Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2015-19.06.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.316
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 387-Ն

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 33-րդ հոդվածի 1.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտահանման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Արտահանման ծրագրի իրականացման տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` առանձին ծրագրերի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 17
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 2-ի N 387-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում արտահանման ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման ընթացակարգերը և չափանիշները:

2. Արտահանման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

1) հայտ.

2) արտահանման ծրագիրը, որը համապատասխանում է օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված չափորոշիչներին և դրա գործողության ժամկետը.

3) ծրագրում ներգրավված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի ցանկը կամ ռեզիդենտ հարկ վճարողի անվանումը, պետական գրանցման վկայականները (համարը), տեղեկություններ հարկ վճարողների ՀՎՀՀ-ների մասին.

4) հայտարարություն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների կամ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից առ այն, որ վերջիններս բավարարում են օրենքով նախատեսված սահմանափակումները և միաժամանակ պարտավորվում են պահպանել այդ սահմանափակումները.

5) ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագրերի պատճենները (առկայության դեպքում).

6) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի կողմից հայտը ներկայացնելու դեպքում խմբի անդամ հանդիսացող հայտատուն ներկայացնում է խմբի մյուս անդամների կողմից իրեն տրված լիազորագիրը:

3. Արտահանման ծրագիրը պետք է հաստատվի յուրաքանչյուր տարվա համար:

4. Արտահանման ծրագիրը պետք է ներառի հետևյալ չափորոշիչները`

1) արտահանման ծրագրի ծավալը և քաղաքականությունը.

2) արտահանման շուկաները և հիմնական գործընկերները.

3) արտահանվող ապրանքների և արտադրող կազմակերպությունների շրջանակը.

4) աշխատատեղերի քանակը և այլ սոցիալական միջոցառումները:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «արտահանման» ծրագրի հավանության արժանացնելը՝ հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա արտարժույթի մնացորդներն արտոնության կիրառության նպատակով հաշվի չեն առնվում:

6. Հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրված գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում հարկ վճարողի բանկային հաշվին արտարժույթի մուտքագրման օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի փոխարժեքը:

7. Արտոնության կիրառության նպատակով հաշվի են առնվում միայն արտահանման ծրագրի գործողության ընթացքում փաստացի կատարված արտահանումների կամ Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխումների գծով բանկային հաշիվներին մուտքագրված գումարները:

8. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «արտահանման» ծրագրի հավանության արժանացնելը՝ հարկ վճարողների կողմից իրականացված արտահանումները կամ Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխումները, վերջիններիս բանկային հաշիվներին մուտքագրվող գումարները, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սահմանափակումները պահպանած չլինելու հանգամանքն արտոնության կիրառության նպատակով հաշվի չեն առնվում:

9. Հայտատուի կողմից ներկայացված հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարականն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականում նշված ժամկետում ուսումնասիրում է ներկայացված ծրագրի համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

11. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է ներկայացնել չներկայացված փաստաթղթերը:

12. Հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան