Գլխավոր տեղեկություն
Համար
N 380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2015-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.29/10(522).1 Հոդ.310
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2015 թվականի N 380-Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 16
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 26-ի N 380-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում` գործունեության որոշակի ոլորտներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին (այսուհետ` ՀԴՄ) և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները:

 

II. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն սահմանված տեխնիկական պահանջները:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների տպագրվող և ինդիկատորի վրա արտացոլվող տեղեկատվությունը պետք է լինի հայերեն:

4. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջները`

1) ՀԴՄ-ն պետք է ունենա`

ա. ֆիսկալային հիշողություն,

բ. ծրագրային նշանաբառ մուտքագրելու հնարավորություն (4 կարգից ոչ պակաս) կամ թվային բանալիներ (99 տարբերակից ոչ պակաս)` ՀԴՄ-ի հետ միասին մատակարարվող լրակազմի ցուցակում նշված քանակին համապատասխան,

գ. հսկիչ հաշվիչների (գործառնական գրանցիչների) առնվազն 4 թվով կարգայնություն` հանված ցուցմունքների և մարումների համար,

դ. ինդիկատոր` պատասխանատու անձի համար (պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը),

ե. ինդիկատոր` գնորդի համար (պատասխանատու անձի ինդիկատորը, գնորդի համար տեսանելի լինելու դեպքում, պարտադիր չէ),

զ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման ամսաթիվը, ՀԴՄ արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում.

2) 2013 թվականի հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն պետք է լրացուցիչ ունենա՝

ա. չջնջվող հիշող սարք՝ նվազագույնը 128 ՄԲ ծավալով,

բ. 256 ՄԲ օպերատիվ հիշողություն, 256 ՄԲ հիմնական հիշողություն և մինչև 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,

գ. SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով, Ethernet պորտի միջոցով մալուխային կապուղիներով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,

դ. SAM քարտով ծածկագրավորման հնարավորություն,

ե. PCI EMV 1 և 2 կարգերի համապատասխանության սերտիֆիկատ,

զ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.

3) ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ա. ցանցային սնուցման անջատման դեպքում անկախ հիշողության մեջ դրամական և գործառնական գրանցիչների տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

բ. թվաբանական գործողությունների կատարումը` ներսարքված հաշվարկիչի կողմից` գումարում, հանում, բազմապատկում,

գ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,

դ. ՀԴՄ-ի ավտոմատ թեստավորումը,

ե. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո, ՀԴՄ-ի անխափան աշխատանքը` միջավայրի ջերմաստիճանի 0-400 C տիրույթում և մթնոլորտի 95 տոկոս (+250 C պայմաններում) հարաբերական խոնավության դեպքում.

4) 2013 թվականի հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն պետք է լրացուցիչ ապահովի՝

ա. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,

բ. վերադաս հարկային մարմնի կողմից տրամադրված ալգորիթմով վիճակահանությանը մասնակցող թվերի գեներացումը,

գ. բանկային պլաստիկ քարտերի (չիպային և մագնիսական) միջոցով դրամական հաշվարկների իրականացումը,

դ. համապատասխան պարբերականությամբ կապի հաստատումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ՝ տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),

ե. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),

զ. տվյալ և հաջորդ ամիսների վիճակահանության շահող թվերը վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգից ստանալու և պահպանելու հնարավորությունը՝ հետագայում դրանք ՀԴՄ կտրոնի վրա արտատպելու նպատակով,

է. ՀԴՄ կտրոնների հերթական համարների թվային միջակայքը (առաջին և վերջին թվերը) ստանալու և պահպանելու հնարավորությունը՝ այն հետագայում ՀԴՄ կտրոնի վրա արտատպելու նպատակով,

ը. RSA ստանդարտին համապատասխան՝ SAM քարտի միջոցով տվյալները ծածկագրավորելու հնարավորությունը և այն պահպանելը հատուկ չջնջվող հիշող սարքի մեջ (նվազագույնը 128 ՄԲ).

5) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը`

ա. ՀԴՄ-ի կտրոնի ժապավենի բացակայության դեպքում,

բ. պատասխանատու անձի կողմից սխալ գործողությունների կատարման դեպքում,

գ. ՀԴՄ-ի մեջ այնպիսի վթարային իրավիճակներում, որոնք հանգեցնում են տպվող փաստաթղթի փչացմանը,

դ. գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի դեպքում.

6) ՀԴՄ-ի տեխնիկական հնարավորությունները պետք է ապահովեն`

ա. սպասարկման տեսակների քանակը` 30-ից ոչ պակաս,

բ. ենթաբաժինների (բաժինների) քանակը` 8-ից ոչ պակաս,

գ. պատասխանատու անձանց (օպերատորների) թիվը` 2-ից ոչ պակաս,

դ. մուտքագրվող և ինդիկացվող գումարների կարգայնությունը` 7-ից ոչ պակաս,

ե. դրամական հաշվարկիչների կարգայնությունը` 8-ից ոչ պակաս,

զ. ընդհանուր հանրագումարի հաշվարկիչների կարգայնությունը` 9-ից ոչ պակաս։

5. Ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով փոխանցվող տվյալները և դրանց փոխանցման ձևաչափը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

6. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

7. ՀԴՄ-ն պետք է ունենա պատյան, որը չի կարող հանվել՝ առանց արտադրող կազմակերպության կամ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության և հարկային տեսչության կողմից դրված կապարակնիքները վնասելու (պոկելու):

8. Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ-ների շահագործման (կտրոնների տպագրման) համար կիրառվող չեկային ժապավենները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) հարկային մարմնի կողմից հաստատված ժապավենի թղթի տեխնիկական և որակական բնութագրերին` թղթի քաշին, հաստությանը, լայնությանը, թափանցիկությանը, թղթի վրա տպագրված (ջերմագրված) տեղեկատվության դիմացկունության նվազագույն ժամկետներին, արտաքին ազդեցությունների նկատմամբ թղթի դիմացկունությանը ներկայացվող պահանջները.

2) ժապավենների համար հարկային մարմնի հաստատած պաշտպանվածության աստիճաններին` նախշանկարով խորքային ֆոնային ցանցին (գիլիյոշիրային ֆոնին), խոշորացման դեպքում ամբողջությամբ ընթեռնելի միկրոշրիֆտով տպագրված տեքստին, նախշանկարի թանաքին և թղթի պաշտպանիչ թելերին ներկայացվող պահանջները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման համար հարկային մարմնի հայտարարած ժամանակահատվածում ժապավենների դարձերեսներին պետք է տեսանելի գույնով տպագրված լինեն հատուկ համարներ` ութ թվերի կամայական չկրկնվող համակցություններ: Հատուկ համարներում կամայական բաշխվածությամբ և հայերեն մեծատառերով պետք է տեսանելի գույնով տպագրված լինեն երկնիշ սերիաներ: Ժապավենի դարձերեսի յուրաքանչյուր հատուկ համարին կից պետք է տեսանելի գույնով տպագրված լինի հարկային մարմնի կողմից հաստատված տեքստով գրառում: Հատուկ համարները, դրանց սերիաները և գրառումները պետք է տպագրված լինեն միայն ժապավենի դարձերեսին.

4) վիճակահանության անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ սահմանված գործունեության տեսակների մասով ՀԴՄ-ների համար պետք է կիրառվեն հարկային մարմնի կողմից հաստատված` տարբերակված գույնի ժապավեններ: Յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի կամ տարվա համար` սույն ենթակետով սահմանված ժապավենների մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրվում հարկային մարմնի ինտերնետային կայքում:

9. Վիճակահանության անցկացման համար սույն պահանջների 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների պարտադիր պահպանմամբ նույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներով ժապավենների ապահովման և հատուկ համարների միասնական հաշվառման համակարգի վարման նպատակով հարկային մարմնի կողմից հայտարարվում է մրցույթ` հարկային մարմնի հաստատած կարգով ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներով: Մրցույթին մասնակցության հայտի հետ միասին ներկայացվում է նաև վիճակահանության անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ շահագործողներին կտրոնների ժապավենների իրացման վերաբերյալ առավելագույն գնային առաջարկը: Մրցույթին մասնակցության պահանջների բավարարման դեպքում նախապատվությունը տրվում է ժապավենի թղթի տեխնիկական և որակական բնութագրերին, ժապավենների պաշտպանվածության աստիճաններին, հատուկ համարների հաշվառմանն ու միասնական համակարգի վարմանը ներկայացվող պահանջներին առավելագույն համապատասխանությամբ և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին: Մրցույթում հաղթող ճանաչված առևտրային կազմակերպությանը հարկային մարմնի կողմից տրվում է երաշխավորագիր` 1 - 3 տարի ժամկետով: Երաշխավորման ժամանակահատվածում երաշխավորված կազմակերպության կողմից սույն պահանջների կամ հարկային մարմնի հետ կնքված պայմանագրի պայմանների խախտման կամ երաշխավորված կազմակերպության լուծարման դեպքում հարկային մարմինը հայտարարում է նոր մրցույթ` սույն կետում նշված պայմաններով: Մրցույթների հրավերքները մրցույթի անցկացումից առնվազն տասն օր առաջ, իսկ մրցույթների արդյունքները` մրցույթի անցկացմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրվում հարկային մարմնի ինտերնետային կայքում:

10. Հարկային մարմնի երաշխավորած կազմակերպության հետ կնքվող պայմանագրի պարտադիր պայմաններն են`

1) վիճակահանության անցկացման համար սույն պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ՀԴՄ-ների ժապավենների համար հարկային մարմնի ներկայացրած պահանջարկին համապատասխան ժապավենների տպագրումը և (կամ) ներմուծումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ-ներ շահագործողներին.

2) հատուկ համարների հաշվառման միասնական համակարգի վարումը ժապավենների և դրանց հատուկ համարների հաշվառման համակարգչային ծրագրային փաթեթով, հարկային մարմնի հաստատած կարգով ու ժամկետներում ժապավենների շարժի, իրացման բաշխվածության, մնացորդների մասին և այլ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը հարկային մարմնի հետ.

3) ժապավենի գլանափաթեթավորմանը (այդ թվում` գլանափաթեթավորման համար ժապավենի երկարությանը), գլանափաթեթի տրամագծին, գլանափաթեթների նույնականացման միջոցներին, գլանափաթեթների խմբավորմանը և փաթեթավորմանը ներկայացվող` հարկային մարմնի ներկայացրած պարտադիր պահանջները.

4) ժապավենի դարձերեսի հատուկ համարների, դրանց սերիաների և գրառումների գույնին, տառաչափին, տառաձևին, սերիաների հերթականությանը, ժապավենի դարձերեսին դրանց դասավորվածությանը ներկայացվող` հարկային մարմնի ներկայացրած պարտադիր պահանջները.

5) երաշխավորման ժամանակահատվածում մրցույթին մասնակցության հայտով ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում ժապավենների իրացման գնային առաջարկը չգերազանցելը:

11. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածից դուրս հարկային մարմնի կողմից հաստատված ՀԴՄ-ի ժապավենի նմուշը, ինչպես նաև այդ նմուշի ժապավեններ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկերը տեղադրվում են հարկային մարմնի ինտերնետային կայքում:

12. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) չեկի հերթական համարը.

2) կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը.

3) ՀԴՄ-ի գրանցման համարը.

4) գնման (սպասարկման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

5) գնման (սպասարկման) ժամը.

6) գնման (սպասարկման) գումարը.

7) ավելացված արժեքի հարկի գումարը.

8) գնորդի (սպառողի) (այսուհետ` գնորդ) մուծած գումարը.

9) մանրադրամի գումարը.

10) ՀԴՄ-ի գործարանային համարը.

11) սպասարկման տիպի, ստորաբաժանման (բար, բուֆետ, ռեստորան, հյուրանոց)՝ հիշվող նիշերի թիվը՝ առնվազն 11 նիշ.

12) ապրանքի (ծառայության) անվանումը և ծածկագիրը.

13) պատասխանատու անձի ծածկագիրը:

13. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով իրականացվող դրամարկղային գործառնությունների կազմը ներառում է`

1) դրամական գումարների հաշվառումը.

2) մասնավոր հանրագումարների հաշվառումը.

3) մանրադրամի գումարի հաշվումը.

4) ընդհանուր հանրագումարների հաշվումը.

5) դրամական գրանցիչների մարումը` ավտոմատ ելքագրմամբ տպագրելու համար.

6) գործառնական գրանցիչների մարումը` ավտոմատ ելքագրմամբ տպագրելու համար.

7) վաճառքը (հաշվարկը)` կանխիկ դրամով.

8) վերադարձումը.

9) տարայի և փաթեթավորման գնի հաշվառումը.

10) չեղյալ համարումը.

11) գնման (սպասարկման) կրկնումը.

12) տոկոսային հավելավճարի հաշվարկը.

13) պատասխանատու անձի (օպերատորի) սխալի ուղղումը՝ մինչև տեղեկատվության ելքագրումը տպագրման տեխնիկական կրիչին.

14) ապրանքի մուտքի հաշվառումը.

15) ավելացված արժեքի հարկի առանձնացումը:

14. ՀԴՄ-ները պետք է ապահովեն հետևյալ հաշվետվական փաստաթղթերի կազմումը`

1) հաշվետվական փաստաթղթերի ձևավորումը (տարբեր տիպի հաշվետվությունները կարող են համատեղվել մեկ տեղեկագրում` բացառությամբ ֆիսկալային հաշվետվության).

2) ֆիսկալային հաշվետվություն` ըստ պատասխանատու անձանց (օպերատորների), ըստ ենթաբաժինների (սպասարկումների), ըստ ապրանքատեսակների.

3) ժամային հաշվետվություն:

15. Սույն պահանջների 14-րդ կետում նշված հաշվետվական փաստաթղթերը (հաշվետվությունները) կարող են տպագրվել (ստացվել) սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:

 

III. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

16. ՀԴՄ-ներին ներկայացվող` սույն պահանջներում կիրառվող հասկացություններն են`

1) ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական կամ հերթափոխային (այսուհետ` հերթափոխային) հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար և բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը: Հերթափոխային գրանցումը բնակչության հետ դրամական հաշվարկների մասին հանրագումարային տեղեկատվության գրառում է ֆիսկալային հիշողության մեջ` հերթափոխի վերջին գործառնությունը (գնումը) կատարելուց հետո: Հերթափոխի տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը.

2) ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար.

3) ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ.

4) ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում.

5) հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

6) մասնավոր հանրագումար` գումար, որը ձևավորում է ՀԴՄ-ն` փաստաթղթի ձևակերպման գործընթացում: Մասնավոր հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական: Մասնավոր հանրագումարի ձևավորման գործընթացում «ստոռնոյի» կիրառման, ճշտման, զեղչի գործառնությունները նվազեցնում են մասնավոր հանրագումարը` համապատասխան մեծությամբ.

7) հերթափոխային վաճառքների հանրագումար` հերթափոխի ընթացքում վաճառքների (սպասարկումների մատուցման) գրանցման ժամանակ ՀԴՄ-ով ձևակերպված փաստաթղթերի հանրագումարների գումար.

8) հերթափոխային դրամական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ հիշողության տիրույթ, որում հերթափոխի ընթացքում ՀԴՄ-ի միջոցով գրանցվում են մուտքագրվող գումարները.

9) ընդհանուր դրամական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ հիշողության տիրույթ, որում աշխատանքային ամբողջ ժամկետի ընթացքում կամ էլ վերջին ընդհանուր մարման պահից ՀԴՄ-ի միջոցով գրանցվում են մուտքագրվող գումարները.

10) գործառնական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ հիշողության տիրույթ, որում գրանցվում է կատարված գործառնությունների թիվը.

11) հերթափոխի փակում` գնումների հերթափոխային հաշվետվության մարում.

12) ընդհանուր մարում` ընդհանուր դրամական և գործառնական գրանցիչների (բացի մարումների քանակի գրանցիչից) զրոյացում: Եթե ՀԴՄ-ում նախատեսված է աշխատանքի ռեժիմի ծրագրավորում` հանրագումարների կուտակմամբ առանց ընդհանուր մարման, ապա ծրագրավորումը միացվում է ՀԴՄ-ի տեղակայման ժամանակ` շահագործման փաստաթղթերի համաձայն: Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների շահագործման փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, կամ պետք է առկա լինի դրանց հայերեն թարգմանությունը:

17. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները)`

Գրառման տեսակը

Ռեկվիզիտները

Ռեկվիզիտի կարգայնությունը (տասնորդական կարգերի)

Գրառումների քանակը

Համար

ՀԴՄ-ի գործարանային համարը

 

1

ՀԴՄ-ի ֆիսկալավորում

ՀԴՄ-ի գրանցման համարը

նվազագույնը` 8

1

կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը

նվազագույնը` 12

ֆիսկալավորման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

6

վերագրանցում անցկացնելու և ֆիսկալային հաշվետվություն ստանալու նշանաբառը

նվազագույնը` 5

ՀԴՄ-ի վերագրանցում

ՀԴՄ-ի գրանցման համարը

նվազագույնը` 8

4

կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը

նվազագույնը` 12

վերագրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

6

հերթափոխի վերջին փակման համարը

4

վերագրանցում անցկացնելու և ֆիսկալային հաշվետվություն ստանալու նշանաբառը

նվազագույնը` 5

Հերթափոխի փակում

հաշվետվության ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

6

նվազագույնը` 2000

հերթափոխի փակման համարը

4

հերթափոխի վաճառքների հանրագումարը

նվազագույնը` 9

Ծառայողական տեղեկատվություն (պարտադիր է)

գրառումների հսկիչ գումարները

Որոշվում է արտադրողի կողմից

ստորակետի դիրքը ֆիսկալային հաշվետվության մեջ գրանցվող հանրագումարների արժեքներում

ծառայողական դասիչները, հատկանիշները (դրոշմները)

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը ոչ ֆիսկալային և ֆիսկալային ռեժիմներում:

19. Ոչ ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործելու ռեժիմն է՝ մինչև ֆիսկալավորումը: Ոչ ֆիսկալային ռեժիմում չօգտագործված են մնում ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխային հաշվետվությունների գրանցման և ֆիսկալային հաշվետվության ստացման գործառույթները: Ոչ ֆիսկալային ռեժիմում հնարավոր է իրականացնել ՀԴՄ-ի մնացած բոլոր գործառույթները, այդ թվում` նաև վաճառքների վերաբերյալ տվյալների կուտակումը և փաստաթղթերի ձևավորումը` ՀԴՄ-ի մոդելի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Բնակչության հետ հաշվարկներ կատարելիս` չի թույլատրվում ոչ ֆիսկալային ռեժիմում ՀԴՄ-ի օգտագործումը:

20. Ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործողության ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան: ՀԴՄ-ի` ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերը (ներառյալ կտրոնները) պետք է ունենան տարբերիչ հատկանիշ, որը նշված է ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում և տպագրվում է միայն ֆիսկալային ռեժիմի միացումից հետո:

21. Ֆիսկալային ռեժիմը պետք է միացվի ՀԴՄ-ի ֆիսկալավորումն ավարտելիս: ՀԴՄ-ն ֆիսկալավորվում է միայն հարկային տեսուչին մատչելի հատուկ առանձնացված ռեժիմում: Մուտքը ռեժիմ թույլատրվում է ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառի մուտքագրումից հետո: Ֆիսկալային հիշողություն մուտքի նախնական նշանաբառը և ֆիսկալավորման ու վերագրանցման կարգը պետք է նշվեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում: Ֆիսկալավորումից հետո ֆիսկալային ռեժիմն անջատվել չի կարող:

22. Ֆիսկալավորման ընթացքում հարկային տեսուչը մուտքագրում է հետևյալ ռեկվիզիտները`

1) ՀԴՄ-ի գործարանային համարը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) ֆիսկալավորման կարգը.

5) ֆիսկալային հաշվետվություն մուտքի նշանաբառը:

23. Եթե ՀԴՄ-ի գործարանային համարը մտցվում է ֆիսկալային հաշվետվության մեջ` արտադրող կազմակերպությունում, ապա ֆիսկալավորման ժամանակ այն չի մուտքագրվում:

24. Հարկային տեսուչը վերագրանցման գործընթացում մուտքագրում է հետևյալ ռեկվիզիտները`

1) ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) վերագրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

5) ֆիսկալային հաշվետվություն մուտքի նոր նշանաբառը:

25. Ֆիսկալավորման կամ վերագրանցման դեպքում հարկային տեսուչի մուտքագրած բոլոր ռեկվիզիտները (բացի ֆիսկալային հիշողություն մուտքի նոր նշանաբառից) պետք է տպվեն կտրոնում կամ գրանցվեն ներդիր փաստաթղթում:

26. Հերթափոխային հաշվետվության տվյալները պետք է գրանցվեն ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխի ավարտման գործառնության կատարման ժամանակ (ՀԴՄ-ի կողմից մարմամբ հերթափոխային հաշվետվության ձևավորման դեպքում): Ընդ որում, դրամական հերթափոխային գրանցիչները պետք է մարվեն միայն հերթափոխային հաշվետվությունը տպելուց և տվյալները ֆիսկալային հիշողության մեջ գրանցելուց հետո: ՀԴՄ-ի վրա ընդհանուր մարման, վերագրանցման, ֆիսկալային հաշվետվության հանման և ամսաթիվն ուղղելու գործառնությունները կարող են իրականացվել միայն հերթափոխն ավարտելուց հետո: Մինչ այդ պահը նշված գործառնությունների իրականացումը պետք է կասեցվի: Սույն կետում նշված հաշվետվությունները կարող են տպագրվել սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:

27. ՀԴՄ-ն պետք է վերահսկի հերթափոխի տևողությունը, որը պետք է սահմանափակվի օրացուցային օրով կամ կազմի 24 ժամից ոչ ավելի: Հերթափոխի տևողության սկիզբ է համարվում հերթափոխի ընթացքում առաջին վճարային փաստաթղթի ձևակերպման ավարտը: Հերթափոխի` նշված տևողության գերազանցման դեպքում ՀԴՄ-ն պետք է կասեցնի վճարային փաստաթղթի ձևակերպման հնարավորությունը` մինչև մարմամբ հերթափոխային հաշվետվության անցկացումը:

28. Ընթացիկ ամսաթվի ուղղման դեպքում ՀԴՄ-ն պետք է վերահսկի մուտքագրվող ամսաթվի ճշտությունը, որը չի կարող լինել ավելի վաղ, քան ֆիսկալային հիշողության մեջ վերջին գրառման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ներառյալ նաև ֆիսկալավորման կամ վերագրանցման գործողությունների կատարման ամսաթիվը: Հետին ամսաթվի մուտքագրմամբ փորձի դեպքում ՀԴՄ-ն պետք է կասեցնի բոլոր գործառնությունները՝ մինչև ճիշտ ամսաթվի մուտքագրումը: Մեկ օրվանից ավելի տարբերությամբ հետագա ամսաթվի գրանցման դեպքում ՀԴՄ-ն պետք է կատարի գործողություններ՝ գրանցման պատահական սխալի կանխման նպատակով, օրինակ, ամսաթվի կրկնական հարցում և դրա տեղադրումը միայն կրկնակի համընկնումից հետո:

 

V. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ԿԱՐԳԸ

 

29. Ֆիսկալային հաշվետվության ստացումը և վերագրանցումը հնարավոր են բացառապես ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառով:

30. Ֆիսկալային տվյալներին դիմելու դեպքում հարկային տեսուչը համապատասխան ռեժիմ պետք է մտնի բանալու և (կամ) ռեժիմ մուտքի նշանաբառի օգնությամբ: Այդ ռեժիմում հարկային տեսուչի հետագա գործողությունները պետք է շարադրված լինեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

 

VI. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

31. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`

1) ֆիսկալային հիշողություն մուտքի ոչ ճիշտ նշանաբառի մուտքագրման փորձի դեպքում, ընդ որում, կասեցվում են բոլոր գործառնությունների կատարումը և նշանաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ նշանաբառի մուտքագրման պահը.

2) ընդհանուր մարման վերագրանցման, ֆիսկալային հաշվետվության հանման և ամսաթվի ուղղման գործառնությունների անցկացման փորձի ժամանակ սույն պահանջների 26-րդ կետում նշված դեպքում: ՀԴՄ-ի այդ գործառույթների կատարման կասեցումը պետք է հանվի ավարտման գործառնության կատարումից հետո.

3) առանց ՀԴՄ-ի ընդհանուր մարման գործառնության անցկացման` տասնորդական կետի դիրքի փոփոխման փորձի դեպքում ՀԴՄ-ի այդ գործողության կասեցումը պետք է հանվի ՀԴՄ-ի ընդհանուր մարման գործառնության անցկացումից հետո.

4) հերթափոխն ավարտելու գործողությունը չանցկացվելու դեպքում (սույն պահանջների 27-րդ կետում նշված դեպքում): ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի հերթափոխն ավարտելու գործողությունը կատարելուց հետո.

5) ամսաթիվն ուղղելու ժամանակ` սույն պահանջների 28-րդ կետում նշված դեպքում: ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի ճիշտ ամսաթվի մուտքագրումից հետո.

6) ֆիսկալային հիշողության գերլցում, անսարքություն կամ անջատում հայտնաբերվելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո: Ընդ որում, կարող է թույլատրվել հերթափոխային կամ կուտակային հաշվետվությունների ստացումը` առանց մարման, իսկ ֆիսկալային հիշողության գերլցման դեպքում` նաև ֆիսկալային հաշվետվության ստացումը։

32. ՀԴՄ-ն պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ ազատ դաշտերի թվի մասին հաղորդագրության ստացումը` հերթափոխային հաշվետվությունների գրառման համար: Ազատ դաշտերի 30-ից պակաս թվի դեպքում հաղորդագրության ելքագրումը պարտադիր է և պետք է իրականացվի ավտոմատ կերպով` հերթափոխն ավարտելու կամ հերթափոխն սկսելու գործողությունների ժամանակ` ՀԴՄ-ի ձևակերպած փաստաթղթի վրա:

 

VII. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ

 

33. Ֆիսկալային հաշվետվության նշումը և նրա ստացման համար գործողությունների հաջորդականությունը պետք է շարադրված լինեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

34. Ֆիսկալային հաշվետվություն ստանալու համար հարկային տեսուչը պարտավոր է`

1) գործողության մեջ դնել ֆիսկալային հաշվետվություն մուտքի նշանաբառը.

2) գործողության մեջ դնել այն ժամանակամիջոցի սկզբնական ամսաթիվը (կամ հերթափոխն ավարտելու սկզբնական համարը), որի համար ստացվում է ֆիսկալային հաշվետվությունը.

3) գործողության մեջ դնել ֆիսկալային հաշվետվության տեսակների հատկանիշը (լրիվ կամ կրճատ):

35. Ընդհանուր դեպքում կարող է տրվել ակնհայտորեն ավելի մեծ ժամանակամիջոց, քան ֆիսկալային հաշվետվության մեջ փաստացի գրանցվածը:

36. Ֆիսկալային հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`

1) կազմակերպության անվանումը.

2) ֆիսկալային հաշվետվության հատկանիշը.

3) փաստաթղթի համընդգրկող կարգային համարը.

4) հաշվետվության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

5) հաշվետվության ստացման ժամանակը՝ ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան.

6) ժամանակամիջոցը, որի համար ձևավորվում է հաշվետվությունը.

7) ՀԴՄ-ի գործարանային համարը.

8) ՀԴՄ-ի անցկացրած բոլոր վերագրանցումների ռեկվիզիտները (բացի նշանաբառից).

9) տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային վաճառքների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման ամսաթվի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ: Այս տեղեկությունները դուրս են բերվում միայն լրիվ ֆիսկալային հաշվետվություն ստանալու դեպքում.

10) տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային գնումների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման ամսաթվի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ: Այս տեղեկությունները դուրս են բերվում միայն լրիվ ֆիսկալային հաշվետվություն ստանալու դեպքում.

11) տվյալ ժամանակամիջոցում վաճառքների գումարային հանրագումարը: Եթե տվյալ ժամանակամիջոցում, որի համար հանվում է ֆիսկալային հաշվետվությունը, փոխվել է տասնորդական կետի տեղադիրքը, ապա ռեկվիզիտները պետք է վերահաշվվեն և տպվեն ՀԴՄ-ում սահմանված ֆորմատով, որը պարունակում է նշանների առավելագույն թիվը տասնորդական կետից հետո.

12) տվյալ ժամանակամիջոցում գնումների գումարային հանրագումարը: Եթե տվյալ ժամանակամիջոցում, որի համար հանվում է ֆիսկալային հաշվետվությունը, փոխվել է տասնորդական կետի տեղադիրքը, ապա ռեկվիզիտները պետք է վերահաշվվեն և տպվեն ՀԴՄ-ում սահմանված ֆորմատով, որը պարունակում է նշանների առավելագույն թիվը տասնորդական կետից հետո:

37. Ֆիսկալային հաշվետվությունը կարող է տպագրվել (ստացվել) սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:

 

VIII. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

38. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր կապարակնքված պատյանի տակ, իսկ ՀԴՄ-ի հանգուցային կառուցվածքի դեպքում` կապարակնքված պատյանի տակ, որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները) և ֆիսկալային հիշողության ու վճարային փաստաթղթերը տպող սարքի կառավարման պրոցեսորը:

39. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման և ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման անհնարինությունը:

40. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից` ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:

41. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս, քան 6 տարի՝ ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:

 

IX. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

42. ՀԴՄ-ում պետք է նախատեսվի ֆիսկալային տվյալների պահպանվածությունն ստուգելու ռեժիմ: Ռեժիմի անցկացման կարգը պետք է շարադրված լինի ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

43. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպության պայմաններում, այլ տեխնիկական միջոցներով, հարկային տեսուչի կողմից ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի վթարի դեպքում: Այդ դեպքի համար ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման կարգը պետք է նշված լինի ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի վերանորոգման փաստաթղթերում:

44. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը, ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան, գործողությունների լրիվ իրականացման հետ մեկտեղ՝ պետք է բացառի օգտագործողի կողմից առանց ՀԴՄ-ի կապարակնքման խախտման իր այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում և ֆիսկալային ռեժիմի տարբերիչ հատկանիշի տպագրումը փաստաթղթերի վրա: ՀԴՄ-ի բազմապրոցեսորային կառուցվածքի դեպքում նշված պահանջը վերաբերում է միայն մեկ` ֆիսկալային հիշողության ղեկավարման համար առանձնացված պրոցեսորի ծրագրային ապահովմանը, բացառապես, որի միջոցով և պետք է իրականացվի մյուս պրոցեսորների ծրագրային և ֆիզիկական մուտքը ֆիսկալային գործողություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 380-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան