վերահսկողության ծրագրի սկզբունքներն են՝

ա. օրինականություն,

բ. կամավորություն (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում),

գ. շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքներ,

դ. անկախություն,

ե. անկողմնակալություն,

զ. թափանցիկություն,

է. միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված շուկայի վերահսկողության պահանջների կիրառում.

5) չափագիտության ծրագրի սկզբունքներն են՝

ա. օրենդրական դաշտի բարեփոխում,

բ. ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումներ,

գ. կարողությունների հզորացում,

դ. միջազգային համագործակցության խորացում:

11. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

1) տեխնիկական կանոնակարգման ծրագրի շրջանակներում՝

ա. Հայաստանի Հանրապետության ազգային տեխնիկական կանոնակարգման դաշտի օրենսդրության մոտարկում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) և Եվրամիության (այսուհետ` ԵՄ) պահանջներին համապատասխան,

բ. Էտալոնային լաբորատորիա ինստիտուտի կայացում, օրենսդրության ռազմավարական գործուղությունների մշակում, չափանիշների սահմանում,

գ. Եվրասիական տնտեսական միության 4 ոչ պարենային արտադրանքի գործող տեխնիկական կանոնակարգերի համադրության արդյունքում բացահայտված այն տեխնիկական կանոնակարգերը, որոնցում ներառված դրույթները պետք է գործեն այլ իրավական ակտում (անհրաժեշտության դեպքում).

 2) հավատարմագրման ծրագրի շրջանակներում՝

ա. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում,

բ. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ազգային մարմնի կայացում, ինչը պայմաններ կստեղծի միջազգային և տարածաշրջանային պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման մարմինների` փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների, արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի և անձանց սերտիֆիկացման և տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների հավատարմագրում,

գ. հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում,

դ. ապրանքների ազատ տեղաշարժ և նույն ապրանքի կրկնական փորձարկման և կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտության բացառում,

ե. հավատարմագրման ազգային մարմնում կառավարման համակարգի ներդրում, պաշտոնական կայք-էջի, գնահատողների ու փորձագետների, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների և Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերի համաձայն տրված համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի միասնական ռեեստրների վարում,

զ. միջազգային ստանդարտների պահանջներին իրազեկ, վերապատրաստված մասնագետներ/գնահատողներ,

է. համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատում, բարենպաստ պայմանների ստեղծում տեղական արտադրողի համար.

3) ստանդարտացման ծրագրի շրջանակներում՝

ա. տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող՝ ներդաշնակեցված ստանդարտների առկայություն,

բ. միջազգային և տարածաշրջանային պահանջներին ներդաշնակ ստանդարտներ,

գ. տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխման ծրագրի շրջանակներում վերանայվող 35 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ազգային ստանդարտի ընդունում,

դ. ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող տեխնիկական կանոնակարգման համար անհրաժեշտ ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության շահերի լիարժեք ներկայացում,

ե. նորագույն համակարգչային ծրագրերի միջոցով սերտիֆիկացման աշխատանքների հետևելիության, էլեկտրոնային կառավարման և արդյունավետության բարձրացման ապահովում,

զ. լաբորատոր փորձարկման նոր առաջավոր մեթոդների իրականացում.

4) շուկայի վերահսկողության ծրագրի շրջանակներում՝

սպառողների պաշտպանվածության մակարդակի բարձրացում.

5) չափագիտության ծրագրի շրջանակներում`

ա. ՀՀ տարածքում միջազգային հետևելի ու ճանաչված չափումների միասնականության ապահովում,

բ. չափագիտության ազգային մարմնի չափագիտական կարողությունների ավելացում,

գ. ելակետային չափման միջոցների կայուն բնութագրերի և հետևելի չափումների ապահովում,

դ. միջազգային համագործակցության խորացում:

 

VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

12. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:

 

 VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

13. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` երկու հարյուր միլիոն դրամ գումարի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 21-ի N 548-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

I. «Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացմանը պետական աջակցություն» ծրագիր

1.

Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի ոչ պարենային արտադրանքի գործող 4 տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիրություն, վերլուծություն և համադրում` հակասությունների բացահայտմամբ

տեխնիկական կանոնակարգերում, կամ դրանցից բխող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով ԵԱՏՄ ուղղված գրություն` ՀՀ գործարար միջավայրի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով (համապատաս- խանության գնահատման ընթացակարգերի փոփոխման համար ԵՄ և միջազգային լավագույն փորձի ներգրավման նպատակով)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

2 կլոր սեղանների կազմակերպում` պետական կառավարման, բիզնես միջավայրի և համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

պետական կառավարման, բիզնես միջավայրի և համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

 Եվրասիական տնտեսական միության 4 ոչ պարենային արտադրանքի գործող տեխնիկական կանոնակարգերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ` բացահայտելով այն տեխնիկական կանոնակարգերը, որոնցում ներառված դրույթները պետք է գործեն այլ իրավական ակտում (անհրաժեշտության դեպքում)

Հայաստանի համար անհրաժեշտ պայմանների պահպանում` այլ իրավական ակտերում` իրավական ակտի (ակտեր) նախագիծ (նախագծեր)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Էտալոնային լաբորատորիա ինստիտուտի կայացում, ճանաչման կարգի և չափանիշների սահմանում

Էտալոնային լաբորատորիա ինստիտուտի օրենսդրական բազայի ստեղծում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասնագետների ուսուցում ԵԱՏՄ և ԵՄ միջազգային չափանիշներին համապատասխան` որակավորման և մասնագիտական զարգացման բարձրացմանն ուղղված դասընթացների, ուսուցողական այցերի, հանդիպումների և սեմինարների կազմակերպմամբ` ԵԱՏՄ և ԵՄ երկրներում

ԵԱՏՄ միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների առկայություն` մասնագիտական մակարդակի բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

II. Հավատարմագրման համակարգի բարեփոխում և հավատարմագրման ազգային մարմնի կայացում ծրագիր

1.

Համակարգչային և թարգմանչական ծառայություններ (բացառությամբ իրավական ակտերի), այդ թվում՝
1.1. ՊՈԱԿ-ի կայք-էջի սպասարկում և արդիականացում
1.2. ռեեստրների (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի) սպասարկում և արդիականացում
1.3. հավատարմագրման ազգային մարմնի կայք-էջի և հավատարմագրման ոլորտին առնչվող փաստաթղթերի թարգմանություն

հասարակության և հավատարմագրման ազգային մարմնի հետ կապի և իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովում

հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների արդիականացում

ռուսերենով և անգլերենով

կայք-էջ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Հավատարմագրման ազգային մարմնի անձնակազմի ուսուցում միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝
2.1. վերապատրաստման դասընթացներ (3 անգամ)
2.2. ուսուցողական այցեր (2 անգամ)

հավատարմագրմանը վերաբերող միջազգային և տարածաշրջանային պահանջների և լավագույն փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև գործնական փորձի ձեռքբերում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն (3 անգամ)

ԵԱՏՄ հավատարմագրման բնագավառի ենթակոմիտեների նիստերին, գիտատեխնիկական հանձնաժողովի, աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցություն ԱՊՀ անդամ երկրների հավատարմագրման ազգային մարմինների միջև կնքված համագործակցության հուշագրի կիրարկումն ապահովելու նպատակով աշխատանքային հանդիպումներին մասնակցություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

III. «Պետական աջակցություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2015 թվականի ստանդարտացման ոլորտում ծրագրերի կատարման գծով» ծրագիր

1.

Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների փորձաքննություն և ՀՀ-ում դրանց գործարկման ապահովում

տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների գործարկում ՀՀ-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման բնագավառի կոմիտեների և ենթակոմիտեների նիստերին մասնակցություն

ԵԱՏՄ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարում, ՀՀ շահերի ներկայացում ԵԱՏՄ նոր տեխնիակական կանոնակարգերի մշակման ժամանակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Ստանդարտների ազգային ինստիտուտի ՀԳՄ-ների գործունեության հաշվառման էլեկտրոնային բազայի ծրագրի մշակում և ներդրում

Ստանդարտների ազգային ինստիտուտի ՀԳՄ-ների ԵԱՏՄ ՀԳՄ-ների միասնական ռեեստրում գրանցման պահանջների կատարման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Լաբորատոր կարողությունների զարգացում` լաբորատոր սարքերի համալրող արագամաշ սարքավորումների և փորձարկման ստանդարտ նմուշների ձեռքբերում

Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր սարքավորումների սարքինության և փորձարկումների բարձր որակի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

IV. «Պետական աջակցություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը» ծրագիր

1.

Էտալոնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ

էտալոնային համակարգերի կայուն աշխատանքային վիճակի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Ելակետային չափման միջոցների տրամաչափարկում Բելառուսի պետական չափագիտության ինստիտուտում

ՀՀ չափումների միասնականության համակարգում միջազգային միավորներին հետևելի չափումներ, տրամաչափարկված սարքավորումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Միջազգային համագործակցության մասնակցություններ, գործուղումներ՝
ա. 1 գործուղում Մոսկվա` ԵԱՏՄ շրջանակներում  չափագիտական աշխատանքների համակարգում

միջազգային համագործակցության խորացում աշխատանքների համակարգում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Ելակետային չափման միջոցների ձեռքբերում, այդ թվում՝
4.1. ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիա
4.2. էտալոնային ավտոկշեռք, ջրատար, բենզատար և այլ մեքենաների տրամաչափարկման համար
4.3. ելակետային չափանոթների հավաքածու

ԱԳԼՃԿ, ջրատար, բենզատար և այլ մեքենաների, գինու կոնյակի և այլ նյութերի տարաների, տրամաչափարկման ճշտության դասի բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

ԵԱՏՄ 3 տեխնիկական կանոնակարգերի չափագիտական փորձաքննություն

չափագիտական փորձաքննության ենթարկված ԵԱՏՄ 3 տեխնիկական կանոնակարգեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ(համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

V. «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և Շուկայի վերահսկողության պետական տեսչության կայացում» ծրագիր

1.

Տեխնիկական միջոցներով ապահովում (թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորների ձեռքբերում)

պետական վերահսկողության համար անհրաժեշտ փորձարկումների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Շուկայի վերահսկողության գործընթացում ընդգրկված տեսչության համապատասխան մասնագետների ուսուցում` միջազգային չափանիշներին համապատասխան

մասնագիտական գիտելիքների բարձրացում և հմտությունների ավելացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

ԵԱՏՄ օրենսդրության մոտարկման նպատակով վերահսկողությանն ուղղված ԵԱՏՄ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերին համապատասխան ստուգաթերթերի նախապատրաստում

ստուգումների անցկացման պայմանների և պահանջների արդիականացում և վերահսկողության համար անհրաժեշտ ստուգաթերթերի առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան