Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ  
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7703/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ/7703/05/13

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևան համայնքի, ի դեմս` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի (այսուհետ` Վարչական շրջան) ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Երևան համայնքի, ի դեմս` Վարչական շրջանի հայցի ընդդեմ Ավետիս Ափիյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երևան համայնքը, ի դեմս` Վարչական շրջանի պահանջել է Ավետիս Ափիյանից բռնագանձել 544.904 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 19.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2014 թվականի որոշմամբ Ավետիս Ափիյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 19.02.2014 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը, ի դեմս` Վարչական շրջանի ղեկավարի:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ավետիս Ափիյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ մեքենան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում նախկին սեփականատեր Էդիկ Չիչոյանի կողմից գրանցվել է 25.04.2012 թվականին, դրանից հետո մեքենան գնած սեփականատերերը հարկային պարտավորությունները կատարել են իրենց անունով հաշվառման օրվանից, իսկ մինչև 25.04.2012 թվականը մեքենան հաշվառված է եղել Վարչական շրջանում և դրանից առաջ ընկած ժամանակաշրջանի համար հաշվարկ կատարվել է Վարչական շրջանի կողմից: Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի կողմից հաշվարկված 58.125 ՀՀ դրամի հաշվարկը կատարվել է 25.04.2012 թվականից հետո: Իսկ ինչ վերաբերում է Ավետիս Ափիյանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի կողմից ներկայացված 139.500 ՀՀ դրամ գույքահարկի հիշեցմանը, ապա այն վերաբերել է 2013 թվականի հարկային պարտավորություններին և վճարվել է 04.12.2013 թվականին, այսինքն` հայցագնում ներառված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Անհասկանալի է, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է Երևանի Ավան վարչական շրջանում հաշվառվել «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» հաշվառման պետհամարանիշերով ավտոմեքենան, ինչպես է այն Վարչական շրջանում առանց նախկին սեփականատեր Էդիկ Չիչոյանի կողմից 2009-2011 թվականների համար գույքային պարտավորությունը կատարելու 2012 թվականի ապրիլ ամսին անվանափոխվել և գրանցվել Լյուդմիլա Համբարձումյանի անվամբ, երբ Վարչական շրջանում «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» պետհամարանիշներով ավտոմեքենայի համար գույքահարկի գծով առաջացած 554.904 ՀՀ դրամ պարտավորությունը մարված չի եղել Էդիկ Չիչոյանի կողմից շուրջ երեք տարի: Պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է Երևանի Ավան վարչական շրջանի կողմից 2012 թվականին Լյուդմիլա Համբարձումյանին տրվել զրոյական տեղեկանք, որն Ավետիս Ափիյանը ներկայացրել է Երևանի Էրեբունի վարչական շրջան` ավտոմեքենան իր անվամբ գրանցելու համար: Ավետիս Ափիյանը չի կրում Վարչական շրջանում Էդիկ Չիչոյանի ունեցած և չկատարված գույքային պարտավորություները կատարելու պարտավորություն: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը հիմնավոր է, կայացվել է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 05.10.2009 թվականին Կատյա Մկրտչյանի` որպես «Վաճառող»-ի, և Էդիկ Չիչոյանի` որպես «Գնորդ»-ի, միջև կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի համաձայն` 2002 թվականի արտադրության «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» գրանցման պետհամարանիշով «SALLMAMA42A104409» «նույնականացման համարով ավտոմեքենան վաճառվել է Էդիկ Չիչոյանին (գ.թ. 8):

2) 25.04.2012 թվականին Էդիկ Չիչոյանի` որպես «Վաճառող»-ի, և Լյուդմիլա Համբարձումյանի` որպես «Գնորդ»-ի, միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` 2002 թվականի թողարկման «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ 4.4 L V8» մակնիշի «SALLMAMA42A104409» «նույնականացման համարով ավտոմեքենան վաճառվել է Լյուդմիլա Համբարձումյանին (գ.թ. 22-24):

3) 21.07.2012 թվականին Լյուդմիլա Համբարձումյանի` որպես «Վաճառող»-ի, և Ավետիս Ափիյանի` որպես «Գնորդ»-ի, միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն` 2002 թվականի թողարկման «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ 4.4 L V8» մակնիշի «SALLMAMA42A104409» «նույնականացման համարով ավտոմեքենան վաճառվել է Ավետիս Ափիյանին (գ.թ. 19-21):

4) Վարչական շրջանի 18.05.2013 թվականի թիվ 184422259757111123 տեղեկանքի համաձայն` Կատյա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» պետհամարանիշով փոխադրամիջոցի` գույքահարկի գծով 2009-2012 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 544.904 ՀՀ դրամ, որից ապառքը` 325.500 ՀՀ դրամ, տույժը` 219.404 ՀՀ դրամ (գ.թ. 6):

5) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 09.10.2013 թվականի թիվ 17/3-22266 գրությամբ Վարչական շրջանի ղեկավարին հայտնվել է, որ «(...) համաձայն ՃՈ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` «RANGE ROVER» մակնիշի «99 ՏԼ 777» համարանիշի ավտոմոբիլը 19.06.2007 թվականին հաշվառվել է քաղաքացի Կատյա Մկրտչյանի անվամբ, իսկ 25.04.2012 թվականին հաշվառումից հանվել է` օտարման նպատակով: Վերոնշյալ ավտոմոբիլը 21.07.2012 թվականից մինչև օրս հաշվառված է քաղաքացի Ավետիս Ափիյանի անվամբ, և հատկացվել են «01 VV 033» հաշվառման համարանիշները (...)» (գ.թ. 29):

6) Գույքային հարկի հաշվարկի ելակետային տվյալների համաձայն` որպես Ավետիս Ափիյանի` թիվ 187000082558 կոդով «RANGE ROVER 4.4L V8» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկ վճարվել է 23.07.2012 թվականին` 49.181 ՀՀ դրամ, 04.12.2013 թվականին` 139.500 ՀՀ դրամ և 628 ՀՀ դրամ (գ.թ. 40):

7) Վարչական շրջանի ղեկավարի 02.10.2013 թվականի թիվ 25/01-7/4889 գրությամբ հայտնվել է Դատարանին, որ Էդիկ Չիչոյանը տեղեկացվել է քննվող վարչական գործի մասին, ներկայացել Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ և հայտնել, որ փոխադրամիջոցը 25.04.2012 թվականին օտարել է Լյուդմիլա Համբարձումյանին, իսկ վերջինս էլ 21.07.2012 թվականին այն օտարել է Ավետիս Ափիյանին: Նշվածը հաշվի առնելով` Վարչական շրջանի ղեկավարը խնդրել է Դատարանին ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով` Ավետիս Ափիյանով (գ.թ. 18):

8) Դատարանի 20.11.2013 թվականի արձանագրային որոշմամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու մասին Վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը բավարարվել է, և Էդիկ Չիչոյանը փոխարինվել է պատշաճ պատասխանողով` Ավետիս Ափիյանով (հիմք` 20.11.2013 թվականի դատական նիստի արձանագրություն, գ.թ. 31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը, մասնավորապես` փոխադրամիջոցը, օտարելու դեպքում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունների մարման պարտականությունը կրող պատշաճ սուբյեկտի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վիճելի իրավահարաբերության առաջացման պահին գործող իրավակարգավորման համատեքստում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկատեսակ է տեղական հարկ հանդիսացող գույքահարկը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, (...) որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ է համարվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող oբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա նույն oրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը, ընդ որում` փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորություններըԳույքահարկի մասին» ՀՀ օրենքի` ներկայումս գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում փոխադրամիջոցների մասով բացառություն սահմանող դրույթն ընդունվել է 06.12.2013 թվականին, ուժի մեջ է մտել 23.12.2013 թվականին):

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երևանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք: Նույն օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդ: Նույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` քաղաքապետը ֆինանսների բնագավառում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը և վերահսկումը, ինչպես նաև հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ, որպես պարտադիր լիազորություն:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` 06.07.2009 թվականին Երևան քաղաքի ավագանին կայացրել է թիվ 10-Ա որոշումը, ըստ որի` 2009 թվականի մնացած ժամանակահատվածի համար Երևան քաղաքում գույքահարկի, հողի հարկի և հողի վարձավճարների օրենքով սահմանված կարգով գանձման կազմակերպման և իրականացման լիազորությունները պատվիրակվել է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, իսկ վերջիններիս պատվիրակված լիազորությունների կատարման վերահսկումն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հարկեր, տուրքեր մուծելու և այլ պարտադիր վճարումներ կատարելու սահմանադրական պարտականությունը կրում է համընդհանուր բնույթ, այն տարածվում է բոլոր անձանց վրա: Սահմանադրի կողմից նախատեսված այս պարտականության մեջ արտահայտված են հասարակության հանրային շահերը: ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում ամրագրված «յուրաքանչյուր ոք պարտավոր է» ձևակերպումից ակնհայտ է, որ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումները կրում են համապարտադիր բնույթ: Համապարտադիրությունը, որպես անվերապահորեն կատարման ենթակա պահանջ, տարածվում է բոլոր վճարողների վրա: Գործնականում համապարտադիրության պահանջը կյանքի է կոչվում սեփականատիրոջ գույքի մի մասի` հարկի կամ այլ պարտադիր վճարումների ձևաչափով, պետության օգտին փոխանցելու միջոցով: Համապարտադիրության պահանջն արտահայտվում է նաև նրանում, որ կամավոր մուծումներ չկատարելու դեպքում դրանք պետության կողմից հարկադրաբար են գանձվում (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Լիլիթ Բաբասիևայի թիվ ՎԴ/7537/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, իսկ կոնկրետ հարկատեսակները սահմանում է օրենսդիրը: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հարկատեսակ է գույքահարկը, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից, այլ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է: Օրենսդիրը գույքահարկով հարկվող օբյեկտները սահմանելիս նշել է, որ գույքահարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, իսկ փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ), միաժամանակ փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

Օրենսդիրը ֆիզիկական անձանց համար որպես գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան սահմանել է օրացուցային տարին` միաժամանակ ամրագրելով, որ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարն օրենքով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը նախատեսել է, որ գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Միաժամանակ օրենսդիրը իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորմամբ սահմանել էր, որ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:

Այսպիսով, գործող իրավակարգավորման պայմաններում օրենսդիրը, գույքահարկի վճարման պարտավորության առաջացման և դադարեցման կարգը նախատեսելիս սահմանելով, որ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները, վերը նշված ընդհանուր կանոնից փոխադրամիջոցների մասով նախատեսել է բացառություն: Մինչդեռ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորմամբ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները, այդ թվում նաև` փոխադրամիջոցների մասով, առանց որևէ բացառության ենթակա էին փոխանցման նոր սեփականատիրոջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության, թույլատրելիության հարցը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում է որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործն ի սկզբանե հարուցվել է Երևան համայնքի կողմից (ի դեմս` Վարչական շրջանի) ներկայացված հայցադիմումի հիման վրա ընդդեմ Էդիկ Չիչոյանի, իսկ հետագայում պարզելով, որ վերջինս փոխադրամիջոցն օտարել է, և այժմ նոր սեփականատեր է հանդիսանում Ավետիս Ափիյանը, ոչ պատշաճ պատասխանող Էդիկ Չիչոյանը փոխարինվել է պատշաճ պատասխանող Ավետիս Ափիյանով` հաշվի առնելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իրավակարգավորումը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Վարչական շրջանը հայցադիմումը դատարան է ներկայացրել 29.08.2013 թվականին, որով պահանջվել է բռնագանձել Վարչական շրջանում հաշվետու տարիների համար հաշվարկված և չվճարված պարտավորությունը: Դրա արդյունքում Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ «Ռենջ Ռովեր» մակնիշի «99 ՏԼ 777» պետհամարանիշի ավտոմեքենայի համար Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա գույքահարկի գծով գումարը կազմում է 544.904 ՀՀ դրամ, որից ապառք` 325.500 ՀՀ դրամ, տույժ` 219.404 ՀՀ դրամ, որը պատասխանողը չի վճարել:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ավետիս Ափիյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի 19.02.2014 թվականի վճիռը և մերժել Վարչական շրջանի հայցը` պատճառաբանելով, որ «Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքի համաձայն` նշված ավտոմեքենայի համար 2012 թվականի դրությամբ հաշվարկված է եղել ընդամենը 58.125 ՀՀ դրամ, որի դիմաց 23.07.2012 թվականին կատարվել է 49.181 ՀՀ դրամ վճարում: Ընդ որում, նախկին սեփականատիրոջ հարկային պարտավորությունը, ինչպես նաև «գնորդին անցած գումար» բաժիններում որևէ նշում չկա նախկին սեփականատիրոջ ունեցած, այսինքն` չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ»:

Ավելին, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վարչական մարմնի կողմից չեն ներկայացվել համապատասխան ապացույցներ «Ռենջ Ռովեր» մակնիշի «99 ՏԼ 777» պետհամարանիշի ավտոմեքենայի` Ավետիս Ափիյանին օտարելու օրվա դրությամբ (21.07.2012 թվական) չմարված հարկային պարտավորությունների առկա լինելու վերաբերյալ, որպիսի պարագայում հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու օրվա դրությամբ գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ավետիս Ափիյանին «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի համար գույքահարկի գծով պարտավորություններ ուղղվել չեն կարող:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» գրանցման պետհամարանիշով ավտոմեքենան Կատյա Մկրտչյանը 05.10.2009 թվականին օտարել է Էդիկ Չիչոյանին, վերջինս էլ 25.04.2012 թվականին նշված ավտոմեքենան օտարել է Լյուդմիլա Համբարձումյանին, որն էլ, իր հերթին, 21.07.2012 թվականին այն օտարել է Ավետիս Ափիյանին:

Վարչական շրջանի 18.05.2013 թվականի թիվ 184422259757111123 տեղեկանքով հաստատվում է, որ Կատյա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» պետական համարանիշով փոխադրամիջոցի (գրանցման ամսաթիվ` 13.07.2007 թվական, օտարման ամսաթիվ` 25.04.2012 թվական) գույքահարկի գծով հարկային պարտավորությունները` հաշվարկված 2009-2012 թվականների համար, կազմում են 544.904 ՀՀ դրամ, որից ապառքը` 325.500 ՀՀ դրամ, տույժը` 219.404 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» պետական համարանիշով փոխադրամիջոցի ներկայիս սեփականատերը հանդիսանում է Ավետիս Ափիյանը, որին նշված ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է 21.07.2012 թվականից` տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Հաստատվում է նաև, որ Վարչական շրջանում նշված ավտոմեքենայի համար հաշվետու տարիների համար (նախքան այն Ավետիս Ափիյանի սեփականությունը դառնալը) առաջացել են գույքահարկի գծով հարկային պարտավորություններ, որոնք չեն մարվել նախկին սեփականատիրոջ կողմից, իսկ ապառքը ժամանակին չմարելու հետևանքով դրա նկատմամբ հաշվարկվել են նաև տույժեր, ինչի հետևանքով «ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» մակնիշի «99 ՏԼ 777» պետական համարանիշով փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 544.904 ՀՀ դրամ, որից ապառքը` 325.500 ՀՀ դրամ, դրա նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերը` 219.404 ՀՀ դրամ, իսկ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նախատեսված իրավական կարգավորման համաձայն` ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:

Սույն որոշմամբ վկայակոչված իրավական նորմերի վերլուծության և սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը բավարարելով և հայցի առարկա հանդիսացող 544.904 ՀՀ դրամն Ավետիս Ափիյանից բռնագանձելով, իրավացիորեն է եզրահանգել, որ «RANGE ROVER 4.4L V8» մակնիշի ավտոմեքենան արդեն իսկ հաշվառված է եղել Ավետիս Ափիյանի անվամբ, և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով նշված ավտոմեքենայի համար գույքահարկի գծով առաջացած պարտքը մարելու պարտավորությունը կրում է ավտոմեքենայի նոր սեփականատերը, տվյալ դեպքում` Ավետիս Ափիյանը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ Ավետիս Ափիյանի կողմից ավտոմեքենան ձեռք բերելու դրությամբ հաշվարկված է եղել 58.125 ՀՀ դրամ, որի դիմաց 23.07.2012 թվականին կատարվել է 49.181 ՀՀ դրամ վճարում, ինչպես նաև այն, որ Ավետիս Ափիյանի կողմից 04.12.2013 թվականին վճարվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի կողմից տրված անթվակիր հիշեցման մեջ նշված գումարը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի վճիռը բեկանելու և այն փոփոխելու` հայցը մերժելու համար` նկատի ունենալով այն, որ Վարչական շրջանն իր ներկայացրած հայցապահանջով պահանջել է Ավետիս Ափիյանից բռնագանձել նախքան ավտոմեքենան վերջինիս սեփականությանն անցնելն առաջացած պարտավորությունները, որոնք մարված չեն եղել նախկին սեփականատիրոջ կողմից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վճարումները կատարվել են «RANGE ROVER 4.4L V8» մակնիշի ավտոմեքենայի` Ավետիս Ափիյանի սեփականությունը դառնալուց հետո` արդեն իսկ ի կատարումն ձեռք բերված տրանսպորտային միջոցի համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորությունների:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական շրջանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 16.400 ՀՀ դրամ և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ավետիս Ափիյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 19.02.2014 թվականի վճռին:

2. Ավետիս Ափիյանից հօգուտ Երևան համայնքի, ի դեմս` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, բռնագանձել 16.400 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան