ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2015 թվականի N 511-Ն
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված՝ ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների բազաների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 18 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության (այսուհետ՝ գործակալություն) գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն) էլեկտրոնային ռեգիստրների տվյալների բազայի համակարգերի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազաների համակարգի միջոցով:
3. Գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ գրանցամատյանում որևէ գրառում կատարելիս կամ դրանից տեղեկատվություն տրամադրելիս՝ յուրաքանչյուր անգամ համակարգը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգերի տվյալների շտեմարանների հետ ստուգում է անհրաժեշտ տվյալները և դրանք արդիականացնում գրանցամատյանի տվյալների հետ: Եթե համակարգը չի կարողանում ստուգել տվյալները, ապա դադարեցվում են փորձերը, և նշումներ է կատարվում, որ համապատասխան տվյալների շտեմարանի հետ շտկումներ կատարել առցանց ռեժիմով հնարավոր չէ:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ՝ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ
1. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալները վերցվում են տվյալների հետևյալ բազաներից՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տեղեկատվական բազա.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների բազա.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազա:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ՝ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների ցանկը ներառում է`
1) անձի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման հասցեն.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը.
3) իրավաբանական անձի պետական գրանցման համարը և գտնվելու վայրը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2017, N 560-Ն | 17.06.2017, N 511-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|