Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1201
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հոդ.259
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2015

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 ապրիլի 2015 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 25.03.2015թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և բանավոր պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի փետրվարի 5-ին` Մոսկվայում:

2. Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող երեք հավելվածներ, որոնցում սահմանված են Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված՝ ռուսական և հայկական Լիազորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդունելու մասին դիմումի, ֆինանսավորման ընդունելու հաստատման կամ մերժելու ձևերը:

3. Ռուսական կողմը Հայաստանի Հանրապետության տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երկու հարյուր յոթանասուն միլիոն (270.000.000) ԱՄՆ դոլարի չափով պետական արտահանման վարկ (այսուհետ` Վարկ), որը հայկական կողմն օգտագործելու է 2015-2019թթ. ընթացքում: Հայկական կողմին տրամադրվում է նաև 30 մլն ԱՄՆ դոլարի չափով անհատույց ֆինանսական օգնություն սույն պայմանագրով նախատեսված ծրագրային նպատակների իրականացման համար:

Հայկական կողմը Վարկն օգտագործում է ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվելու են Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● Վարկի հաշվին ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար հաշվարկների ժամանակ կիրառել հաշվարկների ակրեդիտիվների ձևը (հոդված 2, կետ 4),

● Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել կոմիսիոն վճարում հայկական կողմից վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով (հոդված 2, կետ 5),

● Վարկի փաստացի օգտագործված գումարը մարել 10 տարվա ընթացքում` հավասարաչափ կիսամյակային վճարումներով, յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին (հոդված 3),

● Վարկի մարման գծով առաջին վճարումը կատարել 2020թ. հունվարի 15-ին (հոդված 3),

● Վարկի գծով տոկոսները վճարել տարեկան 3,0 տոկոս տոկոսադրույքով (հոդված 4, մաս 1),

● Վարկի գծով բոլոր վճարումները կատարել ԱՄՆ դոլարով կամ Կողմերի համաձայնությամբ` ռուսական ռուբլով` Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված փոխարժեքով` «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության (Արտտնտբանկ)» պետական կորպորացիայի վճարման ուղեցույցներին համապատասխան (հոդված 6, կետ 1),

● ապահովել, որպեսզի ռուսական և հայկական լիազորված կազմակերպությունները միմյանց հետ կնքեն պայմանագրեր, որոնցում կսահմանվեն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների մատակարարումների, կատարվելիք աշխատանքների և մատուցվելիք ծառայությունների ծավալները, ժամկետները և գինը (հոդված 8, կետ 1):

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նպատակ է հետապնդում երկարաձգել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` ապահովելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

 7 ապրիլի 2015 թ.

ՍԴՈ-1201

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան