Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.15/16(528) Հոդ.125.5
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015173

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 մայիսի 2015 թ.

թիվ 110-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, սահմանել լողացող տոկոսադրույքով պարտքային արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների լրացման առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի 3-ի 3-րդ կետի 1-ին պարբերությունում «միջոցով» բառից հետո լրացնել «(Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով)» բառերը,

2) Կանոնակարգ 3-ի 32-րդ կետում.

ա. 1-ին ենթակետում «նախորդող» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառը,

բ. 3-րդ ենթակետից հանել «` ամբողջական միավորներով» բառերը,

գ. 4-րդ ենթակետում.

գ1. «բ.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,

գ2. «գ» պարբերությունում «բնակության վայր» բառերը փոխարինել «մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերով,

գ3. «ե.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ե. «Արժեթղթերի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)՝ հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ՝ հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում` արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:»,

դ. 6-րդ ենթակետը լրացնել ե. պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ե. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է արժեթղթերի առուվաճառքի գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ՝ 01/01/2015):»,

ե. 7-րդ ենթակետում.

ե1. հանել «, այդ թվում՝ լոմբարդային ռեպոների,» բառերը,

ե2. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ», «է» պարբերություններ՝

«ե. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի (առաջնային առքի/վաճառքի) վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ՝ 01/01/2015):

զ. «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

է. «Ռեպո/հ. ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման վերջնաժամկետը (օրինակ՝ 01/01/2015):

Սույն աղյուսակում անհրաժեշտ է լրացնել բոլոր ռեպո/հակադարձ ռեպո գործարքները (այդ թվում՝ լոմբարդային ռեպո գործարքները), բացառությամբ միջօրյա ռեպո գործարքների: Այն դեպքում, երբ միջօրյա ռեպո գործարքը վերաձևակերպվում է լոմբարդային ռեպո գործարքի, ապա այդ գործարքն անհրաժեշտ է ներառել սույն աղյուսակում, ընդ որում՝ այս դեպքում տվյալ գործարքը ներառում է հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ: Այն դեպքերում, երբ կնքված ռեպո/հակադարձ ռեպո գործարքների՝ հաշվետվության մեջ ներառման ենթակա տվյալները հայտնի չեն մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:30-ը, ապա նշված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ:»,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝

«7.1) Այն դեպքում, երբ ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մի քանի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր), այդ գործարքները յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համար լրացվում են առանձին տողով: Ընդ որում` «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով», «Քանակը» և «Ընդհանուր գումարը» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համապատասխանաբար ընդհանուր անվանական արժեքը, քանակը (առկայության դեպքում) և յուրաքանչյուր արժեթղթի դիմաց ստացվող/տրամադրվող դրամական միջոցների ընդհանուր արժեքը:»,

է. 15-րդ ենթակետի «ե.» պարբերությունում «արժույթով):» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Ընդ որում՝ փոխանակվող արժույթների ծավալն իր մեջ չի ներառում ներգրավված/տրամադրված արժույթների դիմաց վճարվող/ստացվող տոկոսագումարները (արժութային սվոփի դեպքում):»,

3) Կանոնակարգ 3-ի 40.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Թիվ 32 հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր օր մինչև ժամը 1700, որում ներառվում են տվյալ օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը կնքված գործարքների (կատարված գործառնությունների) վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում՝ եթե հաշվետվությունում ներառվող տեղեկություններում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ապա հաշվետվությունը ներկայացվում է՝ միայն նշելով բանկի անվանումը և հաշվետվության ներկայացման ամսաթիվը՝ առանց լրացնելու աղյուսակի համապատասխան սյունակները:

Այն դեպքում, երբ հաշվետվության ներկայացման օրը բանկի համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար՝ ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ընդ որում՝ հաշվետվությունը ներկայացնելիս բանկի համար աշխատանքային համարվող հաշվետու օրերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա հաշվետվության մեջ:»,

4) Ձև թիվ 32-րդ հաշվետվության մեջ.

ա. 1-ին աղյուսակում «Արժեթղթերի տարեկան եկամտաբերությունը» բառերը փոխարինել «Արժեթղթերի մինչև մարում եկամտաբերությունը» բառերով,

բ. 1-ին և 2-րդ աղյուսակներում «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման ամսաթիվը» վերնագրով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. մայիսի 7

Երևան