Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-360
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.1999-18.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.08.05/22(88)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագրին համապատասխան` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է)

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան 
3 օգոստոսի 1999 թ.
ՆՀ-360

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1999 թ. օգոստոսի 3-ի
ՆՀ-360 հրամանագրով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագրով ստեղծված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

- շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունը և վերլուծությունը.

- մասնակցությունը աղետի գոտու վերականգնման և այլ շինարարական ծրագրերի մշակմանը.

- աղետի գոտու վերականգնմանն ուղղված շինարարական ծրագրերի ուսումնասիրությունը և դրանց իրականացման արդյունքների վերլուծությունը, բոլոր մասնակիցներին, անկախ ֆինանսավորման աղբյուրից, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը.

- վիճակագրական տեղեկատվության մեջ կապիտալ շինարարության ծավալների և շահագործման հանձնվող օբյեկտների լիարժեք արտացոլմանը, դրանց մասին հասարակությանն իրազեկմանը աջակցություն ցուցաբերելը.

- բնագավառի օրենսդրական և իրավական հիմքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

- երկրաշարժից տուժած քաղաքացիների հանդեպ պետության պարտավորությունների կատարման տարբեր մոտեցումների մշակումը.

- աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար քննարկումը, տեմպերի գնահատումը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններով հանդես գալը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`

- պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

- կատարել քաղաքացիներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից ստացված առաջարկությունների ուսումնասիրություն և փորձաքննություն.

- անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի անդամներից կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր` առանձին հարցերի քննարկումները նախապատրաստելու համար.

- իր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով աշխատանքային խմբերում հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել գիտական հաստատություններ, ինչպես նաև առանձին գիտնականների և մասնագետների.

- սահմանել իր աշխատանքի կազմակերպման կարգը:

5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

7. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

8. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի որևէ անդամ կարող է ներկայացնել Հանձնաժողովը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

9. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է Հանձնաժողովի նախապատրաստած առաջարկությունները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

- Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

- ներկայացնում է Հանձնաժողովը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.

- ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումն ու հրապարակայնությունը:

10. Հանձնաժողովի քարտուղարը`

- ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի, նիստերի օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը.

- Հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան Հանձնաժողովի նիստից յոթ օր առաջ ուղարկում է Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, նրանց տեղեկացնում Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին.

- վարում է Հանձնաժողովի արձանագրությունները և հետևում Հանձնաժողովի կայացրած որոշումների կատարման ընթացքին.

- կատարում է Հանձնաժողովի և Հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները:

11. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` անդամներից մեկը:

Հանձնաժողովի նախագահի հրավերով Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ, դրանք ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

Եթե Հանձնաժողովի որևէ անդամ Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն կցվում է Հանձնաժողովի որոշմանը:

14. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

15. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

16. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից լուծարվելը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան