Գլխավոր տեղեկություն
Համար
N 1937-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.04.2015-03.06.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.10/24(199) Հոդ.285
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1937-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբսիդիաները և դրամաշնորհները հատկացվում են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(2-րդ կետը փոփ. 16.04.15 N 413-Ն)

2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի 8.3-րդ կետի պահանջները չեն տարածվում կոնցեսիոն պայմանագրերով նախատեսված սուբսիդավորման գործընթացի վրա:

(2.1-ին կետը լրաց. 12.12.13 N 1400-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման վերաբերյալ սույն որոշման հավելվածի 2, 6, 7 և 8-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) միջոցների հաշվին իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն) սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Կազմակերպությանը սուբսիդիա կամ դրամաշնորհ տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

3. Սույն կարգի իմաստով սուբսիդիան` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ կազմակերպության համար կապիտալ ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը և կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է:

4. Սույն կարգի իմաստով դրամաշնորհը տնտեսության որևէ ճյուղի կամ գործունեության որևէ տեսակի խթանման նպատակով բյուջեից կազմակերպությանն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատկացումն է:

5. Սույն կարգի իմաստով նվազագույն շահավետ գինը տնտեսապես հիմնավորված այն նվազագույն գինն է, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում կազմակերպության կողմից կարտադրվեր, կարտահանվեր կամ կներմուծվեր տվյալ ապրանքը, կկատարվեր տվյալ աշխատանքը կամ կմատուցվեր տվյալ ծառայությունը:

 

II. ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերի կազմը, այդ ծախսերի, այդ թվում` նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվներն ըստ առանձին ոլորտների և գործունեության տեսակների սահմանում են համապատասխան ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(6-րդ կետը փոփ. 25.03.10 N 303-Ն)

7. Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

8. Սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`

ա) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, որի շրջանակներում տրամադրվում է սուբսիդիան.

բ) պայմանագրի շրջանակներում արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների նկարագիրը` արտահայտված տվյալ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված համապատասխան ցուցանիշներով, (քանակական և ժամկետայնության).

գ) արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության մեկ միավորի սահմանված գինը.

դ) պայմանագրի շրջանակներում արտադրման, ներմուծման կամ արտահանման ենթակա ապրանքների, կատարման ենթակա աշխատանքների, մատուցման ենթակա ծառայությունների առավելագույն քանակը և դրա փոփոխման պայմանները.

ե) արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության նվազագույն շահավետ գինը.

զ) տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը.

է) պայմանագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.

ը) այլ դրույթներ, որոնք պայմանագրի կողմերը կգտնեն նպատակահարմար:

(8-րդ կետը լրաց. 12.12.13 N 1400-Ն)

8.1. Պայմանագրի շրջանակներում կազմակերպության և տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի ղեկավարի կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

(8.1-ին կետը լրաց. 25.03.10 N 303-Ն)

8.2. Սահմանել, որ 8.1-ին կետում նշված հանձնման-ընդունման ակտը կիրառվում է նաև սուբսիդիայի տրամադրման նպատակով նախկինում կնքված և գործող պայմանագրերի վրա:

(8.2-րդ կետը լրաց. 03.11.11 N 1561-Ն)

8.3. Պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն տրամադրված սուբսիդիաների մասին ըստ շահառուների՝ կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները:

(8.3-րդ կետը լրաց. 12.12.13 N 1400-Ն)

 

III. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Կազմակերպությունը, որին հատկացվում է դրամաշնորհ, որոշվում է սույն կարգի համաձայն կազմակերպվող և անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) արդյունքներով:

10. Դրամաշնորհի չափը սահմանվում է բյուջեով: Բյուջեի հաստատումից հետո համապատասխան պետական մարմնի ղեկավարը կազմավորում է տվյալ դրամաշնորհի հատկացման նպատակով անցկացվելիք մրցույթի` առնվազն 3 անդամից բաղկացած մրցույթի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով նշանակվում է հանձնաժողովի նախագահ (այսուհետ` նախագահ) և քարտուղար (այսուհետ` քարտուղար):

11. Հանձնաժողովը գործում է մինչև պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը: Պետական մարմնում պայմանագրի կատարման հետ կապված վճարային փաստաթղթերը կազմվում են հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

12. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը, և հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի (այսուհետ` նիստը վարող) ձայնը վճռորոշ է:

3. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում հանձնաժողովը հաստատում է այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ հաջորդ նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Նիստին ներկա անդամները պարտադիր կարգով ստորագրում են հանձնաժողովի որոշումները:

14. Արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Քարտուղարն արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի, ժամկետի ու անցկացման վայրի մասին նիստից առնվազն 24 ժամ առաջ գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:

15. Քարտուղարը` 

ա) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար. 

բ) հանձնաժողովին է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.

գ) հանձնաժողովի անդամներին և մրցույթի մասնակիցներին պետական մարմնի անունից` կից գրությամբ ուղարկում (տրամադրում) է հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը` այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

դ) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը, իսկ հանձնաժողովի գործունեության դադարեցումից հետո հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի պահպանման և սահմանված կարգով արխիվացման նպատակով ապահովում է այդ փաստաթղթերի հանձնումը պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին.

ե) հանձնաժողովի անդամ չէ.

զ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի անդամի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

17. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրը, վայրում և ժամին, որում`

ա) հաստատվում է հանձնաժողովի առաջին նիստի օրակարգը.

բ) հաստատվում է մրցույթի մասին հայտարարության տեքստը.

գ) հաստատվում է մրցույթի հրավերի տեքստը.

դ) հաստատվում են հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

18. Հանձնաժողովի առաջին նիստի օրը քարտուղարը հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին հայտարարության և հրավերի տեքստերը ներկայացնում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին` այն 5-օրյա ժամկետում հրապարակելու նպատակով:

19. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ: Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու մրցույթի առաջարկները (այսուհետ` հայտ) կազմելու և ներկայացնելու պայմանների մասին:

20. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

ա) մրցույթը հայտարարած պետական մարմնի անվանումը.

բ) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է մրցույթի հրավերը.

գ) հայտերի պատրաստման մասին հրահանգները, այդ թվում` հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը.

դ) մրցույթի մասնակիցներից (այսուհետ` մասնակից) պահանջվող որակավորման տվյալների չափանիշները.

ե) դրամաշնորհի տրամադրման հիմնական պայմանները.

զ) հայտը ներկայացնելու պայմանները` ներառյալ ձևը, տեղը, ժամկետը, հայտի լեզուն.

է) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ.

ը) հայտերի բացման օրը և ժամը, քննարկման կարգը և գնահատման չափանիշները.

թ) հայտերը մերժելու պայմանները.

ժ) կնքվելիք պայմանագրի նախագիծը.

ժա) հայտերը նախապատրաստելուն և ներկայացնելուն վերաբերող այլ տեղեկատվություն` հանձնաժողովի հայեցողությամբ:

21. Քարտուղարը մրցույթի հրավերը տրամադրում է գրավոր պահանջ ներկայացրած կազմակերպությանը` նման պահանջ ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը քարտուղարին արգելվում է մրցույթի հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած և (կամ) մրցույթի հրավեր ստացած անձանց մասին այլ անձանց տեղեկություններ հաղորդելը:

Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտը չընդունելու համար:

22. Մասնակիցը կարող է հանձնաժողովից պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Քարտուղարի կողմից պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու մասին գրությունը պետական մարմնում մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթի հրավերում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք չեն կարող հանգեցնել մրցույթի հրավերի էական պայմանների փոփոխմանը:

Հանձնաժողովի կողմից մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու օրը քարտուղարն այդ փոփոխությունները ներկայացնում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին, որն այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրն ապահովում է դրա` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում հրապարակումը:

Մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում հայտեր ներկայացնելու ժամկետի ավարտը հաշվվում է այդ փոփոխությունների մասին մամուլում հրապարակվելու օրվանից:

Սույն կետի համաձայն մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում պետական մարմինը չի կրում մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու հանգամանքով պայմանավորված` մասնակցի կողմից կրած իրական վնասի ռիսկը:

24. Պետական մարմնի պաշտոնատար անձանց և (կամ) հանձնաժողովի անդամների կողմից այլ անձանց սույն կարգով չնախատեսված ձևով պարզաբանումներ և (կամ) մրցույթին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

25. Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:

26. Հայտը ներկայացվում է քարտուղարին, և նրա կողմից այն ընդունվում է մինչև դրա համար մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը: Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:

Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

27. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է սույն կարգով հայտ ներկայացնելու համար սահմանված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

28. Հայտերը բացվում են մրցույթի մասին հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալու օրը` հայտերի բացման նիստում:

Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին:

29. Հայտերի բացման նիստում`

ա) նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված.

բ) քարտուղարը`

տեղեկատվություն է ներկայացնում հայտերի մասին, 

նախագահին է փոխանցում մրցույթի մասին հայտերը,

հանձնաժողովի անդամներին է տրամադրում պետական մարմնի կնիքով կնքված հայտերի գնահատման թերթիկների (այսուհետ` գնահատման թերթիկ) երկուական օրինակ` հայտերի բացման նիստի ավարտից հետո,

հայտերը ներկայացնելու կարգին համապատասխան գնահատված կամ ուղղված հայտերի (այսուհետ` մրցութային առաջարկ) պատճենների մեկական օրինակ:

Քարտուղարը գնահատման թերթիկների երկուական օրինակը տրամադրում է հայտերի բացման նիստին չներկայացած հանձնաժողովի անդամներին` հայտերի բացման նիստի օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

30. Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:

31. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:

32. Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`

ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

բ) ոչ մի հայտ չի ներկայացվել.

գ) սույն կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը:

33. Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահը սույն կարգի 31-րդ կետում նշված հանձնաժողովի որոշումը ներկայացնում է պետական մարմնի ղեկավարին` հաստատման:

34. Պետական մարմնի ղեկավարը սույն կարգի 33-րդ կետում նշված որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է այն:

35. Սույն կարգի 34-րդ կետի համաձայն պետական մարմնի ղեկավարի կողմից հանձնաժողովի որոշումը հաստատվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը պայմանագրի նախագիծը տրամադրում է այն կազմակերպությանը (կազմակերպություններին), որի հետ պետք է կնքվի պայմանագիր: Կազմակերպությունը պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր կողմից ստորագրված և կնքված պայմանագրի երկու օրինակը: Աշխատակազմի ղեկավարը կազմակերպության կողմից ստորագրված և կնքված պայմանագրի օրինակներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում ու կնքում է դրանք և մեկ օրինակը նույն օրը վերադարձնում պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությանը:

36. Կազմակերպությունը, որի հետ պետք է կնքվի դրամաշնորհի հատկացման պայմանագիր, կարող է հրաժարվել պայմանագիր կնքելուց` դրա մասին պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին: Նման դեպքում հանձնաժողովը կարող է ընդունել որոշում այն կազմակերպության հետ պայմանագիր կնքելու մասին, որը մրցույթի արդյունքում բավարարել է մրցույթի հրավերի պայմանները, սակայն որի համար ընդունվել է որոշում պայմանագիր չկնքելու մասին: Այդ դեպքում պայմանագիր կնքելիս կիրառվում են սույն կարգի 34-րդ և 35-րդ կետերով նախատեսված դրույթները:

37. Պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են նաև դրամաշնորհի միջոցների հաշվին իրականացվող ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, դրա շրջանակներում կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը:

(հավելվածը փոփ., լրաց. 25.03.10 N 303-Ն, լրաց. 03.11.11 N 1561-Ն, 12.12.13 N 1400-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան