ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
7 ապրիլի 2015 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՈՀԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված՝ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի մարտի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրության փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը հաստատվել է 2012թ. դեկտեմբերի 8-ին: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունն ընդունվել է 1997 թվականին և ուժի մեջ է մտել 2005 թվականին: Հայաստանի Հանրապետության կողմից Կիոտոյի արձանագրությունը վավերացվել է 2002 թվականին:
Վերոհիշյալ արձանագրության Դոհայի փոփոխության նպատակն է փոփոխություններ կատարել Կիոտոյի արձանագրության «Ա» և «Բ» հավելվածներում, մասնավորապես՝ սահմանել այդ արձանագրության կողմ հանդիսացող զարգացած երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկրորդ ժամանակաշրջանի՝ 2013-2020թթ. քանակական պարտավորությունները:
2. Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը, որպես Կիոտոյի արձանագրության Կողմ, պարտավորվում է անհատապես կամ համատեղ ապահովել, որ Կիոտոյի արձանագրության «Ա» հավելվածում թվարկված ջերմոցային գազերի ածխածնի երկօքսիդի համարժեքով արտահայտված արտանետումները չգերազանցեն սահմանված այն քանակները, որոնք հաշվարկվել են Արձանագրության «Բ» հավելվածում ներկայացված քանակական պարտավորությունների հիման վրա:
3. Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունն ուժի մեջ է մտնում Կիոտոյի արձանագրության 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունը բխում է ՀՀ Սահմանադրության ինչպես 10-րդ հոդվածում ամրագրված, այնպես էլ պետության առջև սոցիալական բնագավառում դրված սահմանադրաիրավական մյուս խնդիրներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված՝ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
7 ապրիլի 2015 թ. ՍԴՈ-1198 |