ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 մարտի 2015 թ. |
թիվ 52-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԻԳՏԱԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 605)
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկարագրական մաս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2015 թվականի հունվարի 3-ին «Տիգտաթ» ՍՊԸ (լիցենզիա թիվ 605) փոխանակման կետում (այսուհետ՝ փոխանակման կետ) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել և 2015 թվականի հունվարի 26-ի թիվ 605/1 արձանագրության 1-ին կետով արձանագրվել է «Տիգտաթ» ՍՊԸ (լիցենզիա թիվ 605) փոխանակման կետի կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.
1. Փոխանակման կետը 300 ԱՄՆ դոլարի վաճառքի գործարքի վերաբերյալ անդորրագիր չի տրամադրել:
Նշված փաստը հանգեցնում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 75-րդ կետերով սահմանված պահանջների խախտմանը:
Վերը նշված արձանագրության 2-րդ կետով արձանագրված խախտման մասով սկսված վարույթով համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու հարցը գործող օրենսդրության համաձայն վերապահված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:
Պատճառաբանական մաս
Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 13-22/000122-15 ծանուցմամբ Փոխանակման կետին ուղարկվել է վերը նկարագրված խախտման վերաբերյալ՝ 2015 թվականի հունվարի 26-ի թիվ 605/1 արձանագրությունը: Ծանուցմամբ փոխանակման կետը տեղեկացվել է Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին թույլ տրված խախտման հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին, և հաշվի առնելով փոխանակման կետի շահերը, առաջարկվել է հանձնաժողովին ներկայացնել պատասխանատվության միջոցի ընտրության հարցում փոխանակման կետի կարծիքը, ինչպես նաև առաջարկվել է ներկայացնել բացատրություններ:
Փոխանակման կետի բացատրությունները
Փոխանակման կետը 2015 թվականի փետրվարի 4-ի գրությամբ առարկել է արձանագրված խախտմանը, մասնավորապես նշել է, որ փոխանակման կետը ստուգվել է այն ժամանակ, երբ վերջինս ժամանակավորապես չի աշխատել, որի մասին նախապես գրավոր հայտնել է Կենտրոնական բանկին: Բացի այդ, հայտնել է, որ գործարքը կատարվել է փոխանակման կետի աշխատակից չհանդիսացող անձի կողմից, այսինքն՝ փոխանակման կետի մասնակցությունը գործարքում բացակայում է, ուստի արձանագրված խախտումները չեն բխում օրենսդրության պահանջներից: Փոխանակման կետը խնդրել է վարույթը կարճել, իսկ ներկայացված բացատրությունները հիմնավոր չհամարելու դեպքում՝ կիրառել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներից փոխանակման կետի գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը: Փոխանակման կետի լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին ներկայացրել է նույնաբովանդակ բացատրություններ, մասնավորապես նշել է, որ այն անձը, որը կատարել է խախտումները, չի համարվում «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» և «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքներով սահմանված պատասխանատվության սուբյեկտ, ով կարող է լինել լիցենզիա ունեցող կազմակերպության աշխատակիցը:
Կենտրոնական բանկի դիրքորոշումը
Կենտրոնական բանկը հիմնավոր չի համարել ներկայացված բացատրությունները, քանի որ Փոխանակման կետը չի ներկայացրել բավարար իրավական հիմնավորումներ խախտումը` որպես այդպիսին չորակելու և վարույթը կարճելու համար: Բացի այդ, Կենտրոնական բանկի վերստուգող խմբի կողմից պարզվել են հետևյալ փաստերը.
Փոխանակման կետն իր իսկ կողմից հայտարարված չաշխատելու ժամերին բաց է եղել, տարադրամի փոխարժեքները արտացոլված են եղել վահանակում:
Փոխանակման կետի կողմից իրականացված գործարքը, որի համար անդորրագիր չի տրամադրվել, կատարվել է Փոխանակման կետի դրամարկղից:
Գործարք կատարողը հանդես է եկել որպես Փոխանակման կետի աշխատակից, ինչը հիմնավորվել է նաև Կենտրոնական բանկի վերստուգող խմբի կողմից:
Սույն որոշման նկարագրական մասի 1-ին կետում նկարագրված խախտումը թույլ տալու համար փոխանակման կետի նկատմամբ պատասխանատվության միջոցները նախատեսված են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով, որի համաձայն՝ արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի) կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ փոխանակման կետն իր բացատրություններում խնդրել է պատասխանատվության միջոց կիրառելու դեպքում տուգանքի փոխարեն ընտրել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլընտրանքային տարբերակը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 8 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.7-րդ հոդվածով՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սույն որոշման նկարագրական մասի 1-ին կետով նկարագրված խախտումը թույլ տալու համար ուժը կորցրած ճանաչել «Տիգտաթ» ՍՊԸ (լիցենզիա թիվ 605) փոխանակման կետի գործունեության լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն փոխանակման կետ մուտքագրվելու կամ փոխանակման կետի` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|