Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110).1 Հոդ.287.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ ԱՐԴ/0038/01/13

ԱՐԴ/0038/01/13

 

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

Դատավորներ՝   

Ս. Համբարձումյան

 

Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. ԴԱնիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

     

 

2014 թվականի դեկտեմբերի 16-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Վահան Գասպարի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Գ. Մանուկյանը 2012 թվականի հուլիսի 24-ին որոշում է կայացրել Վահան Գասպարի Գևորգյանի կողմից Անդրանիկ Կարապետի Կարապետյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և Վ. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Քննիչն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Վ. Գևորգյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներին, Վ. Գևորգյանն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները, բնութագրվում է դրականորեն, զղջացել է կատարած արարքի համար, և այդ հանգամանքները ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա թույլ են տալիս Վ. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Նույն օրը քննիչ Գ. Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա միջնորդագիր է ներկայացրել ՌԴ սահմանապահ զորքերի թիվ 2037 զորամասի հրամանատար Ա. Զլոբինին` խնդրելով այն քննարկել զորամասի հրամանատարական կազմի հետ և ակտիվացնել զորամասի զինծառայողների շրջանում դաստիարակչական բնույթի աշխատանքները` անցագրային կետերից ուղեկալների տարածք մուտք գործող բնակչության հանդեպ ավելի հարգալից և պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու ուղղությամբ:

Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2012 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ ՌԴ սահմանապահ զորքերի թիվ 2037 զորամասի հրամանատար Ա.Զլոբինը բերել է բողոք, որը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է և քննիչ Գ. Մանուկյանի որոշումը` վերացվել:

2. Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա. Դոլինյանի 2012 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 48202312 քրեական գործը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Գ. Մանուկյանը 2012 թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է կայացրել իր վարույթում գտնվող թիվ 48202312 քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն (այսուհետ նաև՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայություն) ուղարկելու մասին:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Նալբանդյանը 2013 թվականի հունվարի 15-ին որոշում է կայացրել թիվ 48202312 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:

Ավագ քննիչ Մ. Նալբանդյանի 2013 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Վ. Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) ստացվել է 2013 թվականի ապրիլի 12-ին:

Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2013 թվականի հունիսի 12-ի դատավճռով Վ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: Վ. Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

4. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 12-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Վ. Գևորգյանի պաշտպան Ա. Գրիգորյանը:

Վերաքննիչ դատարանը 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վահան Գասպարի Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ «30.06.2012թ. ժամը 17-ի սահմաններում, կնոջ՝ Քաղցրիկ Հունանի Մելքոնյանի հետ իր ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով գնացել են ՌԴ սահմանապահ զորքերի թիվ 2037 զորամասի 9-րդ ուղեկալի տարածքում գտնվող իրենց հողամասում հողագործական աշխատանքներ կատարելու: Ուղեմասի անցագրային կետի դարպասների մոտ վերակարգի մեջ ընդգրկված և որպես կրտսեր վերակարգ ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ զորքերի թիվ 2037 զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Կարապետի Կարապետյանը դարպասների մոտ Վ. Գևորգյանից պահանջել է ներկայացնել անձնագիր և անցագիր՝ ուղեկալի տարածք անցնելու թույլտվություն ստանալու համար: Վ. Գևորգյանը ներկայացրել է մեկ անձնագիր, սակայն դրա մեջ՝ լուսանկարում պատկերված է եղել մի ինչ-որ տարեց կին: Ա. Կարապետյանը հարցրել է, թե ում է պատկանում անձնագիրը, և Վ. Գևորգյանը պատասխանել է, որ դա իր կնոջ անձնագիրն է: Քանի որ լուսանկարի վրայի կինն եղել է տարեց, Ա. Կարապետյանը Վ. Գևորգյանին ասել է, որ դա իր կինը չէ, և որ նա ստում է: Դրանից հետո Վ. Գևորգյանը սկսել է քաշքշել փակված, բայց չկողպված դարպասները ու նրա փեղկը բացելով՝ մտել է ներս և մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Կարապետյանի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ա. Կարապետյանը հրելով դուրս է հանել Վ. Գևորգյանին ուղեկալի տարածքից, ու նա, նստելով մեքենան, հեռացել է Բերքաշատ գյուղի կողմը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 132-135):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները (...), ինչպես նաև գործի մյուս տվյալները, գտնում է, որ ամբաստանյալ Վահան Գասպարի Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով կատարած հանցանքը հիմնավորված է, մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի կիրառումը՝ ճիշտ:

Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Վահան Գասպարի Գևորգյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում` դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Վահան Գասպարի Գևորգյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, որի համար էլ վերջինս պետք է պատասխանատվություն կրի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 188-189):

8. Վերաքննիչ դատարանի դատական ակտում արձանագրված է հետևյալը. «(...) Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս հասցնելու դեպքում արարքը որակվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննարկվող հանցակազմի համար անչափ կարևոր է այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնությունը կամ դրա գործադրման սպառնալիքը պետք է կապված լինեն այդ իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այդպիսի կապն առկա է այն դեպքերում, երբ հանցավորը, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելով, ցանկանում է դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը կամ էլ վրեժ լուծել նրանից այդ գործունեության համար: Իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը դրսևորվում է նրանում, որ հանցավորը, բռնություն գործադրելով, հակազդում է իշխանության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը կամ էլ հարկադրում է նրան հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:

Քննարկվող հանցակազմի բնութագրման համար կարևոր նշանակություն ունի իշխանության ներկայացուցչի գործողությունների իրավաչափությունը:

Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնությունը կամ դրա գործադրման սպառնալիքը կարող են համարվել կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն և որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով միայն այն դեպքում, երբ այդ գործողությունները կատարվում են ի պատասխան իշխանության ներկայացուցչի իրավաչափ, օրինական գործողությունների:

Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ բռնություն կամ բռնության սպառնալիք է գործադրում իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հանցակազմի վերը նշված վերլուծությունը համադրելով սույն գործի հանգամանքների հետ, ամբաստանյալ Վ. Գևորգյանի կողմից Ընդհանուր իրավասության դատարանում իր մեղքն ընդունած լինելու պայմաններում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վահան Գասպարի [Գևորգյանի] կողմից կատարված արարքը (...) նույնանում է ՀՀ քր. օր-ի 316 հդ-ի 2-րդ մասի հատկանիշներին: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 17-31):

9. Դատաբժշկական փորձագետի թիվ 128 եզրակացության համաձայն` Անդրանիկ Կարապետյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 33-34):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Վճռաբեկ բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վ. Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ վերջինիս արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վ. Գևորգյանի հակաիրավական գործողությունների շարժառիթն ու նպատակը ուղղված չեն եղել իշխանության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն: Կրտսեր սերժանտ Ա. Կարապետյանն ուղեկալի անցագրային կետի դարպասների մոտ կանգնեցրել է հողագործական աշխատանքներ կատարելու նպատակով սեփական հողամաս ուղևորվող Վ. Գևորգյանին և նրա կնոջն ու պահանջել ներկայացնել անձնագիր և անցագիր` ուղեկալի տարածք անցնելու թույլտվություն ստանալու համար: Վ. Գևորգյանը, ենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ա. Կարապետյանի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացրած պահանջներին, ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը: Ա. Կարապետյանը, ուսումնասիրելով Վ. Գևորգյանի կնոջ անձնագիրը, մի քանի անգամ ուշադիր նայել է անձնագրում պատկերված նկարին, ինչը դուր չի եկել Վ. Գևորգյանին, և վերջինս հարցրել է, թե ինչու է այդքան նայում անձնագրում պատկերված նկարին: Ի պատասխան` Ա. Կարապետյանն ասել է, որ հնարավոր է՝ այդ կինն իրեն ծանոթ է: Այնուհետև Վ. Գևորգյանի և Ա. Կարապետյանի միջև տեղի է ունեցել կենցաղային բնույթի խոսակցություն, ինչը կապված չի եղել իշխանության ներկայացուցչի կողմից իր լիազորությունների կատարման հետ: Ա. Կարապետյանը, դուրս գալով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով կարգավորվող իրավահարաբերությունից, զազրախոսել է Վ. Գևորգյանի հետ: Առաջացած միջանձնային հարաբերությունների ընթացքում, խանդի շարժառիթով, լինելով վիրավորված, իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, չունենալով նպատակ խոչընդոտելու իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ա. Կարապետյանի գործունեությանը, վերջինիս կողմից իր՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ չկապված, Վ. Գևորգյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և, ունենալով իրական հնարավորություն սահմանված կարգի խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության մուտք գործել ուղեկալի տարածք` մուտք չի գործել և հեռացել է:

11. Գտնելով, որ կայացված դատական ակտերը օրինական, հիմնավոր և պատճառաբանված չեն, դրանցով խախտվել են օրինականության և արդարության սկզբունքները, ինչի արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը՝ վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 12-ի դատավճիռն ու Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացման ապահովումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդված) բովանդակության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Վ. Գևորգյանին մեղսագրված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն`

«1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է (...):

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է (...)»:

Մեջբերված նորմով նախատեսված հանցակազմի անմիջական օբյեկտը կառավարման բնականոն գործունեության, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչների (նրանց մերձավորների) կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է իշխանության ներակայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կապված իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն է համարվում այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են անձի առողջությանը ցանկացած ծանրության (թեթև, միջին կամ ծանր) վնաս պատճառելուն կամ սպանելուն: Ընդ որում, արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար պարտադիր է, որ իշխանության ներակայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կապված լինի իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այդպիսի կապն առկա է այն դեպքերում, երբ հանցավորը, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով, ցանկանում է դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը կամ վրեժ լուծել նրանից այդ գործունեության համար:

15. Իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելը ենթադրում է, որ իշխանության ներկայացուցիչը գործում է օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված լիազորությունների շրջանակում: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանության ներկայացուցչի գործողությունները լինեն իրավաչափ, հակառակ դեպքում արարքը չի կարող գնահատվել որպես կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն:

Այն դեպքում, երբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կապված չէ իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև` որպես իշխանության ներկայացուցիչ հանդես եկող անձի գործողություններն ապօրինի են, նրա կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կարող է որակվել որպես անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված հանցագործություն (համապատասխան հանցակազմերի մնացած հատկանիշների առկայության դեպքում):

Սուբյեկտիվ կողմից հիշյալ հանցագործությունը կատարվում է ուղղակի դիտավորությամբ՝ արարք կատարած անձը գիտակցում է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն է գործադրում կամ բռնության սպառնալիք է տալիս: Ընդ որում, սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանցանք կատարած անձի նպատակը՝ խոչընդոտել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությանը կամ դադարեցնել այն, կամ էլ շարժառիթը՝ վրեժ լուծել իշխանության ներկայացուցչից նրա գործունեության համար:

16. Սույն գործի նյութերից հետևում է, որ գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում իրականացվել է արագացված կարգով: Հետևաբար, Վ. Գևորգյանի կատարած արարքի քրեաիրավական որակման հիմնավորվածության հարցը քննարկելիս Վճռաբեկ դատարանը որպես հիմք պետք է ընդունի Վ. Գևորգյանին մեղսագրված արարքի՝ մեղադրական եզրակացությունում արտացոլված և ստորադաս դատարանների կողմից հիմք ընդունված փաստերի նկարագրությունը:

Այսպես, սույն գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինը և Առաջին ատյանի դատարանը հաստատված են համարել, որ 2012 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Վ. Գևորգյանը կնոջ՝ Ք.Մելքոնյանի հետ իր ավտոմեքենայով գնացել են ՌԴ-ի սահմանապահ զորքերի թիվ 2037 զորամասի 9-րդ ուղեկալի տարածքում գտնվող իրենց հողամաս՝ հողագործական աշխատանքներ կատարելու: Ուղեմասի անցագրային կետի դարպասների մոտ վերակարգի մեջ ընդգրկված և որպես կրտսեր վերակարգ ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա. Կարապետյանը Վ. Գևորգյանից պահանջել է ներկայացնել անձնագիր և անցագիր՝ ուղեկալի տարածք անցնելու թույլտվություն ստանալու համար: Վ. Գևորգյանը ներկայացրել է մեկ անձնագիր, որի լուսանկարում պատկերված է եղել տարեց կին: Ա. Կարապետյանը հարցրել է, թե ում է պատկանում անձնագիրը, Վ. Գևորգյանը պատասխանել է, որ դա իր կնոջ անձնագիրն է: Քանի որ լուսանկարում պատկերված կինն եղել է տարեց, Ա. Կարապետյանը Վ. Գևորգյանին ասել է, որ դա իր կինը չէ, և որ նա ստում է: Դրանից հետո Վ. Գևորգյանը սկսել է քաշքշել փակված, բայց չկողպված դարպասներն ու նրա փեղկը բացելով՝ մտել է ներս ու մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Կարապետյանի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ա. Կարապետյանը հրելով դուրս է հանել Վ. Գևորգյանին ուղեկալի տարածքից ու նա, նստելով մեքենան, հեռացել է Բերքաշատ գյուղի կողմը (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը, իրավացիորեն նշել է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնությունը կամ դրա գործադրման սպառնալիքը պետք է կապված լինեն իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, արձանագրել է նաև, որ այդպիսի կապն առկա է այն դեպքերում, երբ հանցավորը, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիք տալով ցանկանում է դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը կամ էլ վրեժ լուծել նրանից այդ գործունեության համար: Վերաքննիչ դատարանը շեշտել է իշխանության ներկայացուցչի գործողությունների իրավաչափության կարևոր նշանակությունը և արձանագրել, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնությունը կամ դրա գործադրման սպառնալիքը կարող են համարվել կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն և որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով միայն այն դեպքում, երբ այդ գործողությունները կատարվում են ի պատասխան իշխանության ներկայացուցչի իրավաչափ, օրինական գործողությունների: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, առանց վերլուծելու Վ. Գևորգյանին մեղսագրվող հանցանքի փաստական կողմը, եզրահանգել է, որ նրա կատարած արարքը նույնանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մինչդեռ, Վ. Գևորգյանին մեղսագրված արարքի` վերը մեջբերված փաստերի նկարագրությունից երևում է, որ Վ. Գևորգյանը, ենթարկվելով կրտսեր սերժանտ Ա. Կարապետյանի օրինական պահանջին, ուղեկալի տարածքում գտնվող հողամաս անցնելու նպատակով ներկայացրել է կնոջ՝ Ք. Մելքոնյանի անձնագիրը: Դրանից հետո Ա. Կարապետյանը Վ. Գևորգյանին առանց հիմքի մեղադրել է ստախոսության մեջ, նշելով, որ դա իր կնոջ անձնագիրը չէ: Առաջացած միջանձնային հարաբերությունների ընթացքում, լինելով վիրավորված, Վ. Գևորգյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Կարապետյանի դեմքին և, ունենալով իրական հնարավորություն սահմանված կարգի խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության մուտք գործել ուղեկալի տարածք` մուտք չի գործել և հեռացել է: Նշվածից հետևում է, որ Վ. Գևորգյանի կողմից գործադրված` տուժողի առողջության համար վտանգավոր բռնությունը կապված չի եղել Ա. Կարապետյանի՝ որպես իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ուղղված չի եղել այդ պարտականությունները կատարելուն խոչընդոտելուն կամ դրանք կատարելու համար նրանից վրեժ լուծելուն:

Ինչ վերաբերում է դատախազի վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ ուսումնասիրելով անձնագիրը` Ա. Կարապետյանը մի քանի անգամ ուշադիր նայել է անձնագրում պատկերված նկարին, ինչը դուր չի եկել Վ. Գևորգյանին և վերջինս հարցրել է, թե ինչու է այդքան նայում անձնագրում պատկերված նկարին, ինչին ի պատասխան Ա. Կարապետյանն ասել է, որ հնարավոր է, որ այդ կինն իրեն ծանոթ է (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննված գործերով դատարանն իրավասու չէ դուրս գալ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից հաստատված փաստական հանգամանքների շրջանակներից: Տվյալ դեպքում, սույն գործի նախաքննությունն իրականացնող մարմինը նման փաստական հանգամանքներ հաստատված չի համարել, հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնել դրանք:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստերը գնահատելով 14-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ. Գևորգյանին մեղսագրված արարքը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, քանի որ բացակայում են օբյեկտիվ կողմի (իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների հետ կապվածությունը) և սուբյեկտիվ կողմի (նպատակը) պարտադիր հատկանիշները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Վ. Գևորգյանին մեղսագրված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին:

Անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին, որ Վ. Գևորգյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և միջնորդել գործը քննել արագացված կարգով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընգծել, որ ամբաստանյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքներն ընդունելը և առաջադրված մեղադրանքին համաձայնելը դատարանին չի ազատում կատարված հանրորեն վտանգավոր արարքը իրավաբանորեն ճիշտ որակելու, այն է` քրեական օրենքը ճիշտ կիրառելու պարտականությունից (տե՛ս Վարդան Ալիխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0046/01/08 որոշման 11-13-րդ կետերը):

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը քրեական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին»:

Այսպիսով, ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում՝ կիրառել են քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Սույն գործով թույլ է տրվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածում ամրագրված` դատավճռի օրինական լինելու մասին ընդհանուր պահանջը: Նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք են:

19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելը պայմանավորված է նրանով, որ ստորադաս դատարաններում գործի դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված դատական ակտերը չեն համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատարանի որոշման՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, քանի որ դրանցով հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնել նման ակտ, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

20. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ Վ. Գևորգյանը մեկ անգամ ձեռքով հարվածել է Ա. Կարապետյանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (տես սույն որոշման 9-րդ կետը), որը, ինչպես վերը նշվեց, առնչություն չունի իշխանության ներկայացուցչի կողմից իր լիազորությունների կատարման հետ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ. Գևորգյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որի համաձայն`

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`

(...)

2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման ակտ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ տուգանքի, ինչպես նաև առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքի ձևով, իսկ Համաներման ակտի 5-րդ կետի 2-րդ ենթակետը նախատեսում է կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական այն գործերը, (բացառությամբ որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 5-րդ կետի 2-րդ ենթակետը կիրառելի է դատապարտյալ Վ. Գևորգյանի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման ակտը Վ. Գևորգյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք: Համաներման ակտի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Վ. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ վերջինս արդեն հնարավորություն ունեցել է դատական բոլոր ատյաններում վիճարկել իրեն առաջադրված մեղադրանքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և նույն հոդվածի 5-րդ մասի հիման վրա Վ. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական գործի վարույթը պետք է կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Վահան Գասպարի Գևորգյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 12-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Վահան Գասպարի Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցանքի մեջ և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

 

Հ. ԱսատրՅԱՆ

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան