Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1204
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116) Հոդ.354
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 ապրիլի 2015 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԱՄՄԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 25 մարտի 2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` Ամմանում:

Համաձայնագրի նպատակը մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բարենպաստ պայմաններ ստեղծելու համար երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելը, կողմերի տնտեսական զարգացումը և մասնավոր կապիտալի ներհոսքը խթանելը, ներդրումների համար կայուն հիմք ստեղծելը, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն առավելագույնի հասցնելը և կենսամակարդակի բարելավմանը նպաստելն է:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում` խրախուսել և ստեղծել բարենպաստ պայմաններ իր տարածքում մյուս կողմի ներդրողների ներդրումների իրականացման համար, ներդրումների հոսքը խթանելու նպատակով միջոցներ ձեռնարկել` տեղեկացնելու պայմանագրի մյուս կողմին իր տարածքում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, իր տարածքում մյուս կողմի ներդրողների ներդրումների և եկամուտների նկատմամբ ապահովելու լիակատար պաշտպանվածություն ու ապահովություն և անհիմն կամ խտրական միջոցներով չխոչընդոտելու ներդրողների ներդրումների օգտագործմանը, կառավարմանը, գործադրմանը, ընդլայնմանը, վաճառքին կամ այլ գործողության, որն ուղղված է ներդրումների տնօրինմանը:

Ըստ պայմանագրի` կողմերի ներդրողների ներդրումների կամ եկամուտների նկատմամբ պետք է ապահովվի արդար և հավասար ռեժիմ` համաձայն միջազգային իրավունքի: Միաժամանակ, ներդրողների ներդրումների և եկամուտների նկատմամբ չպետք է սահմանել պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կողմերը տրամադրում են իրենց սեփական ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների համար նույնանման պայմաններում, որն ավելի բարենպաստ է:

Որպես ներդրողների իրավունքների երաշխավորման կարևոր գործոն են Համաձայնագրի այն դրույթները, համաձայն որոնց` մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ պարտադրող միջոցներ չկիրառել՝ կապված նյութերի ձեռքբերման, արտադրության միջոցների, շահագործման, տրանսպորտի, իր արտադրանքի մարքեթինգի կամ նմանատիպ պատվերների հետ, որոնք ունեն անհիմն կամ խտրական ազդեցություններ. մյուս կողմի ներդրողի ներդրումներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չօտարել, չազգայնացնել կամ չօտարել ու ազգայնացմանը հավասարազոր հետևանքներ ունեցող այլ միջոցներ չկիրառել, բացառությամբ` հանրային շահերի դեպքում, ոչ խտրական հիմքերի վրա, Պայմանավորվող կողմի օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն, ինչպես նաև նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ:

Կողմերը պարտավորվում են իրենց տարածքում` պատերազմի կամ այլ զինված ընդհարման, արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության, անկարգությունների կամ այլ նման իրավիճակների հետևանքով մյուս կողմի ներդրողի վնասներ կրելու դեպքում ներդրողին տրամադրել այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը տրամադրում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողներին նույնանման պայմաններում, որն ավելի բարենպաստ է: Համաձայնագրի կողմերը պարտավորվում են նաև իրենց տարածքում զինված ուժերի կամ իշխանությունների կողմից մյուս կողմի ներդրողների սեփականության կամ դրա մի մասի բռնագրավման, զինված ուժերի կամ իշխանությունների կողմից, ռազմական գործողություններով չպայմանավորված կամ իրադրության անհրաժեշտությունից չբխող, մյուս կողմի ներդրողների սեփականության կամ դրա մի մասի ոչնչացման իրավիճակներում վնասներ կրելու դեպքում ապահովել, որպեսզի ներդրողներն ստանան նախնական համարժեք և արդյունավետ փոխհատուցում կամ վերականգնում այն վնասի համար, որը նրանք կրել են բռնագրավման ժամանակահատվածում իրենց սեփականության ոչնչացման արդյունքում, ինչպես նաև ապահովել, որպեսզի այդպիսի վճարումները լինեն ազատ փոխարկելի արժույթով, առանց հետաձգման:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 5 և 6-րդ հոդվածներով նախատեսված ներդրումների օտարման վերաբերյալ իրավակարգավորումները պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով նախատեսված սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների համատեքստում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 ապրիլի 2015 թ.

ՍԴՈ-1204